ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ԱՄՆ-ը առաջարկում է նավագնացության պաշտպանության կոալիցիա ստեղծել , Ֆրանսիան փորձում է լարվածությունը նվազեցնել

ԱՄՆ-ը առաջարկում է նավագնացության պաշտպանության կոալիցիա ստեղծել , Ֆրանսիան փորձում է լարվածությունը նվազեցնել
11.07.2019 | 11:09

ԱՄՆ իշխանությունները ցանկանում են միջազգային կոալիցիա ստեղծել՝ պաշտպանելու առևտրային նավագնացությունը Իրանի ու Եմենի ափերին՝ հայտարարեց ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը: «Մենք հիմա գործակցում ենք մի քանի երկրների հետ, որ հասկանանք՝ կարո՞ղ ենք ստեղծել կոալիցիա, որըը կապահովի ազատ նավագնացություն Օրմուզի ու Բաբ էլ Մանդեբի նեղուցներում»՝ ասել է Ջոզեֆ Դանֆորդը: Նա չի ճշտել՝ ո՞ր երկրների հետ են բանակցում: «Ես կարծում եմ, որ հավանաբար հաջորդ մի քանի շաբաթներին մենք կպարզենք՝ ո՞ր երկրները քաղաքական կամք ունեն մեր նախաձեռնությանը աջակցելու»՝ ասել է գեներալը:


Մայիսին Պենտագոնը Պարսից ծոց ուղարկեց հակահրթիռային պաշտպանության Patriot համակարգեր և մի քանի ռազմանավեր, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Մերձավոր Արևելք կուղարկի լրացուցիչ զինուժ: Վաշինգտոնում բացատրում են, որ այս քայլերն ուղղված են այնտեղ տեղակայված ամերիկյան զինուժի պաշտպանությանը: Հունիսի 20-ին Իրանը հայտարարեց, որ խփել է ամերկյան անօդաչու թռչող սարք Պարսից ծոցի ափերին: Հաջորդ օրը ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց, որ Թրամփը հրամայել է հարվածել Իրանին, հետո միտքը փոխել է: Վաշինգտոնի հայտարարությունները Թեհրանում անվանում են «հոգեբանական պատերազմի» ձև, որի նպատակը վախեցնելն է: Ի պատասխան Թեհրանը սպառնում է փակել Օրմուզի նեղուցը, որով անցնում է աշխարհում սպառվող նավթի մեկ հինգերորդ մասը: Թեհրանը զգուշացրեց, որ սկսում է ուրանի հարստացում միջուկային համաձայնագրով նախատեսված մակարդակից շատ, որից ԱՄՆը միակողմանի դուրս եկավ 2018-ին: 2015-ին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի ու Չինաստանի հետ կնքված համաձայնագիրը նախատեսում էր ուրանի հարստացման սահմանափակում և միջազգային տեսուչների վերահսկողություն՝պատժամիջոցների մեղմացման դիմաց: Համաձայնագրից դուրս գալով՝ ԱՄՆ-ը վերականգնեց պատժամիջոցներն Իրանի դեմ, նաև սահմանափակեց իրանական նավթի մատակարարումները Չինաստանին, Հնդկաստանին, Հարավային Կորեային, Ճապոնիային, Թուրքիային: Թրամփի նպաստակն է ստիպել Իրանին երկկողմ համաձայնագիր կնքել, որը կսահմանափակի ոչ միայն միջուկային գործունեությունը, այլև հրթիռային ծրագիրը և ռազմական գործողությունները երկրից դուրս:
BBC


Հ.Գ. ՄԱԳԱՏԷ-ն երեկ Վիեննայում արտահերթ նիստ է գումարել Իրանի միջուկային ծրագրի հարցով: France-Presse-ի տեղեկություններով՝ փակ դռների հետևում: Նիստը հրավիրվել է ԱՄՆ խնդրանքով: Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնը իր թվիթերում գրել է. «Իրանի վրա պետք է ճնշում գործադրել, որ հրաժարվի միջուկային հավակնություններից»: Նախագահ Հասան Ռուհանին ՄԱԳԱՏԷ-ի նիստ հրավիրելը ԱՄՆ-ի խնդրանքով անվանել է «կատակ», որովհետև ԱՄՆ-ը 2018-ին դուրս է եկել համաձայնագրից: France-Presse-ը ենթադրում է, որ «ԱՄՆ-ը ցանկանում է մեծացնել Իրանի վրա ճնշումը ՄԱԳԱՏԷ-ի նիստի արդյունքներով», բայց «կոնկրետ արդյունքներ նիստից չեն սպասվում»: Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը կտրականապես հրաժարվել է բանակցել ճնշման տակ. «Անհրաժեշտ է, որ ամերիկացիները դադարեցնեն ճնշումը և տնտեսական ահաբեկչությունը Իրանի նկատմամբ: Միայն այդ դեպքում մենք կարող ենք խոսել միջուկային համաձայնագրի պահպանման մասին»:


Հուլիսի 7-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Իրանի նախագահ Հասան Ռուհանին հեռախոսեցին: Ելիսեյան պալատը հաղորդեց, որ նախագահները պայմանավորվել են մինչև հուլիսի 15-ը «քննարկել երկխոսության վերսկսման պայմանները»: Մայիսի 9-ից Թեհրանում է Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական ներկայացուցիչ Էմանուել Բոնը: Նրա այցի նպատակը ԱՄՆ-ի ու Իրանի լարումը նվազեցնելն է: Մի քանի շաբաթում դա երկրորդ այցն է: Իրանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ֆրանսուա Նիկոլոյի խոսքով, դա լավ նշան է: Իսրայելը անվերջ բողոքում է, որ ԵՄ-ն տրվում է Իրանի սադրանքին՝ պատժելու փոխարեն:

Կկարողանա՞ Ֆրանսիան համաձայնագրի պահպանման երաշխավոր դառնալ՝ ԵՄ-ի աջակցությամբ մեղմելով պատժամիջոցների ազդեցությունը Իրանի տնտեսության վրա: Ի՞նչ դիրքորոշում ունեն համաձայնագիրը ստորագրած Չինաստանն ու Ռուսաստանը: Մենք ապրում ենք վառոդի տակառի կողքին, որ պարբերաբար մոտենում է պայթյունի մակարդակի: Եվ արտաքուստ աշխարհի բոլոր երկրներից ամենաանտարբերն ենք թվում ծագած խնդրին: Համենայն դեպս՝ հրապարակային դիվանագիտության մակարդակում: Եթե ԱԳՆ –ն տարբեր պատճառներով խուսափում է պաշտոնական հայտարարություն անել, գոնե ԱԺ-ն պիտի հարցը քննարկեր՝ իրեն հասու ձևաչափերից մեկն ընտրելով՝ փակ հանդիպում, խմբակցությունների կամ ԱԺ հայտարարություն և այլն, և այլն: Խորհրդարանական կառավարում ունեցող Հայաստանի խորհրդարանը դեռ չի ընկալել իր դերն ու նշանակությունը պետության մեջ, և ամեն ինչ թողնում է կառավարությանն ու անձամբ՝ վարչապետին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1916

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ