Միշտ հաշվի առեք փոփոխականների փոփոխությունը
03.12.2019 | 00:39
Մեր պատմությունը մեռնում է, երբ սկսում ենք օրակարգ դարձնել հոգեհանգիստը: Սա այնքան պարզ է, որքան Պանդորայի արկղ բացելը: Բայց մինչև չբացես, ոչինչ չես իմանա: Եթե Ադամը Իմացության ծառի պտուղը չպոկեր, մարդկությունը մինչև հիմա կապրեր դրախտում, ու գուցե մենք մենք չլինեինք կամ ընդհանրապես չլինեինք: Երբ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը Թվիթերում գրում է. «Հեղափոխությունն արագ շոգիանում է, երբ խոստումը նրա հենարանը չէ։ ՈՒ երբ խոստումը հեռու է մնում կյանքի իրականությունից, մի խոր անջրպետ է գոյանում ժողովրդի ու իշխանության միջև. կացություն, որն աննախատեսելի վտանգներով հղի է դառնում», չե՞ք ուզում հարցնել՝ Վեհափառ, այլևս Ձեզ չե՞ն այցելում իշխանության դեսպանները ու շոգիացել են նրանց շռայլ, բայց անհիմն խոստումները։ Հարկավ, Անթիլիասի կաթողիկոսը հեղափոխության հոգեհանգստի պատարագ չի մատուցում, չի էլ ակնարկում՝ իր մտահոգությունների հիմքում ապստամբած Լիբանա՞նն է, թե՞ հեղափոխական Հայաստանը: Ի՞նչ տարբերություն, սակայն: Անջրպետն անջրպետ է: Բայց ո՞ր օրվանից է Լիբանանի կամ Հայաստանի իշխանության ու ժողովրդի անջրպետը դարձել Անթիլիասի կաթողիկոսի հարց, թվում է՝ Աստծո ու ժողովրդի միջև անջրպետը պիտի առաջնայինը լիներ: Գուցե՝ այո, գուցե՝ ոչ: Խառը ժամանակներ են: Այնքան խառը, որ ոչ ոք չգիտի ոչ իր, ոչ Աստծո տեղը: Կամ՝ խառնում է: ՈՒ խառնում է այնքան, որ սեփական խոսքին կշիռ տալու համար սկսում է խոսել Աստծո… բարդույթներից:
Օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՔԾ կազմավորման 12-րդ տարեդարձի նիստում երկարաշունչ ելույթ է ունենում, տեղ-տեղ մտածում ես՝ որտե՞ղ եմ կարդացել, 10 տարի առա՞ջ էր, 20, 30, թե՞ մի 100 տարի կլինի, ու անում է ծանոթ հայտարարություններ: Օրինակ, թե ինչ է նշանակում ինստիտուցիոնալ անկախություն կամ՝ Գողգոթայի ճանապարհ: Կամ՝ որ ոչ ոք և ոչինչ չի մոռացվում: Երբ այդ ամենի մասին խոսում ես հեղափոխական «դուխով», ասում ես. «Մեր խնդիրն է, որ այս պետական պաշտոնյայի, այս իշխանի և բդեշխի բարդույթը փոխակերպվի, կրկին կներեք, այդպիսի ձևակերպման համար, Հիսուսի բարդույթով»: Ո՞րն է Հիսուսի «բարդույթը»: Տեր ու ծառա լինելը միաժամանակ: Բայց դա բարդույթ չէ, այլ՝ շնորհ: Գուցե Արամ Առաջի՞նը, եթե «անջրպետված» չլիներ, Նիկոլ Առաջինին բացատրեր, որ Աստված բարդույթներ չունի, հերետիկոսություն է մարդկային որակները Աստծուն վերագրելը, թեկուզ նմանություն ակնկալելու նպատակով: Անգամ ՀՔԾ-ում:
Երկրորդ երկարաշունչ ելույթը վարչապետն ունեցավ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նախագծի շուրջ: ՈՒշացած, բայց անհրաժեշտ քայլ՝ կենտրոնանալ ռազմավարությունների և ռազմավարական աշխատանքների վրա: Փաստացի՝ Նիկոլ Փաշինյանը դարակազմիկ հայտարարություն արեց առ այն, որ «անցումային շրջանն այլևս ավարտված է», բայց ոչ ոք չարժևորեց կամ չհասկացավ: Կամ՝ չհավատաց: Չհավատաց, որ «մենք տնտեսական հեղափոխության այս փուլի մեր խնդիրը լուծել ենք» և «դրել ենք կայուն և բարձր տնտեսական աճ ապահովելու բոլոր հիմքերը»: Չհավատաց, որ «վերջին 1,5 տարում մեզ հաջողվել է լուծել մեր արտաքին քաղաքականության ամենահրատապ խնդիրները», «ՀՀ-ն, մեր կառավարությունը կարողացել է դիրքավորվել, մեր ընթացիկ պատկերացումներին, մեր ռազմավարական շահերին և նպատակներին համապատասխան, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում»: Չհավատաց, որ «մեզ հաջողվել է, և դա այլևս իրողություն է՝ ապահովել ՀՀ-ում ժողովրդավարական կայունությունը և ապահովել ժողովրդավարական կայունությունը տևականորեն և արձանագրել, որ այդ կայունությունը հիմնված է ՀՀ ժողովրդի վստահության քվեն ունեցող քաղաքական իրողությունների վրա, այսինքն՝ ՀՀ ժողովրդի պատկերացումներին համապատասխան քաղաքական իրողություններ արձանագրելու կարողության վրա»:
Չհավատաց, որ «1,5 տարվա պրոցեսները՝ թե տնտեսության ոլորտում, թե արտաքին քաղաքական ոլորտում, թե Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում, թե քաղաքական կյանքի և ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների առումով, ցույց են տվել մեր ռազմավարական պատկերացումների մրցունակությունը կամ դրանց համապատասխանությունը ՀՀ ազգային և պետական շահերին»:
Չհավատաց պարզ պատճառով. ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ որևէ մեկը առայսօր չի սահմանել ՀՀ ազգային ու պետական շահը, և ուրեմն ցանկացածը կարող է ասել, որ ամեն ինչ համապատասխանում է կամ չի համապատասխանում ազգային ու պետական շահին: Մեկուկես տարի անց:
Մեկուկես տարի անց մենք արձանագրեցինք, որ «Ես իմ անուշ Հայաստանին» 2019-ին արժե 9856100 դոլար՝ ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի: Հակառակ անգամ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերի՝ ամսական 10000 դրամ փոխանցել հիմնադրամին և «համահայկական բյուջե» ձևավորելու գաղափարի: Հարցն այն չէ, որ «Հեռուստամարաթոն-2018»-ին նվիրաբերվել էր 11 մլն 109633 դոլար, այս անգամ՝ ավելի քիչ, ամենաքիչը 2006-ից: Ինչու՞: Հակառակ հավաստիացումների, որ Հայաստանը, սփյուռքը, Արցախը հետայսու ամբողջություն են: Ամենապարզ պատճառով՝ հերիք է մուրացկանությունը մատուցել իբրև հայրենասիրություն: Հայրենասիրություն, որ պարտադրվում է միայն սփյուռքին: Առավել ևս, որ հեղափոխության սկզբին բարեհաջող ապացուցեցինք, թե մեր ազգային մուրացկանությամբ հավաքված գումարները ինչպես կարող ենք… վատնել: Ճիշտ, թե սուտ: ՈՒ չհասկացանք, որ դա ուղիղ ահազանգ էր սփյուռքին՝ փող չտաք: Համենայն դեպս, մի իշխանության, որ իր միլիոնները հատկացնում է մաքուր գորգերը լվանալու, ինքնաթիռ գնելու, սեփական կեցավայրերը բարենորոգելու, գործուղումների ու այցերի՝ առանց կոնկրետ արդյունքների, նախարարների աշխատավարձերն ու պարգևավճարները բազմապատկելու և այլ ծախսերի, որ համոզում են՝ փող կա, ծախսել չգիտեն, աշխատել չեն կարողանում:
Աշխատելու մասին. ավելի ճիշտ՝ դարձյալ նվիրատվությունների: Երևանի քաղաքապետարանին նվիրատվությունների սկանդալի հայտնի ու անհայտ մանրամասների մեջ չմտնելով՝ փաստացի մթնոլորտն այնքան է քաղաքականացված, որ նվիրատվությունը դարձել է քրեական հանցանք: Ինձ կառարկեն՝ ոչ անշահախնդիր նվիրատվությունը: Բայց ու՞մ համար է մութ, որ այդքան թանկ նվերները քաղաքապետարանին գեղեցիկ շենքի համար չեն արվելու: Քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը պահանջողները պատասխանե՞լ են հարցին՝ այդ չարաբաստիկ ԿԱՄԱԶ-ները իր տու՞ն է տարել: Ինձ նորից կառարկեն, որ դա հիմնավորում չէ: Իհարկե, հիմնավորում է, նվերը տրվել է քաղաքին:
Հայկ Մարությանը իբրև Երևանի քաղաքապետ մեղավոր է, որովհետև բաց ու «դուխով» խնդիրը չի դրել ԱԺ-ի առաջ ու չի առաջարկել կամ պահանջել այնպիսի օրենսդրություն, որով հանգիստ ու բացահայտ՝ առանց կեղծ պատճառաբանությունների, քաղաքապետն իրավունք ունենա օրենքների շրջանակներում սահմանել նվիրատվությունների, հողահատկացումների օրինականության, շենքերի կառուցապատման փոփոխությունները: Չեմ ընդունում առարկությունը, որ օրենքներ կան: Կան, բայց սահմանափակ են: Քաղաքապետը պարտավոր է հավասար պայմաններ ապահովել բոլորի համար: Այլապես կամ հավերժական արդարանալու է, կամ դեպրեսիայի մեջ է ընկնելու: Կամ՝ մի քանի օրով արձակուրդ է գնալու: Կա այս ամենի հակառակ կողմն էլ. մենք, չգիտես ինչու, կարծում ենք, որ արտասահմանցի ներդրողները մաքուր, ազնիվ, արդար ու համարյա սուրբ են, իսկ մեր մեծահարուստները, ավելի ճիշտ՝ օլիգարխները, մեղմ ասած, սրիկաներ են, որ հարստացել են մեր հաշվին: Մենք բոլորովին դեմ չենք, որ նրանք էլ՝ «Հիսուսի բարդույթով», բաժանեն ունեցվածքը աղքատներին, ու վերջ: Իսկապես՝ ամեն ստրուկ երազում է ոչ թե ազատություն, այլ սեփական ստրուկը ունենալ: Իսկ ազատությունը այս պարագայում նշանակում է, որ սեփական օլիգարխներին էլ պետք է հավասար վերաբերմունք ցույց տալ ու նրանց համար ապահովել ոչ միայն օրինական դաշտում գործելու հնարավորություն, այլև հասարակական ընկալում, որ նրանք նույնպես հայրենասեր են ու հայրենիքի համար են աշխատում: ՈՒ հարուստ լինելը ոչ մեղք է, ոչ հանցանք, ոչ ապօրինություն: Կոռուպցիայի դեմ կռվի, ամեն տեղ ու ամեն ինչում կոռուպցիոն ռիսկերի ուրվականը նյութականացնելով՝ ու՞ր ենք գնում:
Փաստացի Հայկ Մարությանին է վերադառնում սևերի ու սպիտակների իր նետած բումերանգը, երբ ինքը սկսում է աշխատել սևերի հետ, չեն ներում ոչ սպիտակները, ոչ սևերը: Դատախազությունը կարող է գործ հարուցել՝ մամուլի հրապարակումները ստուգելու համար, ԼՀԿ-ն կարող է ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել, և այլն, և այլն: Բայց այս մթնոլորտում հազիվ թե ԱԺ-ում որևէ պատգամավոր կամ կուսակցություն նախաձեռնի ՏԻՄ մարմինների գործունեության օրենսդրության համապատասխանեցում իրականությանը: Այս մթնոլորտում 64-րդական հարց է՝ Հայկ Մարությանը հրաժարական կտա՞, թե՞ չի տա: Միևնույն է, նույնիսկ ավագանու արտահերթ ընտրությունների ու նոր քաղաքապետի պարագայում պետք են օրենսդրական լուծումներ՝ բացարձակ թափանցիկ, հրապարակային ու անխոցելի գործելու համար:
Հրապարակային գործելու մասին. ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է զինվորական ծառայություն՝ արագացված ընթացակարգով՝ 1 ամիս ու պետական բյուջե 10 մլն դրամ վճարելով: Միանգամից մի ասեք, որ դասալքության քարոզ է պատերազմող երկրում: Մի ասեք, որ անփորձ է ու չի հասկանում՝ 1 ամսում անհնար է անգամ կրակել սովորել: Կամ՝ բանակում ծառայելն ինքնանպատակ չէ. երկրի անվտանգությունն է ապահովվում: Պարզվում է՝ դա … երազ է՝ «Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլևս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն»,- ասել է Հայկ Սարգսյանը, որ ընդամենը առաջարկում է արտասահմանում գտնվող զինապարտ ՀՀ քաղաքացիներին վերադառնալ հայրենիք ավելի շուտ, քան կլրանա 27 տարին, և վճարել 10 միլիոն դրամ, որից հետո ծառայել արագացված ընթացակարգով: Ընդամենը: Նա վստահ է, որ 10 միլիոն դրամը բոլորի համար 10 դրամ վճարելու պես հեշտ գործ է՝ բանակը փող է կուտակում, զինապարտը չի ծառայում: Այսքանից հետո առնվազն հասկանալի չէ, թե ՊՆ-ն ինչու՞ բացասական դիրքորոշում ունի: Մի՞թե պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը չի հասկանում, որ Քլոնդայք է առաջարկվում բանակին: Ինչու՞ է հիշեցնում, որ զինվորական ծառայության հիմքը Սահմանադրությունն է, որտեղ գրված է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանությանը: «Դա ոչ թե հայեցողական լիազորություն է, այլ պարտավորություն: Զինծառայություն չանցնելու հիմքերը ևս օրենքով սահմանված են»: Մի՞թե ՔՊ պատգամավորը իրավունք չունի Սահմանադրություն շրջանցելու: Մի՞թե նոր Հայաստանում 1 ամիսը բավարար չէ 5 ամիս տևող ուսումնական փուլն ավարտելու համար: Թեկուզ՝ երազում, բայց 10 միլիոնով: Նրանք այդպես են սիրում Հայրենիքը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ո՞վ գիտի՝ ինչու՞ հանկարծ Նիկոլ Փաշինյանը Հորադիզում խոսեց հաղթանակների մասին: Ո՞վ է պատասխանատու, որ ինչպես էկոնոմիկայի նախարարն է ասում՝ տնտեսական հեղափոխությունը Հայաստանում արդեն հաղթել է, բայց արտագաղթը շարունակվում է, իսկ ներգաղթում են միայն հնդիկները: Երբ 2020-ին, ԵԱՏՄ անդամակցության պատճառով, հարյուրավոր ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը բարձրանան, չե՞նք զգալու այն միլիոնների պակասը, որ բյուջե էին մտնելու, եթե Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը չդարձնեինք մի կաթիլ մեղրի պատմություն: Եվ՝ վավերացնելու՞ ենք Ստամբուլյան կոնվենցիան, թե՞ ոչ: 2020-ը ևս անցնելու է ոչ մի հարցի կոնկրետ պատասխան չտալու՞ սկզբունքով: Կամ՝ անկարողությամբ: Թե՞ միշտ պետք է հաշվի առնել փոփոխականների փոփոխության օրենքը: Մանավանդ երբ հավասարումը կազմված չէ, կամ կազմված է միայն հայտնիներից, իսկ անհայտներն ունեն իրենց հավասարումը, որտեղ ամեն ինչ հայտնի է: Ողջ եղեք: Գարուն կգա, կբացվի վարդը:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ