ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Ազատության հրապարակը վերահաստատում է դիրքերը

Ազատության հրապարակը վերահաստատում է դիրքերը
27.05.2019 | 12:04

Հիմք ընդունելով, որ անցած տասնամյակների ընդդիմադիր շարժումները, որոնց կենտրոնը Ազատության հրապարակն էր, պարտվել են, Նիկոլ Փաշինյանը 2018-ին թավշե հեղափոխության կենտրոնը տեղափոխեց Հանրապետության հրապարակ: Գուցե դա այդ պահին մարտավարական որոշում էր՝ Ազատության հրապարակը վերահսկում էին ոստիկանները, բայց դարձավ սիմվոլիկ: Հեղափոխությունից մեկ տարի անց քաղաքականությունը վերադառնում է Ազատության հրապարակ: Նախ հանրահավաք արեց ՀՅԴ-ն, հետո հրապարակում հայտնվեցնն հեղափոխական ակտիվիստները: Երկու հանրահավաքներն էլ սակավամարդ էին: Շաբաթ օրվա հանրահավաքը ընդդեմ ու հանուն էր՝ ընդդեմ Հայաստանի գործող դատական համակարգի և հանուն Նիկոլ Փաշինյանի։ Փաստացի՝ նրանք այն 1100 ցուցարարների մասն էին, որ երկուշաբթի շրջափակել էին դատարանների շենքերը, իսկ շաբաթ օրը մի 300 հոգով ամփոփում էին իրենց պահանջները: Շաբաթօրյա հանրահավաքը ի ցույց դրեց վարչապետի կիրակնօրյա կոչի հակաժողովրդավարականությունը: Այս հանրահավաքը բառի բուն ու փոխաբերական իմաստով արջի ծառայություն էր Նիկոլ Փաշինյանին և գալիս էր հաստատելու, որ անցումային արդարադատության թեմայով լսումներն ԱԺ-ում ապարդյուն ձեռնարկում էին: Բացարձակապես անիմաստ ու անհետևանք, եթե իշխանությունը իր զինանոցում պահում է պսևդոհեղափոխականների, որ առիթով ու չառիթով ասպարեզ են նետվելու ու ասպարեզ են նետելու, մեղմ ասած, ոչ օրվա թեմայի, ոչ հեղափոխության օրակարգի հետ առնչություն չունեցող ցինիկ կոչեր ու «գաղափարներ»: Եթե հանրահավաքի կազմակերպիչ, «քարով գլուխ ցխող» Ջիվան Աբրահամյանը ՔՊ անդամ է, նրան անհապաղ պետք է հեռացնել կուսակցությունից, եթե, իհարկե, ՔՊ-ն իր համագումարից առաջ կամ համագումարում չի ընտրելու լյումպենացման ու գաղափարազրկության, քաղաքականությանը «փողոցային» կարգավիճակ շնորհելու կուրս: Դժվար է ասել՝ որքանո՞վ էր հանրահավաքից տեղյակ Նիկոլ Փաշինյանն անձամբ, բայց հանրահավաքից հետո նա ոչ մի հայտարարություն չարեց, որ կիսում է կամ չի կիսում, համաձայն է կամ առարկում է իր պաշտպանություն իրեն հնչած ելույթներում հայտարարված մարտավարությանը: իսկ այդ մարտավարությունը սահմանակցում է տեռորին: Պարզ տեռորին՝ մարդիկ ծարավ են արյան ու բռնության: Այլ կերպ որևէ հարցի լուծում նրանք չեն պատկերացնում կամ համաձայն չեն: Ստացվում է, որ իբր ի պաշտպանություն վարչապետի հանրահավաքը հարվածում է Նիկոլ Փաշինյանին: Ու նա լռում է: Այն Նիկոլ Փաշինյանին, որ ստիպված էր հանդիպել ԵՄ դեսպաններին ու բացատրել իր դատարանների շրջափակման քայլը, որովհետև ինչքան էլ իշխանական լրատվամիջոցները ներկայացրին, որ միջազգային կառույցները պաշտպանում են Հայաստանում դատական համակարգի բարեփոխումները, ակնհայտ է, որ «բարեփոխումների» կիրառված կամ կիրառվելիք ձևն անընդունելի է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Փաստացի՝ Նիկոլ Փաշինյանը կամ իրենց նրա պաշտպաններ հայտարարողները սկսել են Ռոբերտ Քոչարյանի ֆետիշացման գործընթաց՝ առանց հասկանալու, որ Հայաստանում ու Հայաստանից դուրս Հայաստանին վերաբերող ամեն ինչ կապելով երկրորդ նախագահի անվան հետ՝ ստեղծում են նրա ինքնապաշտպանության իդեալական պայմաններ: Զուգահեռ՝ այս գործընթացով հաստատում են, որ մեկ տարի առաջ ամբողջ հանրապետությունը ոտքի հանած Նիկոլ Փաշինյանին այսօր ընդհանուր հաշվով 1100-1400 մարդ է աջակցում ու նրա վարկանիշը հազիվ թե 74 տոկոս է՝ ինչպես ԳԵԼԱՓ-ականներն են պնդում: Եվ ու՞մ է դա պետք: Եթե ոչ առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանին: Պոպուլիզմն ու դեմագոգիան էլ սահմաններ ունեն: Այս արկածախնդրության շարունակությունը Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին Հանրապետության հրապարակից տանելու է Ազատության հրապարակ:
Հետհետգրություն
ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ասել է, որ ոստիկանության Կենտրոնի բաժին է բերման ենթարկվել քաղաքացի Ջ. Ա.-ն. դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Armtimes.com-ի տեղեկություններով, բերման ենթարկվածը հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանն է. նա բռնության կոչերով է հանդես եկել՝ հայտարարելով. «Էսօր, որ Բակոենք եկել են ստեղ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխիք են տվել, կարո՞ղ ա վաղն էլ տանեք Ղարաբաղ, ասեն՝ չենք տալիս, առանձին Հանրապետություն ա, կարո՞ղ ա տենց բան անեք: Էդ ժամանակ հաստատ իմացեք, հենց Ղարաբաղի ներսում ձեզ կսատկացնեն Ղարաբաղի մեր հայրենակիցները, հանկարծ չփորձեք, սա ձեզ նախագուշացում ա, չոր կոպիտ պատասխան եք ստանալու… ես առաջինը կլինեմ, որ կոչ կանեմ, գնանք ու գլուխներ քարով ցխենք»:


Ոստիկանությունը հայտարարությամբ տեղեկացրեց, որ Ազատության հրապարակում հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցվել են սպառնալիքներ պարունակող արտահայտություններ։ Կատարված արարքում հանցագործության հատկանիշներ պարզելու ուղղությամբ ոստիկանությունն իրականացնում է ստուգում քրեադատավարական գործողություններով։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ ակցիայի հետ «Իմ քայլը» որեւէ կապ չունի: Երեկ կեսօրին Ջիվան Աբրահամյանն ազատ է արձակվել: Ֆեյսբուքի ուղիղ եթերով ոստիկանության շենքի մոտից նա հայտարարել է. «Ոստիկանության Կենտրոնի բաժին ես բերման եմ ենթարկվել ընդամենը մի բանի համար. քանի որ կար բողոք, պետք է Քննչական մարմիններն իրականացնեին իրենց քայլերը: Ես օրենքով ոչ մի դատապարտելի և սխալ արարք չեմ արել: Իմ խոսքերը պարզ դրած են Ֆեյսբուքում: Եթե մեկնաբանելու և հայերեն լեզվին տիրապետելու ունակություն չունեք, ուրեմն ցավում եմ իմ երկրի համար»: Նա խոսքը ուղղել է այն պատգամավորներին, որ քննադատել էին իրեն: «Ցավում եմ, որ նախկին պաշտոնյաները դիմում են գրում՝ առանց հայերենին տիրապետելու: Դա պրոբլեմ է: Ես պայքարում եմ օրինական Հայաստանի համար և դա անելու եմ: Իսկ եթե ինչ-որ մեկը սպառնա մեր Սահմանադրությանը և օրենդրությանը, ապա ես էլ համապատասխան միջոցներով կպաշպանեմ դրանք»: Ջիվան Աբրահամյանը պատասխանատվության կկանչի այն պատգամավորներին, որ «պաշտոնական դիրքը չարաշահել» են և ՀՀ քաղաքացիներին զրպարտել են՝ անվանելով խուլիգաններ, դանակահարողներ: Ջիվան Աբրահամյանը զրպարտողներին ինքն անդրադառնալու է մամուլի ասուլիսով: «Ժամանակն է՝ սաղիդ դիմակները տրաքացնելու: Դուք պատգամավորի անձեռնմխելիություն ունեք, ես էլ ՀՀ քաղաքացու անձեռնմխելիություն ունեմ»,- ասել է նա և վստահեցրել, որ չի համագործակցում «Իմ քայլը» դաշինքի և Նիկոլ Փաշինյանի հետ: «Ես ինչ անում եմ, անում եմ իմ սեփական մղումներով»,- ասել է նա: Հիմա ի՞նչ անենք, որ Ջիվան Աբրահամյանն էլ հանի Ռուբին Հուդի իր դիմակը և հասկանա, որ ՀՀ քաղաղաքացու անձեռնմխելիությունը իրավունք չունի տալիս ոչ «գլուխ ցխել», «ոչ դիմակներ տրաքացնել»: Կամ՝ ինչ անենք, որ ոստիկանությունը հասկանա՝ ինչ անել «չհասկացողների» հետ:

Դիտվել է՝ 2922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ