Հոկտեմբերի 12-ին Տրոկադերո հրապարակում սիրիացի քրդերի աջակցության ակցիա է կազմակերպել Փարիզի Քրդական ինստիտուտը, որին միացել են փիլիսոփա Անրի Լևիի «Խաղի կանոններ» ասոցիացիան և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը: «Եվրոպան ձեզ հետ է, Եվրոպան Քուրդիստանի հետ է» բացականչում էին ակցիայի մի քանի հարյուր մասնակիցները՝ ձեռքներին դրոշներ ու պաստառներ՝ մարտական գործողությունների զոհերի պատկերներով:
Ակցիային ներկա էր նաև Փարիզի միջազգային հարցերով փոխքաղաքապետ Պատրիկ Կլյուգմանը, որ հայտարարեց. «Փարիզեցիները պարտք ունեն քուրդ ժողովրդի առաջ: Հանուն այդ պարտքի մենք չենք կարող ու ռումբերի տակ չենք թողնի քրդերին: Փարիզեցիները աջակցություն են հայտնել քրդական ժողովրդին մեկ միլիոն 300000 եվրո տրամադրելուն: Մենք ավելին չենք կարող անել, բայց պակաս էլ չէինք կարող: Եվ այսօր մենք պարտավոր ենք ավելի մասշտաբային գործել»:
Ստեղծված իրավիճակում Փարիզի փոխքաղաքապետը գլխավոր թշնամի անվանեց անտարբերությունը և վստահեցրեց, որ Փարիզը քրդերի կողմից է: Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը, ում Բեռնար Անրի Լևին ներկայացրեց իբրև մարդ, որ «գիտի՝ ինչի է ընդունակ խելքը կորցրած Թուրքիան», խիստ քննադատեց միջազգային հանրությանը: «Ինչ ամոթ է թուրքերին լքելը: Ինչ ամոթ է նրանց թողնել ամենասարսափելի թշնամու հոշոտմանը, որ ղեկավարվում է պանթուրքիզմի սկզբունքով: Մենք դեռ չենք արտաբերել այդ բառը, բայց հենց պանթուրքիզմն է դրված թուրքական պետության ԴՆԹ-ում»:
Արա Թորանյանը նաև ընդգծեց, որ Թուրքիան հավակնում է ԵՄ մտնել, այն դեպքում, երբ օկուպացրել է Եվրոպայի մի հատվածը Կիպրոսում: Կղզիաբնակ պետության դրոշը նույնպես նկատվեց Տրոկադերոյի ակցային, որին մասնակցում էր եվրապատգամավոր Ռաֆայել Գլյուկսմանը: Սիրիայում Անկարայի ռազմական գործողության առաջին օրից նա քննադատել է այն պետություններին, որ «լքել են իրենց քուրդ դաշնակիցներին»: «Ամոթ ԱՄՆ նախագահին, որ լքեց ԱՄՆ-ի ու ԵՄ-ի գլխավոր դաշնակիցներին Էրդողանի ընդամենը մեկ զանգից հետո: Ամոթ մեր անզորությանը»՝ հայտարարեց եվրապատգամավորը:
Հ.Գ. Սիրիացի քրդերը հայտարարել են, որ եթե թուրքական բանակի հարձակումը շարունակվի, իրենք այլևս չեն պահպանելու բանտերը, որտեղ ԻՊ-ի զինյալներն են պահվում: Սիրիայի դեմոկրատական ուժերը մի քանի հազար բանտարկյալների են պահում, որ կապված են եղել ԻՊ-ի հետ: «Սիրիայի սահմանին թուրքական բանակի հետ կռիվները խանգարում են Սիրիայի դեմոկրատական ուժերին պահպանել ԻՊ-ի զինյալների բանտերը,-հայտարարել է քրդերի ղեկավարներից Ռեդուր Կսելիլը՝ հեռուստատեսությամբ:-ԻՊ-ի բանտերի պահպանությունը այլևս գերակա չէ: Նրանց, ում հետաքրքրում է բանտարկյալների պահպանությունը, կարող են գալ ու անել դա»: Քուրդ զինվորները «գնում են պաշտպանելու իրենց քաղաքներն ու մարդկանց» հավելել է Կսելիլը ու նախազգուշացրել, որ ԻՊ-ը արդեն իր բջիջները վերականգնել է Կամիշլիում ու Հասակում: Ուրբաթ օրը այդ քաղաքներում ավտոմեքենաներ են պայթեցվել՝ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը: ԻՊի 5 զինյալներ փախել են Կամիշլիի բանտից թուրքական ռմբակոծության ժամանակ՝ հայտարարել են քրդերը: Շաբաթ օրը ԻՊ-ը հայտարարել է Սիրիայում նոր ռազմական արշավ սկսելու մասին, որի նպատակը վրեժ լուծելն է այն մարդկանց համար, որ պահվում են բանտերում: Քրդերի տվյալներով՝ 7 բանտերում 12000 զինյալներ են պահվում, որ կասկածվում են ԻՊ-ի անդամ լինելու մեջ: 4000-ը օտարերկրացիներ են: Բանտերի ճշգրիտ տեղը չի հաղորդվում, բայց մի քանիսը թուրքական սահմանից հեռու չեն: Երկու ճամբար՝ Ռուլը և Այն իսան, որտեղ զինյալների ընտանիքներն են պահվում, անվտանգության գոտու ներսում են: Ուրբաթ օրը քրդերը հաղորդեցին, որ քննարկում են Այն Իսա ճամբարի տարհանման հարցը, երբ ճամբարը հայտնվեց հրետանու կրակի տակ: Թուրքիան հայտարարում է, որ կստանձնի ԻՊ-ի կալանավորների պատասխանատվությունը, եթե իր ճանապարհին նրանց հանդիպի: Իսկ դա նշանակում է ազատ արձակել: Վերջին տվյալներով սահմանի երկու կողմերում 50 խաղաղ բնակիչներ են զոհվել: Թուրքիան մեղադրում է քրդերին ահաբեկչության մեջ և ցանկանում է նրանց դուրս մղել անվտանգության գոտուց՝ 30 կիլոմետրանոց սահմանային գոտուց՝ Սիրիայի տարածքում, հայտարարելով, որ ցանկանում է այնտեղ վերաբնակեցնել 3 միլիոն սիրիացի փախստականներին, որ ապրում են իր տարածքում: Իրականում Թուրքիան այդ տարածքից ուզում է հեռացնել ոչ միայն քրդերին, այնտեղ ապրում են հայեր, ասորիներ, քրիստոնյա արաբներ, որ նույնպես անցանկալի անձինք են Անկարայի համար: Սիրիայի հյուսիս-արևելքի քրդական վարչակազմը հայտարարել է, որ առանց տանիքի է մնացել 191 000 մարդ, ՄԱԿ-ի տվյալներով՝ 100000 հարկադիր փախստականներ լքել են իրենց տները: Քրդերը, որ ԱՄՆ-ի հետ կռվել են ԻՊ-ի դեմ, ասում են, որ ԱՄՆ-ը իրենց թիկունքից հարվածեց, երբ արտոնեց Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք: Թրամփը հիմա ասում է, որ ուզում է զինադադար հաստատել ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի ու քրդերի միջև, սակայն Էրդողանը պնդում է, որ ռազմական գործողությունը պետք է շարունակվի: ԱՄՆ-ում ու Արևմուտքում շատերն են դատապարտել Թուրքիայի ներխուժումը, ճնշումը Վաշինգտոնի վրա մեծանում է՝ ԱՄՆ-ից պահանջում են կանգնեցնել Թուրքիային: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատժամիջոցներ կսահմանի: Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերությունները սրվեցին, երբ Պենտագոնը հայտարարեց, որ թուրքերը ռմբակոծել են իրենց բազան Քոբանիում: Թուրքիան հերքում է: Շաբաթ օրը բողոքի ակցիաներ են եղել թուրքերի դեմ Փարիզում ու Բեռլինում: Ո՞վ կկանգնեցնի Էրդողանին: Ոչ ոք: Բոլորին էլ ձեռնտու է այն, ինչ կատարվում է Սիրիայի ու Թուրքիայի սահմանին: Քրդերին, իրենց շահերից ելնելով, իրականում պաշտպանում են, որքան էլ տարօրինակ է, Իսրայելը և Իրանը: Մնացած երկրներւ, այդ թվում արաբական լիգայի, սահմանափակվում են հայտարարություններով:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ