ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Բլեֆներ եզրագծում

Բլեֆներ եզրագծում
07.12.2018 | 11:11

Նախընտրական շրջանում իրադարձությունները զարգանում են արագ, իրավիճակները փոփոխվում են արագ: Վիճակը չի փոխվում: Դեկտեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերությունը կազմակերպեց ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ղեկավարների հեռուստաբանավեճը, երեկ արդեն ամբողջ քաղաքը, գուցե նաև երկիրը, ցիտատ առ ցիտատ պատմում էր բանավեճը` իր ընկալումով: Բացարձակ չեմպիոնը Գագիկ Ծառուկյանն էր` Էդմոն Մարուքյանին ուղղված «կլասիկ ջանով»: Ու դա նաև ցուցիչ է: Քաղաքական մեկնաբանները պատմական են անվանում հեռուստաբանավեճը ու թվարկում հիմնավորումները` պատմական միջավայր, ազատ մրցակցություն, ընտրական մշակույթի հաստատում, աննախադեպ հավասար հնարավորություններ բոլորին… Բլեֆ է: Ցանկացած բանավեճ կարևոր է արդյունքի տեսակետից: Եթե Հայաստանում հաստատվում է քաղաքական նոր մշակույթ` հանրային բանավեճի, երկրորդ քայլը պետք է լիներ բանավեճի հաղթողին կամ հաղթողներին անվանելը` դա ևս քաղաքական մշակույթի մաս է: Որևէ նման հայտարարություն չկա: Կամ` մշակույթը չկա, կամ` հաղթողներ չկան:


Իսկ հաղթողներ իսկապես չկան, թեպետ թեմաներն ընտրված էին գերազանց, բայց գերկարճ ժամանակ էր տրված հոդաբաշխ խոսք ձևակերպելու համար: Եվ ստացվեց, որ մենք մի քանի ժամ` համարյա երեքուկես, լսեցինք անգիր արված ձևակերպումներ, ականատես ու ականջալուր եղանք անհեթեթ լեզվակռվի Նիկոլ Փաշինյանի ու Վիգեն Սարգսյանի միջև, և չլսեցինք ու չիմացանք ավելին` քան ասել էին ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը մինչև բանավեճը: Մինչդեռ` քաղաքական մշակույթը սահմանում է, որ ընտրություններին նախօրեին առաջին դեմքերի բանավեճը եզրագիծ է, որի հաղթողները ընտրությունների հաղթողներն են:


Բանավեճն ընդամենը ապացուցեց, որ քաղաքական ուժերը ոչ թե ծրագրերից խոսեցին, այլ դիմեցին ինքնագովազդի նույն տարբերակին, որ իշխում էր ընտրարշավում` ուժերի հարաբերությունը պարզել միմյանց հաշվին: Ու առանձին մենամարտերի զուգորդումը չդարձավ ընտրողի համար ամբողջական խոսակցություն, հենց այդ պատճառով էլ թևավոր խոսքերի ընտրելը ու տարածելը մնաց ընտրողին: Ուրեմն ինչի՞ համար էր բանավեճը ու ինչի՞ շուրջ:


Իսկ երեկ արդեն նոր սենսացիաներ եկան նախորդ «աննախադեպը» ծածկելու`
արդեն Սանկտ Պետերբուրգից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը 50-երորդական է` «թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը»: Եվ դա մի քանի ամիս տարփողելուց հետո, որ Հայաստանը չի զիջի իր օրինական իրավունքը: 2-3 օր Հայաստանը քննարկում էր` ո՞վ է ճիշտ ասում` Նիկոլ Փաշինյանը, որ Պուտինն է իրեն առաջարկել ՀԱՊԿ գագաթաժողովը հետաձգել, թե՞ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, որ Նիկոլ Փաշինյանն է առաջարկել հետաձգել: Հիմա էլ առաջարկվում է նոր ռեբուս` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է դառնալու Բելառուսի ներկայացուցիչը ու ռուս լրագրողներին բացատրում է. «Մենք, քիչ էր մնում, ՀԱՊԿ-ի անսպասելի նիստ անցկացնեինք։ Եվ, կարելի է ասել, լուծեցինք գլխավոր քարտուղարի նշանակման հարցը»: «БелТА» գործակալությունը վկայում է` Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը։ «Այնպես, ինչպես ժամանակին ասում էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Բայց մենք պայմանավորվել ենք համակարգային ու սխեմատիկ՝ ինչպես է տեղի ունենալու այդ նշանակումը՝ անհատական հարցազրույց ՀԱՊԿ-ում յուրաքանչյուր ղեկավարի հետ ու նրանք ստորագրելու են այդ որոշումը»: Փաստացի` Լուկաշենկոն գիտի, որ բոլորը ստորագրելու են հօգուտ Բելառուսի թեկնածուի:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը «Sputnik Արմենիա»-ին ասում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ դեռ։ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»: Հիմա ո՞վ է ստում, կամ` ո՞վ է անտեղյակ: Կամ` ո՞վ է ապակողմնորոշում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այսքանից հետո Նիկոլ Փաշինյանին մնում էր Սանկտ Պետերբուրգից «մխիթարել». «Այդ պաշտոնը մեծ հաշվով ընդամենը առիթ է, որպեսզի խոսենք կազմակերպության անդամ պետությունների փոխադարձ պարտավորությունների հետ կապված գոյություն ունեցող խնդիրների մասին: Մենք ուզում ենք ստանալ հստակ պատասխաններ: Որևէ մեկը մեզ չի կարող մեղադրել մեր դաշնակցային պարտավորությունները որևէ կետում չկատարելու մեջ: Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ապացուցել է հավատարիմ դաշնակից լինելու փաստը: Ցավոք, սա չենք կարող ասել ՀԱՊԿ մեր բոլոր գործընկերների մասին, ուստի ասում ենք` եկեք պարզենք մեր հարաբերությունները՝ մենք դաշնակիցնե՞ր ենք, թե` ոչ, եթե դաշնակիցներ ենք, ապա պետք է կատարենք մեր բոլոր պարտավորությունները, բայց մեզ համար հասկանալի չեն այն գործողությունները, որոնք իրենց էությամբ հակասում են այդ պարտավորություններին: Պետք է իմանանք՝ ում վրա կարող ենք հույս դնել, ում վրա` ոչ: Համոզված եմ, որ ՀԱՊԿ-ն կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը: Հիմա հարց` ՀԱՊԿ-ն իր այդ գործիքը պատրաստվո՞ւմ է կիրառել, թե` ոչ: Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է: Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է: Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն»:
Ու չգիտես` իսկապե՞ս այդքան միամիտ է ՀՀ նախկին ու ապագա վարչապետը, թե՞ այլ ելք պարզապես չի մնացել: Իսկ վերլուծաբաններին մնում է խորիմաստ` խորքային, հոգեբանական, նյարդահոգեբանական, պատմական ու աննախադեպ բացատրություններ գտնել, թե ինչու է այսպես ստացվում: Չվերլուծաբանները պարտավոր չեն նրանց հավատալ, կարող են սեփական կարծիք ունենալ: Առավելևս նրանք, որ հոգնել են բոլորեքյան բլեֆներից:

Դիտվել է՝ 2601

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ