ԱՄՆ-ի հեռանալու շնորհիվ՝ ՌԴ նախագահը ստիպեց իրեն ճանաչել թիվ 1 միջնորդ՝ իր դաշնակից Դամասկոսի, Վաշինգտոնի լքած քրդերի ու Անկարայի միջև՝ գրում են Բենուա Վիտկինն ու Բենջամեն Բարտը Le Figaro-ում: Մանբիջում հավանաբար կռիվներ չեն լինի, և մենք պարտական ենք Պուտինին: Հոկտեմբերի 15-ին, Աբու Դաբիից, որտեղ այցելել է ՌԴ նախագահը, նրա շրջապատը հայտարարեց, որ բախումներն անընդունելի են: Եվ Անկարան նահանջեց՝ թույլ տալով Սիրիայի կառավարամետ զորքերին քաղաք մտնել, որ հեռու չէ Եփրատի վրայի Տիշրին ջրամբարտակից: Հալեպի ապստամբ շրջանների գրավումից, որին նույնպես նպաստեցին ռուսական ռազմաօդային ուժերը, 3 տարի անց Պուտինը նորից պարտադրում է իր կանոնները: Երբ 2015-ի սեպտեմբերին նրա բանակը մտավ Սիրիա, նա պարզապես Դամասկոսին ծառայող ռազմական մեքենա էր, հիմա Կրեմլի տերը իր զինանոցին հավելել է դիվանագիտական չափումը: Նա դարձել է քաոսի դատավոր և նրա քաղաքականության ուղենիշը երկրի միավորումն է Բաշար Ասադի շուրջ, անկասկած, անհարմար բռնակալ, բայց այս պահին՝ անխուսափելի:
«Պուտինն այս ճգնաժամում դարձավ թիվ 1 միջնորդը, որովհետև ԱՄՆ-ը դաշտը լքեց առանց կռվի և որովհետև ունի ազդեցության լծակներ այս գործի բոլոր մասնակիցների վրա,-գտնում է սիրիացի ընդդիմադիր վերլուծաբան Սամիր Ալթաքին:-Եթե մենք ուզում ենք խուսափել համընդհանուր պատերազմից, պետք է դիմենք նրան»:
Դոնալդ Թրամփը միակը չէր, որ կանաչ լույս վառեց թուրքական ռազմական գործողության առաջ իր կտրուկ թվիթներով, որոնցով հայտարարում էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին: Նրանք քրդական ինքնապաշտպանության ջոկատների դաշնակիցներին էին: Նվազ աղմկոտ, բայց ոչ նվազ արդյունավետ Վլադիմիր Պուտինը ևս աջակցեց թուրքական հարձակմանը, կանխատեսելով, որ այդ շեղումը իր հայտարարած Սիրիայի ամբողջականության սկզբունքի պաշտպանությունից իրեն օգուտ կբերի: Փաստացի 3 օրում, թուրքական ուժերի և նրանց սիրիացի օգնականների ճնշման տակ, որ երբեք ժլատություն չեն անում խժդժությունների ժամանակ: Դեմոկրատական միություն կուսակցության (PYD)՝ քրդական պրոտոպետության ներկայացուցիչները, համաձայնեցին Դամասկոսի ուժերի վերադարձին: Բանակցությունները, որ վարում էին ռուսական բարձրաստիճան պաշտոնական անձինք, Հմեյմիմի ռուսական ռազմաբազայում էին:
Ռուս իշխանամերձ վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովի կարծիքով՝ ձեռքբերված պայմանավորվածությունը համապատասխանում է իդեալական սցենարին: Վերջին տարիներին Կրեմլը բազմիցս փորձել է համոզել քրդերին որոշակի երաշխիքներով անցնել սիրիական վարչակարգի խնամակալության տակ: PYD-ը, ունենալով ԱՄՆ-ի աջակցությունը, արհամարհանքով էր վերաբերվում հաշտության այդ քայլերին: Սպիտակ տան դավաճանության և թուրքերի հարձակման դեմ հանդիման՝ Մոսկվան նորից առաջարկեց իր միջնորդությունը: Եվ քրդերը ստիպված էին համաձայնել: «Ապշեցուցիչ է, որ Պուտինը հաղթանակ է տանում Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքով, նա ստիպված չէ մեծ գործեր անել և վիճել մյուս գլխավոր գործող անձանց հետ» ասում է Ալեքսանդր Շումիլինը՝ Եվրոպա-Մերձավոր Արևելք ինստիտուտի տնօրենը: «Դա լավ խաղ է Պուտինի կողմից, բայց երկարաժամկետ հեռանկարում քուրդ-ամերիկյան ալյանսը անկայուն էր,-ճշտում է աշխարհագրագետ Ֆաբրիս Բալանշը:-ԱՄՆ-ը ձևացնում էր, թե հավատում է քուրդ-արաբական իդիլիային, որ պետք է իրականացնեին Սիրիայի դեմոկրատական ուժերը (FDS): Նրանք կարծում էին, որ կարող են անջատել YPG-ը Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունից՝ թուրքական անջատական խմբավորումից, որ Վաշինգտոնը համարում է ահաբեկչական: Բայց այն պահից, երբ ԻՊ-ը պարտվեց, այդ պատրանքները հօդս ցնդեցին: Եվ ամերիկացիները հեռացան»:
Մոսկվան կարող է ևս մեկ հաջողությամբ հպարտանալ՝ աճող անվստահությունը Անկարայի ու ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների միջև: Թուրք-ամերիկյան հարաբերությունները, որ արդեն խարխլվել են ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու Թուրքիայի որոշումով, ավելի կվատանան Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների պատճառով: Ճիշտ նույն կերպ Եվրոպայի մի քանի երկրների սահմանած զենքի վաճառքի էմբարգոն Անկարային նետելու է Մոսկվայի գիրկը: Լավ նորությունների այդ լավայի տակ սիրիական հարցը վերադարձել է ռուսական հեռուստատեսություն: Առաջին ալիքի մեկնաբան Դմիտրի Կիսելյովը կիրակի երեկոյան կատակում էր. «ԱՄՆ-ը անհուսալի գործընկեր է: Հասկանում եմ՝ ինչու էին վերջերս վախեցել լեհերը: Թրամփը դավաճանեց քրդերին: Կդավաճանի և լեհերին»: Բայց Ռուսաստանի դիվանագիտական հաջողությունը փխրուն է: Ոչ մեկին չվստահող Էրդողանը տեսնում է, որ անհետանում է «անվտանգության գոտու» իր երազանքը, որտեղ հույս ուներ տեղավորել 3,5 միլիոն սիրիացի փախստականների, և գուցե դեռ չի ասել իր վերջնական խոսքը:
Սիրիայի հյուսիս-արևելքի վրա կան և ուրիշ սպառնալիքներ՝ քրդերի ու արաբ ցեղախմբերի մշտական կռիվները, YPG-ի ու Դամասկոսի բախումները, ԻՊ-ի վերածնունդը: Շատ ջիհադիստներ, օգտվելով քաոսից, փախել են: «Պուտինը պիտի սովորի լողալ այդ ճահճում, որը կարող է վերածվել սև անցքի»՝ ասում է Սամիր Ակթաքին: Բայց Սիրիայի լավ ինքնազգացողությունը երբեք չի եղել Պուտինի գլխավոր խնդիրը: Մարդը, որ ռումբեր էր նետում Հալեպի ու Իդլիբի վրա, առաջին հերթին ուզում է դուրս մղել Արևմուտքի երկրներին ու նրանց դաշնակիցներին այնտեղից, որ համարում է իր արգելոցը: Այդ նպատակն է նա հետապնդում և Աստանայի քաղաքական գործընթացով, որ դուրս է մղել ՄԱԿ-ի հովանու ներքո վարվող Ժնևի բանակցությունները: Իր բանակի Սիրիա մտնելուց 4 տարի անց Վլադիմիր Պուտինը մոտենում է իր նպատակին: Մանբիջի ու Քոբանիի հարթավայրերում ամերիկացի զինվորներին փոխարինել են ռուսական հատուկջոկատայինները:
Բենուա Վիտկին, Բենջամեն Բարտ, Le Monde
Հ.Գ. Միամիտ ֆրանսիացիները հավատում են Էրդողանին ու, կարծես թե, ցավակցում, որ երազանքը չի կատարվելու: Ո՞վ ասաց: Շատ էլ լավ կատարվում է: Այնքան լավ, որ կարողանում է շանտաժ անել Թրամփին, որ չի վերադարձնելու Ինջիրլիքի ամերիկյան ռազմաբազայում տեղակայված միջուկային զենքը: Պատահաբար չէր Էրդողանը բողոքում, որ Թուրքիան միջուկային զենք չունի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ