France 24 հեռուստաընկերությունը պնդում է՝ չնայած Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների ժխտումներին, համացանցում՝ նախևառաջ սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերը վկայում են՝ սիրիացի վարձկանները Ադրբեջանում են։
Հեռուստաընկերությունն ամփոփել է սիրիացի վարձկանների պատերազմին մասնակցության վերջին մեկ ամսում բոլոր փաստական տվյալները` նշելով, որ այս պահին կա տեղորոշված չորս տեսանյութ, որոնք վկայում են վարձկանների Ադրբեջան ուղարկելու և ռազմական գործողություններին մասնակցության մասին։ Տեսանյութերից առաջինը Telegram սոցիալական ցանցում ներբեռնվել է սեպտեմբերի 25-ին, պատկերված են Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստ հիշեցնող հագուստով մի խումբ տղամարդիկ՝ մարզման պահին։ Հետին պլանում խոսակցություններ են լսվում, որոնք, ըստ France 24-ի, Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջանների բնակիչներին բնորոշ արաբերենով են։
Ֆրանսիական հեռուստաընկերության կազմում աշխատող հետաքննող լրագրողների թիմին հաջողվել է պարզել, որ տեսագրությունն արվել է Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանի հարևանությամբ Հավար Քիլիս գյուղում։ Ըստ France 24-ի լրագրողների՝ նկարահանումը կատարվել է թուրքամետ խմբավորումների ամենախոշոր բազաներից մեկում, վարձկանների՝ Ադրբեջան ուղևորվելուց առաջ։ Ֆրանսիական հեռուստաընկերության տեսադաշտում հայտնված երկրորդ տեսանյութն արվել է Ադրբեջանի տարածքում՝ Իրանի սահմանին գտնվող Հորադիզ քաղաքում։ Տեսանյությում երևում է կիսաբեռնատար (պիկապ) մեքենաների շարասյունը, որում գտնվող զինված մարդիկ արաբերեն վանկարկում են՝ «Մուհամեդ մարգարեն մշտապես առաջնորդելու է մեզ»։ France 24-ի տեղեկություններով` սա այն վանկարկումն է, որ ռազմական գործողությունների ընթացքում օգտագործում են Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիական ազգային բանակի» զինյալները։ Լրագրողները նշում են, որ այս տեսանյութը համացանցում սկսել է շրջանառվել սեպտեմբերի 27-ին, սակայն նկարահանման կոնկրետ օրը հստակեցնել հնարավոր չի եղել։ Սիրիացիների՝ Ադրբեջանում գտնվելու մասին վկայող երրորդ տեսանյութը Հալեպում գործող լրատվական կայքերից մեկում հրապարակվել է հոկտեմբերի 3-ին, պատկերված են մի խումբ զինյալներ, որոնք երգում են, պարում և կոչ են անում Սիրիայում գտնվող իրենց զինակիցներին գալ Ադրբեջան և միանալ Հայաստանի դեմ պատերազմին։
France 24-ի լրագրողները նկատել են, որ տեսանյութի վերին աջ անկյունում մի տարբերանշան՝ լոգո է զետեղված, որի վրա գրառում կա՝ «Ադրբեջանում Սիրիայի ազգային բանակ»։ Հետաքննող լրագրողներին հաջողվել է նաև պարզել, որ տեսագրությունում պատկերված են Սիրիայի հյուսիսում գործող թուրքամետ խմբավորումներից մեկի՝ «Սուլթան Մուրադ»-ի թուրքմեն զինյալները։
France 24 -ի հետաքննության տեսադաշտում են հայտնվել նաև մի շարք լայն տարածում գտած տեսանյութեր, Ջաբրայիլից ոչ հեռու գտնվող Մարջան գյուղի մոտ արված հայտնի տեսանյութը կամ վիրավոր սիրիացի զինյալի՝ հայկական ուժերի հրետակոծության պահին արված տեսագրությունը։ Ֆրանսիացի լրագրողները չեն սահմանափակվել միայն ռազմի դաշտում կամ մերձճակատային գոտու տեսագրությունների ուսումնասիրությամբ՝ փորձելով նաև պարզել՝ բաց աղբյուրներում վկայություններ կան Ադրբեջանում կռվելու նպատակով սիրիացիների հավաքագրման մասին։ Որոշ փնտրտուքից հետո լրագրողները հայտնաբերել են Հալեպի նահանգի Շայխ ալ-Հադիդ քաղաքում արված մի տեսագրություն՝ ավանդական արաբական թիկնոցով մի տղամարդ՝ ենթադրաբար կրոնական գործիչ, կոչ է անում փողոցում հավաքված մի քանի տասնյակ այլ տղամարդկանց մեկնել Ադրբեջան։ «Մեր պայքարը Ադրբեջանում նույնն է, ինչ պայքարը, որ մենք վարում են այստեղ՝ Լևանտում։ Ադրբեջան և Լիբիա մեկնելը ձեր պարտքն է», - պնդում է տղամարդը։ France 24-ը մեջբերում է նաև անվտանգության և ռազմական խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող ֆրանսիական Intelligence online հանդեսի հեղինակ Ֆանի Ալարկոնի խոսքերը. «Զինյալների հավաքագրումը կատարվում է թուրքական հետախուզության միջոցով, որը և ձևավորել է «Սիրիական ազգային բանակը»։ Այդ ամենը արվում է պետական գերատեսչության, այլ ոչ թե անվտանգության ոլորտի մասնավոր ընկերությունների միջոցով, ինչպես անում են ռուսները՝ «Վագներ»-ի պարագայում»: