ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Exxon Mobil-ն ու Chevron-ը հեռանում են Ադրբեջանից, ի՞նչ է փոխվում տարածաշրջանում

Exxon Mobil-ն ու Chevron-ը հեռանում են Ադրբեջանից, ի՞նչ է փոխվում տարածաշրջանում
06.12.2018 | 12:01

Reuters-ը հաղորդեց Ադրբեջանի իշխանության համար տհաճ նորություն: Exxon Mobil-ից հետո ԱՄՆ-ի ևս մեկ նավթային հսկա` Chevron-ն է պատրաստվում վաճառել միջազգային կոնսորցիումում իր մասնաբաժինը Ազերի-Չիրագ-Գյունեշլի հատվածում: Exxon Mobil-ը ցանկանում է 2 միլիարդ դոլար ստանալ իր 6,8%-բաժնետոմսերի վաճառքից, իսկ Chevron-ը հրաժարվում է ոչ միայն ԱՉԳի-ի 9,6%-ից, այլև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի 8,9%ից: Haqqin.az,-ը գրում է. «25 տարի անց ամերիկյան նավթագազային ընկերությունները հեռանում են Ադրբեջանից: 1994-ին «դարի պայմանագրին» մասնակցում էին ԱՄՆ 5 ընկերություններ, 3-ն այսօր արդեն վաճառել են իրենց մասնաբաժինը և հեռացել են երկրից»: Նախկինում Բաքվի նախագծերը ստանում էին ԱՄՆ-ի ու Արևմուտքի աջակցությունը, ենթադրվում էր, որ դա կնվազեցնի Եվրոպայի կախումը ռուսական հումքից: «21-րդ դարի էներգետիկ քաղաքականության ռազավարական մարտահրավերները» Միջազգային հարաբերությունների ամերիկյան խորհուրդի ուսումնասիրությամբ ենթադրվում էր, որ Վաշինգտոնը կհրաժարվի ՕՊԵԿ-ից կախվածությոնից` իր ազդեցությունն ակտիվացնելով Կասպիականում ու Ադրբեջանում մասնավորապես: Հիմա օբյեկտիվ գործոններն են աշխատում` Ազերի-Չիրագ-Գյունեշլիում երկրաբանական պատճառներով նավթի հանույթն անկում է ապրում, այլ նախագծեր, որ կարող են փոխհատուցել վնասը, չկան: Այդ միտումներով շուտով կսկսեն «դատարկվել» Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուպսա նախագծերը: Բաքվեցի որոշ փորձագետներ ասում են, որ ԱՉԳ-ի պաշարները պետական գաղտնիք են: Բայց նրանց արտասահմանցի գործընկերները գտնում են, որ ընթացիկ հանույթի մակարդակով ԱՉԳ-ի պաշարները կսպառվեն 2019-ին: Այսինքն` կատարվում է այն, ինչ կանխատեսել էին արևմտյան վերլուծաբանները, որ «2013-ից մինչև 2018—2020-ականները ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարկադրված կլինեն դադարեցնել տարածաշրջանային ամենակարևոր աշխարհաքաղաքական ու ռազմավարական նախագծերը Ադրբեջանում»: Ի՞նչ կլինի հետո: Նավթի ու կոնդենսատի հանույթի կրճատում, ապրանքային գազի արտադրության կրճատում: Ընդամենը 3 տարում` 2015- 2017-ին գազի արտահանումը աճեց 16 անգամ` 107 միլիոն խորանարդ մետրից 1,7 միլիարդի: 2018-ին արտահանումը առավել նշանակալից կլինի: Բայց Կասպիական տարածաշրջանը, որ որոշակի փուլում կոնյունկտուրային հայտնի պատճառներով համարվում էր նավթի ու գազի արդյունահանման կարևոր միջազգային կենտրոն, համարյա թե այլընտրանք էր ներկայացվում Պարսից ծոցին, հիմա կորցնում է այդ կարգավիճակը:


Էներգառեսուրսների պաշարներով առաջատար են մնում Կասպիական հնգյակի անդամներ Մոսկվան ու Թեհրանը, բայց նրանց հիմնական պաշարները Կասպիականում չեն: Իրանինը գերազանցապես Պարսից ծոցում են, Ռուսաստանինը` Արևմտյան ու Արևելյան Սիբիրում, Հեռավոր Արևելքում ու Արկտիկայում: Նավթի գործի գիտակները իսկզբանե Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարն անվանում էին քաղաքական նախագիծ, որի իրականացումը ԱՄՆ-ը և Արևմուտքի մի քանի երկրները չէին կապում ԱՉԳ-ի ռեալ պաշարների ու կոնյունկտուրային շուկայի հետ: Գլխավոր գործոնը «նպատակահարմարությունն» էր: Այդ պատճառով նախագծից Chevron-ի դուրս գալը քաղաքական ու աշխարհաքաղաքական նշանակություն է ստանում: Ներքին քաղաքականության հեռանկարների տեսակետից Բաքուն վաղ թե ուշ հարկադրված է, ու արդեն սկսել է, հանապազօրյա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար օգտագործել այլ ռեսուրսներ, որ տրամաբանորեն հանգեցնելու են որոշակի ներքաղաքական վերափոխումների:


Աշխարհաքաղաքական տեսակետից Բաքուն ստիպված է վերանայել իր արտաքին քաղաքականության վեկտորները, մեծ ուշադրություն դարձնել Մոսկվային, ոչ թե առաջվա պես փորձել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ երկխոսության մեջ խաղարկել «ռուսական խաղաքարտը»: Ադրբեջանի իշխանությունների խաղադրույքը, որ իրենց «էներգետիկ գործընկերներն» Արևմուտքում Ղարաբաղի հարցում Բաքվի կողմը կանցնեն, ձախողվեց: Հարցը այլ կերպ է դրված հիմա` պատրա՞ստ է Մոսկվան իր շահերի համար օգտագործել գործողությունների նոր հնարավորություններն Անդրկովկասում` Արևմուտքի հետաքրքրության անկման հետևանքով: Առայժմ գնահատականների վերախմբագրում է կատարվում:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Հարցը բնավ էլ այդպես չէ դրված` Հարավային Կովկասում միայն Ադրբեջանը չէ իր նավթ ու գազի սպառված կամ սպառվող պաշարներով, նավթային ընկերությունների հեռանալը մեխանիկորեն հավասարեցնել Արևմուտքի հետաքրքրության անկման հետ պարզապես հասարակական կարծիքի մանիպուլյացիա է, իրականում Մոսկվայի առաջ նոր հնարավորություններ չկան` Բաքվին այս կամ այլ նպատակով իր ծրագրերում ներառելու: Շատ ավելի իրական է Ադրբեջանում ներքին փոփոխությունների անխուսափելիությունը` Ալիևերի կլանը հարստացավ ու իշխանությունը ամրապնդեց նավթի ու գազի հաշվին, այդ եկամուտների կորուստը թուլացնելու է կլանը և իշխանությունը փորձելու են վերցնել Փաշաևները` նրանք են տնօրինում Ադրբեջանի ոչ նավթագազային ամբողջ սեկտորը: Թերևս հենց այդ պատճառով Իլհամ Ալիևը կնոջը` Մեհրիբան Փաշաևային, նշանակեց փոխնախագահ` իշխանությունը, այնուամենայնիվ, իր ձեռքում պահելու համար: Եթե նավթի ու գազի պաշարները իրոք սպառվում են, իսկ միջազգային ընկերությունները հենց այնպես չեն հեռանում, տարածաշրջանում սկսվում է աշխարհաքաղաքական փոփոխությունների նոր փուլ, որտեղ Բաքուն այլևս ոչ մի բոնուս չունի, հետևաբար` հավասար հնարավորություններ են ստեղծվում երեք պետությունների համար: Իվերջո` ինչ-որ պահից Ադրբեջանն էլ դառնալու է էներգակիրներ ներմուծող երկիր և դատելով արդյունաբերության կառուցվածքից` ժամանակակից տեխնոլոգիաները, կանաչ էներգիան, արևի ու քամու էներգիան, դեռ չեն ասելու վճռական խոսք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ