Որոշակի դադարից հետո կրկին արդիական է դարձել Ռուսաստանի հետ ՀՀ գործող իշխանությունների հարաբերության հարցը։ Քննարկվող թեման հետևյալն է՝ արդյոք ՌԴ իշխանությունները հարմարվե՞լ են հայաստանյան հեղափոխական ղեկավարության գոյությանը և որքա՞ն են վստահում վերջիններիս ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ ՈՒշագրավ է, որ այս քննարկումները արծարծվում են վարչապետ Փաշինյանի հավաստիացումների ֆոնին, թե հիանալի հարաբերություններ են տիրում ոչ միայն ՀՀ և ՌԴ, այլև անձամբ իր և Վլադիմիր Պուտինի միջև։
Այս թեման վերակենդանացնելու համար իհարկե որոշակի արտաքին հիմքեր կան։ Նախ և առաջ դրա մասին հուշում է ՀՀ վարչապետի ոչ այնքան հաջող այցը Ղազախստանի մայրաքաղաք, որտեղ անցկացվեց ԵԱՏՄ գագաթնաժողովը։ Անկախ նրանից, թե պետական քարոզչամեքենան ինչ է հորինում՝ Ղազախստանում ծագած որոշակի անհարթությունները և միայն Նիկոլ Փաշինյանին մեդալ չշնորհելու փաստը բացատրելու համար, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ թե՛ Պուտինի հետ չկայացած, բայց նախօրոք հայտարարված հանդիպումը, թե՛ դիվանագիտական նուրբ արարողակարգային դրվագները հուշում են, որ այնուամենայնիվ ինչ-ինչ խնդիրներ առաջացել են։ Մյուս կողմից աչք է ծակում ԴԱՀԿ նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին ՌԴ կողմից Հայաստանին արտահանձնման ձգձգումը։ Առայժմ կարծես թե Ռուսաստանը վերջնական քաղաքական որոշում չի ընդունել, թե ի վերջո ինչ պետք է արվի Միհրան Պողոսյանի հետ։ Բացի այդ, հայ-ռուսական հարաբերություններում հերթական անհարթության մասին է խոսում այն փաստը, որ պաշտոնական մակարդակով սոցցանցերի օգտատերերի և հայաստանյան մամուլի միջոցով անընդհատ շրջանառվում է թեման, թե Մոսկվան հետևողական ջանքեր է գործադրում, որպեսզի իր սեփական քաղաքականությունն ունենա Արցախում։ Եվ հեղափոխականների բառապաշարով ասած՝ հենց Մոսկվան է դուխ տալիս Արցախի այսօրվա իշխանություններին իրենց գործողություններում։ Նշվում է, որ այդ նպատակով Արցախում են գտնվում ռուսաստանյան տարբեր տրամաչափի էմիսարներ, փորձագետներ, գործիչներ, ոչ պաշտոնական պատվիրակություններ։ Եվ հիշատակված բոլոր գործոններն ակնարկում են, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ-ինչ խնդիրներ այնուամենայնիվ կան։
ՀՀ իշխանության քաղաքացիական թևի կողմից, որը մեր երկրում ստացել է սորոսյան թև անվանումը, հայտարարվում է, թե Ռուսաստանը շարունակում է վերահսկողության տակ պահել Հայաստանի անվտանգության, պաշտպանության համակարգերը և տնտեսական ռազմավարական ուղղությունները։ Շատ դեպքերում սորոսականները հենց Ռուսաստանի ստվերն են տեսնում Հայաստանում ալեկոծվող հակասորոսական ակցիաներում, որոնք ամենօրյա ռեժիմով տեղի են ունենում Սորոսի հիմնադրամի երևանյան գրասենյակի մոտ։ Այս գործողություններն իրականացնող ՎԵՏՕ հասարակական կազմակերպությունը աջակցություն է ստանում քաղաքական ընդդիմության տարբեր թևերի կողմից։ Իհարկե այս ամենում տրամաբանություն կա։ Նիկոլ Փաշինյանն էլ երբեք չի թաքցրել, որ եթե ՀՀ և ՌԴ իշխանությունների միջև խնդիրներ էլ կան, ապա դրանք կապված են հենց ՀՀ իշխանության տարբեր ոլորտներում ներկայացված քաղաքացիական սեկտորի հետ, որոնք ժամանակին օգտվել են սորոսյան դրամաշնորհային ծրագրերից և գուցե այժմ էլ շարունակում են սնվել այդ աղբյուրներից։ Իսկ Ռուսաստանի վերաբերմունքը Սորոսի ու նրա հետ կապված հիմնադրամի մասին պարզից էլ պարզ է։
ՀՀ իշխանական համակարգը սորոսյան գործիչներից մաքրելու հարցը այս մեկ տարվա ընթացքում անընդհատ դրվում է Նիկոլ Փաշինյանի առջև։ Սույն թեման կարծես թե առանցքային է դարձել ՌԴ քաղաքական ու ռազմաքաղաքական էլիտաների կողմից ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններում։ Այս նախապայմանի իրականացումը կարող է քիչ թե շատ բարձրացնել ՀՀ իշխանությունների նկատմամբ Ռուսաստանի վստահությունը։ Սակայն փաստ է, որ մաքրման գործընթացում որևէ լուրջ տեղաշարժ չկա։ Թեև որոշ փորձեր եղան, մասնավորապես, Դավիթ Սանասարյանի նկատմամբ կոռուպցիոն հիմք ունեցող քրեական գործը, որտեղ, սակայն, վերջին շրջանում կարծես թե որոշակի դադար է վերցվել։ Սա հուշում է այն մասին, որ ինչ-որ մի փուլում վարչապետ Փաշինյանը հետ է քաշվել։ Փոխարենը սորոսյան գործիչներն ակտիվորեն հարձակվում են և Փաշինյանի քաղաքական շրջապատի, և վերջինիս իրավական հենարանների վրա։ Ամենամեծ թիրախն այս համատեքստում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է, և դրա ամենավառ ապացույցը սորոսական Դանիել Իոաննիսյանի և Վանեցյանի հեռակա փոխհրաձգությունն է հարցազրույցների տեսքով՝ բավականին ծանր մեղադրանքներով։ Իոաննիսյանը նույնիսկ Վանեցյանին ուղղակիորեն մեղադրում է հայտնի գաղտնալսման կազմակերպման և հրապարակման հարցում։ Ըստ Իոաննիսյանի թեզի՝ ԱԱԾ ղեկավարը դա արել է ռուսաստանյան թևում իր դիրքերն ամրապնդելու համար։ Սա ցույց է տալիս, որ սորոսականները, որոշակի դադարից հետո հավանաբար ինֆորմացիոն, քաղաքական և ֆինանսական նոր ռեսուրսներ ստանալով, անցել են հակահարձակման՝ փորձելով դիմադրել իրենց դեմ սանձազերծված բավականին արդյունավետ իրականացվող արշավին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, դատելով վերջինիս կրավորական քայլերից ու սորոսական ակտիվ գործողություններից, նահանջել է՝ ընդունելով դիտորդի կարգավիճակ։
Հայ-ռուսական հարաբերությունների այս բարդագույն ֆոնին բավականին հետաքրքիր իրադարձության ականատես եղանք։ Խոսքը 100 միլիոն դոլար վարկային գծի մասին է, որը պետք է Ռուսաստանը հատկացնի Հայաստանին սպառազինություն ձեռք բերելու համար։ Հրապարակված տեղեկատվության մեջ ասվում էր, որ բանակցությունները այս համատեքստում բավականին հաջող են ընթանում, չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանին ռուսական իշխանությունները այնքան էլ չեն վստահում։ Իհարկե, առաջին հայացքից կարող է պարադոքս թվալ այն փաստը, որ վստահություն չվայելող ՀՀ իշխանությունների օրոք Հայաստանին է հատկացվում 100 մլն դոլար վարկ։ Սակայն իրականում Ռուսաստանն ունի իր ռազմավարական նշանակության խնդիրները։ Այս առումով Հայաստանը, ինչպես և ամբողջ Անդրկովկասն ու մեր տարածաշրջանը, գտնվում են Ռուսաստանի ռազմավարական հետաքրքրությունների շրջանակում։ Ռուսաստանը խնդիր ունի ապահովելու իր ռազմավարական դաշնակցի, իր հետաքրքրությունների տիրույթում գտնվող երկրի անվտանգությունն ու պաշտպանունակությունը՝ ապահովելով ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում։ Այս առումով Ռուսաստանի Դաշնությունը ցույց է տալիս, որ իր ռազմավարական գործընկերը պետությունն է, որի հետ ինքն աշխատում է, և ոչ թե կոնկրետ անձը, որն այդ պահին գտնվում է երկրի ղեկին։ Ժամանակի ընթացքում այդ անձը կարող է փոխվել, սակայն Ռուսաստանի ստրատեգիական նշանակության հարցերը մշտապես արդիական են, և ՌԴ-ն չի կարող իր շահերը ստորադասել կոնկրետ անձերի հետ հարաբերություններին։ Անկախ նրանից՝ ՀՀ ղեկին կլինի Նիկոլ Փաշինյանը, թե մեկ այլ գործիչ, Ռուսաստանը շարունակելու է հաստատակամ մնալ իր համար կարևորագույն հարցերի տիրույթում։
Անցած մեկ տարին ցույց տվեց, որ Ռուսաստանն իրեն հետաքրքրող խնդիրներում՝ անվտանգության և պաշտպանության համակարգերի պահպանում, հետևողական է։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ գրեթե ամբողջովին սառեցված են տնտեսական ծրագրերը Հայաստանի հետ, սառեցված են թե պետական, թե ռուսաստանաբնակ հայ գործարարների մակարդակով։ Ակնհայտորեն երևում է, որ ռուսներն առանձնապես չեն զբաղվում ՀՀ-ում ներդրումներով, քանի որ դա նրանց ստրատեգիական հետաքրքրությունների հարթության մեջ չէ։ Ռուսները շատ զգուշորեն հետևում են հայաստանյան իրադարձություններին, գուցե և չեն ցանկանում ուժեղացնել ՀՀ գործող իշխանություններին սոցիալ-տնտեսական առումով։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը միշտ էլ վճռորոշ դեր է խաղացել ՀՀ սոցիալական քաղաքականության մեջ, քանի որ նա է թելադրել էներգակիրների գները։ Այս առումով ՌԴ ձեռքում են Հայաստանի սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնական լծակները, մասնավորապես սոցիալական հարցերը, քանի որ գնագոյացումը երկրում բխում է հենց էներկագիրների սակագնից։
Այսպիսով՝ դատելով Ռուսաստանի քայլերից՝ կարելի է եզրակացնել, որ ՌԴ-ն մեր տարածաշրջանում իր առաջնահերթություններն ու շահերը որևէ այլ պետության, ալյանսի, առավել ևս քաղաքական կառույցի զիջելու նպատակ չունի։ Սա պետք է հաշվի առնի Հայաստանի գործող իշխանությունը և համապատասխան եզրակացություններ անի արտաքին և անգամ ներքին քաղաքական որոշումներ ընդունելիս, առավել ևս պետք է վերացնի «փնթիությունը» իր ֆորմալ և ոչ ֆորմալ կապերի ոլորտում կասկածելի համբավ ունեցող կազմակերպությունների, հիմնադրամների և նման այլ օտարերկրյա ազդեցության գործակալական ցանցերի ներկայացուցիչների հետ։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ