Իրանի վարչակարգը պետք է արագ ընտելանա իր քաղաքացիական հասարակության պահանջներին, եթե ցանկանում է չկրկնել հանգուցյալ սովետական կոմունիզմի ճակատագիրը` գրում է Ռենո Ժիրարը Le Figaro-ում: Իրանի ժողովրդի բախտը չի բերում: 2013-ի ընտրություններում, հետո 2017-ին ժողովուրդը քվեարկեց երկրի բացության օգտին: Աղքատիկ ընտրության պարագայում, որ նրան թողնում է պահպանողական-թեոկրատիկ համակարգը, ժողովուրդը ընտրեց թեկնածուին, որ առավել վճռական էր տրամադրված Պարսկաստանը միջազգային ասպարեզ վերադարձնելու հարցում: Ռուհանին ցանկանում էր իր մանդատը նվիրել տնտեսության ապապետականացմանը և կոռուպցիայի դեմ պայքարին, որ խժռում է իշխանական էլիտային` սկսելով պասդարանից (իսլամական հեղափոխության պահնորդների գումարտակից) և շիայական կրոնական հաստատություններից: Բայց այդ հրաշալի հեռանկարը անակնկալ փլուզվեց 2015-ի հուլիսի 14-ին, երբ Թրամփը որոշեց դուրս գալ միջուկային համաձայնագրից (թեպետ համաձայնագիրը պաշտպանված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևով), պատժամիջոցների վերականգնումով, սպառնալիքներով ընկերություններին, որ շարունակում են առևտուրը Իրանի հետ (բացառյալ ագրոբիզնեսն ու դեղագործությունը): 2018-ի նոյեմբերից ԻԻՀ-ն նորից ապրում է պատժամիջոցների ռեժիմում: Իրանի տարադրամը կորցրել է արժեքի 2\3-ը: Նավթի արտահանումը օրական 2,5 միլիոն բարելից կրճատվել է 1,5 միլիոնի: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ռուհանին իրեն դրսևորեց իբրև մուլտիլատերալիզմի ջերմ կողմնակից: Սակայն միջազգային իրավական օգնությունը չափազանց ուշացավ, Թեհրանը հայտնվեց աներեր Ամերիկայի առաջ` հրահրված ավելի շատ սաուդցիներից, քան իսրայելցիներից: Իրանի համար առանց այդ էլ դժվար է հրաժարվել միջուկային զենքից, որ ունեն իր շրջապատում 4 պետություններ` Ռուսաստանը, Իսրայելը, Պակիստանն ու ԱՄՆ-ը (ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը տեղակայված է Բահրեյնում): Բայց Թրամփն ավելին է պահանջում` նա ցանկանում է, որ Թեհրանը հրաժարվի իր բալիստիկ զենքի կատարելագործումից և տարածաշրջանային ներգործության տարածումից (ռազմական ներկայությունը Սիրիայում, ՀԱՄԱՍ-ին ու Եմենի հուսիտներին զենքի մատակարարումը):
Մոլլաների պրոբլեմն է, որ նրանք չեն կարողանա ընտրություն անել երկու միանգամայն տարբեր ռազմավարությունների միջև` նորից ձեռքբերել գերակա առևտրական դիրքեր Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում կամ պահպանել զենքի ու աշխարհազորի ուժով հեգեմոնիստական քաղաքականությունը տարածքներում, որ նրանց բաժանում են Միջերկրական ծովից: Իրանի երիտասարդները, տնտեսական անկումից հոգնած, արդեն արել են իրենց ընտրությունը: 2018-ի հունվարի սկզբին իշխանության դեմ ամբողջ երկրով բռնկված հանրահավաքներում երիտասարդները շարք կազմած բղավում էին` «Ոչ մի Գազա: Ոչ մի Սիրիա: Զբաղվեք Իրանով»: Ուսանողները, եթե հանդիպեք Թեհրանի փողոցներում, ձեզ կասեն, որ ոչինչ չունեն Իսրայելի դեմ ու չեն կիսում իշխանության հակասիոնիստական տրամադրությունները: Նրանք արտաքին աշխարհի հետ շփվում են շնորհիվ ինտերնետի ու պաշտում են արևմտյան մշակույթը: Երբ ցուցարարները անցած ձմռանը սկսեցին փողոցներում բղավել «Մահ բռնակալին»` նկատի ունենալով այաթոլա Համենեիին` երկրի բարձրագույն ղեկավարին (նրա իշխանությունը շատ ավելի բարձր է նախագահից), վարչակարգն իրոք վախեցավ: Գոյություն ունի իրանական շիզոֆրենիա` իսլամական վարչակարգը, որ արդեն չի իշխում երիտասարդներին: Ուրբաթօրյա մեծ աղոթքի ժամանակ մզկիթները համարյա դատարկ են: Իրանը կրոնական ծեսերին ավելի քիչ է հետևում, քան մուսուլմանական մյուս երկրները: Ոչ ոք արդեն չի հավատում Հոմեյնիի սկզբունքի ճշմարտացիությանը` «Վելայաթ ե ֆակիհ» (իսլամական օրենսդրության առավել հեղինակավոր գիտակի լիազորությունների գերակայությունը օրենսդիր, գործադիր ու դատական իշխանություններում): Եթե Իրանն արագ չարձագանքի իր քաղաքացիական հասարակության պահանջներին, մոլլաները բախվում են հանգուցյալ սովետական կոմունիզմի ճակատագիրը անձամբ ճանաչելու ռիսկին:
Ռենո Ժիրար, Le Figaro
Հ.Գ. Գործնականում դա հենց այն է` ինչ ուզում է ԱՄՆ-ը` իշխանափոխություն Իրանում, բայց` իր ազդեցությամբ ու իրեն ենթակայությամբ: Կգնա՞ Թեհրանն այդ ճանապարհով: Հազիվ թե: Մոլլաների իշխանությունը բավականին ուժեղ է, նրանց ենթակայության տակ է բանակը, և դա հակամարտությունը քաղաքացիական պատերազմի վերածելու մեծ ռիսկ է բերում: Հեղափոխությունը, եթե լինի, պիտի լինի ոչ թե դրսից պարտադրված` ամերիկյան արժեքների ընդօրինակումով, այլ` ներսից` հազարամյա քաղաքակրթության ավանդույթներն այսօրվա իրավիճակին համադրելով: Միայն այդ կերպ Իրանը կձերբազատվի կրոնապետությունից ու կդառնա աշխարհիկ պետություն` իրական զարգացման հեռանկարներ ապահովելով թե իր համար, թե տարածաշրջանի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ