Ստեփանակերտում այսօր առավոտյան ժամը 8-ի սահմաններում կրկին միացան օդային տագնապի ազդանշանները` տևեց 10 րոպե: Քաղաքը կրկին ադրբեջանական թիրախում էր: Նախնական տվյալով՝ թաղամասերից մեկում է ընկել ռումբը, Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ երկու տուժած կա: Երեկվա ռմբակոծություններից հետո արդեն այսօր կեսգիշերն անց` ժամը 2:20-ի սահմաններում, Ստեփանակերտը կրկին հրթիռակոծության թիրախ է դարձել: Գիշերը լսելի էին ուժգին պայթյունի ձայները: Մինչ այդ, սակայն, օդային տագնապի ազդանշանն էր միացել: Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ադրբեջանական կողմը 5 հրթիռ է արձակել Արցախի մայրաքաղաքի ուղղությամբ:
Տուժածներ և ավերածություններ, նախնական տվյալներով, չկան: Ամբողջ գիշերն այստեղ հանգիստ չէր` պայթյունի ձայներն անընդմեջ լսելի էին, դրանց մի մասը հենց հայկական կողմի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների աշխատանքի արդյունքն էին: Երեկ Արցախի բնակավայրերում լարված իրադրություն էր: Ադրբեջանը ռմբակոծել էր ոչ միայն Շուշին, այլև Ստեփանակերտը` թիրախավորելով հանրապետական հիվանդանոցն ու ծննդատունը: Նաև թաղամասերից մեկում էլ գրեթե մի հատվածն ամբողջությամբ ավերվել էր: Նախնական տվյալով՝ մայրաքաղաքում վնասները միայն նյութական են: Շուշիում մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, մի քանիսն էլ վիրավորվել են:
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Շուշիում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս էլ երեք փրկարարներ են տուժել: Նրանցից մեկը վիրահատվել է, մյուսի վիճակը կայուն ծանր է: Փրկարարներից մեկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: