Կոռուպցիայի մեղադրանքի ու իր կուսակցության բարձրաստիճան պաշտոնյանների ապստամբության վտանգին դեմ հանդիման` Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն փորձում է միավորել իր էլեկտորալ բազան՝ Le Monde-ում գրում է Լուի Իմբերը: Գուցե նրանք այն ուժերն են, որոնցով Նետանյահուն, ինչպես խոստացել է, պայքարելու է դատավորների «պետական հեղաշրջման դեմ»: Նոյեմբերի 26-ին Թել Ավիվի արվեստի թանգարանի մոտ անցկացված հանրահավաքը խիստ նախազգուշացում էր ի պաշտպանություն վարչապետի՝ նոյեմբերի 21-ին նրա դեմ հարուցված կոռուպցիայի, խարդախության ու վստահության չարաշահման մեղադրանքներով: Նետանյահուի կողմնակիցների շարքերում էին երկրի փոքր քաղաքների բնակիչներ, սեֆարդ հրեաներ, ազգայնական ու կրոնական բուրժուաներ, ուլտրաօրթոդոքսներ, Հորդանանի արևմտյան ափին վերաբնակեցված հրեաները «Հուդաները և սամարացիները» բնակավայրից: Նրանք վախենում են, որ աջերը կկորցնեն իշխանությունը, որ 2009-ից իրենցն է՝ շնորհիվ Նետանյահուի: «Կամ Բիբին, կամ մենք կկորցնենք երկիրը, մենք կկորցնենք հրեական պետություն»՝ բացականչում էին մարոկկայական ծագում ունեցող երեք քույրերը: «Խոսքը Նետանյահուի մասին չէ, այլ՝ աջերի,-՝ ասում նրանցից կրտսերը՝ Սիլվիա Կալստիոնը: -Առանց Նետանյահուի մենք տանուլ կտանք աշկենազիների հարուստ ընտանիքներին, որ ի վիճակի չեն հաղթել ընտրություններում: Այդ ձախ դատավորներն իրենք են իրենց նշանակում: ԶԼՄ-ները նրանց կողմից են: Այդ մարդիկ ատում են մեզ»:
«Կուսակիցները լռում են: Նրանք չեն ցանկանում, որի իրենց դավաճան համարեն, բայց բոլորն արդեն մտովի հուղարկաորել են Բիբիին: Նրան 3-7 շաբաթ հետո կնետեն պրայմերիզմի, ու մենք խորհրդարանական ընտրություններ կունենանք մարտին»՝ կանխատեսում է Լիկուդի ղեկավար անդամներից մեկը: Դրանք կլինեն մեկ տարում երրորդ ընտրությունները՝ ապրիլի ու սեպտեմբերի ընտրություններից հետո, որոնց ժամանակ չհաջողվեց կառավարություն ձևավորել: Նետանյահուն փաստացի համաձայնել է պրայմերիզի՝ առաջինը Լիկուդում 2016-ից հետո, և դեկտեմբերի 5-ին կնշանակվի ժամկետը: Նա կարող է պրայմերիզը հետաձգել, բայց դիմադրելու հնարավորություն չունի: Առայժմ նա կարողացել է չեզոքացնել իր գլխավոր մրցակից Գիդեոն Սառին, որ անահապաղ պրայմերիզ էր պահանջում: «Ես չգիտեմ ոչ մեկին, որ գտնում է, թե երրորդ, չորրորդ կամ հինգերորդ ընտրարշավից հետո վարչապետ Բենյամին Նետանյահուն կարող է կառավարություն ձևավորել,-ասաց նա նոյեմբերի 23-ին:-Միայն երկու հնարավորություն կա՝ այս խելահեղ իրավիճակը, երբ երկիրը ամբողջ տարին տեղապտույտի մեջ է, կամ էլ, Աստված չանի, իշխանությունն անցնում է մեր քաղաքական մրցակիցներին, ու մենք հեռու չենք դրանից»: Լիկուդում ոչ ոք չի զայրանում Իսրայելում դատական օրգաններին դիմադրության աննախադեպ կտրուկ արշավից, որ Նետանյահուն սկսել է նոյեմբերի 21-ին: «Բոլորը շոկի մեջ են քաղաքական գործերից, որ հնարվել են նրան գահընկեց անելու համար: Բայց Նետանյահուն թուլացել է: Մենք պետք է պահպանենք իշխանությունը և պաշտպանենք ժողովրդավարությունն ու կարգուկանոն մեր կուսակցությունում»՝ ասել է Լիկուդի ղեկավար անդամ Բենժամեն Լաշկարը:
Լուի Իմբեր, Le Monde
Հ.Գ. Իսրայելի վարչապետ Բենյանին Նետանյահուն ընտրություն առ ընտրություն կորցնում է իշխանությունը: Իսրայելցիները նրան ասում են, որ տուն գնալու ժամանակն է, բայց և չեն ասում՝ ում են ուզում վարչապետ տեսնել: Իրականում՝ Իսրայելում ոչ թե անձերի, այլ՝ համակարգային ճգնաժամ է: Ու փաստ չէ, որ մարտին՝ չորրորդ ընտրություններում իսրայելցիները կընտրեն այնպիսի Կնեսետ, որտեղ որևէ կուսակցություն կունենա այնքան մեծամասնություն, որ կոալիցիոն կառավարություն կազմի: Իսրայելում քչերն են հավատում, որ Կնեսետի որևէ պատգամավոր կարող է անել այն, ինչ չկարողացան Բենյամին Նետանյահուն ու Բենի Գանցը՝ ինքնուրույն ստանալ մեծամասնություն ու կառավարություն ձևավորել: Մինչև մարտ Նետանյահուն ու Գանցը ժամանակ ունեն ընտրողներին համոզելու: Իսկ քրեական գործերը Բիբիի համար որքան վտանգավոր են, նույնքան էլ հակադարձ էֆեկտն ունեն՝ ընտրողներին համոզում են, որ դատախազները կողմնակալ են, հետևաբար՝ Բիբին անմեղ է՝ գլխին սարքում են, որ վարչապետի աթոռն ուրիշի տակ դնեն: Ուրեմն՝ պետք է ընտրել Բիբիին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ