ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Թերեզա Մեյը հրաժարական չի տա, բայց բրեկզիտը հարցականի տակ է

Թերեզա Մեյը հրաժարական չի տա, բայց բրեկզիտը հարցականի տակ է
13.12.2018 | 13:33

Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Թերեզա Մեյի հակառակորդները նրա Պահպանողական կուսակցությունից հավաքել եմ 48 գրավոր հայտարարություն, որ անհրաժեշտ է կուսակցության նախագահին անվստահության հայտարարման քվեարկության համար: Համայնքների պալատի պահպանողական 315 պատգամավորներ քվեարկելու են Գրինվիչի ժամանակով 18:00- 20:00-ը: Եթե խմբակցության պարզ մեծամասնությունը դեմ լինի, Մեյը ստիպված է հեռանալ կուսակցության նախագահի ու վարչապետի պաշտոններից: Քվեարկությունը հնարավոր դարձավ, երբ 48 պահպանողականներ (պատգամավորների ընդհանուր թվի 15%-ը) նամակներ գրեցին, որ այլևս չեն վստահում կուսակցության նախագահին: Թերեզա Մեյը, որ վարչապետ դարձավ 2016-ին, երբ Մեծ Բրիտանիան նոր էր քվեարկել հօգուտ բրեկզիտի, բախվեց կտրուկ ներկուսակցական քննադատության ԵՄ-ից դուրս գալու իր առաջարկած համաձայնագր պայմանների համար: «Պահպանողական կուսակցության նախագահի փոփոխությունը վտանգի տակ է դնում մեր երկրի ապագան և անորոշություն է ստեղծում այն պահին, երբ մենք չենք կարող դա մեզ թույլ տալ»` հայտարարել է Թերեզա Մեյը: Նրա խոսքով` նոր վարչապետի նշանակումը կհանգեցնի բրեկզիտի հետաձգմանը կամ ընդհանրապես բրեկզիտից հրաժարվելուն:


BBC-ի քաղաքական խմբագիր Լորա Կունսբերգը նկատում է, որ հենց բրեկզիտի հետաձգումն է Մեյին աջակցող կողմնակիցների գլխավոր փաստարկը: Քվեարկության արդյունքները հայտնի կդառնան ավարտից մեկ ժամ անց: Եթե Թերեզա Մեյին աջակցի մեծամասնությունը, դա նրա ղեկավարությունն անվտանգ կդարձնի մեկ տարի: Վերջին շաբաթներին, վերլուծաբանների հաշվարկներով, Մեյը սեփական կուսակցությունում լիուլի կողմնակիցներ ուներ, սակայն նրանց տրամադրություններն արագ են փոխվում` սկզբում անվստահության կողմնակիցները չէին կարողանում 48 ստորագրություն հավաքել: Քվեարկության ժամանակ Մեյի պարտության դեպքում կանցկացվի կուսակցության նոր նախագահի ընտրություն, որին Մեյը մասնակցել չի կարող: Հավանական է, որ նվազագույն ձայներով հաղթանակի դեպքում Թերեզա Մեյը կարող է վայր դնել կուսակցության նախագահի լիազորությունները կամավոր: Համայնքների պալատում պահպանողականները մեծամասնություն են (650-ից` 315-ը) և կուսակցության նոր նախագահը կստանա վարչապետի պոստը:


BBC-ի –ի մեկնաբան Յուրի Վենդիկի կարծիքով` այն պահից, երբ Թերեզա Մեյը նոյեմբերի կեսերին պատգամավորներին ներկայացրեց Բրյուսելի հետ համաձայնեցրած նախագիծը, պարզ դարձավ, որ առաջիկա շաբաթներին Մեյին սպասում են երկու կամ երեք քաղաքական մենամարտեր, որոնցից յուրաքանչյուրում պարտությունը վարչապետի պաշտոն արժի` ԵՄ-ի հետ համաձայնագրի նախագծի քվեարկությունը, անվստահության քվեարկությունը Պահպանողական կուսակցությունում և կառավարությանն անվստահության քվեարկությունը խորհրդարանում:
Առաջին մարտը Մեյը հետաձգեց` ԵՄ-ի հետ համաձայնագրի քվեարկությունը դեկտեմբերի 11-ից անորոշ ժամկետի տեղափոխելով` նկատի ունենալով երաշխավորված պարտությունը` փոխզիջումային նախագիծը չընդունեցին ոչ ընդդիմությունը, ոչ ԵՄ կոշտ քննադատները Պահպանողական կուսակցությունում: Երկրորդ մարտից խուսափել չհաջողվեց` չորեքշաբթի երեկոյան Համայնքների պալատի պահպանողական պատգամավորները կպարզեն` ցանկանու՞մ է մեծամասնությունը Մեյի հեռանալը, թե՞ ոչ: Վերջին շաբաթներին բրիտանացի քաղաքական մեկնաբանները կրկնում էին, որ եթե նույնիսկ Մեյը նվազագույն առավելություն ունենա, ստիպված կլինի հեռանալ: Չորեքշաբթի առավոտյան Թերեզա Մեյը ելույթ ունեցավ բրեկզիտի ոգով` դա իմ խաչն է, մի խանգարեք առաջ գնալ: Մեյը հայտարարեց, որ հիմա վարչապետ փոխելու ժամանակը չէ, երբ բրեկզիտի գործընթացը ցեյտնոտում է հայտնվել և նոր վարչապետը, ում կհաջողվի նշանակել միայն հունվարին, ստիպված կլինի հետաձգել Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալը` դրանով «հետաձգելով կամ նույնիսկ կասեցնելով բրեկզիտը»: Չի բացառվում, որ Մեյը հարկադրված լինի ինքն անել դա, եթե մնա վարչապետ: ԵՄ-ի հետ համաձայնագրի քվեարկությունը հետաձգված է, բայց բեկանված չէ, Համայնքների պալատի պատգամավորների մեծ մասը դեմ է նախագծին, բայց ԵՄ-ն անդրդվելի է նրանց նկրտումների առաջ և պնդում է, որ ավելին չի կարող Բրիտանիային առաջարկել:


Համայնքների պալատում կառավարությանն անվստահություն հայտնվելու քվեարկության վերաբերյալ գլխավոր ընդդիմադիրը` Լեյբորիստական կուսակցությունն ասում է, որ պատրաստ է նախաձեռնել քվեարկությունը, բայց ուզում է առավել հարմար պահի սպասել:
BBC


Հ.Գ. Երեկ Համայնքների պալատում Պահպանողական կուսակցության պատգամավորները ձայների մեծամասնությամբ վստահություն հայտնեցին Թերեզա Մեյին` կողմ էր 200-ը, դեմ՝ 117-ը: Քվեարկությունը գաղտնի էր: Մեյը մնում Է Պահպանողական կուսակցության նախագահ ու պահպանում Է վարչապետի պաշտոնը: Այժմ մեկ տարի ոչ ոք չի կարող Մեյին՝ որպես կուսակցության նախագահի անվստահություն հայտնելու քվեարկություն նախաձեռնել: «Ես շնորհակալ եմ պաշտպանության համար, սակայն զգալի թվով գործընկերներ քվեարկեցին իմ դեմ, եւ ես լսում եմ նրանց»,- հայտարարեց Մեյը քվեարկությունից հետո՝ հավելելով, որ մտադիր Է շարունակել աշխատանքը: Վստահության հարցով պահպանողականների քվեարկությունից առաջ Թերեզա Մեյն ասել էր, որ վարչապետի պաշտոնից կհեռանա նախքան ընդհանուր ընտրությունները, որ նշանակված են 2022-ին: Քաղաքական գործիչները եւ դիտորդները տարբեր գնահատականեր են տվել ձայների բաշխմանը: BBC-ի քաղաքականության բաժնի խմբագիր Լորա Քունսբերգի կարծիքով՝ այդ արդյունքները, միևնույն Է, վնասում են Մեյի հեղինակությանը. խորհրդարանում նրա գործընկերների 37 տոկոսը կարծում Է, որ նա պետք Է հեռանա:

Խորհրդարանական Ջեյկոբ Ռիզ Մոգը, որ եղել Է պատգամավորների քվեարկությունը նախաձեռնողներից, հայտարարել Է, որ Մեյի ստացած քվեների քանակը սարսափելի արդյունք է, և նրան պաշտոնաթող լինելու կոչ Է արել: Շոտլանդիայի գործերի նախարար Դևիդ Մանդելը համոզիչ Է համարել Մեյի հաղթանակը, իսկ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը հայտարարել Է, որ քվեարկության արդյունքը սաստիկ հարված հասցրեց Մեյի հեղինակությանը: Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը նշել Է, որ բրեկզիտի պայմանավորվածության վերաբերյալ իրադրությունը չի փոխվել, Մեյին հարկ կլինի վերստին Համայնքների պալատի քվեարկությանը դնել իր ահավոր, ինչպես ինքն Է արտահայտվել, պայմանագիրը Եվրամիության հետ: «Թերեզա Մեյն արդեն չունի խորհրդարանի պատգամավորների մեծամասնության աջակցությունը, նրա կառավարության շարքերում քաոս Է տիրում, նա ի վիճակի չԷ այնպիսի համաձայնության հասնել Brexit-ի շուրջ, որը կհամապատասխաներ ամբողջ երկրի շահերին»,- ասել Է Քորբինը:
Փաստացի` մեկ տարի անփոփոխ վարչապետական իմունիտետ ստացած Թերեզա Մեյի գլխավոր փորձությունը դեռ առջևում է` կքվեարկի՞ Համայնքների պալատը հօգուտ բրեկզիտի` Բրյուսելի հետ համաձայանեցրած պայմանագրի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2322

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ