2018-ի արդյունքները դիվանագիտական կորպուսի համար ամփոփելիս` Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հեռանկարների վերաբերյալ բոլորին ապշեցրեց իր, ճիշտ է` ինչպես միշտ, սահմանափակ անկեղծությամբ: «Միլանում իմ հայ գործընկերոջ հետ առաջին անգամ երկար ժամանակի մեջ փոխըմբռնման ենք հասել: Ժամանակի մեծ մասը ես նվիրել եմ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման ճանապարհների որոնմանը: Դա կլինի հաջորդ տարվա գլխավոր խնդիրը»` ասաց Մամեդյարովը: Նրա խոսքով` ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ 2019-ի հունվարին նախատեսված հանդիպման ժամանակ «մենք քննարկելու ենք կոնֆլիկտի կարգավորման ճանապարհները», Բաքուն «խաղաղ կարգավորման կողմնակից է»: Մամեդյարովն այն մարդը չէ, որ խոսքերը քամուն տա: Այդ պատճառով առաջին եզրակացությունը ինքնին է ծնվում: Երեք հանդիպումների արդյունքներով, որ տևել են համարյա 10 ժամ, Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները հասել են որոշակի համաձայնության համաձայնագրի նախագծի շուրջ, որի մանրամասները չեն հրապարակվում: Ավելին` հնարավոր ճեղքումի մասին խոսեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, չբացահայտելով իր լավատեսության պատճառները: Բաքուն նաև ոչ ստանդարտ քայլ արեց` որոշում ընդունեց, որ Հայաստանին սահմանակցող Ղազախի ու Աղստաֆայի շրջաններում (երկու շրջաններից բացի` Հայաստանին սահմանակից են Թովուզի, Քեդաբեյի, Դաշքեսանի շրջանները) սահմանը կվերահսկեն սահմանապահները: Ճիշտ է` հայկական կողմը, հավանաբար մտածելով` մրից դուրս ենք գալիս, մրջուրն ենք ընկնում, որոշեց, որ Բաքուն պարզապես վերադիրքավորում է ուժերը` կենտրոնացնելով ղարաբաղյան ուղղությամբ, «հասկացնում է, որ մտադիր չէ ռազմական գործողություններ ծավալել Հայաստանի տարածքում, որպեսզի կոնֆլիկտի մեջ չներգրավի ՀԱՊԿ երկրներին»: Բայց այսօրինակ դատողությունները պարզունակ են: Ռուս բազմաթիվ փորձագետներ վստահ են, որ սահմանի պահպանությունը միակողմանի սահմանապահներին հանձնելը կամ անդրկուլիսյան պայմանավորվածությունների արդյունք է Երևանի հետ` համատեղ սահմանի մի հատվածում լարվածությունը հանելու նպատակով, կամ` ռազմավարական մարտահրավեր: Հայաաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ մայոր Լևոն Ստեփանյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին հարցազրույցում ասաց, որ չի բացառում «մեծ քաղաքականություն խաղալը»: Շատ հնարավոր է, որ Բաքուն արել է առաջին քայլը: Ռուս փորձագետները գտնում են, որ Բաքու-Երևան հետագա երկխոսության ընթացքում ադրբեջանական կողմը մտադիր է պայմանավորվել իր սահմանապահներին տեղակայելու Իրանի ու Լեռնային Ղարաբաղի միջև: Պատահական չէ, որ հայ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը Ադրբեջանին 5 շրջան հանձնելու հնարավորության մասին, մատնանշում է «Արցախի հարավային շրջանները»:
Այստեղից երկրորդ եզրակացությունն է ծնվում: Բաքվին հաջողվել է կոնֆլիկտի կարգավորման նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը և տանել իր պայմաններով: Բաքուն, համենայն դեպս հրապարակային մակարդակում, անում է քայլեր, որոնց Երևանը պատրաստ չէ: Եվ դա, իրոք, տարօրինակ է: Փողոցային բողոքների ալիքի վրա իշխանության գալուց մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր իշխանության լեգիտիմացումը` Նիկոլ Փաշինյանը ուներ կես տարի: Ի՞նչ է արել այդ ընթացքում: The Washington Post-ը գրում է, որ «Փաշինյանը մտադրություն ցուցադրեց գործողություններ ձեռնարկել հանրապետությունում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, համակարգային հակակոռուպցիոն արշավ ծավալեց` ուղղված կառավարման համակարգի մաքրմանը», և այլն, և այլն: Բայց նա չհրաժարվեց ղարաբաղյան ուղղությամբ գաղտնի դիվանագիտության հնարքներից, խառնաշփոթ ստեղծեց հակասակական ու բացահայտ պոպուլիստական հայտարարություններով: Երբ Փաշինյանը խոսեց Ստեփանակերտի մասին` իբրև կոնֆլիկտի կողմի, այն ժամանակ շատերին թվաց, որ դա կդառնա բանակցությունների վերսկսման Երևանի գլխավոր պայմանը: Չդարձավ: Բանակցությունները վարվում են նախկին ձևաչափով: Այդ պատճառով, երբ Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հայտարարում է մի կողմից «կարգավորման գործընթացում դինամիկայի պահպանման կարևորության մասին», մյուս կողմից` «բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտության մասին` Արցախի Հանրապետության մասնակցությամբ», լավ հասկանում է, որ աշխատում է սխեմայի միայն առաջին մասը, որտեղ անսովոր դինամիկա է: Այլ է միայն արտաքին ֆոնը: Փաշինյանը հայտարարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու ցանկության մասին և ցուցադրում է Արևմուտքի երկրների հետ համագործակցությունը ընդլայնելու մտադրություններ: Այդպիսով ցանկանալով կառուցել Հայաստանի համար նոր իրականություն, երբ Հայաստանի շուրջ նոր աշխարհաքաղաքական իրողություններ են ձևավորվում: Սակայն այս ընթացքում կատարվում են բազում անմտած քայլեր, լարվածություն է ստեղծվում Մոսկվայի և ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ որոշ երկրների հետ հարաբերություններում, բացահայտորեն անհոդաբաշխ երկխոսություն է Արևմուտքի հետ: Միակ ճեղքումն արտաքին քաղաքականության մեջ երևում է ղարաբաղյան ուղղությամբ, բայց դա էլ Ադրբեջանի մեկնաբանությամբ: Ձևավորվում է կայուն զգացողություն, որ միայն այդ պլացդարմի վրա է Փաշինյանը տեսնում նոր ու ուժեղ ազդակ Արևմուտքի հետաքրքրությունը գործնական հարթություն տեղափոխելու համար, առաջին հերթին նկատի ունենալով, իհարկե, արտասահմանյան ներդրումների ներգրավումը Հայաստան: Այստեղից ծնվում է երրորդ եզրակացությունը: Ղարաբաղյան ուղղությամբ Երևանը ներգրավվում է իրադարձությունների անկանխատեսելի զարգացումների սցենարի մեջ, երբ գաղտնի դիվանագիտության մեջ ձևավորվում են հանրապետության ինչ-որ նոր ազգային շահեր, բայց դժվար է որոշել` որտե՞ղ է մարտավարությունը, որտե՞ղ` կարճաժամկետ շահը: Դա տեսնում են Ռուսաստանում` հետևելով Հայաստանի պատմականորեն ուշացած գաղափարախոսական վարժություններին: Իսկ Ադրբեջանում ամեն ինչ հասկանում են ու փորձում են երկաթը տաք-տաք ծեծել: Բաքուն արդեն գիտի` ու՞մ հետ և ինչպե՞ս բանակցել: Ադրբեջանի իշխանություններն արդեն հասել են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման կոնկրետ նախագծի` առանց Ստեփանակերտի ու միայն Երևանի հետ երկխոսությամբ: «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը մնում է մեր գլխավոր գերակայությունը,-գրել է Նիկոլ Փաշինյանն իր Twitter-ում: -Մենք կշարունակենք խաղաղ կարգավորման գործընթացը հանուն տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության: Լուծումը պահանջում է բոլոր կողմերի անկեղծ ջանքերը»: Այդպես էլ ընդունենք առայժմ:
Ստանիսլավ Տարասով, REGNUM
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը, իհարկե, հայտարարում է, որ Հայաստանի որևէ կառավարություն Արցախի հարցում առավել թափանցիկ չի գործել, հանրահավաքներում հայտարարում է` ժողովուրդ, դուք եք որոշելու, բայց ամբողջ խնդիրն այն է, որ հակառակ կողմը որոշումներ ընդունելու համար ժողովրդի կարիք չունի: Սա այն հարցն է, որ Նիկոլ Փաշինյանի բարձր լեգիտիմությունն ուղղվում է իր դեմ: Եվ Լուկաշենկոյի թվացյալ անկապ անկեղծանալը, և Ալիևի մերթ խաղաղասիրական, մերթ ռազմաշունչ հայտարարությունները ու բացարձակ լավատեսությունը, որ 2019-ին Արցախի հարց է լուծվելու, ինչ-որ պատճառ ունեն: Դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարը մեկնելու է Մոսկվա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հաստատ անդրադարձ է լինելու ոչ միայն գազի սակագնին, այլև` Լավրովի հայտարարություններին` կենսալաբորատորիաների, Հայաստանի ընդդիմության հետ նախկին ու ներկա «աշխատանքի» ու, հարկավ, Ալիևի նպատակների մասին: Իսկ այս հրապարակման մեջ ամենատարօրինակը ռուս փորձագետների տեսակետն է, որ Բաքու-Երևան հետագա երկխոսության ընթացքում ադրբեջանական կողմը մտադիր է պայմանավորվել իր սահմանապահներին տեղակայելու Իրանի ու Լեռնային Ղարաբաղի միջև: Ու դա ևս պետք է պարզաբանվի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ