Հարավ-Չինական ծով
Հարավ-Չինական ծովը հայտնվել է ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև թափ հավաքող առևտրական պատերազմի կենտրոնում: Առայժմ կոնֆլիկտը կտրուկ հայտարարությունների ու մաքսատուրքերի փոխանակման, առևտրական սահմանափակումների մակարդակում է: Վերջերս ԱՄՆ-ը ու Կանադան սրեցին կոնֆլիկտը` ձերբակալելով չինական Huawei տեխնոլոգիական ընկերության տնօրենին, Չինաստանը պատասխանեց Կանադայի ու ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ հակաքայլերով: Առայժմ ԱՄՆ-ը ու Պեկինը հստակ կապ չեն սահմանել առևտրական պատերազմի ու Հարավ-չինական ծովում վեճերի միջև: Սակայն երկու երկրների հարաբերությունները շարունակում են վատանալ, մեկնումեկը կարող է դուրս գալ խոսքով սպառնալիքների, մաքսատուրքերի ու իրավական փաստաթղթերի մակարդակից: Եթե Չինաստանն ու ԱՄՆ-ը եզրակացնեն, որ իրենց առևտրական հարաբերությունները (որ վերջին երկու տասնամյակների գլոբալ տնտեսական աճի հիմքում են) լուրջ ռիսկի են ենթարկվում կամ կոնֆլիկտն անխուսափելի է, մեկնումեկը կորոշի ՙձեռնոցները հանել» Հարավ-Չինական ծովում:
Ուկրաինա
Աշխարհն Ուկրաինային հիշեց, երբ Կերչի նեղուցի միջադեպը վերաճեց ուկրաինական 2 ռազմանավերի վրա գրոհի ու կալանման: Անկախ, թե ով էր սադրել միջադեպը` Ռուսաստա՞նը, թե՞ Ուկրաինան (երկու կառավարություններն էլ որոշակի դեր խաղացել են), ուկրաինական նավերի կալանումը սրեց լարումը ճգնաժամի մեջ, որ վերջին 2 տարում թուլացել էր: Ռազմական դրություն մտցնելու` Ուկրաինայի կառավարության հայտարարությունը վկայում է հուզումների հավանականություն Ուկրաինայում: Ռուսաստանը այնքան էլ շահագրգռված չէ ստատուս քվոն խախտել Ուկրաինայի ընտրությունների նախօրեին, իսկ Ուկրաինայի կառավարությունը հնարավորություն չունի իրավիճակ փոխել: Առաջիկա ընտրությունները, թերևս, չեն փոխի ուժերի ելակետային համամասնությունը, սակայն կարող են ներմուծել անորոշության տարր: Հաշվի առնելով ՌԴ-ի ու ԱՄՆ-ի շարունակվող տարաձայնությունները, նույնիսկ ոչ էական փոփոխությունը սպառնալիք է վերջին մի քանի տարիների երերուն հավասարակշռությանը, որից Արևելյան Եվրոպան կարող է ընկղմվել քաոսի մեջ:
Պարսից ծոց
Մերձավոր Արևելքում շարունակվող քաղաքական ու ռազմական ճգնաժամը արդեն սովորական է դարձել: Տնտեսական ճնշումն Իրանի վրա աճում է, ԱՄՆ-ը առավել ագրեսիվ միջոցների է դիմում առևտուրը սահմանափակելու համար: Սաուդյան Արաբիայի պատերազմը Եմենի հետ տեսանելի ապագայում հազիվ ավարտվի, թեպետ Սիրիայում քաղաքացիական պատերազմը կարծես ավարտվում է, և ԱՄՆ-ը, և ՌԴ-ն շարունակում են օգնել իրենց գործընկերներին, բայց այս կոնֆլիկտը ամեն պահ կարող է նոր ուժով բռնկվել: Քաղաքական անկարգություններն Իրանում կարող են ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը` Իրանի իշխանություններին մղելով ագրեսիվ քայլերի կամ ԻԻՀ-ն մատչելի թիրախ դարձնելով թշնամիների առաջ: Լարվածությունը քրդերի, թուրքերի, սիրիացիների ու իրաքցիների միջև ցանկացած պահի կարող է վերածվել բաց կոնֆլիկտի: Սաուդյան Արաբիայի անկանխատեսելի արքայազնը մշտապես ցույց է տալիս ռիսկերի հակվածություն, թեպետ ավելի ու ավելի բարձր են դառնում շշուկները, որ թագավորությունն այնքան էլ կայուն պետություն չէ: Հաշվի առնելով այս տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը, ցանկացած անկայունություն կարող է վերածվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու նույնիսկ Չինաստանի կոնֆլիկտի:
Կորեական թերակղզի
Վերջին մեկ տարում լարվածությունը Կորեական թերակղզում էականորեն նվազել է: Կիմ Չեն Ինը ի ցույց դրեց նոր դիրքորոշում միջուկային ու հրթիռային փորձարկումների հարցում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխեց տոնը Հյուսիսային Կորեայի առնչությամբ: Հիմա խաղաղության հավանականությունը շատ ավելի մեծ է քան երբևէ` սկսած 1990-ականներից: Սակայն բազում վտանգներ մնում են: ԱՄՆ նախագահը խաղասեղանին է դրել իր հեղինակությունը` հայտարարելով Հյուսիսային Կորեայի հետ համաձայնության մասին, բայց ամենակարևոր կետերում Հյուսիսային Կորեան չի նահանջել ու նույնիսկ արագությունը չի նվազեցրել` շարունակում է իր միջուկային զենքն ու բալիստիկ հրթիռները ստեղծել: Թրամփի խորհրդականները դա գիտեն ու այդ արմատական հակասությունը նրանց շատ է անհանգստացնում: Եթե Թրամփը նեղանա Կիմից, եթե աշխատակազմից ինչ-որ մեկը փորձի համաձայնությունը քանդել, եթե Կիմը նեղանա Թրամփից, Վաշինգտոնի ու Փխենյանի հարաբարերությունները շատ արագ կվատանան: Ավելին` Չինաստանն ու Ճապոնիան համաձայն չեն Հարավային ու Հյուսիսային Կորեաների հաշտեցումի հետ: Նրանց հոռետեսությունը այլ պատճառներ ունի: Իրավիճակը Հյուսիսային Կորեայում մնում շատ ավելի վտանգավոր, քան լավատեսներն են իրենց ներշնչում:
Անկանախատեսելիություն
ԱՄՆ-ի Ռազմական քոլեջում աշխատող մի գնդապետ ասել է. «ԱՄՆ-ը բոլոր կոնֆլիկտների վերաբերյալ կանխատեսումներում սխալվել է` սկսած Կորեական պատերազմից: Ինչու՞ ենք մենք կարծում, որ երրորդ համաշխարհային պատերազմի դեպքում այդպես չի լինի»: Մեծ տերությունները իրենց դիվանագիտական, ռազմական ու քաղաքական ռեսուսները ծախսում են այն կոնֆլիկտների վրա, որ համարում են առավել լուրջ, որոնց հետ բախվում են կամ կարող են բախվել: Իրենց տեսակետից նվազ կարևոր կոնֆլիկտներին նրանք քիչ ուշադրություն են դարձնում, բայց այդ կոնֆլիկտները կարող են լուրջ առճակատման վերածվել` նախքան որևէ մեկը կնկատի, թե ինչ է կատարվում: Կործանարար կոնֆլիկտ կարող է սկսվել Մերձբալթիկայում, Ադրբեջանում, Քաշմիրում ու Վենեսուելայում, և ԱՄՆ-ը, Չինաստանն ու Ռուսաստանը որևէ ուշադրություն դրան չեն դարձնում: Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել ամենաանսպասելի վայրում:
Եզրակացություններ
Աշխարհն ավելի վտանգավո՞ր է քան մեկ տարի առաջ էր: Գուցե ոչ, թեպետ Չինաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների վատացումը ապագայի համար լավ ոչինչ չի խոստանում: Պատերազմի հնարավոր օջախները կարող են ժամանակի հետ փոխվել, սակայն կոնֆլիկտի հիմքը` ԱՄՆ-ի ռազմական հեգեմոնիայի և միջազգային աշխարհակարգի անկումը, նշանակում է, որ առաջիկայում առավել վտանգավոր կլինի, քան առաջ էր:
Ռոբերտ Ֆառլի, The National Interest
Հ.Գ. Աշխարհն առավել անվտանգ կդառնա, եթե գերտերությունները դադարեցնեն կատարելագործել իրենց զենքերն ու վաճառել, բայց ոչ մի երկիր չի փակի իր շահույթի աղբյուրը` իմանալով հանդերձ, որ մահ է վաճառում: Ու` տասնյակ պետություններ հարկադրված են իրենց բյուջեների բոլոր ծախսերը կրճատել ու ռազմականն ավելացնել` անվտանգության ապահովման համար: Դե իսկ նույնիսկ պատից կախված հրացանը կյանքում գոնե մեկ անգամ կրակում է, ուր մնաց ժամանակակից զենքերը, որ կոճակի մի հպումով են իրենց գործն անում:
Ոչ մի պետության ղեկավար չի կարող հանձն առնել պատասխանատվությունը ու միակողմանի զինաթափվել` կոչ անելով մյուս պետություններին հետևել իր օրինակին: Ուստի երրորդ համաշխարհային պատերազմը երբևէ սկսվելու է ինչ-որ երկրում ու հաղթողները նոր աշխարհակարգ են սահմանելու պարտվածների համար: Եթե հաղթողներ լինեն` երրորդ համաշխարհայինը միջուկային զինանոցը կդատարկի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ