Լավ է երբեք, քան ուշ
06.12.2019 | 00:18
Միշտ մտածել եմ՝ լավ է երբեք, քան ուշ: Գուցե ժամանակի սրված ընկալման պատճառով, գուցե կորցրած հնարավորությունների համար ցավի: Հիմա ինձ ոչ ոք չի կարող համոզել, որ պետությունն իրավունք ունի իմ հաշվին, նաև ձեր հաշվին, որ բարեխիղճ, թե անբարեխիղճ հարկատու եք, ձրիակերներ պահել: Ինչ վեհ նպատակ էլ ունենա: Չունի, բայց անում է: Օրինակ՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին: Որ չի աշխատում, բայց աշխատավարձ է ստանում: Ավելին՝ իշխանությունը պատրաստվում է ևս մի քանիսին չաշխատելու դիմաց վճարել: Օրենքով: Այսինքն՝ բացահայտ ընդունում է սեփական անզորությունը և ուզում է օրինականացնել անօրինականությունը՝ այն պարագայում, երբ օրվա լրահոսում պարտադիր հաղորդումներ կան՝ այսինչ մարզի, այնինչ դպրոցի տնօրենը, գյուղապետը, հիվանդանոցի գլխավոր բժիշկը աշխատանքի է ընդունել այսինչ-այսինչին, որ չի աշխատել ու վճարվել է: Հարուցվել է քրեական գործ: Իսկ հիմա այդ «քրեական գործը» պատրաստ են դարձնել օրենք: Ինչու՞:
1. Իշխանությունը չկարողացավ կամ չցանկացավ սոցհարցում անցկացնել՝ պարզելու հանրային տրամադրությունները ՍԴ-ի նկատմամբ և շարունակում է ապրիորի պնդել հասարակական անվստահությունը ՍԴ-ի նկատմամբ: Եթե կա անվստահություն, ոչ թե ՍԴ-ի, այլ դատական համակարգի նկատմամբ է, բայց իշխանությունը կենտրոնացել է ՍԴ-ի վրա՝ այնտեղ տեսնելով իր նպատակների իրականացման կոնկրետ խոչընդոտի: Սա փաստացի ՍԴ-ի կեղծ հերոսացում է:
2. Իշխանությունը չի կարողանում ապացուցել, որ ՍԴ-ն մատնված է անգործության կամ զբաղվում է քաղաքական գործունեությամբ: Իշխանությունը իր օրակարգում ունի բազում օրինագծեր ու համաձայնագրեր, որոնց` Սահմանադրությանը չհակասելու վերաբերյալ ՍԴ-ն պետք է տա եզրակացություն, մինչդեռ այդ օրինագծերն ու համաձայնագրերը հակասահմանադրական են:
3. Փաստացի՝ հիմա, ինչ զարգացումներ էլ ունենա ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, Հայաստանը չի ունենալու անկախ ՍԴ, ունենալու է գործող իշխանությանը ենթակա նոր կազմով գործող ՍԴ: Իսկ դա բնավ չի նշանակում հասարակության վստահության վերականգնում և հանգեցնելու է անվստահության խորացման: ՍԴ ներկա կազմին կամավոր-պարտադիր կենսաթոշակի ուղարկելու նախագծի պատճառը ՔՊ-ականներով ՍԴ-ն համալրելու ցանկությունն է: 2018-ին մարդիկ փողոց դուրս չէին եկել, որ 2019-ից հետո իրենց գրպանի հաշվին իշխանությունների չընդունած դատավորներին թոշակի ուղարկեն ու ապահովեն բարեկեցիկ կյանքը: Ոչ վարչապետը, ոչ արդարադատության նախարարը, ոչ ՔՊ պատգամավորները չեն կարող ասել, որ կատարում են ժողովրդի կամքը, նրանք լուծում են քաղաքական խնդիրներ:
4. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասում է, որ Վենետիկի հանձնաժողովը հորդորում է վաղ կենսաթոշակի ուղարկելու գործիքակազմը կիրառել հնարավորինս նեղ շրջանակի, ոչ թե ամբողջ դատական համակարգի նկատմամբ և ժողովրդի գրպանի հաշվին ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի ուղարկելով ոչ ոք ոչ ոքի լավություն չի անում, ուղղակի պատվով հեռանալու գործընթաց է: Ոչ, դա անպատիվ հեռանալու գործընթաց է: Պատվի մասին աղավաղված պատկերացումներ ունեցողը կարող է անպատվությունը համարել պատիվ:
5. Իշխանությունը առայսօր հոդաբաշխ պատասխան չի տվել հարցին՝ կոնկրետ ինչի՞ համար պիտի հրաժարական տան ՍԴ անդամները: Մինչև հիմա չի պատասխանվել՝ հարցը իրավակա՞ն, թե՞ քաղաքական հարթությունում է, թեպետ բոլորին ակնհայտ է, որ քաղաքական է: Կա՞, թե՞ չկա ճգնաժամ ՍԴ-ում: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ կոնկրետ գործողությունների ձախողումից հետո պայքարի ճակատն ընդլայնվեց ու վերածվեց ՍԴ-ի ամբողջ կազմի դեմ պայքարի, բացառությամբ Վահե Գրիգորյանի, որ հայտարարում է՝ ՍԴ չկա, դրա համար էլ չի աշխատում, չեղած տեղից վարձատրվելը չպատճառաբանելով:
6. Փաստացի՝ վաղաժամ կենսաթոշակի անցնելու առաջարկը ոչ ինստիտուցիոնալ փոփոխություն է, ոչ բարեփոխում, իրադարձային ու կարճաժամկետ լուծում է: Եթե ՍԴ անդամները համաձայնեն ու հեռանան, նրանք երաշխիք չունեն, որ կարճ ժամանակից, անգամ հերթական ընտրություններին չսպասելով, իշխանությունը կգտնի ևս մեկ իրավիճակային լուծում, ասենք, հանրային դժգոհությունը, և կփոխի որոշումը՝ վերջակետելով ձրիակերությունը: Եթե մարդը վատ է աշխատում, նրան աշխատանքից հեռացնում են:
7. ՍԴ-ի հարցը չի կարող ու չպիտի ունենա իրադարձային կամ իրավիճակային լուծում: ԱԺ ԲՀԿ+ԼՀԿ խմբակցությունները արդեն հայտարարել են, որ դեմ են քվեարկելու օրինագծին, ցանկության դեպքում ՔՊ-ն առանց նրանց էլ կանցկացնի, բայց դա էլ հարցի լուծում չէ, բոլոր դեպքերում վաղաժամ կենսաթոշակի գնալը կամավոր է: ՍԴ դատավորների վրա հիմա գործադրվում է անընդունելի ճնշում՝ քաղաքական ու բարոյական, և այս պայմաններում նրանք պիտի ընդունեն իրենց որոշումը, որ վաղուց դադարել է անձնական լինել:
Լավագույն տարբերակ կարող էր լինել նրանց հանգիստ թողնելն ու սահմանադրական փոփոխություններով զբաղվելը, որտեղ ներառված կլիներ ՍԴ-ն լուծարելն ու նոր կառույց ստեղծելը: Դա պահանջում է հանրաքվե: Հետևաբար՝ ժամանակ: Փոխարենը՝ հնարավոր է լուծել դատական համակարգում կուտակված խնդիրները: Նաև՝ պետական կառավարման համակարգի՝ վերջապես հրաժեշտ տալով սուպերվարչապետականին ու ստեղծելով իրական խորհրդարանական կառավարման մոդել՝ իշխանության կողմերի հավասարակշռված իրավունքներով ու պարտականություններով: Լուծելով նաև ոստիկանության ու ԱԱԾ-ի նախարարություններ դառնալու հարցը՝ առանց Սահմանադրության հետ խնդիրներ հարուցելու; Սա ոչ միայն իշխանությանը, պետությանն է վերաբերում: Սա միակ ճանապարհն է վերջ դնելու մի կողմից պոռոտախոսությանն ու ցինիզմին, պոպուլիզմին, մյուս կողմից՝ պետության վախճանի հարատև գուշակություններին ու մոտալուտ կորստի խոստումներին: Հասարակությանը ոչ մեկն է պետք, ոչ մյուսը, ոչ էլ առավել ևս՝ երկուսի կռիվը: Դա քաղաքականություն չէ, դա քաղաքականության ծաղրանմանություն է: Լավագույն դեպքում պետության օրակարգի փոխարինում իշխանության օրակարգով: Եվ՝ ճանապարհ է դեպի ոչմիտեղ: Իսկ մենք չափազանց երկար ենք այդտեղ եղել՝ նորից նույն տեղապտույտին տրվելու համար:
Նույնիսկ Ադրբեջանն է փորձում տեղապտույտից պոկվել: ՈՒ դա պատմություն չէ այն մասին, թե ինչ եղավ, երբ 3 հայ լրագրող Ադրբեջան գնացին-եկան, պատմություն է այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը փորձում փոխել իր իմիջը ու միջազգային ատյաններում Հայաստանից խլել միակ հզոր զենքը՝ ժողովրդավարության տարբերությունը տոտալիտարիզմից: Ադրբեջանում իշխանափոխություն է լինում՝ նույն իշխանության շրջանակներում: Ալիևներ-Փաշաևներ տանդեմն այսուհետ կոչվելու է Փաշաևներ-Ալիևներ: Մնացածը հեքիաթ է քաղաքական ականջների համար: Զավեշտ է, որ Միլի մեջլիսը նախագահից ինքնալուծարման իրավունք է խնդրում ու ստանում, թեպետ դա հակասահմանադրական է: Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը պետք է պարապուրդի մատնված լիներ, որ նախագահն իրավունք ունենար լուծարել: Բայց դա ու՞մ է հետաքրքրում: 80-ամյաներին, որ Ալիևների կլանից էին, հանգստի ուղարկելով՝ Իլհամ Ալիևը իրեն-հլու հնազանդ խորհրդարանը վաղաժամկետ արձակելով՝ արտահերթ ընտրություններում հավաքելու է նոր հլու-հնազանդների, բայց ավելի երիտասարդ ու Փաշաևների կլանից: Նա հայտարարել է նաև կառավարության նոր կառուցվածքի մասին: «Ադրբեջանի բոլոր անկյուններում բարեփոխումներ են իրականացվում, այդ թվում՝ կառուցվածքային: Դա նորմալ գործընթաց է: Անցած շաբաթ հաստատվել է նախագահական աշխատակազմի նոր կառուցվածքը, մոտ ապագայում կձևավորվի նոր խորհրդարանը, իսկ առաջիկա օրերին արդեն կհաստատվի կառավարության նոր կառուցվածքը»՝ ասել է Իլհամ Հեյդարովիչը՝ խոստանալով պայմաններ ստեղծել նոր, երիտասարդ կադրերի համար, որ իրենց դրսևորելու հնարավորություն ունենան: Եվ ոչ ոք նրան չի հարցնում, թե ով էր խանգարում երիտասարդներին իրենց դրսևորել նախկինում: Իլհամ Ալիևը իսկապես ճակատագրական քայլ է անում՝ սիմվոլիկ հրաժեշտ տալով Արևմուտքին, ու, ինչպես Թուրքիան, պահ առ պահ նետվելով Ռուսաստանի գիրկը, նա ակնհայտորեն ռևանշի հույսեր ունի: Մի հնգամյակ իշխանությունը առաջին փոխնախագահին, իմա՝ Մեհրիբան Փաշաևա-Ալիևային, որ երազում է Ղարաբաղում մուղամ լսել, հանձնելով, նա կվերադառնա նորից կամ թագաժառանգին՝ որդուն (Հեյդար Իլհամովիչ Ալիևը 2019-ի հուլիսի 1-ին ավարտել է ծառայությունը բանակում) կփոխանցի նախագահի աթոռը: Բայց դա չէ կարևորը, կարևորը, որ նա հույս ունի Ռուսաստանից ստանալ բացարձակ աջակցություն Լեռնային Ղարաբաղի հարցում: ՌԴ ԱԳՆ՝ մինչև նախարար Սերգեյ Լավրովի Բաքու մեկնելը հայտարարել էր, որ «Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջնորդական ջանքերում: Ղարաբաղյան հակամարտության կողմերին աջակցությունը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է և գտնվում է Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում»: Լավրովն արդեն սկսել է ինքն իրեն խմբագրել: Երևանում նոյեմբերի 11-ին նա ասել էր. «Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել», Բաքվում ասել է. «Ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի այս հողում ապրող մարդկանց համար՝ Ադրբեջանում, Ղարաբաղում և Հայաստանում ապրող մարդկանց համար», և ընդգծել է, թե կարևոր է, որ միմյանց հետ սկսեն շփվել նաև Ղարաբաղում ապրող հայերն ու Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, Ղարաբաղի ամբողջ բնակչությունն է որոշելու, թե ինչպես են նրանք ապրելու այսուհետ: Փաստացի՝ նա արդեն ընդունել է փախստականների՝ հանրաքվեին մասնակցելու ադրբեջանական տեսակետը, որ նոնսենս է: Պատահական չէ, որ Էլմար Մամեդյարովն էլ Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, թե հուսով է, որ Բրատիսլավայում ինքը և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բանակցային նոր փուլ են սկսելու: Մամեդյարովը խոսել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման փուլային տարբերակի մասին, նշել է, թե զորքերը պետք է հետ քաշվեն շփման գծից, փախստականները վերադառնան իրենց մշտական բնակավայրեր, սկզբից՝ 5 շրջաններ, հետո՝ 2, հետո՝ հենց Ղարաբաղ: Նա նաև հավելել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է անվտանգության հետ կապված հատուկ զեկույց նախապատրաստեն: Սերգեյ Լավրովը հույս ուներ, որ Բրատիսլավայում կընդունվի ընդհանուր հայտարարություն, որի տակ կստորագրեն 5 նախարարներ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ՌԴ-ի: Հայտարարություն չեղավ, փոխարենը իմացանք, որ նախարարները 2020-ի սկզբին նորից կհանդիպեն: Ահա այսպես, իսկ մենք զբաղված ենք «Հուզանք ու Զանգով»: ՈՒ՝ հետևանքներով: Խիստ ենք զբաղված:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Բաքվում Լավրովը նաև ասել է, որ ռուս-ադրբեջանական համագործակցության առանցքային ոլորտներից մեկը ռազմատեխնիկական համագործակցությունն է, որ թափանցիկ է, և ամեն դեպքում հաշվի է առնվում տարածաշրջանում սպառազինության բալանսը: Սա էլ պատասխան Նիկոլ Վովաևիչին: Համենայն դեպս՝ նրան չէ, այլ Ալիևին է Լավրովը երախտապարտ, որ «այն գաղափարները, որոնք ՌԴ-ն խթանում է, ըմբռնում են գտնում»: ՈՒ ի՞նչ պիտի աներ Զոհրաբ Մնացականյանը, որ չարեց Բրատիսլավայում: Հարցը տվեք ում կուզեք, բայց նախ՝ ինքներդ ձեզ: Մեր սև-սպիտակ խաղի ընթացքում մենք հայտնվելու ենք ցուգցվանգում, իսկ Բաքուն սևերով շահում է պարտիան Կրեմլի հետ: Այս ընթացքով՝ գուցե նաև մեզ հետ:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ