Լեհաստանում գործող նախագահ, «Իրավունք և արդարություն» պահպանողական կուսակցության նախագահ Անջեյ Դուդան հաղթեց նախագահական ընտրություններում իր մրցակից, Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թշասկովսկուն՝ ընդդիմադիր «Քաղաքացիական կոալիցիայից»: Լեհաստանի Ազգային ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ 99,97% ընտրաթերթիկների հաշվարկից հետո Դուդան ստացել է 51,21%, Թշասկովսկին՝ 48,79%: Դա ամենաաննշան տարբերությունն է թեկնածուների միջև 1989-ից: Մասնակցությունը եղել է 68%:
Նախագահական ընտրություններն անցան երկու փուլով: Հունիսի 28-ի առաջին փուլի արդյունքներով Անջեյ Դուդան ստացել էր 43,7%, Թշասկովսկին՝ 30,3%: Փորձագետները նշում էին, որ երկրորդ փուլի ելքը կանխատեսել գործնականում անհնար է՝ հարցումների արդյունքներով երկու թեկնածուներն էլ ստանում էին համարյա հավասար ձայներ: Անջեյ Դուդան Լեհաստանի նախագահն է 2015-ի օգոստոսից: «Իրավունք և արդարություն» կուսակցության քաղաքականությունը քանիցս քննադատել է Բրյուսելը: Ընտրարշավի ժամանակ Դուդան խոստացել է շարունակել սոցիալական քաղաքականությունը, որը նախատեսում է չհարկել երեխաներին ամենամսյա 500 զլոտի (110 եվրո) վճարները, բարձրացնել կենսաթոշակը և նվազեցնել կենսաթոշակային տարիքը: Դուդան աջակցում է ԼԳԲՏ-ների վրա հարձակումը և անցուցքի օրենսդրության խստացումը: Միջազգային ասպարեզում նա կողմ է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցութան խորացմանը:
RFI
Հ.Գ. Միանշանակ է, որ ԵՄ-ի թեկնածուն Ռաֆալ Թշասկովսկին էր, որը ընդամենը 3 տոկոսով է զիջել գործող նախագահին: Հազիվ թե ընտրություններում հաղթանակից հետո Անջեյ Դուդան փոխի վերաբերմունքը ԵՄ-ի նկատմամբ, համենայն դեպս՝ մինչև նոյեմբեր՝ ԱՄՆ նախագահի ընտրությունները: Բոլոր դեպքերում ԵՄ-ն հնարավորն անում է Վարշավային չկորցնելու համար՝ 2020-ի փետրվարի 3-ին Վարշավայում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Երկու նախագահների բանակցությունների օրակարգում էր և Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը՝ Վարշավան մեղադրում է և Մոսկվային, և Փարիզին: Ռուսներին լեհերը ներկայացնում են և տարածքային պահանջներ, և հայտարարում են, որ կարող են դառնալ ռուսական ագրեսիայի օբյեկտ, թեպետ ՌԴ նախագահը Լեհաստանի վրա հարձակման ծրագրեր երբեք չի բարձրաձայնել: Պատահական չէ, որ Դոնալդ Թրամփը ամերիկյան զորքերը Գերմանիայից հանելուց հետո տեղակայում է Լեհաստանում: Փետրվարին Էմանուել Մակրոնը վստահեցրել է Անջեյ Դուդային, որ Մոսկվայի ու Փարիզի մերձեցումից պետք չէ վախենալ: «Ֆրանսիան ոչ ռուսամետ է, ոչ հակառուս: Ֆրանսիան եվրոպամետ է»՝ հայտարարել է Մակրոնը՝ հասկացնելով, որ Լեհաստանի ԱՄՆ հակվածությունը հակասում է եվրոպամետությանը: Անջեյ Դուդայի հետ համատեղ մամլո ասուլիսում Մակրոնն ասել է. «Երբ ես նայում եմ քարտեզին, ինչպես և Դուք, պարոն նախագահ, տեսնում եմ, որ Ռուսաստանը Եվրոպայի մաս է, թեպետ ԵՄ անդամ չէ,-ընդգծել է Մակրոնը:-Մեր շահերից չի բխում, որ սառեցված կոնֆլիկտները կուտակվեն: Ֆրանսիայի համար բացարձակ գերակայություն է անվտանգությունն ու կայունությունը Եվրոպայում: Դա միակ գիծն է, որ ես պահում եմ: Ես միամիտ չեմ. Բայց ես գիտեմ, որ եվրոպական անվտանգության, Ֆրանսիայի և Լեհաստանի շահերից ելնելով մենք պետք է պահանջկոտ քաղաքական երկխոսություն ունենանք Ռուսաստանի հետ»: Մակրոնը Դուդային նաև ասել է, որ ՆԱՏՕ-ն ընդհանուր անվտանգության հիմնաքարն է և ամեն տարի ֆրանսիացի 4000 զինվորներ մասնակցում են ալյանսի գոծողություններին արևելյան թևում: Այցի ժամանակ նախագահները ստորագրել են ռազմավարական համագործակցության երկկողմ համաձայնագիր: Դուդան հույս է հայտնել, որ Մակրոնի այցը Վարշավա նոր էջ կբացի փոխհարաբերություններում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ