ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

2008-ին չարվածը պետք է իրականացվի հիմա

2008-ին չարվածը պետք է իրականացվի հիմա
30.11.2018 | 00:54

(Նախորդ մասը)

Ի՞նչ էր պահանջում Բրայզան առաջին հերթին: Յուրաքանչյուր անկանխակալ ընթերցող կարող է համեմատել Բրայզայի պահանջները նրա հետ, ինչ 2018 թ. աշնանը Երևանում հայտարարում էին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը և Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Միլսը: Մեթյու Բրայզան պահանջում էր. 1) ԼՂՀ-ի պետաիրավական կարգավիճակի հարցը «հետաձգել անորոշ ժամանակով», հենց այն, ինչ պահանջում էր Բաքուն, 2) «հայկական զորքերը հանել բռնագրավված տարածքներից». մեկ անգամ ևս հիշեցնենք, որ, Արցախի Սահմանադրության 142-րդ հոդվածի համաձայն, հանրապետության կազմում չկան «բռնագրավված տարածքներ», մինչև հայտնի հանգամանքները Արցախի շուրջը անվտանգության գոտին նրա սահմանադրական տարածքն է, 3) շտապ «բռնագրավված հողեր» և նույնիսկ Արցախ վերադարձնել «փախստական և ժամանակավորապես տեղահանված ադրբեջանցի անձանց»: Ընդ որում, Բրայզան տարբեր հարցազրույցներում ակնարկում էր, որ լավագույնը կլինի, եթե գոնե «մեկ-երկու ադրբեջանցու» վերադարձնեն Շուշի և Ստեփանակերտ: Ընդ որում, ամերիկացի պանթուրքիստը (ներողություն համեմատության համար, բայց պարոն Բրայզան ամուսնացած է թրքուհի Զեյնո Բարանի հետ) բոլորովին «չի հիշում», որ կան նաև հայ փախստականներ ու ժամանակավորապես տեղահանված անձինք, օրինակ՝ Արցախի Գետաշենի ենթաշրջանից և Շահումյանի շրջանից, կամ ՀՀ Արծվաշեն գյուղից և այլն, 4) վերջապես, որպես առաջնահերթ խնդիր Բրայզան 2005-ին հնչեցրել է նաև հակամարտության գոտի ինչ-որ «միջազգային ոստիկանական ուժեր» շուտափույթ մտցնելու պահանջը: Եվ նույնիսկ թելադրել է, թե որ երկրներից են լինելու դրանք. «հակամարտող կողմերին բավարարող» ինչ-որ հունգարիաներից, լեհաստաններից, դանիաներից, նորվեգիաներից և դրանց նմաններից: Այսինքն՝ բոլորը ՆԱՏՕ-ից...


Ընթերցողներին առաջարկում ենք ինքնուրույն փնտրել (կան համացանցի կայքերում) «Մադրիդյան սկզբունքները» և համեմատել Բրայզայի 2005 թ. պահանջ-առաջարկների հետ: ՈՒղղում մտցրեց 2006 թվականը, երբ Թավրիզի համալսարանի թուրք պրոֆեսոր Մահմուդալի Չեհրաղանլիի և նրա «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժում» կազմակերպության միջոցով Բաքվի սադրած (հավանաբար ամերիկյան մասնակցությամբ) պանթուրքական ազգայնական ելույթների ջախջախումից հետո կայացան Իրանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Մոստաֆա Նաջարի նշանավոր այցը Բաքու և նրա բանակցությունները Բաքվի վերնախավի, այդ թվում՝ շեյխ ուլ իսլամ Ալլահշյուքուր Փաշազադեի հետ: 2005-06 թթ. ԱՄՆ-ը Հարավային Կովկասում իր դիվանագիտական առաքելությունների, առաջին հերթին, իհարկե, Ադրբեջանում իր դեսպանության ակտիվ մասնակցությամբ, ադրբեջանական և այլ հատուկ ծառայությունների հետ համագործակցությամբ փորձում էր սասանել Իրանի ներքաղաքական իրավիճակը: Չար լեզուներն այն ժամանակ ասում էին, որ Նաջարը վերջնագրային սպառնալիք է ներկայացրել Ադրբեջանին: Հիշարժան է, որ հենց 2006-ից Իլհամ Ալիևը ամեն տարի գրեթե երդվում է, որ ոչ ոք երբեք չի կարող Ադրբեջանի տարածքն օգտագործել Իրանի դեմ: Ի միջի այլոց, հենց Բաքվում նախարար Նաջարի բանակցություններից հետո պրոֆեսոր Չեհրաղանլին կողմնակի ուղիներով Թուրքիայով փախավ ԱՄՆ: 2006-ի հունիսին ադրբեջանցի ընդդիմադիր իրավապաշտպան Արիֆ Յունուսովը Մոսկվայում ինձ հետ անձնական խոսակցության ժամանակ հաստատեց, որ այո, Իրանն սպառնացել էր հրթիռային հարվածներ հասցնել Ադրբեջանի ավելի քան 20 նպատակակետի, որոնցից 4-ը հենց Բաքվում էին: Բայց Վաշինգտոնում դադարեցին խոսելուց «հակամարտության գոտում միջազգային ոստիկանական ուժերի» մասին, հասկացեք՝ Իրանի հյուսիսային սահմաններում: Ի վերջո, «Մադրիդյան սկզբունքներում» կարևոր են ոչ միայն սկզբունքները, այլև շարադրանքում դրանց ժամանակագրական կարգը: Արդյունքում «միջազգային ոստիկանական ուժերի» մասին հարցը իջեցվեց «Մադրիդյան սկզբունքների աղյուսակի» ստորին մաս:


Սակայն «Բրայզայի սկզբունքներից» առաջին երեքը ԱՄՆ-ը ոչ միայն մտցրեց «Մադրիդյան սկզբունքների» մեջ, այլև տարեցտարի առաջին պլան էր մղում այդ խիստ հակահայկական պահանջները, ըստ էության, որպես նախապայման քաղաքական և պետաիրավական կարգավորումն սկսելու համար: Կարծում ենք, տեղին է հիշեցնել, թե «Մադրիդյան սկզբունքների» որ խմբագրության առնչությամբ էր այն տարիներին (2005-2007 թթ.) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարչակազմը հայտարարում, որ տվյալ սկզբունքները կարող են որպես հիմք ընդունվել բանակցությունները շարունակելու համար: Առաջին երկու կետերը ձեռնտու չեն Ադրբեջանին. «1) ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է ԼՂ-ի բնակչությանն ազատ և իսկական կամարտահայտման հնարավորություն տվող հանրաքվեով: Այդ հանրաքվեի անցկացման եղանակը և ժամանակը կողմերի միջև պետք է համաձայնեցվեն հետագա բանակցություններով, ինչպես նշված է 9-րդ կետում: ԼՂ-ի բնակչությունն են համարվում բոլոր ազգությունների այն անձինք, որոնք ԼՂ-ում ապրել են 1988 թ., մինչև հակամարտության սկիզբը եղած ազգային համամասնությամբ: 2) Մինչև ԼՂ-ի իրավական վերջնական կարգավիճակի որոշումն ընկած ժամանակահատվածում նրա բնակչությունը կունենա որոշակի իրավունքներ և արտոնություններ, որոնք պետք է շարադրված լինեն հաշտության համաձայնագրում ըստ ներքոբերյալ դիտողությունների: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը իրավունք կունենա պաշտպանելու և վերահսկելու իր քաղաքական ու տնտեսական կենսունակությունը և անվտանգությունը օրենքի նորմերին հավատարիմ ժողովրդավար հանրության կազմում: Նրանց մարդկային իրավունքները և հիմնարար ազատությունները կհարգվեն...» և այլն:


«Մադրիդյան սկզբունքների» հենց այդ երկու կետն էլ հանդիսանում են քաղաքական և պետաիրավական կարգավորման էությունը: Ավելին, եթե ուշադիր կարդանք, ապա ստացվում է հետևյալը. քանի որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները համաձայն են, որ ԼՂՀ-ի՝ հանրաքվեին մասնակցող բնակչությունը պետք է լինի «մինչև հակամարտության սկիզբը եղած ազգային համամասնությամբ», ապա բոլորը նախապես գիտեն հանրաքվեի երաշխավորված արդյունքը. արցախցիների գերակշիռ մեծամասնությունը հանդես կգա (արդեն երկրորդ անգամ) հօգուտ ազատության և հանրապետության անկախության: Եվ տարածաշրջանում ուժի կիրառումից վավերագրված հրաժարման մասին ներկայիս պահանջները բխում են «սկզբունքների» երկրորդ կետից, այն համաձայնությունից, որ հենց ԼՂՀ-Արցախի ժողովուրդն է իրականացնում իշխանությունը և քաղաքական ու տնտեսական կենսունակության, անվտանգության ապահովման գծով իշխանությունից բխող միջոցառումները ժողովրդավարական հասարակության շրջանակում և այլն:


Այդ երկու կետը համեմատենք Բրայզայի 2005 թ. «պահանջների» երեք կետի հետ: Ավելին. դա համեմատենք Երևանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռ. Միլսի լկտի ելույթի հետ: EVN-ի հետ համեմատաբար վերջերս կայացած հարցազրույցում նա ասաց, որ հակամարտության կարգավորումն անհնար է առանց «բռնագրավված տարածքների որոշ մասի վերադարձի. «Բռնագրավված տարածքների վերադարձի հարցը «Մադրիդյան սկզբունքների» հիմնարար կետերից մեկն է: Երբ նոր էի եկել Հայաստան, պարզեցի, որ հայերի մեծ մասը կտրուկ դեմ է բռնագրավված տարածքները վերադարձնելուն: Ինձ թվում է, թե քայլ ենք անում դեպի հետ: Իմ կառավարությունը երկար տարիներ կարծում էր, թե այդ տարածքները գրավվել են «տարածք՝ հաշտության դիմաց» բանաձևի շրջանակում օգտագործելու համար: Ես շատ զարմացա, երբ պարզեցի, որ այդ բանաձևը Հայաստանում աջակցություն չի գտնում»: Նա նաև ընդգծեց, որ 2016 թ. ապրիլյան իրադարձություններն ավելի ամրապնդեցին հայերի այդ դիրքորոշումը. «Հիմա այդ հարցը լուծելն անհամեմատ բարդ կլինի, բայց դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջում է բռնագրավված տարածքների որոշակի մասի վերադարձ»: Հասկանալի է, որ ամերիկացի «բրայզաներին» ու «միլսերին» ինչ-որ բան հարցնելն անիմաստ է. նրանց դիրքորոշումը ԱՄՆ-ի պետդեպարտամենտի դիրքորոշումն է: Դա պաշտոնական Վաշինգտոնի քաղաքական հիմնարար ուղեգիծն է՝ Թուրքիային և Ադրբեջանին խրախուսելը, մանավանդ որ Բոլթոնը Երևանում բերանից թռցրել է, թե իբր Թուրքիայի հետ սահմանի բացումը տեխնիկական խնդիր է՝ «ուր որ է՝ կլինի»: Մենք երկար-բարակ չենք բացատրի, թե ինչպես են շաղկապված կարգավորման և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի ապաշրջափակման հարցերը: Նշենք միայն, որ այդ շաղկապումն անում է հենց Անկարան, իսկ ԱՄՆ-ը կրկնում է տարածաշրջանում իր հավատարիմ դաշնակցին: Իսկ Ղարաբաղ-Արցախի հարցում Թուրքիան միշտ եղել և մնում է Ադրբեջանի կողքին: Եվ այստեղ ի՞նչ զարմանալի բան կա, որ զանազան փորձագետներ ու հեղինակներ հանկարծ հարցնում են՝ իսկ ԱՄՆ-ը ունի՞ կարգավորման իր պլանը: Նրա հիմքերը դրել է պարոն Բրայզան, գուցե միայնակ, գուցե ապագա (2005 թ. վիճակով) կնոջ՝ թրքուհի Զեյնո Բարանի հետ, այնուհետև այդ ամենը հաստատվել և գործելու պլան է դարձել պետդեպարտամենտի այն շրջանակների համար, որոնք երբեք չեն թաքցրել, որ Թուրքիան իրենց համար ավելի կարևոր է, քան և Մեծ Կովկասի, և Մերձավոր Արևելքի, և նույնիսկ Միջին Ասիայի ու Չինաստանի կողմը նայող որևէ այլ երկիր:


Գեներալ Բալասանյանը ժամանակին ելույթ ունեցավ: Լուրջ շրջանակները հիմա պարտավոր են երկար մտորելու: Եվ շատ տեղին կլինի, եթե ԱՄՆ-ը հրաժարվի այն մտադրություններից, որոնցով տարածաշրջանի հանրությանը նյարդայնացնում ու բորբոքում էին և Բրայզան, և Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնում նրա հետևորդները, և Յովանովիչի կամ Միլսի տիպի դեսպանները, ընդհանուր հաշվով՝ ԱՄՆ-ի ողջ պետդեպարտամենտը: Նկատենք նաև, որ Հայաստանի զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի միջև փաստացի առկա համագործակցության և փոխգործողության (պատերազմի դեպքում) հարաբերությունները երկկողմ լուրջ պայմանագրով ամրագրելու միտքը նոր չէ: Այն ծնվել է նույնիսկ ոչ 2016-ի ապրիլից հետո, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «հանկարծակի» հիշեց այդ գաղափարը և նույնիսկ մի թեթև սպառնաց, թե հարձակումը կրկնվելու դեպքում Հայաստանն իսկույն կճանաչի Արցախի անկախությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Սակայն Բրայզայի պահանջների շուրջ վերը նկարագրված պատմությունները հանգեցրին այն բանին, որ Հայաստանում 2007 թ. վերջին արդեն կար Արցախի հետ ռազմաքաղաքական փոխգործողության երկկողմ պայմանագրի նախագիծ: Այդ փաստաթուղթը 2008 թ. պետք է խորհրդարանի քննարկմանը ներկայացներ արդեն Սերժ Սարգսյանը: Բայց... չներկայացրեց, «հետաձգեց»: Թե ինչ պատճառով, գուշակելն անիմաստ է: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման և «նյութը» ծայրահեղ նուրբ են: Ավելի լավ է չտրվել երևակայության, այլ սպասել այն գործիչների խոստովանանքներին, ովքեր 2005-2017 թթ. պատասխանատու էին ԵԱՀԿ ՄԽ-ի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակում Հայաստանի և ԼՂՀ-ի տեսակետները ներկայացնելու համար: Մյուս կողմից, 2016-ի ապրիլից հետո չի անցնում այն զգացողությունը, որ եթե Ս. Սարգսյանը ռիսկ աներ և 2008-ին նախաձեռներ այն քայլը, որի մասին 2018-ի նոյեմբերին հայտարարեց գեներալ Բալասանյանը, ապա բացառված չէ, որ Ադրբեջանի 2016 թ. ապրիլյան արկածախնդրությունը չէր լինի:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4329

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ