Հայաստանում տարօրինակ իրադրություն է ստեղծվել. վարչապետը հրաժարական է տվել և դրանով գործի գցել ԱԺ պատգամավորական կորպուսը ցրելու մեխանիզմը: Ամեն ինչ պարզ է. Նիկոլ Փաշինյանը լիովին պատճենում է իր սիրելի ՀՀՇ-ի 90-ականների սկզբի գործելակերպը՝ ձգտելով ստանալ, ինչպես ժամանակին Արշակ Սադոյանն էր ասում, «թեկուզ պոլի փետ, մենակ ՀՀՇ-ից» պատգամավորական մեծամասնությունը: Եթե ընդունենք, որ Փաշինյանի պլանը կիրականանա, և դեկտեմբերին կկայանա խորհրդարանական արտահերթ ընտրությունը, ապա, հասկանալի է, Փաշինյանը կհոգա, որ խորհրդարանում հիմնականում «պոլի փետեր» լինեն, բայց՝ «Քաղաքացիական պայմանագիր» ակումբից: Եվ նախորդ տարիներին, և այժմ պնդել և պնդում եմ՝ չպետք է լինեն մի անձի շուրջը կենտրոնացած կուսակցություններ. դա կլինի թերարժեքության ապացույց այն ժողովրդի, որի շրջանում ինչ-որ մեկն ստեղծել և հիմա էլ ստեղծում է այդպիսի քաղաքական կազմակերպություններ:
Ինչու՞ Փաշինյանը, որ դեռ սեպտեմբերին մտածում էր 2019-ի ընտրության մասին, հանկարծ, ինչ-որ մեկի թելադրանքով, պահանջեց ընտրություն դեկտեմբերին, կիմանանք, երբ ոչ նրա իշխանությունը նրան կհանձնի հետաքննությանը, և նա ժողովրդին կխոստովանի, թե ում գործիքն է եղել 2018-ին: Բայց տեղեկություն կա, որ Իրանը, ի վերջո, Փաշինյանից պահանջել է ամերիկյան կենսալաբորատորիաներ մտնելու թույլտվություն իրանցի մասնագետների համար: Ահա և Փաշինյանը նյարդայնանում է. պարզ է, որ այս անգամ ամերիկացիները հազիվ թե համաձայնեն, որ Հայաստանն ընդհանրապես ինչ-որ բան ցույց տա Իրանին այն ամենից, ինչին հաղորդակից են Պենտագոնի մասնագետները: Առաջարկում եմ վերհիշել սննդամթերքի անվտանգության պետծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանի հոկտեմբերի 2-ի հայտարարությունները: Նա նշել է, որ ավելի վաղ Հայաստան են եկել սարատովցի միկրոկենսաբաններ, որոնք այցելել են լաբորատորիաների շենքերը և դրանք ուսումնասիրել կենսաբանական զենքի ստեղծման մշակումների առկայության տեսանկյունից: «Հնարավոր է, որ Փաշինյանն այնքան էլ տեղյակ չէ երկրում կենսալաբորատորիաների խնդրին: Բայց դա այնպիսի հարց է, որով առաջին հերթին պետք է զբաղվեն ԱԱԾ-ի համապատասխան կառույցները: Այդ հարցերը նրանց իրավասության տակ են»,- հայտարարել է Գրիգորյանը՝ միաժամանակ տարակուսանք հայտնելով, որ լաբորատորիաների գործունեության մասին տեղեկույթը տրամադրված է երրորդ երկրին: «Մեզ տարիներ շարունակ ասվել է, որ դա փակ տեղեկույթ է, որը կարևոր նշանակություն ունի ազգային անվտանգության համակարգի համար: ՈՒրեմն ինչպե՞ս է, որ նման կարևոր տեղեկույթն այժմ մենք տրամադրում ենք երրորդ կողմին: Եվ ի՞նչ ենք անելու լաբորատորիաներ մտնելու թույլտվություն ստանալու մասին իրանական կողմի խնդրանքին ի պատասխան»,- հարց է առաջ քաշել Գրիգորյանը: Ըստ նրա, հայկական կողմն առաջ էլ է համագործակցել իր և՛ ռուս, և՛ ամերիկացի գործընկերների հետ, բայց սննդի անվտանգության պետծառայության ղեկավարի պաշտոնում երբեք չի բախվել երրորդ կողմի պահանջին՝ այցելելու հայկական լաբորատորիաներ և գնահատելու կենսաբանական զենք ստեղծելու վտանգները:
Իրանը հո լրագրողներ ու «սարատովցի միկրոկենսաբաննե՞ր» չի ուղարկի Հայաստան: Կենսաահաբեկչության դեմ պայքարի հարցերն Իրանում բացառապես իրանական հեղափոխության պաշտպանների կորպուսի (ԻՀՊԿ) տնօրինությանն են ենթակա: Այսինքն՝ անձամբ պետության ղեկավար, Իրանական հեղափոխության գերագույն առաջնորդ, այաթոլահ Խամենեիի: Իսկ թե հայ-իրանական հարաբերությունների լրիվ չասելը գործոն կդառնա Հայաստանի ներքին քաղաքականության մեջ, չեմ կարող ասել: Ժամանակը ցույց կտա: Պարզ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրության լինել-չլինելու խնդրում Փաշինյանի շտապողականությունը լիովին ճիշտ չի լինի բացատրել այն բանով, թե նա ուզում է հետաձգել ԱՄՆ-ի կենսալաբորատորիաների վերաբերյալ Իրանին պատասխանելու ժամանակը: Բայց գործոնը կա, և թե ինչպես է այն գործելու կամ չգործելու, մենք առայժմ ի վիճակի չենք իմանալու: Պարզապես ակներև է, որ նոր իշխանությունը մի մտադրություն է ունեցել, իսկ հիմա բոլորովին ուրիշն ունի: Դատելով այն բանից, որ Փաշինյանը (ԱԳՆ-ի մասին ընդհանրապես չեմ գրում) չհամարձակվեց հերքել Արցախի Հանրապետության տարածքների զիջման անհրաժեշտության մասին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի ստոր «խորհուրդները», մեզ նախապատրաստում են տիպիկ ազգային դավաճանության: Եվ պետք չէ հիշատակել «Մադրիդյան սկզբունքները»: Այնտեղ տարածքների մասին կետերը վերջիններն են, ոչ թե առաջինները: Առաջինները բոլորովին այլ սկզբունքներ ու պահանջներ են, այդ թվում՝ ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը, որը պետք է առաջինը լինի: Այն, ի դեպ, հենց առաջինն է, ամենագլխավորը: Մեջբերում եմ. «ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է ԼՂ-ի բնակչությանն ազատ և իրական կամարտահայտության հնարավորություն տվող հանրաքվեով, որի եղանակը և անցկացման ժամանակը համաձայնեցվելու են կողմերի հետագա բանակցությունների միջոցով, ինչպես նշված է 9-րդ կետում: ԼՂ-ի բնակչություն ասելով հասկացվում են բոլոր ազգությունների այն անձինք, որոնք բնակվում էին ԼՂ-ում 1988 թ., ազգային այն հարաբերակցությամբ, որը կար մինչև հակամարտության սկիզբը: Հանրաքվեի դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումը չպետք է սահմանափակվի և կարող է թույլ տալ ցանկացած կարգավիճակի հնարավորություն»: Իսկ ի՞նչ արեց Փաշինյանն ի պատասխան Միլսի հակահայկական «խորհուրդների»: Գլուխն ազատեց, թե «գնացող» դեսպան է: Բայց չէ՞ որ բոլորս այս կյանքում գնացող ենք, Նիկոլ Փաշինյան: Ոչ ոք և ոչինչ հավերժական չէ լուսնի ներքո:
Կուսակցությունների վրա, հատկապես խորհրդարանական, հույս դնել չի կարելի, եթե խոսենք Արցախի վերաբերյալ ԱՄՆ-ի պլանների իրականացումը խափանելու նպատակով ակնթարթային արձագանքի անհրաժեշտության մասին: Փաշինյանի ու նրա կուսակցության վրա՝ առավել ևս: Մեր երկրում «վազվզոցի» վիթխարի փորձ կա: Մի գիշերում կոմկուսի անդամները դարձան ՀՀՇ-ի անդամներ: Մեկ-երկու գիշերում «Հանրապետություն» (այսինքն՝ ՀՀՇ) խմբակցության անդամները դարձան ՀՀԿ-ի անդամներ: Իսկ հիմա, լավ, ոչ մեկ-երկու գիշերում, տեսնում ենք, թե ինչպես են իբր «հանրապետականները» դառնում «փաշինյանական»: Ստրուկներ: Ստրուկներ: Եվ կրկին ստրուկներ: Ամբողջ իմաստը՝ միայն չսուզվեն: Ի դեպ, Հայաստանի ստրուկներ և Սփյուռքի հայեր, մի կորցրեք ձեզ տրված «վազելու շնորհը». շուտով ձեզ պետք կգա: Դուք էլ՝ ՀՀԿ-ի ամերիկամետներ: Դուք նույնպես պատրաստվեք «վազելու»: Մտածում եք, թե ոչ ոք չի՞ հասկանում ձեր անդրկուլիսյան խաղերը Փաշինյանի և մնացած խմբի հետ: Իզուր եք այդքան համոզված: Ի դեպ, ոչ Արևմուտքի օտարերկրյա դեսպանները դա տեսնում են նույնիսկ ավելի լավ, քան մեր հայ հայրենակիցները, որոնք չեն ընդունում կեղծ հեղափոխություններն ու կեղծ հեղափոխականներին: Մինչդեռ իրավիճակը գերլուրջ է, չէ՞ որ շուտով մեզ մոտ կգան ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի մոլի ռուսատյացներ և իրանատյացներ Ռուդի Ջուլիանին և Ջոն Բոլթոնը, որոնք ուղղակիորեն կապված են նույն Իրանի հետ պատերազմող մի շարք ահաբեկչական խմբավորումների հետ:
1996-ից հետո Հայաստանը, թերևս, չի եղել ավելի «քանդված» վիճակում: Անիմաստ եմ համարում հիմա «կուսակցությունների հնարավորությունների» մասին խոսելը: Չարժե երեսպաշտություն անել, կեղծել: Ճիշտ են նրանք, ովքեր այժմ արդեն հայտարարում են այդ ամենի մասին: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ այն, ինչ կատարվում է երկրում, «փաշիզմ» է: Ավելի նրբանկատ է երկրորդ նախագահը. «Խորհրդարանական ընտրությունում կհաղթի անձամբ Փաշինյանը, ոչ թե նրա թույլ կուսակցությունը»: Մի անձի շուրջ ձևավորված միակուսակցական դիկտատուրան նորություն չէ Հայաստանի և նրա քաղաքացիների համար: Դա պարզապես երկիրն ու ազգը ՀՀՇ-ի և ՀՀՇ-ականության ժամանակները նետել է: Ինչ-որ մեկը ինչ-որ բան մոռացե՞լ է մեր երկրի պատմությունից: Հիշողության կորուստը չի կարելի չբուժել, համաքաղաքացիներ, դա վտանգավոր հիվանդություն է: Եվ չի կարելի էյֆորիայի մեջ ընկնել այն համոզվածությունից, թե շուրջն ամեն ինչ «սեր, սեր և սեր» է: «Ով ու՞մ է սիրում» հարցը դարերով լուծվել է անհատական կարգով, ոչ թե «հոտային սիրո» սկզբունքով: Կարևոր է տեսնել և գիտակցել, որ առայժմ ժողովրդին խաբում են, Հայաստանի շուրջը «տիեզերական սեր» չկա, պատերազմ է ընթանում: Սեփական ձեռքերով երկիրը ջրանդունդն են գլորել, և ոչ բոլորը «լողալ» գիտեն, առավել ևս ոչ բոլորը գիտեն, թե «ուր լողան»: Հիշեցնեմ. 2017-ին «Ելք» դաշինքի նախընտրական ծրագիրն զգալի հակահայկական բնույթ ուներ, որովհետև բացարձակապես հաշվի չէր առնում, որ տարածաշրջանում Հայաստանի երեք խոշորագույն հարևանները բոլորովին էլ Եվրամիությունը և ԱՄՆ-ը չեն, այլ Իրանը, Թուրքիան և, Վերին Լարսով, Ռուսաստանը: Այսօր նրանք ինչ-որ ընդհանուր հետաքրքրություն ունեն, առնվազն՝ Սիրիայի և Իրաքի գծով:
ՈՒզում եմ կրկին հիշեցնել, թե որոշ հայեր Արևմուտքում, մասնավորապես Եվրոպայում, ինչ են մտածում այն մասին, թե ինչ է կատարվել և կատարվում Հայաստանում: Այս տարվա սեպտեմբերին Եվրոպայի հայկական միությունների համաժողովի նախագահ Աշոտ Գրիգորյանը հայտարարեց. «Հակահեղափոխությանը պետք է, որ երկրում հեղափոխություն լինի: Բայց ես հեղափոխության հետքեր չեմ տեսնում: Դա թավշյա հիանալի իշխանափոխություն է, բայց ոչ հեղափոխություն: Ընդ որում, մինչև այժմ չեմ հավատում, թե մեր նախկին իշխանությունների ականջները չեն երևում վարչապետի թիկունքում: Տպավորություն է, թե նա Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ձեռք ձեռքի տված է աշխատում: Այնպես որ, մենք դեռ կտեսնենք լիակատար իշխանափոխություն: Սև-սպիտակների բաժանումը, հակահեղափոխությունը հիշեցնում են բոլշևիկներին, որոնք նման հնարքներով երկար ժամանակ խաբում էին մարդկանց: Մեծ վախ ունենք, որ չենք տեսնի այն փոփոխությունների հետքերը, որոնց մասին մարդիկ երազում էին Հայաստանում»: Գնահատելով Հայաստանի տնտեսության վիճակը՝ Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի փրկությունը արտադրությունը վերականգնելու և ուժեղ տնտեսություն կառուցելու մեջ է: «Ես լրջորեն զբաղվում եմ քիմիական արտադրությամբ, նախ և առաջ՝ «Նաիրիտով» և ռազմական արդյունաբերությամբ, ու կարծում եմ, որ այդ աշխատանքները հազարապատիկ ավելի կարևոր են, քան միջամտությունն ընտրական գործընթացին: Հակառակը, այսօրվա հայկական քաղաքական դաշտը ողբալի վիճակում է, և անհնար է այնտեղ վարչապետի այնպիսի թեկնածուի գտնել, որը կարողանա Հայաստանը դուրս բերել այդ վիճակից»,- ասել է նա: ՈՒստի ճիշտն այն կլինի, ըստ նրա, որ Հայաստանի իշխանությունը վերցնեն ոչ թե քաղաքական ուժերը, այլ մասնագետները, որոնք երկիրը կհանեն ճահճից և կհանձնեն քաղաքական ուժերին:
Ով առարկություններ ունի, թող ինձ չառարկի, այլ անձամբ Աշոտ Գրիգորյանին:
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ