Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ գագաթաժողովում պետք է լուծվեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: Իսկզբանե պարզ էր, որ ՀԱՊԿ-ում տիրող մթնոլորտում Հայաստանը Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո այդ պաշտոնը կորցնելու է, իրադարձությունները հաստատեցին կանխատեսումը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ՀԱՊԿ գագաթաժողովը։
«Մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը առաջարկեց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք։ Ես համաձայնեցի, որովհետև կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է։ Մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչեւ որևէ կոնսենսուսի հասնելը», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Սա ընդամենը նախընտրական «նվեր» է Նիկոլ Փաշինյանին, որ Հայաստանում չզարգանան հակառուսական ու հակաՀԱՊԿական տրամադրություններ և հերթական անգամ չշեշտվի, որ Նիկոլ Փաշինյանը` ռազմավարական գործընկերոջը տված իր «փայլուն» գնահատականներում կամ շատ էր շտապել, կամ պարզապես սխալվում է: 2019-ին էլ Հայաստանը չի ստանալու մինչև 2020-ը իրեն հատկացված պաշտոնը` կոնսենսուս չկա ու չի լինելու, առավելագունը Հայաստանը վետո է դնելու Բելառուսի ներկայացուցչի թեկնածությանը ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար է մնալու Վալերի Սեմերիկովը: Պուտինը փաստացի առաջարկել է ոչ թե հարցը հետաձգել, այլ հարցից հրաժարվել ու Փաշինյանն ընդունել է: Դա միանշանակ է: «Աշխատանքային ընթացակարգերը» հարցը հրապարակային քննարկման հարթակից դուրս բերելու միջոց են: Փաստացի` Պուտինը հերթական անգամ, շնորհիվ Հայաստանի, ստանում է ՀԱՊԿ-ում նախագահելու հնարավորություն, ուրեմն նրա ինչի՞ն է պետք գլխացավանքի մեջ մտնել Լուկաշենկոյի ու Նազարբաևի հետ ու նրանց համոզել հարգել կառույցի կանոնադրությունը: Ի՞նչ կանի Հայաստանը, երբ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով փոխանցվի Բելառուսին։ Սա է հարցը: Սեպը սեպով են հանում: Եթե Հայաստանը մտադիր է ՀԱՊԿ-ում երկրորդական ու ենթակայական դեր կատարել, խելոք համաձայնելու է Լուկաշենկոյի թեկնածուին: Եթե մտադիր է կառուցվածքային փոփոխություններ առաջադրել` օգտագործելու է առիթը` մերժելով Բելառուսի թեկնածուին: Սա մանրիկ վրեժխնդրություն չէ` սա սկզբունքային հարց է:
Հայաստանում երբեք էլ ՀԱՊԿ-ին ազգային անվտանգության երաշխավոր չեն դիտարկել և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի պահպանության հարցը կարևորվեց սկզբունքի պաշտպանության տեսակետից: Իվերջո` որ երկրի ներկայացուցիչն էլ լինի կառույցի գլխավոր քարտուղարը, իր երկրի համար որևէ բարենպաստ որոշում չի ընդունելու, եթե չկա ներքին պայմանավորվածություն: Հիմա Նիկոլ Փաշինյանի ջատագովները սկսելու են հայտարարել, որ ՀԱՊԿ-ում խնդիրը ոչ թե նոր գլխավոր քարտուղարի ընտրությունն է, այլ հարաբերությունների հին համակարգը քանդելը, որտեղ Հայաստանին լավագույն դեպքում վերապահված էր ոչ թե սուվերեն երկրի, այլ Ռուսաստանի կցորդի դեր։ Նրանք մասամբ ճիշտ են, բայց «քանդելու» համար պետք է լավ դիրքավորվել և շատ մեծ հարց է` Նիկոլ Փաշինյանը ուզու՞մ է կամ պատրա՞ստ է Ռուսաստանի կցորդը չլինել: Փաստացի` ՀԱՊԿ-ում Հայաստանին ցույց տվեցին իր տեղը` երկրորդական անդամ, որի իրավունքները հնարավոր է ու կարելի է ոտնահարել: Ու ո՞րն է լինելու Հայաստանի պատասխանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Փորձագետները նաև գտնում են, որ Բելառուսն ու Ղազախստանն այս պաշտոնի միջոցով փորձում են ճնշել Հայաստանին: Նրանց համար էլ երկրորդական է, թե ով կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Դա առավել է կարևորում հարցը` կառույցի ղեկավարի խնդրից վերածվելով միջպետական հարաբերությունների հարցի, որտեղ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա միայն առերևույթ է ամեն ինչ հարթ ու բարեկամական: Այս ամբողջ պատմությունը վկայեց, որ Ռուսաստանը հրաժարվում է կատարել իր արբիտրի դերը և ազատ նավարկության է թողնում խնդիրը` վստահ, որ իր ափերին է կայանելու ղեկավարումը կորցրած նավը: Ու հիմա Հայաստանը լուրջ ու երկար պիտի մտածի` իր ինչի՞ն է պետք ՀԱՊԿ-ը` ի՞նչ է տալիս ու ի՞նչ հեռանկարներ է խորտակում: Բոլորի համար արդեն պետք է պարզ դառնա, որ Հայաստանի ազգային անվտանգության ապահովման համար ՀԱՊԿ-ը դատարկ հնչյուն է: ՀԱՊԿ-ով լուծվող բոլոր խնդիրները կարող են լուծվել հայ-ռուսական հարաբերությունների շրջագծում, եթե լուծվելու են: Իսկ եթե ոչ, Բելառուսն էլ, Ղազախստանն էլ միայն խանգարելու են: