Մուտքն ազատ է, իսկ ե՞լքը
26.11.2019 | 00:07
Աշխարհը դարձել է մի փողոց՝ երբեմն երկկողմանի, երբեմն միակողմանի երթևեկով: Անցյալ շաբաթ երթևեկը հիմնականում հանդիպակաց էր: Վարչապետը շրջագայում էր՝ Վենետիկ, Միլան, Հռոմ, նախկին վարչապետը Զագրեբում էր, Երևանում եռում էին քաղաքական ֆուտբոլային կրքերը: Ամեն մեկն իր գործին էր, չկար միայն գլխավորը՝ միջին վիճակագրական հայը: Նա ասելիք չունի: Նա լուռ դիտում է՝ ինչպես են իր համար պայքարում հին ու նոր իշխանությունները ու… մեծավ մասամբ ծիծաղում է, որովհետև լուրջ ընդունել ֆարսը անլրջության նշան է:
2018-ի հունվարին Հռոմի ոստիկանությունը նրան ձերբակալել էր՝ իբրև Ինտերպոլով որոնվող հանցագործ, 2019-ի նոյեմբերին նրան ընդունում են Կիջիի պալատում՝ սա գլխապտույտ կարիերա է: Նիկոլ Փաշինյանը, ինչպես ամենուր, Իտալիայում էլ զարմացրեց ու զվարճացրեց, եղան և զայրացնող պահեր նրա պաշտոնական զբոսաշրջության ընթացքում: Նա չի ընկալել իր պաշտոնի կարևորությունն ու լրջությունը պետության համար: Հարցը, մեղմ ասած, չափազանց ինքնատիպ խոսքը չէ, որ Հայաստանում ու Հայաստանից դուրս հնչում է ոչ միայն պետական լեզվի՝ գրական հայերենի հետ խոր խզման մեջ, այլև պահվածքի հակասությունը պաշտոնի հետ:
Միլանում Հայ Առաքելական «Սուրբ 40 Մանկունք» եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետին հարցեր էր տալիս բլոգեր ներկայացած մի ադրբեջանցի: Այսինքն՝ վարչապետը չունի անվտանգության ծառայություն: Երևան վերադարձից հետո առաջին գործը պիտի լինի անվտանգության հարցը լուծելը: Անգամ այն պարագայում, երբ նրա խոսնակ Վլադիմիր Կարապետյանը արտառոց ոչինչ չի տեսնում. «Մուտքը ազատ էր: Յուրաքանչյուրը կարող էր մուտք գործել»: Խոսնակն անվտանգության աշխատակիցների թերացում բացարձակ չի տեսնում. «Ինքը մնացած մասնակիցների նման պատշաճ կերպ էր իրեն պահում, նաև՝ պատկառելի հեռավորության վրա։ Այդ առումով ես որևէ խնդիր, համենայն դեպս, չեմ տեսնում»:
Ինչպե՞ս էր Աթա Աբդուլաևը մտել եկեղեցի: Թեկուզ՝ լուսանկարներ ունի Դմիտրի Պեսկովի ու Սերգեյ Լավրովի հետ, երաշխիք չէ, որ նա չէր կարող մահապարտ ահաբեկիչ լինել ու պայթեցնել գոտին՝ «Ալլահ ակբար» բացականչելով՝ սպանելով թե իրեն, թե եկեղեցում հավաքվածներին: Ի՞նչ էր լինելու հետո: «Կիկոսի մահը Միլանում» չբեմադրելու համար՝ հարցը թողնում եմ ԱԱԾ-ին: Իրավիճակն այնքան աննախադեպ էր, որ Հայաստանում սոցցանցերում սկսեց շրջանառվել տեսակետ, թե Աթա Աբդուլաևի հայկական եկեղեցում հայտնվելը հերթական պոպուլիստական քայլն էր՝ ցույց տալու ՀՀ վարչապետի ժողովրդավար լինելը՝ ի հակադրություն Ալիևի, դրան նպաստեց Նիկոլ Փաշինյանի՝ այդ փաստն արձանագրելը: Նախ՝ պոպուլիզմի այլ՝ անվտանգ, բազում տարբերակներ կան, հետո՝ պատասխաններից բոլորովին չերևաց, որ վարչապետը պատրաստված էր բլոգերի հայտնությանը: Փոխանակ ասելու, որ եղել է պատերազմ, հայերը կռվել ու հաղթել են ադրբեջանցիներին, և ադրբեջանցիներն են զինադադար խնդրել ու ստացել, վարչապետը երկար-բարակ բացատրում էր՝ ղարաբաղյան հարցի ծագումը, պատմում էր Այազ Մութալիբովի հարցազրույցի մասին… Մի քիչ էլ երկարեր, երևի բանակցությունների բովանդակությունը պատմեր: Այդպես չի լինում ու չպիտի լինի: Ոչ նոյեմբերի 20-ին, ոչ երբևէ: Միլանը սկանդալային էր նաև հայկական մասով՝ Եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտում աշխատող գիտնական ներկայացած մի կին վարչապետից հրաժարական պահանջեց ու այնքան հունից հանեց Նիկոլ Փաշինյանին, որ նա մոռացավ արգելակների գոյությունը: Պատասխանը բնավ համարժեք չէր և չափազանց բնորոշ էր Նիկոլ Փաշինյանի, հակասական, անհավասարակշիռ ու պոռթկուն բնավորությանը: Համենայն դեպս, այդ պատասխանը բազում հարցեր է առաջացնում ու խնդրահարույց է ոչ այնքան ներքին, որքան արտաքին քաղաքականության մեջ: Օրինակ՝ երբ նա ասում է, որ «ղեկավարը, որը չունի ժողովրդի, երկրի վստահությունը՝ անկախ անձերից, չարիք է երկրի համար», կարո՞ղ է նույն հայտարարությունն անել իր ԱՊՀ, ՀԱՊԿ ու ԵԱՏՄ սամիթներում: Հարցը հռետորական չէ, քաղաքական է: Կամ՝ իրավու՞նք ունի Նիկոլ Փաշինյանը կշեռքի նույն նժարին շարել ՀՀ երեք նախագահներին՝ 1996-ից սկսած:
Բնավ ոչ այն պատճառով, որ 2007-ից ինքն էր միացել Լևոն Տեր-Պետրոսյանին, 2008-ին ինքն էր Ազատության հրապարակում հանրահավաքները վարում և փաստորեն` պայքարում, որ «չարիքը» վերադառնա: Դա վիրավորանք չէ միայն Լևոն Տեր-Պետրոսյանին, վիրավորանք է մարտի 1-ի զոհերին ու բոլոր նրանց, որ 2008-ին փողոց էին դուրս եկել իրենց ընտրության իրավունքն ու արդյունքը պաշտպանելու, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը վիրավորում է ընդդիմության թեկնածուին կողմ քվեարկածներին՝ 2008-ի ընդդիմադիր ժողովրդին: Որևէ վարչապետ կամ նախագահ այդ իրավունքը չունի: Նույնիսկ եթե ռուսական ԶԼՄ-ներին ասել է. «2012-ին մենք խզեցինք բոլոր քաղաքական կապերը: Եվ փաստացի ես ոչ գաղափարական, ոչ կազմակերպական և ոչ էլ քաղաքական կապ չունեմ Տեր-Պետրոսյանի հետ»: ՈՒնի, թե չունի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ հիմնադիր նախագահն է: Իր բոլոր սխալներով հանդերձ: Իսկ 1996-ի իրադարձությունների ու 2008-ի, 2012-ի կամ 2018-ի միջև հավասարության նշան դնելը, մեղմ ասած, քաղաքական հավկուրություն է: Կամ՝ պատմության աղավաղում՝ պոպուլիստական նոպայի հերթական բռնկման պահին: Բայց նույնիսկ պոպուլիզմի նոպայի մեջ՝ դժվար է հասկանալ՝ ինչու՞ է ՀՀ վարչապետին թվում, որ ինքը նույն իրավունքներն ունի, ինչ Հիսուսը: Աստծո հետ ինքնահամեմատությունը ոչ միայն աբսուրդ է, այլև առողջապահական հարցեր է առաջացնում: Դե իսկ «Վատիկանի պադվալների» գյուտը, որտեղ «պախկվոցի» են խաղում «ամենահայտնի կոռուպցիոներները», հաստատում է կասկածը: Հասկանալի է՝ որ ՀՀ վարչապետը՝ մեր ժամանակների Հիսուսը, խորապես վիրավորված է Հռոմի պապից, որ մի քանի օր չսպասեց իրեն ու պապական այցով հասավ Ճապոնիա, բայց նույնիսկ այդ դեպքում ոչ Փաշինյանի, ոչ «Հայաստանի արդարադատության ձեռքը» չի հասնելու «Վատիկանի պադվալներում պախկված» կոռուպցիոներներին: Ոչ այն պատճառով, որ անգամ Մոսկվաներ չի հասնում, այլ՝ Վատիկանը «պադվալներ» չունի: ՀՀ վարչապետի ենթադրած նկուղներն անգամ պալատներ են, որտեղ ոչ ոք չի կարող ուզածի պես զվռնել: Չի կարելի միանգամից բոլորին պատերազմ հայտարարել՝ ինչ է, թե սիրո ու համերաշխության հեղափոխություն ես արել, մանավանդ «սիրո ու համերաշխության» սեփական պատկերացումները համարժեք չեն հասարակության պատկերացումներին: Պետությունը քաղաքական խաղալիք չէ: Վտանգավոր է պետությունում վարչապետ խաղալը, երբ չգիտես՝ ինչ պիտի անի ու ինչ պիտի ՉԱՆԻ վարչապետը:
Անցած շաբաթ երկրորդ հրաժարականը տվեց Արթուր Վանեցյանը: ՀՖՖ նախագահությունից: 1։9 հաշվով Իտալիայի հավաքականին պարտվելուց հետո: Կարծես՝ խաղի հաշիվը 1:0 լիներ, իրավիճակ էր փոխում՝ Հայաստանը գնում էր Եվրո-2020: Տրամաբանականը թիմի մարզչի հրաժարականն էր: Թեկուզ՝ նորանշանակ: Տրամաբանական պիտի լիներ, որ ՀՖՖ-ն չընդուներ նախորդ մարզչի հրաժարականը՝ ինչ է թե սոցցանցերը աղմկում են, սոցցանցերը չեն ֆուտբոլ խաղում: Զարմանալի է, որ Արթուր Վանեցյանին հիմա են հարցեր ուղղում՝ իր հրաժարականը քաղաքակա՞ն է, կամ՝ եթե ԱԱԾ տնօրեն լիներ, հրաժարական կպահանջեի՞ն: Զարմանալ պետք էր, երբ ԱԱԾ տնօրենը ՀՖՖ նախագահ էր նշանակվում, ու հայտնվում էր մի գործկոմ, որ ֆուտբոլի հետ կապ չուներ: Ոչ ոք չզարմացավ, երբ ՔՊ-ականը նշանակվեց շախմատի ֆեդերացիայի տնօրեն, ոչ մեկի մտքով չի անցնում նրա հրաժարականը պահանջել Լևոն Արոնյանի պարտություններից հետո: Կամ՝ կանանց խորհուրդ է ստեղծվում ու նախագահը դառնում է… Տիգրան Ավինյանը: Ժամանակին ոչ ոք չէր զարմանում, որ Երևանի քաղաքապետն է ՀՀ շախմատի ֆեդերացիան գլխավորում: Դեկտեմբերի 23-ին հրավիրվելու է ժողով, ընտրվելու է ՀՖՖ նախագահ և գործկոմ։ Այս ընթացքով նորից հավաքվելու են ֆուտբոլի հետ կապ չունեցող անձինք ու իրենցից մեկին ընտրելու են նախագահ, հետո հավաքականին մեղադրելու են պարտությունների մեջ: Հերթական Մեսրոպ Առաքելյանն էլ՝ Հենրիկ Մխիթարյանին է մեղադրելու:
Ակնհայտորեն այն պատճառով, որ նա ֆուտբոլ խաղալ գիտի: Զարմանալ պետք է: Ոչ ֆուտբոլային դիվանագիտության, ոչ ֆուտբոլի ու քաղաքականության սերտաճածության պատճառով, այլ՝ ԱԱԾ-ի գործառույթների: Նախկին պետի ու ներկա պաշտոնակատարի դեպքում: 20018-ի կեսից փաստացի երկրում ամեն ինչով զբաղվում է ԱԱԾ-ն՝ սկսած ՀԴՄ կտրոններից, մինչև սատանայի ներկայության բացահայտում: Դա է՞ ԱԱԾ-ի խնդիրը: Ազգային անվտանգության բովանդակությունը կոնստանտ է, վտանգավոր է վերաձևակերպել սիրո ու համերաշխության հեղափոխության ելևէջների հանգույն: ԱԱԾ տնօրենին արհեստականորեն պետության երկրորդ մարդը դարձնելը, ուսադիրներին աստղեր հավելելը այս ելքը պիտի ունենար վաղ թե ուշ: Ոչ դրա պատճառները բացատրվեցին, ոչ պաշտոնանկության: Երբ Նիկոլ Փաշինյանը երդվյալ լռում է՝ ակնարկելով ազգային անվտանգությունը, որ իբր գաղտնիություն է պահանջում, մեկնաբանությունների ու երևակայության ազատություն է տալիս բոլորին: Եվ առաջինը՝ Արթուր Վանեցյանին, որ խոստանում է առաջիկայում խոսել ամեն ինչի մասին: Աբսուրդ: Իրավունք չունի:
Իրավունքի մասին.՝ Զագրեբում ԵԺԿ համագումարում պատվիրակի կարգավիճակի ելույթի իրավունքն օգտագործեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Եվ ստացվեց, որ ՀՀ նախկին նախագահն ու վարչապետը երկրից դուրս է գնահատական տալիս իր երկրում կատարված-կատարվողին, որտեղ ինքը գործող անձ էր: Փաստացի՝ ՀՀ նախկին ու ներկա իշխանությունները հոգով-սրտով գլոբալիստներ են՝ նրանք մերժում են «արտասահման» հասկացությունը՝ որտեղ ինչ ուզում են՝ ասում են: Օրինակ՝ Սերժ Սարգսյանն ասում է. «2018-ի գարնանը Հայաստանը հայտնվեց միջազգային լրատվամիջոցների գլխագրերում: Իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով: Նպատակս մեկն էր` թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն, և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից»: Բայց չի ասում՝ ինչու՞ էր երկիրը հասել այն վիճակին, որ իշխանափոխություն եղավ: Ո՞վ կամ ի՞նչն էր պատճառը: Ինչու՞ պիտի ինքը հեռանար, որ «իր ժողովուրդը փորձի է՛լ ավելի լավ պետություն կառուցել», իսկ հիմա իրեն են մեղադրում իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ: «Հիմա ես այստեղ եմ` բարձրաձայնելու այդ մտահոգությունները` պաշտպանելու համար այն հավատն ու ակնկալիքները, որ ունեցել են հազարավոր մարդիկ իշխանափոխության ընթացքում: Այո, Հայաստանում կատարվածի մեջ կար նաև մեր մեղքը, բայց վստահեցնում եմ, որ մեզ համար մշտապես առաջնային և կենսական են եղել անվտանգության և խաղաղության հարցերը, և այդ պատճառով գուցե որոշ հարցեր ստորադասվել են այս խնդիրների լուծմանը»՝ հիմա սա բացատրությու՞ն է, արդարացու՞մ, թե՞ հայտարարություն, որ հեռացել է Արցախի խնդրի պատճառով: Հարցը ոչ այնքան Սերժ Սարգսյանն է, որքան նրա որոշ կուսակիցների անհասկանալի ու անտեղի գերակտիվացումը: Պատմությունից ու իրականությունից կտրված ու ինքնամեծար: Թվում էր՝ ՀՀԿ-ն իբրև փորձառու քաղաքական ուժ, պետք է հասկանա, որ իր ցանկացած ակտիվացում դառնում է՝ իր գնահատականով՝ «իշխանությունը զավթած» Նիկոլ Փաշինյանի անվտանգության բարձիկ, բայց նրանք բարձիկն ավելի են մեծացնում: Ինչու՞: Իրո՞ք ՀՅԴ+ՀՀԿ+ԲՀԿ եռյակն ունի նոր առաջադրանք ու որոշել է սեփական «քայլն» անել հարմար պահին, պահն արագացնելու համար գեներացնել հասարակության դժգոհությունը: Կամիկաձեների կարոտից, կամ՝ այլ հիմնավոր պատճառով: Բայց՝ անհեռանկար՝ ներսում, թե դրսում է պատվիրատուն՝ նույն գետը ոչ ոք երկրորդ անգամ չի մտել: Անգամ՝ Հիսուսը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. 2020-ին մնաց 36 օր, իսկ 2020-ը Մկան տարի է՝ Արծաթագույն մկան, որ առնետի մերձավոր ազգականն է: Հետևություններն ինքներդ արեք: 21-րդ դարի երրորդ տասնամյակ ենք մտնում, իսկ դարը դեռ մերը չէ: ՈՒ…
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ