Մենք ապրում ենք աննախադեպ ժամանակներում, որը հասկանալու համար պետք է հավաքել ամբողջ խճանկարը՝ այս մտքին է հանգեցնում Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև առևտրի վիճակագրական տվյալների վերլուծությունը: Եթե համեմատենք 2019-ի և 2018-ի առաջին կիսամյակների տվյալները, ՉԺՀ-ից ԱՄՆ ներմուծումը 1 տարում 250 միլիարդ դոլարից հասել է 260 միլիարդի: ԱՄՆ-ի արտահանումը ՉԺՀ պակասել է՝ 64 միլիարդի փոխարեն 61: Ստացվում է՝ մեծ աղմուկը մեծ փոփոխություններ չի արել՝ դա է ԱՄՆ նախագահի բազմակի հարձակումների պատճառը: Թեպետ չինացիները խոստացել են նվազեցնել երկկողմ առևտրի բացասական սալդոն, գործնականում չեն արել: Չինաստանը շարունակում է ակտիվորեն սուբսիդավորել ԱՄՆ արտահանումը և տարբեր միջոցներով շրջանցում է նոր մաքսատուրքերը: Մեծ խոստումներ ու բարձր հայտարարություններ՝ առանց ԱՄՆ սպառման շուկան կորցնելու՝ ահա Պեկինի ալֆան ու օմեգան: Չինական արտահանման մեծ մասը տալիս են Չինաստան տեղափոխված ամերիկյան ձեռնարկությունները: Խոսքը ընդհանուր հարստության մասին է և պետք չէ սպասել, որ Qualcomm-ը կամ Apple-ը շուտով կրաժարվեն հարյուրավոր տեղացի սուբկապալառուների ու ծառայությունների մատակարարումների հիանալի կարգավորված համակարգից: Ուստի Թրամփը կարող է սրտի ուզածի չափ կատաղել, բոլորն էլ հասկանում են, որ նա բարձր կլանչում է, բայց չի կծում: Արտադրության վերադարձի մասին շատ են խոսում, բայց ոչինչ տեղի չի ունենում: Այսինքն՝ ամեն ինչ թվացյա՞լ է: Ամենակարևոր պահը զարգացած երկրների արգելքն էր Չինաստանին բարձրտեխնոլոգիական ձեռնարկությունների վաճառքի: Եթե մենք խոսեինք մարդու իրավունքների մասին կամ շահագործման, բոլորովին այլ պատմություն կլիներ: Առայժմ խոզերի անկումը հանգեցնում է մսի գնաճի, Պեկինը ձեռքերին ազատություն է տալիս Հոնկոնգում, Huawei-ը ոչ լավագույն ժամանակներն է ապրում, յուանի կուրսի իջեցումը նավթի գինն է բարձրացնում: Հիմա ոչ ոք չի երևում, որ կարող է խանգարել Սի Ձինպինի երրորդ ժամկետով ընտրությանը, բայց, տրամաբանորեն նա պիտի մտածի իրավահաջորդի մասին:
Չինական առածն ասում է՝ եթե խնդիրն անլուծելի է, արժի հայելուն նայել: ԱՄՆ-ում մի քանի բարձր ծառերի հետևից անտառը չի երևում: Որոշ եվրոպացիներ, որ մեծ գնումներ են արել ԱՄՆ-ում, վերադարձել են՝ ասելու, որ չէին էլ կասկածում, որ ձեռք են բերել քարացած կառույցներ անփոխարինելի ղեկավարությամբ, որ վիթխարի աշխատավարձ է ստանում: ԱՄՆ-ի վիճակը սրվում է, տարբեր ոլորտներում գերակայությունը վատ է անդրադառնում երկրի մրցունակության վրա: Նրանց արժի արմատներին վերադառնալ, նրանք ունեն մի ամբողջ մայրցամաք, որ պետք է աշխարհին բացահայտեն՝ Լատինական Ամերիկան: Իսկ Աֆրիկա՞ն: Քենիական կամ եթովպական ավիաընկերությունների սպասման սրահում ուղևորների 2/3-ը չինացիներ են: Ոմանք ասում են, որ չինական երկարաժամկետ ֆինանսավորումը պակասել է, բայց մեծ վարկերը ծառայում էին հարաբերություններ հաստատելուն: Հիմա այդքան էլ պետք չեն, որովհետև հաստատվել են հաստատուն առևտրական կապեր: Աֆրիկացիները գիտեն, որ հարաբերությունները փոխշահավետ են: Եվրոպացիներն ու ամերիկացիները Աֆրիկայից հեռացել են առանց մարտի: Ֆրանսիան խրվել է սոցիալական ծախսերի մեջ և այլևս ֆինանսներ չունի, գերմանացի բիզնեսմենները տարեկան հաշվետվություններից դուրս ոչինչ չեն տեսնում և շուկան հայտարարել են ոչ եկամտաբեր:
«Ռուսաստանը վերականգնվում է, որովհետև նավթ ունի»՝ այսպես էին ասում 1990-ականների սկզբին, բայց ի՞նչ է մնում այսօր սև ոսկին հանած: ՀՆԱ-ն Նիդեռլանդների մակարդակին է: Ռիսկը մեծ է, որովհետև նավթի գինը պահվում է միայն քաղաքական կամքով: Մեծ խաղացողները՝ Իրանը, Վենեսուելան, Լիբիան հիմա քիչ նշանակություն ունեն: Նրանց վերադարձով գները կփլուզվեն և աշխարհին այլևս պետք չեն լինի բացասական խաղադրույքներ: Ռուսաստանը ստիպված կլինի միանալ Եվրոպային, եթե չի ուզում Մոզամբիկի կամ Անգոլայի ճակատագիրն ունենալ՝ մեկուսանալ ու դառնալ Չինաստանի նավթի մատակարարը:
Իսկ Եվրոպա՞ն: Ատլանտյան օվկիանոսից մինչև Ուրալ՝ ինչպես ասում էր գեներալ դե Գոլը: Բայց դրա համար բազում խոչընդոտներ պետք է հաղթահարել: Արջը պիտի մագիլներն իրեն քաշի, իսկ մյուսները հաղթահարեն վախը: Եվրոպային պետք է դիվանագիտություն ու բանակ: «Լայն ծրագիր»՝ ինչպես գեներալը կասեր: Ֆրանսիան չի կարող, Գերմանիան չի ցանկանում: Ո՞վ կբացատրի Բեռլինին, որ թվային արդյունաբերության ձևավորման համար նախ պետք են հզոր զինված ուժեր: Հենց նրանք են առաջին ու լավագույն գնորդները այդ տեխնոլոգիաների: Հակառակ դեպքում մենք այդպես էլ կմնանք արտաքին խնամակալության տակ: Միթե դա հղում չէ Գերմանիայի հիմքերին: Գերմանիան իրեն հիանալի էր զգում Հռոմեական սրբազան կայսրության ժամանակներում, որ մասնատվեց բազում պետությունների՝ չունենալով սեփական արտաքին քաղաքականությունը:
Ժան-Պիեռ Ֆիկե, Le Figaro
Հ.Գ. «Լայն ծրագիր»՝ ինչպես կասեր Շառլ դե Գոլը, պակասում է նաև Հայաստանին, ինչպես նաև սեփական արտաքին քաղաքականություն: Մենք համարյա Գերմանիայի նման ենք, ու՝ Ֆրանսիայի, որ սոցիալական ծախսերի մեջ է խրվել ու ներդրումների փող չունի: Փաստորեն՝ Գերմանիան ու Ֆրանսիան «համատեղող» Հայաստանը նայում է Ռուսաստանին, Ռուսաստանը՝ Չինաստանին, Չինաստանը՝ ԱՄՆ-ին: Հիմա ո՞վ կարող է ասել՝ ի վերջո ու՞ր է նայում Հայաստանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ