Իրանի ու ԱՄՆ-ի հարվածներ ու հայտարարություններ փոխանակելուց հետո Մերձավոր Արևելքի փորձագետները եզրակացրել են, որ այս փուլում ԱՄՆ-ի ու ԻԻՀ-ի կոնֆլիկտը՝ Սուլեյմանիի սպանության հետևանքով, կավարտվի, բայց կողմերը շարունակում են գլորվել դեպի մեծ պատերազմ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը՝ Իրանի՝ Իրաքում տեղակայված ԱՄՆ 2 ռազմաբազաների գիշերային հրթոիռակոծումից հետո, ոչինչ չասաց ռազմական պատասխանի մասին, միայն խոստացավ անհապաղ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել: «Իրանը, կարծես, նահանջում է, ու դա շատ լավ է բոլոր շահագրգիռ կողմերի համար ու լավ է ամբողջ աշխարհի համար»՝ ասաց նախագահ Դոնալդ Թրամփը: Նա հաղորդեց, որ Իրանի հրթիռային հարվածի հետևանքով ամերիկացի կամ իրաքցի ոչ մի զինվորական չի տուժել, իսկ բազաների վնասը նվազագույն է: Իրանը հրթիռակոծել էր Իրաքում ԱՄՆ 2 ռազմաբազաները՝ ի պատասխան հունվարի 3-ին Բաղդադում ԻԻՀ իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսի հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանության:
Մերձավոր Արևելքի հարցերով BBC-ի խմբագիր Ջերեմի Բոուենը, մինչև Թրամփի ելույթը, կանխատեսել էր, որ հարվածների փոխանակումից հետո ԱՄՆ-ը ու Իրանը կարող են կանգ առնել՝ համարելով ընդունելի ձեռքբերումների ու կորուստների հավասարակշռությունը՝ ԱՄՆ-ը ազատվեց գեներալ Սուլեյմանիի պես թշնամուց, Իրանը պահպանեց դեմքը՝ ցուցադրական պատասխան հարվածով: «ԱՄՆ-ը բնավ անհրաժեշտություն չունի պատասխանել այդ հարվածին: Իրանի ուժերն արդեն սպառվում են, որովհետև մասնակցում է ամբողջ տարածաշրջանի պատերազմներին ու չի պատրաստվում մեծ լարման գնալ»՝ գտնում է Քեմբրիջի համալսարանի՝ Մերձավոր Արևելքի ու տարածաշրջանային կոնֆլիկտների փորձագետ Լիդիա Ուիլսոնը: Բացի քաղաքական գործիչների հայտարարությունները, կոնֆլիկտի աստիճանը չբարձրացնելու Իրանի ցանկությունը, մեկնաբանների կարծիքով, վկայում է և այն, որ հարվածը, ամենայն հավանականությամբ, այնպես է հասցվել, որ խուսափեն զոհերից: Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին չորեքշաբթի ասաց, որ իրանցիները հարվածից առաջ նախազգուշացրել են Իրաքին, որ հրթիռակոծելու են ամերիկացիների դիրքերը, բայց չեն ասել՝ որ դիրքերը: CNN-ը, հղում անելով դիվանագիտական ու ռազմական աղբյուրներին, հաղորդեց, որ իրաքցիները տեղնուտեղը զգուշացրել են ամերիկացիներին: «Շատ հստակ տեղորոշված հարված Իրանի կողմից: Այս հարվածը վնաս հասցնելու նպատակ չուներ, ավելի շուտ սիմվոլիկ գրոհ էր»՝ գտնում է Լիդիա Ուիլսոնը:
Նույնիսկ եթե ԱՄՆ-ի ու ԻԻՀ-ի զինվորականների միջև ուղղակի բախում չլինի, կոնֆլիկտը կարող է շարունակվել ու վերածվել բախումների ամերիկացիների ու տարածաշրջանի բազմաթիվ իրանամետ շիա զինված խմբավորումների միջև: «Հազիվ թե Իրանի քաղաքականությունը փոխվի՝ նա շարունակելու է իր նպատակներին հասնել, այդ թվում՝ ամերիկյան ուժերի Իրաքից դուրբերմանը: Սուլեյմանիի սպանությունը թուլացրեց ԱՄՆ դիրքերը Իրաքում: Բայց այս ճգնաժամի նախերգանքը ԱՄՆ բազաների հրթիռակոծումն էր Իրանի հաճախորդների կողմից՝ տեղի շիա աշխարհազորի»՝ հիշեցնում է BBC-ի մեկնաբան Ջոնաթան Մարկուսը: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին չորեքշաբթի ասել է, որ բազաներին հարվածը «ապտակ է» ԱՄՆ-ին, բայց դա բավարար չէ՝ պետք է ընդհանրապես ամերիկացիներին վտարել տարածաշրջանից: Երկու խմաբավորում արդեն չորեքշաբթի հայտարարել է, որ ամերիկացիների դեմ պատերազմ է սկսում:
Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հարցազրույցում ասել է, որ Թեհրանը չի կարող վերահսկել «զայրացած մարդկանց ամբողջ տարածաշրջանում»: Իրանի նախագահ Հասան Ռուհանին, չորեքշաբթի օրը կառավարության նիստում ասել է. «Ես կարծում եմ՝ գլխավոր հարվածը ԱՄՆ-ին պետք է տան տարածաշրջանի ժողովուրդները՝ ամերիկացիները կտրել են մեր թանկագին գեներալ Սուլեյմանիի ձեռքը, ի պատասխան Ամերիկայի ոտքը կկտրեն տարածաշրջանում»: Նույնիսկ եթե լարվածությունը նվազում է, Իրանի ու ԱՄՆ-ի միջև մեծ կոնֆլիկտի ընդհանուր սպառնալիքը ոչ մի տեղ չի անհետանում՝ հիշեցնում են փորձագետները: «Պատերազմի շատ ու շատ լուրջ սպառնալիքը պահպանվում է: Նույնիսկ եթե սա Սուլեյմանիի սպանությամբ հարուցված ճգնաժամի վերջի սկիզբն է, երկարաժամկետ հեռանկարում Իրանն ու ԱՄՆ-ը շարունակում են գլորվե դեպի պատերազմ, և այդ գործընթացտ կանգ չի առնի, եթե ինչ-որ քաղաքական համաձայնության հանգեցնող բանակցություններ չլինեն»՝ գտնում է Ջերեմի Բոուենը: Նա նշում է, որ 2015-ին, երբ ստորագրվեց միջուկային ծրագրի համաձայնագիրը, թվում էր՝ կողմերը լիցքաթափման քայլ արեցին: Բայց հետո ԱՄՆ նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը և 2018-ին դուրս եկավ Իրանի միջուկային գործարքից, այդ ժամանակից կոնֆլիկտը աճում ու աճում է: Չորեքշաբթի օրը Թրամփը նորից քննադատեց Իրանի հետ 2015-ի միջուկային համաձայնագիրը և կոչ արեց մյուս կողմերին՝ Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին ու Չինաստանին, նույնպես դուրս գալ համաձայնագրից ու հասնել նոր պայմանավորվածությունների Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Մյուս կողմից՝ Իրանի ու ԱՄՆ-ի միջև (նաև Իսրայելի) սպառնալիքի ու անգամ պատերազմի անխուսափելիության մասին խոսում են 40 տարի՝ Իրանի իսլամական հեղափոխությունից հետո:
BBC
Հ.Գ. ԱՄՆ ռազմաբազաներին հարվածից առաջ Իրաքի իշխանություններին զգուշացումը նույնն է, թե նախազգուշացնել ամերիկացիներին, բնավ զարմանալի չէ, որ Թեհրանը տեղեկացրել է հարվածի մասին՝ նպատակ ունենալով խուսափել մարդկային զոհերից, որի դեպքում կոնֆլիկտը շարունակվելու էր: Կողմերին նոր արյուն դե ֆակտո պետք չէ, թեպետ գեներալ Սուլեյմանիի սպանության վրեժը Իրանը, որ այդքան բուռն խոստանում էր, չի հանել՝ արյան դիմաց արյունն է վրիժառությունը: Ու դա նույնպես փաստ է: Ու հենց այդ պատճառով է Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել կառավարության նիստում, որ գլխավոր հարվածը ԱՄՆ-ին պետք է տան տարածաշրջանի ժողովուրդները:
«Թեհրանը մերժել է Վաշինգտոնի համագործակցության առաջարկը՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու պատճառով»՝ հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչը: «Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու հայտարարությունների ֆոնին Թրամփի առաջարկը վստահություն չի ներշնչում»՝ ասել է նա՝ հավելելով, որ Վաշինգտոնն է «նախաձեռնել Իրանի հետ թշնամանքի և լարվածության նոր ալիքը»՝ սպանելով Սուլեյմանիին:
Թրամփի ուղերձը ևս փորձագետները գնահատում են նահանջ կամ Իրանի հետ երկխոսելու ևս մեկ հնարավորություն: Դոնալդ Թրամփը ասում էր՝ Թեհրանի արձակած տասնյակ հրթիռների հարվածներից ամերիկացի զինվորականների շրջանում զոհեր չկան, վնասներն էլ նվազագույն են. «Ամերիկայի ժողովուրդը պետք է շնորհակալ ու երջանիկ լինի, ոչ մի ամերիկացի չի վնասվել երեկ գիշեր Իրանի ռեժիմի հարձակման հետևանքով: Մենք զոհեր չունենք, մեր բոլոր զինվորները անվտանգ են, և մեր ռազմակայանները նվազագույն վնաս են կրել»։ Գուցե այդ պատճառով նա Իրանի իշխանությունների հետ համագործակցության առաջարկ հնչեցրեց, շեշտելով, որ մինչ այդ Թեհրանը պետք է փոխի իր վարքագիծը, հրաժարվի միջուկային հավակնություններից: Իսկ քանի դեռ չի հրաժարվել, ԱՄՆ կառավարությունը նոր՝ ավելի ցավոտ տնտեսական պատժամիջոցներ է սահմանում, ինչպես Թրամփն է բնորոշել՝ «միջազգային ահաբեկչությունը հովանավորող Իրանի նկատմամբ, որը միջուկային զենք ստեղծելու իր ձգտմամբ վտանգ է ներկայացնում ողջ աշխարհի համար»: «Մենք դա երբեք թույլ չենք տա։ Քանի դեռ ես ԱՄՆ նախագահն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա», - հայտարարել է Դոնալդ Թրամփը։ «Անցյալ շաբաթ մենք անցանք վճռորոշ գործողությունների, որ թույլ չտանք ահաբեկիչներին հետագայում ևս վտանգել ամերիկացիների կյանքը: Իմ հրամանով ամերիկացի զինվորականները ոչնչացրին Կասեմ Սուլեյմանիին՝ աշխարհի ամենամեծ ահաբեկիչներից մեկին, ով անձամբ պատասխանատու է ամենասարսափելի հանցագործությունների համար», - ասել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով՝ Սուլեյմանին էր կազմակերպել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան դեմ դաժան հարձակումը և շարունակում էր նորանոր հարձակումներ ծրագրել: «Բայց մենք կարողացանք կանգնեցնել նրան: Նրա ձեռքերը թաթախված էին և ամերիկացիների, և իրանցիների արյան մեջ», - հայտարարել է Թրամփը:
Նա կոչ է արել ՆԱՏՕ-ին ավելի մեծ ներգրավվածություն ունենալ Մերձավոր Արևելքի գործընթացներում։ Դիմելով Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին և Չինաստանին, որ, ի տարբերություն Վաշինգտոնի, շարունակում են հավատարիմ մնալ Իրանի հետ կնքված միջուկային գործարքին, Թրամփը հորդորել է ընդունել նոր իրողություններն ու վերանայել դիրքորոշումը: «Մենք պետք է աշխատենք Իրանի հետ այնպիսի մի համաձայնագրի հասնել, որն աշխարհը կդարձնի ավելի անվտանգ», - ընդգծել է ԱՄՆ նախագահը և հատուկ շեշտել՝ այդ համաձայնագիրը պետք է նաև Իրանին հնարավորություն տա բարգավաճելու և զարգացնելու իր ներուժը. «Իրանը կարող է լինել հրաշալի երկիր, սակայն Մերձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն չի լինի, քանի դեռ Իրանին թույլատրվում է հրահրել բռնություններ, ահաբեկչություն, պատերազմ»։
Դոնալդ Թրամփը հավաստիացրել է՝ ԱՄՆ-ը պատրաստ է Թեհրանի հետ խաղաղության։ «Դիմում եմ Իրանի ժողովրդին՝ մենք ցանկանում ենք, որպեսզի դուք ունենաք հրաշալի ապագա, որին դուք արժանի եք՝ բարեկեցիկ, աշխարհի ազգերի հետ խաղաղ գոյակցելով», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Իրանի ժողովուրդը գուցե չի գնահատի նրա մտահոգությունը, բայց ամերիկացիները 2020-ի նոյեմբերին կգնահատեն իրենց նախագահի շիտակ պահվածքը՝ սպանեցի՞ն ամերիկացուն, սպանվեց Սուլեյմանին, ԱՄՆ-ը քաղաքացիները աշխարհի բոլոր երկրներում պաշտպանված են՝ ըստ Թրամփի: Եվ դա հիանալի պատճառ է նրան ևս 4 տարով վերընտրելու:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ