«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։ Փորձագետների գնահատմամբ՝ այս հայտարարությունը կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկու երկրների միջև:               
 

Ռուսական արքեպիսկոպոսությունը Փարիզում մերժում է Կոնստանդնուպոլսի պատրիարքին

Ռուսական արքեպիսկոպոսությունը Փարիզում մերժում է Կոնստանդնուպոլսի պատրիարքին
25.02.2019 | 10:55

Արևմտյան Եվրոպայում ռուսական ծխերի արքեպիսկոպոսությունը մերժել է Տիեզերական պատրիարքին` հրաժարվել է լուծարվել և անցնել Կոստանդնուպոլսի ենթակայությանը: Որոշումն ընդունվել է փետրվարի 23-ին` Փարիզում արքեպիսկոպոսության արտահերթ գլխավոր ասամբլեայում: Հավաքը կազմակերպվել է ի պատասխան Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի որոշման` լուծարել Արմտյան Եվրոպայի ռուսական էկզարխատը: Հավաքին մասնակցել են 200 հոգևորականներ ու աշխարհական պատվիրակներ Արևմտյան Եվրոպայի տարբեր երկրներից (հավաքը լրագրողների համար փակ է եղել): Քվեարկվել է միայն լուծարման հարցը: 190 մասնակիցներ դեմ են եղել արքեպիսկոպոսության լուծարմանը, 15-ը կողմ են եղել լուծարմանը և Կոստանդնուպոլսի հունալեզու եպիսկոպոսությանը անցնելուն` RFI-ին հաղորդել է արքեպիսկոպոսության քարտուղար Նիկոլայ Լոպուխինը: Փաստացի` խոսքը ռուսական արքեպիսկոպոսության Կոստանդնուպոլսի ենթակայությունից դուրս գալու մասին է: Թեպետ արքեպիսկոպոսության ճակատագրի վերջնական որոշում դեռ չի ընդունվել: Ընդհանուր ժողովում պարզվել է, որ արքեպիսկոպոսության ղեկավարները ակտիվ բանակցություններ են վարում Ռուս ուղղափառ եկեղեցու հետ:


Ռուսական արքեպիսկոպոսությունը միավորում է տարբեր երկրների 100-ից ավելի ծխեր, հիմնականում` Ֆրանսիայի: Արքեպիսկոպոսությանն են պատկանում Փարիզում Ալեքսանդր Նևսկու տաճարը, Սուրբ Նիկոլայի ու Ալեքսանդրի տաճարը Նիցցայում, Սենտ Ժենեվև դե Բուա ռուսական գերեզմանատան եկեղեցին: 2016-ից ուղղափառ համայնքը ղեկավարում է արքեպիսկոպոս Իոան Խարիպոլսկին (Ռենետո): Արքեպիսկոպոսությունը Ռուս ուղղափառ եկեղեցուն չի պատկանում և սերում է 1917-ի հեղափոխությունից հետո ռուս վտարանդիների ստեղծած համայնքներից: 1931-ին Կոստանդնուպոլիսը ժամանակավոր արքեպիսկոպոսությունը ընդունեց իբրև իր էկզարխատ` եկեղեցական տարածք այն պետության սահմաններից դուրս, որտեղ տեղակայված է պատրիարքությունը: Այդ ժամանակից արքեպիսկոպոսության կարգավիճակը մի քանի անգամ փոխվել է: 1999-ին Բարդուղիմեոս պատրիարքը վերադարձրեց էկզարխատի կարգավիճակը` արդեն մշտական: Կոստանդնուպոլսի հովանավորությամբ Փարիզի արքեպիսկոպոսությունը պահպանել է համեմատական անկախությունը, «ռուսական ավանդույթները» և իր առանձնահատկությունները` հետևելով 1917-1918 թթ, ժողովի կանոններին: 2018-ի նոյեմբերի 27-ին ուկրաինական ուղղափառ եկեղեցուն անկախություն տրամադրելու համապատկերում` Կոստանդնուպոլիսը վճռել է հետ կանչել 20 տարի առաջ շնորհած թոմոսը և լուծարել իր ռուսական էկզարխատը: Ստամբուլում վստահեցնում են, որ դա զուտ տեխնիկական որոշում է` կապված պատրիարքարանի ներքին կառուցվածքի հետ: Եվրոպայում ռուսական արքեպիսկոպոսությանը զուգահեռ արդեն կան Կոստանդնուպոլսի ուղղափառ եպիսկոպոսություններ` Գալլական, Գերմանական, Իտալական և այլն: Տիեզերական պատրիարքի կարծիքով` ծագում է իրավասությունների «ոչ գործնական և ոչ կանոնական» պատճենում: Այդ պատճառով Բարդուղիմեոս պատրիարքը ոչ միայն հետ է կանչել ռուսական ծխերի էկզարխատի կարգավիճակը, այլև նրանց կարգադրել է «միավորվել» Կոստանդնուպոլսի տեղական հունալեզու եպիսկոպոսությունների հետ:


Փարիզում չեն թաքցնում հիասթափությունը Բարդուղիմեոս պատրիարքի որոշումից` նշելով, որ արքեպիսկոպոս Իոանը դա նույնիսկ չի քննարկել: Մեկ ամիս առաջ ռուսական արքեպիսկոպոսությունը բողոքում էր Կոստանդնուպոլսի ճնշումից: Եպիսկոպոսության կայքում հայտնվեց կոմյունիկե, որը տեղեկացնում էր` շատ հոգևորականներ ու քահանաներ նամակներ են ստացել հույն եպիսկոպոսներից «արքեպսիկոպոս Իոանին ենթարկվելը դադարեցնելու և հունական եպիսկոպոսությանը միանալու հրամանով, կարծես արքեպիսկոպոսության համայնքներն ու ծխերը արդեն միտրոպոլիայի կազմում են, ներկայացնելով բոլոր պահանջվող փաստաթղթերը»: Դա ռուսական արքեպսիկոպոսությունում համարել են «միջամտություն եկեղեցու կազմակերպման ներքին կյանքին»` «անօրինական և կանոնիկ, և քաղաքացիական իրավունքի տեսակետից»:

Արքեպիսկոպոսությունը մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել է, որ ինքնուրույն է իր ճակատագիրը վճռելու: «Պատրիարքությունը, անկասկած, իրավունք ունի արքեպիսկոպոսությանը տրամադրել կամ մերժել էկզարխատի կարգավիճակ, մյուս կողմից` արքեպիսկոպոսությունը ի դեմս իր սուվերեն կանոնադրական օրգանի` արտահերթ ընդհանուր ժողովի, ինքնուրույն է որոշում ընդունում իր լուծարման մասին»` ընդգծված է փետրվարի 8-ի կոմյունիկեում: Ասամբլեան քննարկել է և ռուսական ծխերի հետագա ճակատագիրը: Նիկոլայ Լոպուխինի խոսքով` հնարավոր սցենարներից մեկը Ռուս ուղղափառ եկեղեցու ենթակայության տակ անցնելն է (այդ տարբերակը նա նշեց իբրև քննարկվածներից հիմնականը), քննարկվել է նաև արտասահմանում ռուս ուղղափառ եկեղեցուն միանալը (որ Մոսկվայի պատրիարքությանն է միացել 2007-ին) կամ Ռումինիայի եկեղեցուն:
Ասամբլեայի մասնակիցները պատմել են, որ Իոան արքեպիսկոպոսը պատվիրակներին տեղեկացրել է, որ արդեն Մոսկվայի հետ բանակցում են: Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստակամություն է հայտնել արքեպիսկոպոսությունը «իր թևի տակ առնել»: Ռուս արքեպսիկոպոսության հոգևորական և Հայֆայի համալսարանում բյուզանդական պատմության դասախոս Ալեքսանդր Զանեմոնեցը ասել է, որ «Ռուս ուղղափառ եկեղեցու հետ բանակցությունները վարվում են բավականին բարձր մակարդակով, փաստական գրագրությամբ ու բանակցությունների արձանագրություններով»:

«Պատրիարք Կիրիլի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպումներից ու գրագրությունից հետևում է, որ երաշխավորվում է արքեպիսկոպոսության ինքնիշխանության կարգավիճակը, հոգևորականների ինքնուրույն ընտրությունը և ծխերի ինքնուրույնությունը»` գրում է նա: Բայց խոսքը դեռ պաշտոնական փաստաթղթի մասին չէ, որ կարելի է քվեարկության դնել` հավելել է Ալեքսանդր Զանեմոնեցը: Այդ և այլ սցենարների քննարկմանը դեռ մի քանի ամիս է պետք: Որոշումն ընդունվելու է ձայների 2/3-ով: Զանեմոնեցը մեջբերում է Իոան արքեպիսկոպոսի խոսքերը` «արքեպիսկոպոսությունը պետք է վերադառնա իր ակունքներին»: Այդ որոշումը նախկին էկզարխատում ոչ բոլորի սրտով է: Նիցցայի ուղաղփառ համայնքի ավագ Ալեքսեյ Օբոլենսկին կտրականապես դեմ է Ռուս ուղղափառ եկեղեցուն միանալուն: «Մոսկվան մեզնից խլել է Սուրբ Նիկոլայի տաճարը: Հիմա փորձում է վերցնել սուրբ Նիկոլայի ու Ալեքսանդրի տաճարը, գերեզմանատունը: Մենք նրանց հետ դատական վեճի մեջ ենք: Պարզապես չենք կարող նրանց ենթակայության տակ անցնել»` ասել է նա: Ռուս արքեպիսկոպոսության հրապարակախոս Դանիել Ստրուվեն հիշեցնում է, որ եպիսկոպոսությունը միշտ եղել է Ֆրանսիայում տեղական, անկախ եկեղեցու կազմավորման կողմնակից, որտեղ կմիավորվեն տարբեր ազգություններ: Արևմտյան Եվրոպայում ռուսական համայնքների պատմության մեջ արդեն եղել է շրջան, երբ նրանք պաշտոնապես անկախ են եղել որևէ պատրիարքությունից (երբ 1965-ին Կոստանդնուպոլիսը Մոսկվայի ճնշման տակ լուծարեց ռուսական էկզարխատը): Բայց Դանիել Ստրուվեն հիշեցնում է, որ նախկին հնարավորություններն արդեն չկան` Փարիզի դիրքերն ուղղափառ աշխարհում թուլացել են: Նա վստահ է, որ Ռուս ուղղափառ եկեղեցու կազմում Փարիզի արքեպիսկոպոսությունը չի կարողանա անկախությունը պահպանել:
RFI


Հ.Գ. Ինքնին հասկանալի է, որ Ուկրաինայի ուղղափառ ավտոկեֆալ եկեղեցու ստեղծումից հետո Ռուս ուղղափառ եկեղեցին ոչ մի հնարավորություն բաց չի թողնի Փարիզի արքեպիսկոպոսությունը իր կազմի մեջ ներառելու ու որոշ ժամանակից անկախությունից զրկելու համար: Դա բոլոր մեծ կառույցների տրամաբանական ընթացքն է` փոքրերին ինքնուրույնությունից զրկելը` ինչն արդեն անում է Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը: Փաստացի` ամբողջ աշխարհում բուռն շարժում է ծավալվում եկեղեցու դեմ, եկեղեցու ներսում ու եկեղեցիների միջև: Եվ` որքան էլ տարօրինակ է, այդ շարժումը կապ չունի հավատի հետ, զուտ քաղաքական է` ազդեցության ոլորտների սահմանափակման կամ ընդլայնման, կապիտալի վերաբաշխման համար: Նույնը կատարվում է նաև Հայաստանում` պետությունը փորձում է եկեղեցին ենթարկել իրեն` զրկելով ֆինանսական անկախությունից և իբրև միջոց օգտագործվում են Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռները: Մասնավորապես` Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը հրավիրվում է Երևան և մեծագույն հաճույքով ներքաշվում այդ իրադարձությունների մեջ: Տարօրինակ է` երբ Հանրային հեռուստաընկերությունը Արամ առաջինի հետ ծավալուն հարցազրույց է կազմակերպում ու նրան առաջադրում հարցեր, որոնց պատասխանելու իրավունքն ունի միայն Ամենայն հայոց կաթողիկոսը: Սա հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները շատ խորքային խնդիրների են վերաբերվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2696

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ