Հայաստանի անցյալը դարձնել ապագա՞
13.03.2020 | 01:22
Ծնունդդ շնորհավոր, Եղիշե Չարենց: Հավերժությունից դու ընտրեցիր 1897-ը, ամիսներից՝ մարտը, օրերից՝ 13-ը: ՈՒ մնացիր հավերժ 40-ամյա: Բոլոր ընտրություններից ոչ մեկը քո կամքով չէր: Քո կամքով չէր, որ ծննդավայրդ դարձավ «Երկիր Նաիրի», ու դու ոչ տուն ունես, ոչ գերեզման: Քո հավերժ ոգին թափառում է քո երկրում՝ սահմաններն անցնում առանց արգելքի՝ այս անդուռ, խորշակյալ Արարատյան դաշտում, ու տարածում քո հավերժական հանճարը՝ անհասցե ու… Ծնունդդ շնորհավոր, Եղիշե Չարենց: Միայն չասես, որ պետք է քայլել, ու քայլել համառ՝ անցյալի հսկա տենչը բեռ արած: Չասես: Չասես՝ մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին, թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին, ուրախ էինք մենք ու մեր սիրտը՝ բաց: Չասես: Չասես՝ հիմա ամեն ինչ անիմաստ է, իզուր այդպես դու շիկնեցիր, կորցրել ենք նավը, ղեկը, լաստը, հիմա ամեն ինչ անիմաստ է: Չասես՝ ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում: Չասես, որ ես իրավունք չունեմ չափածոն արձակ շարել՝ անչակերտ ու անկապ: ՈՒնեմ՝ ես հասկացել եմ հիմնականի հիմնականը՝ դու թափառում ես Հարդագողի ճամփեքով, ու երբ ուզես՝ կվերադառնաս: 83 տարի դու չկաս: Դա ամենամեծ սուտն է, որ հնարել են քո մասին: Սուտ, որ քեզ չի կպչում, ինչպես չկպավ մահը: Մահը պայմանական է ու հավերժության ծառան, իսկ դու ՏԵՐ էիր, ծառաները քեզ միայն կարող էին ծառայել: Ոչինչ ավելին ու ոչինչ պակաս: Ծնունդդ շնորհավոր՝ 123-րդ անգամ, ու՝ բարև:
Երևան, Աստաֆյան, փոշի…
Անցյալ շաբաթ Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում ընկել է 42,6 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 31,74 դոլար: WtI մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսի արժեքն ընկել է 48,9 տոկոսով՝ բարելի դիմաց 27,72 դոլար՝ թարմացնելով 2016-ի փետրվարի նվազագույն ցուցանիշը: Bloomberg-ը վկայում է, որ նավթային ֆյուչերսների անկումն ամենազգալին է 1991-ից: Նավթի գները փլուզվեցին, երբ ՕՊԵԿ+-ի երկրները մարտի 6-ին չերկարացրին նավթի արդյունահանումը նվազեցնելու համաձայնությունը: Ռուսաստանն առաջարկում էր պահպանել պայմանները, Սաուդյան Արաբիան՝ լրացուցիչ կրճատել նավթի արդյունահանումը: Ապրիլի 1-ից արդյունահանումը սահմանափակելու պարտավորություն չունի ոչ մի երկիր: Goldman Sachs բանկի գնահատմամբ՝ նավթաշուկայում խուճապի պայմաններում վառելիքի արժեքը կարող է հասնել բարելի դիմաց 20 դոլարի: Հիմնական պատճառը կորոնավիրուսն է՝ նավթի համաշխարհային շուկայում առաջացել է ավելցուկ, թվում է՝ տրամաբանական է Սաուդյան Արաբիայի առաջարկը՝ նվազեցնել նավթի արդյունահանումն ու վերականգնել առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը, բայց Ռուսաստանն այդպես չի կարծում: Ռուբլին գահավիժում է, ՌԴ Կենտրոնական բանկը 1 ամսով դադարեցրել է տարադրամի գնումները: Նավթի գնանկման հետևանքները ահռելի են, սակայն Ռուսաստանը ռիսկի դիմելու կարևոր պատճառ ունի, ու այդ պատճառը ԱՄՆ-ն է: ՌԴ ֆինանսների նախարարությունը ստիպված է հայտարարել, որ նավթի շարունակական ցածր գնի դեպքում էլ պետությունը կարող է իր խնդիրները լուծել՝ ազգային բարեկեցության հիմնադրամում ունենալով բավականաչափ գումարներ: Փաստացի՝ Ռուսաստանը գիտակցաբար է գնում ճգնաժամի: Նպատակը՝ մեկն է՝ նավթի համաշխարհային շուկայից դուրս մղել ԱՄՆ նավթ արտադրողներին, որ տասնամյակներով լցնում են նավթային շուկան թերթաքարային նավթով: ՌԴ-ն իր բյուջեն ծրագրել է այնպես, որ կդիմանա նավթի 40 դոլար գնին: Սաուդյան Արաբիային պետք է 80 դոլարից բարձր գին: Ռուսաստանը լիովին գիտակցում է, որ համաշխարհային շուկայում կա օրական նավթի 4-5 միլիոն տոննա ավելցուկ: Հասկանում է, որ նավթի արտադրության կրճատումը 1,5 միլիոն բարելով, ինչպես առաջարկում է ՕՊԵԿ-ը, բավարար չէ վերականգնելու առաջարկի ու պահանջարկի հավասարակշռությունը: Ռուսաստանը կարծում է, որ հավասարակշռության հնարավոր է հասնել պահանջարկի վերականգնման ճանապարհով, ոչ թե առաջարկի կրճատման, և նախընտրում է պահպանել իր մասնաբաժինը շուկայում, ոչ թե տանուլ տալ թերթաքարային նավթի ամերիկյան արտադրողներին:
5 միլիոն բարել ամենօրյա արտահանման և 60-ից 40 դոլար գնանկման դեպքում Ռուսաստանը օրական կորցնում է 100-150 միլիոն դոլար: Նրանց խաղը ժամանակի վրա է՝ կորոնավիրուսը մի օր վերջանալու է, համաշխարհային տնտեսությունը վերականգնվելու է, հատկապես Չինաստանի, ու նավթի պահանջարկը բազմապատկվելու է: Բայց օրական 100-150 միլիոն դոլար ու ավելի կորուստներին ոչ բոլոր ընկերությունները կարող են դիմանալ, նավթի համաշխարհային շուկայում կարող է կառուցվածք փոխվել: Խաղի ամբողջ իմաստը շուկայի ձևաչափի փոփոխությունն է՝ Ռուսաստանը մեծ խաղ է սկսել՝ մեծ ռիսկերով, բայց ռուսական ասացվածքը հուշում է՝ խաղը արժի արդյունքին: Իսկ Հայաստանու՞մ: Հայաստանում դեռ հետևանքները չեն զգացվում: Եթե շուկան չկարգավորվի, հետևանքներ լինելու են: Առաջին հայացքից՝ քանի որ Հայաստանը նավթամթերք ներմուծող է, գնի նվազումը ձեռնտու է: Բայց Հայաստանի տնտեսությունը սերտ կապված է Ռուսաստանի տնտեսության հետ, և ռուբլու անկումը կրճատելու է տրանսֆերտները: Նավթի ցածր գինը ինչ-որ պահից հանգեցնելու է մետաղների գնանկման, որ բացասաբար է անդրադառնալու Հայաստանի արտահանման վրա, որի հիմնական մասը պղնձի և մոլիբդենի խտանյութն է: Ի՞նչ կանի Ադրբեջանը: Վարչապետ Ալի Ասադովի հրավիրած խորհրդակցությունում կառավարությունը խոստացել է թույլ չտալ գների արհեստական բարձրացում և խիստ միջոցներ կիրառել անհիմն դեֆիցիտի դեմ։ Իշխանությունը խոստանում է, որ արժույթի շուկայում կայունություն պահպանելու և սղաճը զսպելու համար Կենտրոնական բանկը բավարար ռեզերվներ ունի: Փորձագետների կարծիքով՝ նավթի գների անկումը եվրասիական ամբողջ տարածքում կփոխի տնտեսական կանխատեսումները։ Նավթ արդյունահանող Ադրբեջանը, Ղազախստանը և Ռուսաստանը պատրաստվում են բյուջետային կրճատումների, ազգային արժույթի անկման և հնարավոր ռեցեսիայի։ Ադրբեջանն ընտրություններից առաջ բարձրացրել էր թոշակները և սոցիալական ծախսերը՝ նպատակ ունենալով նվազեցնել սղաճի հետևանքները և աճող դժգոհությունները։
Նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, թե ծախսերը կփակվեն հարկային բարեփոխումներով, միջոցների մի մասը կստացվի ավելի բարձր մաքսավճարներից, ավելացված արժեքի հարկերով, նաև ակնկալելով զբոսաշրջության աճ։ Այս եկամուտները կարող են չլինել կորոնավիրուսի պատճառով։ Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Ադրբեջանի բյուջեի հավասարակշռությունը պահպանելու համար անհրաժեշտ է, որ նավթի մեկ բարելի գինը կազմի 53 դոլար։ Եթե չկրճատվեն սոցիալական ծախսերը, որոնց ուղղվում է բյուջեի 65 տոկոսը, խնայողությունների միակ ճանապարհը մնում են ներդրումային միջոցները և ռազմական ծախսերը։ Ռազմական ծախսերը կրճատելը հեշտ չէ, իսկ ներդրումային միջոցներն այս տարի քիչ են։ Մանաթի փոխարժեքը պահելու համար Կենտրոնական բանկը մի քանի ամսվա ռեզերվներ ունի։ Համենայն դեպս՝ Իլհամ Ալիևն արդեն հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: Հայաստանի Կենտրոնական բանկը «ուշադիր հետևում է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին, և այս պահի գնահատականների համաձայն ակնկալվում է, որ այդ ազդեցությունները թե համաշխարհային տնտեսության, և թե Հայաստանի տնտեսության վրա կլինեն կարճաժամկետ»։
Երևան, Աստաֆյան, փոշի…
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գտավ ձևը պաշտոնավարելու մինչև 2036-ը:
Արդար ու ժողովրդավարական ընտրություններով Վլադիմիր Պուտինը կարող է մնալ օրինական իշխանություն 2024-ից հետո 6+6 տարի: ՌԴ-ն փոխում է Սահմանադրությունը, նախագահի նախկին ժամկետները զրոյանում են: Կդիմանա՞ այդքան նրան Ռուսաստանը: 2036-ին Վլադիմիր Վլադիմիրովիչը կլինի 84 տարեկան: Պետդումայում նախկին ժամկետների զրոյացման առաջարկն արել է առաջին կին տիեզերագնացը՝ «Եդինայա Ռոսիայի» պատգամավոր Վալենտինա Տերեշկովան, փաստացի՝ տիեզերական փոփոխություն է ՌԴ Սահմանադրության մեջ, որին ռուս ժողովուրդը չի կարող չհամաձայնել, առավել ևս՝ Սահմանադրական դատարանը: Պատահական չէր, որ Պուտինը հերքել էր Պետխորհրդի նախագահ լինելու հավանականությունը: Ամեն ինչ գնում է իր ընթացքով: Եթե չլինեն ֆորս մաժորներ: Մեկ էլ «սադրիչներ», որ արդեն պտտվում են Կրեմլի շուրջբոլորը «ՈՉ»-ի պաստառներով: Ապրիլի 22-ին Ռուսաստանը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե է անելու, ու, բնականաբար, «Այո» է ասելու սահմանադրական փոփոխություններին:
Երևան, Աստաֆյան, փոշի…
Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումն աշխարհում համավարակի բնույթ է ստացել՝ Ժնևում հայտարարեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: «Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»,- ասել է Գեբրեյեսուսը:
Բայց նա մեզ համար հեղինակություն չէ: Փաստացի: Մենք ունենք համադարման՝ թու-թու, և Արսեն Թորոսյան, որ ամեն ինչ գիտի: Երբ աշխարհում արդեն պանդեմիա է հայտարարվում, երբ Էջմիածնում հարսանիքի ժամանակ ի հայտ են գալիս 3 կորոնավիրուսակիրներ, պարզվում է, որ մեկն էլ նշանդրեքի է մասնակցել, ստանում ենք 100-ից ավելի մարդկանց շրջանակ, որ հնարավոր վիրուսակիր են: Բայց դա նույնիսկ Էջմիածնի քաղաքապետի համար հիմք չէ մանկապարտեզ ու դպրոց փակելու, քանի չի եղել ԿԳՄՍ նախարարի հրահանգը: Իսկ նախարարը սպասում է վարչապետի հրահանգին: Իսկ վարչապետը քարոզարշավում է: ՈՒ՝ քարոզարշավն ընդհատելու պատճառ չի տեսնում: Որովհետև Արսեն Թորոսյանն ասում է. «Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։ Մեկուսացված են թվով 57 անձ»: Իսկ վարչապետը չի մտածում, որ 57 անձը ամբողջական շրջանակը չէ: Իսկ վարչապետը չի մտածում իր հայրենակիցներին կոչ անել այս օրերին խուսափել նշանդրեք-հարսանիք-ծնունդ-կնունք հավաքներից, որովհետև այդ պարագայում ստիպված է պատասխանել հարցին՝ իսկ քարոզարշավը վտանգավոր չէ՞: Չէ, իհարկե, վտանգավոր չէ: Չէ որ կորոնավիրուսը պանդեմիա է ողջ աշխարհում, իսկ Հայաստանը գլոբուսից դուրս է, Հայաստանի հարևանը Իրանը չէ, Վրաստանը չէ, Ադրբեջանը չէ, որտեղ կորոնավիրուսը թափ է հավաքում: Հետևանքների մասին մտածելու փոխարեն պատճառները կանխելու իմաստնություն ու ժամանակ ՀՀ իշխանությունը, փաստորեն, չունի: Կամ իրեն ավելի հզոր է համարում Չինաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Գերմանիայից ու վստահ է, որ ինչ-որ կորոնավիրուս իր համար խոչընդոտ չէ: Իսկ ավելի ստույգ՝ պարզապես անզոր է գտնել ու մեկուսացնել բոլոր հնարավոր վիրուսակիրներին:
Երևան, Աստաֆյան, փոշի…
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ հանրաքվե՞ն: Իսկ հանրաքվեի «այո»-ն իմաստ կունենա, երբ վերջապես դադարեն փորփրել անցյալն ու մտածեն ապագայի մասին: Ոչ թե հռչակագրերի մակարդակով, այլ գործերի: Հայաստանի անցյալը դարձնել ապագա, մեղմ ասած, անհեթեթություն է: 2020-ի ապրիլի 6-ին աշխարհը չի վերջանալու, ոչ էլ սկսվելու է: Քարոզարշավը փաստացի վերածվել է 2018-2020-ին իշխանության պատմության գովազդի, իսկ պետք է լիներ պետության ու ժողովրդի համար, եթե, իսկապես խնդիրը դատական ՀԱՄԱԿԱՐԳԻ փոփոխություններն են: Հանրաքվեն հիմա՝ իր քարոզարշավով, դառնում է ՀՀ հպարտ քաղաքացիների շրջանում կորոնավիրուսի տարածման վտանգ: Ծնունդդ շնորհավոր, Եղիշե Չարենց՝ ուրբաթ, 13-ին: ՈՒ՝ չասես, որ չասեմ՝ դոփում են, դոփում են ձիերը…
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ