ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Թուրքիայի ու ԱՄՆ-ի զինվորականները կարող են բախվել Եփրատի ափերին

Թուրքիայի ու ԱՄՆ-ի զինվորականները կարող են բախվել Եփրատի ափերին
14.12.2018 | 12:41

ՌԴ ԱԳՆ տեղակատվության ու մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանը արձանագրել է սիրիական Իդլիբում ապառազմականացված գոտու ստեղծման Մոսկվայի ու Անկարայի պայմանավորվածության ձախողման փորձեր: Նրա խոսքով` «Ցավոք, Սիրիայի իրավիճակի զարգացման դրական միտումների ամրապնդումը, որ ապահովվել է նախևառաջ Աստանայի ձևաչափի մասնակիցների` Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի գործունեության շնորհիվ, ոչ բոլորին է բավարարում»: Նշվում են «Աստանայից նախաձեռնությունը խլելու», Իդլիբում ապառազմականացված գոտու ստեղծման ռուս-թուրքական պայմանավորվածությունների ձախողման, կարգավորման վեկտորը սեփական աշխարհաքաղաքական ծրագրերի համար խախտելու փորձեր, որ նույնիսկ չեն մոտենում սիրիացիների ցանկություններին: Աստանայի պայմանավորվածությունների համաձայն` 2017-ի սեպտեմբերից Սիրիայում գործում են ապառազմականացված 4 գոտիներ` Արևելյան Գուտայում (Դամասկոսի արվարձան), Հոմսի շրջանում (հարավ), Իդլիբի նահանգում ու հարևան Հալեպի, Լաթաքիայի, Համայի նահանգների տարածքի մի մասում: Իդլիբը գտնվում է վերահսկողության թուրքական գոտում: Որոշ տվյալներով` այնտեղ կենտրոնացած են ընդդիմության 80000 զինվորներ ու 10000 ջիհադականներ: Խոսքը ՙՋեբհատ ան Նուսրայի» ու ՙՀիզբ ատ Թուրքեստան ալ իսլամիի» մասին է: Սեպտեմբերի 17-ին Սոչիում ՌԴ ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իդլիբի իրավիճարկի կայունացման հուշագիր ստորագրեցին` 10 կետից, որի հետ համաձայն էր ոչ միայն Դամասկոսը, այլև` Թեհրանը: Հայտարարվեց հոկտեմբերի 15-ից 15−20 կմ խորությամբ նոր ապառազմականացված գոտու ստեղծման մասին, որտեղից պետք է հեռանան արմատական ահաբեկչական խմբավորումները: Այնտեղից պետք է դուրս բերվեին կոնֆլիկտի բոլոր կողմերին պատկանող ծանր զինատեսակները` տանկերը, հրանոթային կրակի ռեակտիվ համակարգերը, ականանետերը: Թուրք զինվորականները և ռուսական ռազմական ոստիկանությունը համակարգված վերահսկողություն են իրականացնելու ապառազմականացված գոտու սահմանի երկայնքով, նաև անօդաչու թռչող սարքերի օգնությամբ: Անկարան պարտավորվել է տարաբաժանել ընդդիմությանն ու ջիհադականներին և դադարեցնել ռուսական Հմեյմիմ ռազմաբազայի շուրջ սադրանքները, ուր Իդլիբից տասնյակ անօդաչուներ էին ուղարկվում: Բայց նշանակված ժամկետում նպատակը չիրագործվեց և ժամկետները երկարացվեցին: Ջիհադականները բազմիցս փորձեցին ձախողել հուշագրի իրականացումը: Հիմա էլ, ինչպես հայտարարեց ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, «սիրիական Իդլիբում ապառազմականացված գոտու ստեղծման գործընթացը ավելի բարդ է, քան թվում էր»: Նա հիշեցրեց, որ այնտեղ առաջվա պես զինյալների գրոհներ են արձանագրվում: Վաշինգտոնը Սիրիայում հատուկ ռազմավարություն է իրագործում: Մի կողմից` կարծես թե աջակցում է Թուրքիայի ու Ռուսաստանի ձգտմանը նորմալացնել իրավիճակը Իդլիբում, մյուս կողմից` փոխադրում է Դամասկոսին հակազդող ուժերին երկրի այլ շրջաններ, որ կարող է ձախողել Պուտինի ու Էրդողանի համաձայնագիրը Իդլիբի ապառազմականացված գոտու մասին: Yeni Çağ-ը գրում է, որ «Եթե Թուրքիան Սիրիայի տարածքում իր նախորդ ռազնական գործողությունների ընթացքում կարողացել է կանխել քրդական միջանցքի ստեղծումն իր սահմանների մոտ», չի կարողանում «խոչընդոտել Եփրատի արևելքում ԱՄՆ-ի աջակցությամբ քրդական խմբավորումների ուժեղացմանը»: Հիմա Անկարան սկսում է գերակա ուշադրություն դարձնել Եփրատից արևելք` գտնելով, որ «հենց Եփրատից արևելքն է Սիրիայի հյուսիսի ահաբեկչական միջանցքի ծանրության կենտրոնը»: Իդլիբը երկրորդ պլան է մղվում: Օրերս Էրդողանը հայտարարեց, որ «Թուրքիան մոտ ժամանակներում Սիրիայում կարող է գործողություն սկսել Եփրատից արևելք», ընդգծելով, որ գործողության «թիրախները ԱՄՆ զինծառայողները չեն», որ այդ տարածքում են: Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը կասկած հայտնեց, որ «ԱՄՆ-ը Իդլիբ-Մանբիջ ահաբեկչական միջանցք է ստեղծում»: Թուրքական լրատվամիջոցների տվյալներով` Եփրատից արևելք ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Սաուդյան Արաբիայի զինվորականների թիվը մեծացել է, որ վահան են դառնում ինչ-որ քրդական կառույցի: Ամերիկացիները մեծացրել են իրենց դիվանագետների թիվը Սիրիայում: Անկարան հաղորդակցվում է Մոսկվայի հետ Սիրիիային առնչվող բոլոր հարցերում, ներառյալ պատրաստվող գործողությունը: Վերջերս Թուրքիան հանդիպումներ է ունեցել այդ տարածաշրջանի արաբ ներկայացուցիչների հետ, հետախուզել է ու ստացել արաբական ցեղերի աջակցությունը: Ամերիկացիներից Թուրքիան ակնկալում էր ոչինչ չձեռնարկել: Բայց Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Ռոբերտսոնը հայտարարեց, որ «անթույլատրելի են համարում միակողմանի ռազմական գործողությունները Սիրիիայի հյուսիս-արևելքում»: Նախկինում ԱՄՆ արդեն ստեղծել է դիտակետեր սիրիա-թուրքական սահմանին` չնայած Անկարայի կոչերին` հրաժարվել դրանց կառուցումից իբր «ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի անվտանգության ապահովման նպատակով»: Բայց թուրքերը գտնում են, որ Վաշինգտոնն իր գործողություններով քողարկում է այդ շրջանում գտնվող ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին (YPG):


YPG-ին թուրքական կողմը համարում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության սիրիական թև: Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների խորհրդակցությունները Սիրիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հետ արդյունք չեն տալիս: Չի կարելի բացառել, որ Եփրատի կողմը Թուրքիայի հարձակման հետ Իդլիբում էլ սկսվեն բախումներ: Մնում է գուշակել` կբախվե՞ն թուրք զինվորականները ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցների հետ, թե՞ շրջանցելու են նրանց: Կպաշտպանի՞ ԱՄՆ-ը YPG-ին, թե՞ կհետևի նրանց ոչնչացմանը: Գուցե ինչ-որ պահի կողմերց մեկը հետ քաշվի ու ելք որոնի քաղաքական-դիվանագիտական ճանապարհներով: Կսպասենք:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Ոչ թե Թուրքիան պիտի մաքրի Եփրատի ափերը ահաբեկիչներից, այլ` Սիրիան իր տարածքներն ազատագրի ջիհադականներից: Հարցի ճիշտ լուծումը դա է, որովհետև Անկարան բացահայտորեն այդ տարածքներում հաստատվելու միտում ունի, ինչպես նույն ցանկությունն ունեն կոնֆլիկտին միջամտող բոլոր պետությունները: Ռուսաստանը Հմեյմիմ ռազմաբազայով ու Լաթաքիայում հաստատվելով` ապահովում է իր ելքը Միջերկրական ծով: ԱՄՆ-ը ու դաշնակիցները հաստատվել են Սիրիայի այն հատվածներում, որտեղով անցնում են կամ պիտի անցնեն նավթագազային ճանապարհները: Արաբական աշխարհը նույն նպատակն ունի, որ չկորցնի սիրիական բնական պաշարների շահագործման մեջ իր մասնաբաժինը` նպաստելով տնտեսության վերականգնմանը: ԱՄՆ-Թուրքիա բախումը Եփրատի ափերին չափազանց վտանգավոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում: Ամենայն հավանականությամբ` Էրդողանի հայտարարությունը զոնդաժ էր` զսպելու քրդերին ԱՄՆ-ի աջակցության ծավալները և հետագայում Սիրիայի տարածքում քրդական ինքնավարության ստեղծումը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3431

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ