Տարեվերջյան ասուլիսում, պատասխանելով հարցին` ինչպե՞ս է Մոսկվան վերականգնելու Երևանի հետ հարաբերություններն ընտրություններից հետո, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանեց. «Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ: Ի՞նչը պիտի վերականգնենք: Մենք պետք է զարգացնենք այն, ինչ արդեն ստեղծել են Հայաստանի նախորդ ղեկավարները: Հայաստանը մեր մերձավոր դաշնակիցն է Անդրկովկասում, այդպես է ստացվել պատմականորեն: Մենք դա առաջիկայում քննարկելու ենք պարոն Փաշինյանի հետ, որ հաջորդ շաբաթ այցով գալու է Մոսկվա»: Պուտինին առաջադրված հարցն արդեն իսկ վկայում է, որ Հայաստանում հասարակության որոշակի մասը գտնում է, որ ռուս-հայկական հարաբերություններում որոշակի բարդություններ են հայտնվել: ՌԴ նախագահի պատասխանն էլ բազմիմաստ է: Նորմալ իրավիճակում իմաստ չուներ հիշատակել ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, պատմական կապերը: Ավելին` երբ Պուտինը հիշեցրեց այն, «ինչ արդեն ստեղծել են Հայաստանի նախորդ ղեկավարները», նշանակում է, որ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի հետ մտադիր է շարունակել հին քաղաքականությունը, ոչ թե նոր էջից սկսել: Որ բնութագրական է երկու ղեկավարների առաջիկա հանդիպմանը` արդեն ոչ առաջին առանձնազրույցին: Այդ պատճառով էլ աչքի է զարնում Երևանի ու Մոսկվայի շփումների անսովոր ինտենսիվությունը: Բայց Պուտինն ու Փաշինյանն առաջին անգամ են հանդիպում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որտեղ հաղթեց Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը: Շուտով Հայաստանը կունենա նոր կառավարություն և կավարտի «հեղափոխական կարգախոսների» շրջանը:
Պետք է ստեղծել արդյունավետ կառավարման մեխանիզմ նոր քաղաքական լանդշաֆտի պայմաններում, երբ պետք է կարևոր որոշումներ ընդունել, ոչ թե միայն քարեր նետել նախորդների բանջարանոցը: Մենք դա հատուկ ենք շեշտում: Հետագայում ռուս-հայկական օրակարգի ձևավորման վրա ազդելու են բազում գործոններ, որոնցից կարևորագույնը Հայաստանում ներքաղաքական կայունության պահպանումն է այն համապատկերում, որ 2018-ի դեկտեմբերի 9-ի քվեարկության արդյունքները վկայում են` Փաշինյանին համընդհանուր աջակցության մասին խոսք չկա: Ընտրություններում պարտված ուժերը կարող են արագ ուշքի գալ ու հակախաղ սկսել: Ճիշտ է հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, երբ ասում է` «որքան բարդ են կառավարության լուծելիք խնդիրները, այնքան բարդ է լինելու խուսափել քննադատական հակափաստարկներից»: Հայաստանը փոքր երկիր է, հիմքեր չկան ասելու, որ կարողացել է տնտեսության ազատականացման նախադրյալներ ստեղծել, փաստացի տեղում է մնացել հին օլիգարխիկ համակարգը: Այդ պատճառով ազգային տնտեսության խորքային նորացման Փաշինյանի հայտարարած քաղաքականությունը այս կամ այն կերպ անդրադառնալու է արտաքին քաղաքականության վրա: Ենթադրվում է կոռուպցիայի ու ոչ թափանցիկ օրենքների դեմ պայքար, ձեռներեցության ու ազատ մրցակցության զարգացման առավել բարենպաստ պայմանների ստեղծում: Դա կարող է պահանջել ԵՄ-ի նորմերի ներմուծում, որ նշված են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրում: Հետագա քայլերն այդ ուղղությամբ հանգեցնելու են նախկին տնտեսական համակարգի, հեռանկարում` նաև քաղաքական համակարգի կազմաքանդմանը:
Այդ խնդրի լուծման համար Փաշինյանին պետք են շատ նշանակալից ֆինանսական միջոցներ, որ կարող են տրամադրվել Հայաստանի «ժողովրդավարական բարեփոխումներին» ԱՄՆ-ի ու ԵՄ-ի աջակցության շրջանակներում: Բայց հազիվ թե Արևմուտքը ռեալ աջակցություն ցուցաբերի Երևանի զուտ «ժողովրդավարական փորձին» առանց Անդրկովկասում հայկական քաղաքականության գլոբալ վերանայման: Հայաստանը ներդրումների համար ամենագրավիչ երկիրը չէ: Նախևառաջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով` Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայություն, Ադրբեջանի հետ փաստական պատերազմական վիճակ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի պատճառով: Բարեփոխումների ֆինանսավորման հնարավոր աղբյուր, ավելի շուտ, մնում է Մոսկվան: Ռուսաստանը կարող է աջակցել Հայաստանին իբրև ռազմավարական դաշնակցի, որ հայտնվել է ծայրահեղ բարդ իրավիճակում: Այդ առումով մինչև այժմ Փաշինյանի բարձրաձայնած արտաքին քաղաքական հայտարարությունները` բոլորի հետ իրավահավասար ու հավասարարժեք երկխոսություն ստեղծելու մասին` շեշտադրելով «հայաստանակենտրոնությունը», հիմա ընկալվում է ընդամենը իբրև արտաքին կենտրոնների միջև մանևրելու փորձ` տարբեր վեկտորների միջև փոխզիջման նվազագույն շանսերով: Մոսկվայից առանձնանալը խարխլում է Երևանի կշիռը տարածաշրջանային հարցերում, իսկ մերձեցումը ստեղծում է ընտրության իրավիճակ: Բազում հարցեր հանգուցվում են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը միասնական դիրքորոշում ունեն: Մինչդեռ Պուտինը միակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, որ հանձն է առել միջնորդական առաքելություն` Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկխոսության հաստատման համար: Դրանով ցույց տալով, որ Ստեփանակերտի խնդիրներն իր համար երկրորդական չեն, իսկ Փաշինյանը պետք է գործի այդ ուղղությամբ չափազանց հավասարակշիռ ու զգույշ: Ուստի նրանց առաջիկա հանդիպումը խոստանում է լինել հագեցած ու հետաքրքիր: Մոսկվան խոսելու է արտաքին քաղաքականության ժառանգորդության պահպանության անհրաժեշտության մասին` Երևանին մղելով, իր իսկ շահերից ելնելով, երկու երկրների հարաբերություններում այն ներուժի իրագործմանը, որ նախկինում տարբեր պատճառներով սահմանափակված էր: Հիմա վարչապետը կարող է հենվել Ռուսաստանի վրա և ավելի համարձակ գործել ներքաղաքական բարեփոխումներն իրականացնելիս: Բայց դա կլինի, եթե Պուտինի ու Փաշինյանի հարաբերություններն առավել անկեղծ ու բաց դառնան:
Ստանիսլավ Տարասով, REGNUM
Հ.Գ. Փաստացի` Մոսկվայի ու Երևանի հարաբերություններում ոչինչ չի փոխվում` Պուտինը պահանջում է նախկին իշխանությունների քաղաքականության ժառանգորդության պահպանություն, այսինքն` Հայաստանը իր օդով, ցամաքով ու ընդերքով Ռուսաստանի ռեսուրսն է, որից ցանկացած պահին, ցանկացած ձևով անվճար կարող է օգտվել: Իբրև Հայաստանի ռազմավարական դաշնակից, ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ: Մինչև ընտրությունները ռուս փորձագետները կանխատեսում էին Փաշինյանի հնարավոր պարտությունը, հիմա խաղարկում են ընտրություններում պարտված ուժերի հակախաղը: Նրանք ճիշտ են, որ հիմքեր չկան ասելու, թե Հայաստանը կարողացել է տնտեսության ազատականացման նախադրյալներ ստեղծել, փաստացի տեղում է մնացել հին օլիգարխիկ համակարգը: Եվ նրանք շատ են վախենում, որ այդ համակարգի վերացումը հանգեցնելու է Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխության: Նրանք շատ են վախենում, որ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն ներդրումներ կանեն Հայաստանում, իսկ իրենք չեն անում, որովհետև փող չունեն: Եվ Հայաստանը հավերժորեն իր ազդեցության գոտում պահելու համար Մոսկվան ամեն ինչ անում է, որ չկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները ու չբացվի Թուրքիայի հետ սահմանը: Հնարավորն ու անհնարն անում է, որ երբեք չլուծվի Լեռնային Ղարաբաղի հարցը, որովհետև այդ պարագայում կորցնում է ոչ միայն Հայաստանին, այլև` Ադրբեջանին: Իսկ եթե կորցնում է Մոսկվան, գտնում է Արևմուտքը: Տգեղ սուտ կամ սուպերչափազանցություն է, որ Ռուսաստանը կարող է աջակցել Հայաստանին: Կխոստանա` պահանջելով հրաժարվել «հայաստանակենտրոնությունից», իսկ հետո ոչինչ չի տա: Մոսկվայից առանձնանալը ոչ թե խարխլում է Երևանի կշիռը տարածաշրջանային հարցերում ու միջազգային ասպարեզում, այլ նոր կշիռ է հաղորդում` իբրև ինքնուրույն ու ինքնիշխան պետության, որի մասին Մոսկվան լսել իսկ չի ցանկանում` համարելով ոտնձգություն իր շահի դեմ:
Իսկ այն, որ Պուտինը միակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, որ հանձն է առել միջնորդական առաքելություն` Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկխոսության համար, բացարձակապես չի նշանակում Ստեփանակերտի խնդիրներով մտահոգություն, նշանակում է ընդամենը Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների վրա խաչ քաշելու և ԵԱՀԿ Մինսկի խմբին բանակցություններից մեկուսացնելու ձգտում` հարցը տեղափոխելով Ադրբեջան-Հայաստան հարթություն` Մոսկվայի վերահսկողության տակ, որի վերջնանպատակը Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնումն է ու ՌԴ խաղաղապահների տեղակայումը սահմանին: Մոտավորապես այն` ինչ կատարվեց անցյալ դարասկզբին Նախիջևանի հետ:
Այո, Պուտինը գուցե խոսի Փաշինյանի հետ արտաքին քաղաքականության ժառանգորդության պահպանության անհրաժեշտության մասին, բայց դա բխում է ոչ թե Երևանի, այլ` Մոսկվայի շահերից: Խայծը, թե Նիկոլ Փաշինյանը կարող է հենվել Ռուսաստանի վրա և ավելի համարձակ գործել ներքաղաքական բարեփոխումներն իրականացնելիս, ընդամենը որոգայթ է, եթե հաշվի առնենք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Մոսկվան աշխատում է Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտի հետ, այսինքն` իշխանության հետ հարցերը կլուծի Պուտինը, խորհրդարանական ընդդիմության հետ` Լավրովը: Հարկ եղած պահին` Փաշինյանին հնազանդեցնելու համար ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն տեղական նշանակության հեղափոխություն կսարքեն, որ չխաթարվի Մոսկվայի պատկերացրած «ներքաղաքական կայունությունը»: Այսինքն` նախկին իշխանության քաղաքականության ժառանգորդությունից ոչ մի քայլ այս կամ այն կողմ: Նիկոլ Փաշինյանին մնում է մի հեղափոխություն էլ Ռուսաստանում անել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ