Մայիսի 24-ին ԱԺ-ն հրավիրել էր խորհրդարանական լսումներ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով: Աժ նախագահ Արարատ Միրզոյանը, փորձելով նպատակամետ դարձնել լսումները, ի սկզբանե ասաց. «Անցումային արդարադատության նպատակն անկախ դատական համակարգի ձևավորումն է, ոչ թե ավելի սրել եղած խնդիրները, այլ տալ լուծում և հանգեցնել հանրային համերաշխության» ու ընդգծեց՝ կարևոր է հասկանալ, թե կա անհրաժեշտություն անցած իրադարձություններին իրավաքաղաքական գնահատական տալու, և եթե կա այդ անհրաժեշտությունն, հիմա դրա ժամանա՞կն է, թե՞ դեռևս սպասել է պետք: «Պետք է հասկանալ դատական համակարգը ՀՀ քաղաքացիներին ներկայացնու՞մ է, թե՞ ոչ: Կուզենայի նշել՝ ինչ չէ անցումային արդարադատությունը: «Տռոյկա դատարանների» ձևավորումը չէ, արտակարգ դատարանների ձևավորումը չէ, երբ զանազան մարդիկ կարող են հավաքվել և որոշումներ կայացնել: Անցումային արդարադատությունը օրինական ճանապարհով պիտի աջակցի, մաքրի, զտի, կայացնի գործող դատական համակարգը: Սա ամենակարևոր ուղերձն է, որը մտքներումս պիտի պահենք»:
Բայց լսումները գնացին իրենց սցենարով և ոչ թե հարցերի պատասխաններ տվեցին, այլ նոր ու անպատասխան հարցեր ձևավորեցին: Նախ՝ կազմակերպական բացահայտ թերության մասին: Հասկանալի է, որ մասնակիցների թվով պայմանավորված, կազմակերպիչները բոլորին խոսելու հնարավորություն տալու համար ստիպված էին ելույթի ժամանակ սահմանել: Տրվեց 3 րոպե: Հընթացս ակնհայտ դարձավ, որ սկզբունքային, ըստ էության ու կարևոր ելույթները ընդհատվում էին՝ 3 րոպեում չտեղավորվելով ու ստացվեց, որ ժամանակային ճիշտ սահմանափակումը հանգեցրեց բովանդակային կիսատության: Փաստացի բոլոր ելույթները հիմքում բաժանվում էին քաղաքականի ու մասնագիտականի: Երկու դեպքում էլ ակնհայտ էր, որ չկա միասնական տեսակետ, այսինքն՝ հիմքում հասարակությունը ցանկանում է, բայց պատրաստ չէ դատական համակարգի փոփոխությունների, որովհետև չգիտի՝ ինչպես: Լսումներում անձնական հարցերի ու անհեթեթ հայտարարություններին զուգահեռ հնչեցին «ինչպեսի» առաջարկներ, ու դա էր լսումների դրականը: Միաժամանակ՝ իր ակտիվ ներկայությունը զգացրեց հասարակության գերբևեռացումը. որ արտահայտվում էր տեսակետների ծայրահեղությունների մեջ: Ոմանք վենդետա ու Լինչի դատաստան էին պահանջում, ոմանք արդարության էվոլյուցիոն վերականգնման կոչեր էին անում: Այս պայմաններում օրինաչափ է, որ ԱԺ Նիստերի դահլիճում լսումներին զուգահեռ ԱԺ այգում հակալսումային ակցիա էր՝ պայքար սորոսականների դեմ նշանաբանով: Սա այսօրվա Հայաստանի քաղաքական իրականությունն է՝ բոլորը պայքարում են բոլորի դեմ: Թեև հայտարարում են մի նպատակ, իրականում լուծում են բոլորովին այլ խնդիր՝ ու դա ամենավտանգավորն է, որովհետև այդ գործընթացների շարժիչ ուժը Հայաստանում չէ: Հեղափոխությունից հետո Հայաստանը ներքաշվել է գլոբալ հիբրիդային պատերազմի մեջ, որտեղ արտահայտվում են աշխարհաքաղաքական հակամարտությունները և փաստացի՝ հավաստագրով տեղեկատվական պատերազմ է ծավալվում ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև: Մեկ տարում նաև իշխանական կառույցները գտան արտերկրյա կապեր ու հովանավորներ, որ ուղղակի հարված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնմանը ու ազգային անվտանգությանը: Եվ այս իրողությունը այլևս անթաքույց ասպարեզ են նետում իրենք՝ հեղափոխականները՝ քայլած ու չքայլած: Սա արդեն համատարած վեթինգի խնդիր է դնում:
Խորհրդարանական լսումների հիմնական եզրակացությունները.
1.Անցումային արդարադատության համակարգի ներդրումը Հայաստանում եղել ու մնում է արդյունավետության տեսակետից կասկածելի նախաձեռնություն: Այդ համակարգի կիրառումը աշխարհում մեծ փորձ չունի: Դա գործընթաց է, որ սկսվել ու շարունակվում է մի քանի երկրներում միայն, ուստի արդյունքների մասին վաղ է խոսել: Բոսնիա, Ալբանիա, Քենիա, Պերու՝ այս երկրներում գործնականում համակարգը փորձարկվում է, և փաստ է, որ հընթացս նաև փոխում է ուղղությունն ու նպատակը:
2. Հարցերի հարցն է վեթինգի հանձնաժողովի կազմը՝ ովքե՞ր են դատավորները: Եվ ինչու՞ պիտի դատավորների դատավորներին վստահի նախ հասարակությունը, հետո՝ իրենք՝ դատավորները: Ո՞վ պիտի ձևավորի վեթինգի հանձնաժողով՝ խորհրդարա՞նը, կառավարությու՞նը, միջազգային կառույցնե՞րը: Ինչպե՞ս է ապահովվելու այդ հանձնաժողովի անաչառությունը, ի՞նչ սկզբունքներ է ունենալու իր գործունեության հիմքում ու ի՞նչ չափանիշներով է առաջնորդվելու:
3. Ի՞նչ է սպասվում չվեթինգված դատավորներին: Եվ՝ ընդհանրապես՝ ինչու՞ միայն դատավորները: Դատական համակարգի մի մասին վեթինգի ենթարկելով՝ ապահովվելու՞ է արդարությունն ու վերականգնվելու՞ է վստահությունը: Իսկ դատախազնե՞րը, քննիչնե՞րը, փորձագետնե՞րը: Դատավորները համակարգի աշխատանքի տեսանելի հատվածն են, մինչև դատարան հասնելը քաղաքացիական կամ քրեական գործերը անթերի ու վստահելի՞ են:
4.Ինչպե՞ս է լուծվելու դատավորների ծանրաբեռնվածության հարցը:
5.Կրթական համակարգը այսօր ապահովվու՞մ է դատավորների մասնագիտական բավարար ունակությունները:
6.Անհրաժեշտ չե՞ն օրենսդրական փոփոխություններ և ո՞վ պիտի նախաձեռնի այդ փոփոխությունները, ինչքա՞ն ժամանակ կպահանջվի:
7.Լսումները ակնհայտ դարձրին, որ անցումային արդարադատության համակարգի ներդրումը հավասարապես կարող է ծառայել և արդարության հաստատմանն ու վստահության վերականգնմանը. և անցանկալի մարդկանց վենդետային ու յուրայինների տեղաբաշխմանը: Այսինքն՝ ամեն ինչ կախված է քաղաքական կամքից: Իսկ քաղաքական կամքն աշխարհում ամենափոփոխական հասկացությունն է ու ենթարկված է օրվա քաղաքական անհրաժեշտությանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Դատարանների շրջափակման հինգժամյա ակցիան հիմք է ենթադրելու, որ իշխանությունը հետայսու էլ իրեն իրավունք է վերապահելու ժողովրդի անունից իր կամքը պարտադրել դատական իշխանությանը, իսկ դա նշանակում է
ոտնահարել իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական պահանջը: Եվրոպական խորհրդարանի «ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի» պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմը հայտարարություն էր տարածել՝ Հայաստանում դատարանների արգելափակման վերաբերյալ. «Մայիսի 18-ին Երևանի դատարաններից մեկը, որպես դատական գործընթացի ելք, որոշում էր կայացրել Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ։ Առանց միջամտության սկզբունքի վերաբերյալ ավելորդ նախապաշարմունքի, մենք ցանկանում ենք մեր մտահոգությունն արտահայտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր աջակիցներին ուղղված կոչի կապակցությամբ՝ մայիսի 20-ին արգելափակել հայաստանյան բոլոր դատարանները։ Մեր մտահոգությունն ենք հայտնում նաև պարտադիր և ընդհանուր վեթինգի գաղափարի առնչությամբ, որը պետք է վերաբերի անխտիր բոլոր դատավորներին։ Մենք հասկանում ենք, որ դատավորների քաղաքականացումը էական կարևորություն ունեցող հարց է Հայաստանում, և մենք ապավինում ենք իշխանությունների կոմպետենտությանը, միջազգային գործընկերների աջակցությամբ ընդունելու և իրականացնելու կառուցվածքային անհրաժեշտ բարեփոխումներ, ինչի արդյունքում կերաշխավորվի դատական իշխանության թափանցիկությունն ու արդյունավետությունը՝ զերծ կողմնակի միջամտություններից և վերագտած հավատը քաղաքացիների շրջանում, ինչը նախապայման է օրենքի իշխանության համար։ Մինչ այդ ամենը, մենք հորդորում ենք պետական բոլոր պաշտոնյաներին ցուցաբերել իմաստնություն և զսպվածություն, ինչպես դա եղել է անցալ տարի տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» ողջ ընթացքում, գործել բացառապես Սահմանադրությամբ իրենց պավիրակված լիազորությունների շրջանակում և հավատարիմ մնալ իշխանության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման պարզ և անվիճարկելի սկզբունքին»։
Սաջադ Քարիմը միակը չէ: Եվ դա բնական է: Բայց բնական չէ, որ այս ընթացքում տոտալ վարկաբեկվում են բոլոր դատավորները՝ հին, նոր, փորձառու, անփորձ ու տոտալ անվստահություն է հայտարարվում համակարգին: Այս պայմաններում ոչ մի վեթինգ, ոչ մի անցումային կամ թռիչքային արդարադատության համակարգ երկար տարիներ չի կարող վերաբերմունք փոխել: Քանի դեռ հասարակության խրամատավորումը, բաժանարար գծերի ընդգծման քաղաքականությունը շարունակվում է, ոչ մի բարեփոխում արդյունավետ չի լինելու, գլխավոր խնդիրը մթնոլորտն է, իսկ մթնոլորտը շարունակվում է շիկացվել արհեստականորեն: Տարբեր պաշտոնյաների հրաժարականներն ու պաշտոնանկությունները՝ սկսած ԲԴԽ նախագահից մինչև ՍԴ նախագահ, տարբեր նախարարներ ու պետեր, ոչինչ չի փոխելու: Գալու են նոր մարդիկ ու նորից ձախողվելու են, որովհետև այդպիսին է քաղաքականությունը՝ որոնել մեղավորներ, ոչ թե վերացնել պատճառները: Աժ լսումներում այդ միտումը ևս ակնհայտ էր՝ անհասցե մեղադրանքների ու կոնկրետ պատկերացումների բացակայության գերառատությամբ: Ցավոք: