ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Նախընտրական կրկեսի «հաղորդակից անոթները»

Նախընտրական կրկեսի «հաղորդակից անոթները»
30.11.2018 | 00:51

Նախընտրական արշավի սկիզբն արդեն իսկ տվել է այս ընթացքում ծագած որոշ հարցերի պատասխաններ։ Գլխավոր խնդիրներից մեկը, որ միշտ առաջ էր քաշվում, վերաբերում էր նախընտրական շրջանում իշխանության որդեգրած մարտավարությանը։ Հարց էր՝ ընտրություններն անցկացվելու են, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, բարիկադները քանդելու կարգախոսի ներքո բխող մարտավարությա՞մբ, թե՞ շարունակվելու է, ինչպես Երևանի ավագանու ընտրություններում, սև-սպիտակի տարանջատման ձևաչափը։ Շատ վերլուծաբաններ դրանով էին պայմանավորում նաև ամբողջ ընտրարշավի տրամաբանությունը, այդպիսով ինչ-որ չափով նաև ընտրությունների բոլոր մասնակիցների հնարավորություններն էին գնահատվում։


Ինչպես ցույց տվեցին ընտրարշավի առաջին օրերը, Փաշինյանն ու նրա գլխավորած քաղաքական ուժը նախընտրել են սև-սպիտակի մարտավարությունը։ Առաջին օրերին այդ մարտավարությունը շատ ավելի կոշտ էր, քան կարող էր ենթադրվել։ Ինչո՞վ է պայմանավորված այսպիսի բևեռացումը. ամենայն հավանականությամբ, այս հարցում վճռորոշ դեր խաղաց նոյեմբերի 24-ին կայացած երևանյան երթը, որի սակավամարդությունը անհնար էր թաքցնել։ Այդ փաստը Նիկոլ Փաշինյանի համար ուժերի ստուգատես էր, որը որոշակի մտահոգությունների տեղիք տվեց։ Սա, իհարկե, չի նշանակում, որ Փաշինյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի ճնշող առավելությունը որևէ մեկը կասկածի տակ է դնում։ Ապագա Ազգային ժողովում «Իմ քայլը» դաշինքի կողմից քաղաքական կայուն մեծամասնության ձևավորման խնդրի շուրջ որևէ մեկը չի կասկածում, սակայն անցած շաբաթ օրը կայացած երթը վարչապետի համար տագնապալի ազդակ էր, տհաճ անակնկալ, որ հեղափոխական էյֆորիան, այնուամենայնիվ, զգալիորեն նվազել է։ Եվ նախկին փորձից բխող այն առասպելը, թե Նիկոլ Փաշինյանի ցանկացած ուղիղ եթերից 15 րոպե անց ժողովրդի մեծ զանգվածներ պատրաստ են ցանկացած կետում հայտնվելու, այս անգամ կարծես չաշխատեց։ Բայց, նորից ենք կրկնում, սա չի նշանակում, որ զանգվածները չեն քվեարկելու Փաշինյանի օգտին։ Պարզապես այս փաստը ցույց է տալիս մեկ բան. երբ որևէ լուրջ խնդիր չդրվեց հանրության առջև, զանգվածները սկսեցին սթափ գնահատել իրավիճակը, հասկացան, որ առանց իրենց էլ այդ միջոցառումը կարող է կայանալ։


Նոյեմբերի 24-ի հարաբերական ֆիասկոն ցույց տվեց, որ նույնիսկ էյֆորիայի և փաշինյանական հիպնոսի ներքո գտնվող հանրությունը դուրս չի գալիս գործողությունների երկու պատճառով. եթե չկա հստակ նպատակ, և մարդիկ չեն հասկանում, թե ինչու ցանկացած եղանակի պետք է ողողեն փողոցները, և եթե չեն զգում իշխանափոխության արդյունքներին սպառնացող վտանգ։
Իսկ որ երթը որևէ կոնկրետ նպատակ չէր հետապնդում, ակնառու էր առաջին պահին, երբ, ի պատասխան լրագրողների հարցին, Փաշինյանն ասաց՝ երթը նվիրվում է Հայաստանին։ Այսինքն՝ հեղափոխության թիմում անգամ նեղություն չէին քաշել ինչ-որ բան մտածելու՝ իմաստավորելու իրենց գործողությունը։ Բացի այդ, պարզ է, որ նոյեմբերի 24-ին հեղափոխությանը որևէ վտանգ չէր սպառնում, ինչպես հոկտեմբերի 2-ին։ ՈՒստի Փաշինյանի պոտենցիալ ընտրազանգվածը նախընտրեց շաբաթ օրն անցկացնել ոչ թե քայլարշավում, այլ առօրյա կենցաղային հարցերով, շաբաթօրյա հոգսերով՝ երկրորդ պլան մղելով Փաշինյանի ծրագրերը։ Սա իսկապես նշանակում է, որ էյֆորիայի մակարդակը զգալիորեն իջել է, և ընտրազանգվածի համար, եթե չկան վերոնշյալ երկու փաստարկները, Փաշինյանի օրակարգն արդեն երկրորդ պլան է մղվում։ Փաշինյանի համար սա բավականին վտանգավոր երևույթ է, քանի որ նա իր հաշվարկներում մեծ տեղ է տալիս հանրության էյֆորիկ վիճակին։ Վարչապետի պաշտոնակատարը ժամանակ շահելու խնդիր ունի. իրական գործերը բավականին մշուշոտ են, և, առանց շոշափելի արդյունքների հասնելու, իշխանությունը հնարավորինս երկար պահելու համար էյֆորիան կարևորագույն գործոն է։ Այս պայմաններում Փաշինյանը հասկացավ, որ անհրաժեշտ է կոշտ հռետորաբանության միջոցով վերադառնալ հակահեղափոխության վտանգի թեմային։ Այդպես էլ տեղի ունեցավ. նախընտրական արշավի հենց առաջին օրը «Իմ քայլը» դաշինքի ղեկավարը շեշտեց, որ պետք է վերջնականապես հաստատվեն իշխանությունում, որպեսզի ռևանշ տեղի չունենա։ Նորից ձևավորվեցին թիրախներ ընտրազանգվածի համար։ Առաջին թիրախը, այսպես կոչված, ռևանշիստներն են՝ սև ուժերը ի դեմս սերժսարգսյանական ՀՀԿ-ի։ Երկրորդ թիրախը զենքով իշխանությունը իրենցից վերցնել սպառնացող «Սասնա ծռեր» կուսակցությունն է։ Հանրության մեջ փորձում են արմատավորել այն գաղափարը, որ առաջիկա ընտրությունն ամենավճռական ճակատամարտն է, և ամեն ինչ ու ամեն ոք պետք է համախմբվի «Իմ քայլը» դաշինքի շուրջ։ Դրանով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի ավելի քան կոշտ հռետորաբանությունը, նա իր խոսքում անցնում է ընդունելի և անընդունելի բոլոր սահմանները, ինչը զարմացնում է նույնիսկ միջազգային դիտորդներին։ Այս համատեքստում Փաշինյանը անխնա պիտակավորում է հանրապետական կուսակցությունը, իսկ «Սասնա ծռերին» էլ ուղղակիորեն աում է՝ հանկարծ չշփոթեն իրեն թուլամորթ Սերժ Սարգսյանի հետ։


Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը շատ հստակ է։ Այնուհանդերձ, պետք է նկատել, որ սև-սպիտակի մարտավարությունը կարծես համընկնում է նաև ՀՀԿ-ի շահերի հետ։ Թեկուզ թվում է, թե ամեն ինչ շատ ծանր է ՀՀԿ-ի կամ «Սասնա ծռերի» համար, սակայն փաստ է, որ հանրապետականները հենց այդ խաղի կանոններն էլ ցանկանում էին, քանի որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի իրենց ասոցացնեն սև ուժերի հետ։ Եվ դա արվում է բացահայտորեն՝ ՀՀԿ նախընտրական պաստառների, հոլովակների և այլ ատրիբուտների միջոցով։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը կամա թե ակամա բխում է նաև ՀՀԿ ծրագրերից. որքան ընտրազանգվածը բաժանվի հեղափոխական-հակահեղափոխականի, այնքան նրանք կդառնան միակ ընդգծված կոշտ ընդդիմությունը և կարող են հույս ունենալ, որ ռադիկալ ընդդիմադիր ընտրազանգվածը հենց իրենց էլ կտա քվեն։
Նիկոլ Փաշինյանի կողմից «Սասնա ծռերին» թիրախավորելը մեծացնում է նաև վերջիններիս վարկանիշը։ «Ծռերի» ընտրազանգվածը շատ դժգոհ է Նիկոլ Փաշինյանի անվճռականությունից, նախկին ռեժիմի նկատմամբ հանդուրժողականությունից։ Եվ Նիկոլ Փաշինյանը իր կոշտ հռետորաբանությամբ գրգռում է «Սասնա ծռերի» ռադիկալ ընտրազանգվածին ու էլ ավելի է ստիպում համախմբվել նույն «Ծռերի» շուրջը։
Փաշինյանի ագրեսիվ ելույթները, շատ հնարավոր է, վանեն նաև վերջինիս կողմնակիցներին։
Ընտրարշավի առաջին օրերը ցույց են տալիս, որ սև-սպիտակ բաժանումը ասես մեկ ընդհանուր խաղի փոխկապակցված շղթա լինի։ Փաշինյանը մի կողմից իր ընտրողներին է կոնսոլիդացնում՝ պահպանելով էյֆորիան, որպեսզի տհաճ անակնկալ չունենա և ապագայի համար էլ որոշակի ժամանակ շահի, մյուս կողմից էլ նա, դաշտը բաժանելով սև-սպիտակի, ընդգծում է, թե ովքեր են իրական ընդդիմադիրները։ Սա հին գործելաոճ է, որը կիրառվել է բոլոր իշխանությունների օրոք։ Երբ իշխանությունները փորձել են բարձրացնել որևէ մեկի վարկանիշը, անխնա քննադատել են՝ հասարակությանը հրամցնելով, որ իշխանության համար ամենասարսափելին հենց այդ ուժերն են։ Հիմա մենք ականատեսն ենք հենց այդ սցենարի. գործի է դրվել մի մարտավարություն, որը ձեռք է տալիս թե՛ պայմանական սպիտակներին, թե՛ պայմանական սևերին։ Եվ այս պայմաններում ամենամեծ խնդիրը սկսում են ունենալ այն քաղաքական ուժերը, որոնք փորձում են տեղավորվել այլ գունային ներկապնակում։ Ըստ էության, այժմ նրանք պետք է կարողանան որևէ ձևով այս կաթվածահար խաղի կանոնների պայմաններում իրենց տեղը գտնել։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1452

Մեկնաբանություններ