Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, կորոնավիրուսի բարդացումներից ապաքինվելուց հետո վերադառնալով աշխատանքի, նախազգուշացրեց վարակի բռնկման երկրորդ ալիքի ռիսկի մասին, եթե կարանտինը չափազանց արագ հանվի: Հասարակությունն ու բիզնեսը իշխանություններից սպասում են համընդհանուր մեկուսացումից դուրս գալու ու բնականոն կյանքի վերադառնալու ծրագիր: Ելույթ ունենալով Դաունինգ սթրիթի իր նստավայրի առաջ՝ Բորիս Ջոնսոնը բրիտանացիներին շնորհակալություն հայտնեց միասնության ու վճռականության համար՝ պանդեմիայի պայմաններում: Նա հայտարարեց, որ Բրիտանիան մոտենում է Covid-19-ի դեմ պայքարի առաջին փուլին՝ պահպանել առողջապահության համակարգը ուժից վեր ծանրաբեռնվածությունից: Վարչապետը վստահեցրեց, որ ինքը, ինչպես ոչ ոք, հասկանում է կարանտինի տնտեսությանը պատճառած վնասը, սակայն հիմա առաջնահերթ խնդիրն է ամրապնդել համընդհանուր մեկուսացման ձեռբերումներն ու խուսափել հիվանդության երկրորդ բռնկումից: ՙԶսպեք ձեր անհամբերությունը՚՝ հորդորեց վարչապետը բիսնեսմեններին: Նա հասկացրեց, որ կարանտինից դուրս գալու որոշումը կընդունվի բոլոր քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններում և կդառնա առավելագույնս թափանցիկ: ՙԵթե մենք պահպանենք միասնության ու վճռականության ոգին, ես չեմ կասկածում, որ մենք կհաղթենք՚՝ ասաց Բորիս Ջոնսոնը:
Երկուշաբթի վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցավ Covid-19-ի դեմ պայքարի հանձնաժողովի նիստ: Օրվա ընթացքում նա հանդիպեց մի քանի նախարարների և այլ պաշտոնյաների:
BBC
Հ.Գ. Բորիս Ջոնսոնը Դաունինգ Սթրիթ 10 է վերադարձել կիրակի օրը: Մարտի վերջին նա վարակվել էր կորոնավիրուսով, մի շաբաթ անցկացրեց Լոնդոնի Սենտ Թոմաս հոսպիտալում, երեք գիշեր՝ վերակենդանացման բաժանմունքում: Ապաքինումից հետո նա վերականգնվում էր իր քաղաքամերձ դաստակերտում, իսկ վարչապետի պարտականությունները կատարում էր ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը: Այդ ընթացքում բրիտանացիները հասցրին լավ քննադատել իրենց վարչապետին՝ թե կորոնավիրուսի պանդեմիային անլուրջ վերաբերվելու, թե ի պաշտոնե անգործության մեջ, որի հետևանքով Բրիտանիան պանդեմիային պատրաստված չէր և երկար ժամանակ կորցրեց՝ նախքան կարանտին հայտարարելը, որի պատճառով բազում բրիտանացիներ կյանքով հատուցեցին: Բայց նրանք մոռանում էին, որ դեռ մարտին Բորիս Ջոնսոնը նախազգուշացնում էր՝ այս վիրուսի հետևանքով շատ ընտանիքիներ կկորցնեն իրենց սիրելիներին: Իսկ եթե հիշեն էլ, հաստատ կհարցնեն՝ ինչու՞ վարչապետը ժամանակին չձեռնարկեց քայլեր՝ կորուստներից հնարավորինս խուսափելու համար՝ Ջոնսոնը կարանտին հայտարարեց ապրիլի 23-ին՝ երեք շաբաթը մեկ վերանայելու պայմանով: Կարանտինի երկարացման կամ հանման որոշումը պետք է ընդունվի մայիսի 7-ին: Կորոնավարակի պատճառով կարանտին հայտարարած բոլոր երկրներն արդեն հաշվարկում են իրենց տնտեսության օրական կորուստները, և շատերը սկսել են մասնակի հանել արգելափակումները բիզնեսից: Բայց այդ երկրներից ոչ մեկի նախագահը կամ վարչապետը չի հիվանդացել կորոնավիրուսով՝ Բորիս Ջոնսոնը անձամբ գիտի՝ ինչ է դա, ու զարմանալի չէ, որ նա զգուշանալու է վարակի երկրորդ ալիքից, բայց բրիտանացիները նրան չեն հասկանա, եթե այդքան կորուստներից հետո՝ մահացել է 20732 մարդ, հայտնվեն նաև տնտեսական ճգնաժամում: Բորիս Ջոնսոնը ստիպված է զբաղվել ոչ միայն բրեկզիտով, այլև՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների վերացումով:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ