Պատմաբան, «Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ զրուցում ենք ստեղծված պատերազմական իրավիճակի‚ ռազմաճակատում զարգացումների մասին։
-Ինչպե՞ս կգնահատեք տարածաշրջանում‚ մասնավորապես‚ Հայաստանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը։
-Այն‚ ինչ կատարվում է այսօր‚ կանխատեսելի էր։ Երեք տարի առաջ տված իմ հարցազրույցներից մեկում ասել եմ‚ որ Իդլիբի հարցում համաձայնությունից հետո հակամարտության տեղափոխման հավանականությունը դեպի Կովկաս և Ֆերգանայի դաշտ շատ բարձր է։ Այժմ տեսնում ենք‚ որ սիրիական հակամարտության օջախը տեղափոխվեց Հարավային Կովկաս։ Այն պնդումները‚ թե այս իրադարձություններն անսպասելի են‚ անընդունելի են։ Պարզ է նաև‚ որ հաջորդ օջախը բռնկվելու է Միջին Ասիայում՝ ի դեմս Ֆերգանայի‚ որտեղ արդեն որոշակի զարգացումներ կան։ Եթե մենք մի փոքր հեռատես քաղաքականություն վարեինք‚ գուցե խուսափեինք կոնֆլիկտի այս կարգի խորացումից։
-Ի՞նչ ելքեր եք տեսնում այս վիճակից դուրս գալու։
-Մենք այժմ այնպիսի վիճակում ենք հայտնվել‚ որ միակ ելքը վճռվելու է ռազմաճակատում։ Դիվանագիտական դաշտում այս պահին այլևս ելք չեմ տեսնում‚ ռազմաճակատն ուղղակիորեն ազդում է դիվանագիտական աշխատանքի վրա։ Հայաստանը հայտնում է պատրաստակամություն խնդիրը տեղափոխելու դիվանագիտական ճակատ‚ բայց քանի որ Ադրբեջանն ունի որոշակի հաջողություն‚ ապա վերջինս հրաժարվում է։ Ադրբեջանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ‚ եթե պատերազմում ունենա լուրջ կորուստներ‚ և ռեսուրսները չբավարարեն պատերազմը շարունակելու համար։ Պատերազմական գործողությունները պայմանավորված են պատերազմող կողմերի ռեսուրսներով։
-Խնդրի լուծման բանակցային ռեսուրսը սպառվա՞ծ է։
-Բանակցային ռեսուրսը սպառվել է այնքանով‚ որքանով Ադրբեջանը կարողանում է ունենալ ռազմական որոշակի հաջողություններ։ Որ պահից կտեսնի՝ այլևս հնարավոր չէ պատերազմը շարունակել‚ ստիպված կլինի նստել բանակցությունների։
-Ինչպե՞ս կգնահատեք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն այս օրերին։
-Որքան էլ ասենք‚ թե բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պետք է պահպանվի‚ ըստ էության‚ չի կարող պահպանվել‚ ինչը մեզ համար վտանգավոր է։ Սակայն հնարավոր է Մինսկի խմբի ձևաչափի փոփոխություն‚ անդամների ավելացում՝ հաշվի առնելով այն հանգամանքը‚ որ Եվրոպան ներկայացնող Ֆրանսիան գործնական քայլեր գրեթե չի կատարում։ Աստիճանաբար տեսնում ենք‚ որ եվրոպական մասում նախաձեռնությունն անցնում է Գերմանիային։ Եվ առաջիկայում հավանական եմ համարում‚ որ Մինսկի խմբի համանախագահ երկրների թվում տեսնենք Գերմանիան. հաշվի առնենք այն հանգամանքը‚ որ ՀՀ վարչապետը եվրոպական երկրների ղեկավարներից ավելի հաճախ հեռախոսազրույց է ունենում կանցլեր Անգելա Մերկելի հետ‚ իսկ Գերմանիայի արտգործնախարարը շատ հստակ հայտարարություններով հանդես եկավ‚ այդ թվում` թուրաքական քաղաքականությունը դատապարտող։
-Բայց չմոռանանք նաև‚ որ Գերմանիան պատմության ընթացքում մշտապես եղել է Թուրքիայի դաշնակիցը։
-Պատմության ընթացքում եղել է դաշնակիցը‚ բայց միշտ չէ‚ որ Գերմանիայի և Թուրքիայի շահերը համընկել են։ Ես ընդամենը մեկ պատմական փաստ բերեմ. 1918 թվականին‚ երբ թուրքական բանակը նախաձեռնեց արշավանք դեպի Կովկաս (Օսմանյան կայսրությունն այն ժամանակվա Գերմանիայի դաշնակիցն էր)‚ գերմանական բանակը փորձեց խոչընդոտել‚ և անգամ Գերմանիայի ներկայացուցիչ‚ զորավար ֆոն Լոսովը հանդես եկավ կտրուկ հայտարարությամբ‚ թե իրենք թույլ չեն տա Կովկասում թուրքական ազդեցության մեծացում։ Նույնը տեսնում ենք այսօր։ Այդ առումով ողջունելի է գերմանական կողմի ակտիվությունը‚ փոխարենը տարօրինակ են ֆրանսիական կողմի ձևական հայտարարությունները։
-Այս պատերազմը մեզ ի՞նչ դասեր է տալիս։
-Պատերազմից մենք դասեր պետք է քաղեինք դեռևս 2016 թվականին‚ ինչը չարեցինք։ Ես չեմ խուսափում այդ մասին բարձրաձայնելուց։ 2016 թվականին Ադրբեջանի ռազմական հաջողությունները պայմանավորված էին լավագույն տեխնոլոգիաների և դրոնների կիրառմամբ, ցավալի է‚ որ այդքանից հետո մենք‚ փաստորեն‚ հետևություններ չարեցինք։
Զրուցեց Լիլիթ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ