ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հայկական պարադոքս

Հայկական պարադոքս
16.10.2018 | 00:38

«Գիտակցում եմ պարտքս նրանց հանդեպ, ովքեր ինձ վստահել են: Հատկապես և ամենից առաջ գիտակցում եմ իմ պարտքը երկրիս հանդեպ: Այդ զգացումն է ինձ մղում գործելու: Իմ նպատակների իրագործման ճանապարհին ես որոշեցի տուրք չտալ քաղաքական համակարգին, որն իրականում ինձ երբեք էլ յուրային չի համարել: Որոշեցի ձեռնոց նետել քաղաքական դաշտի խաղի կանոններին, որ երբեք չեմ ընդունել: Հավատում եմ ժողովրդավարությանը: Հավատում եմ այն քաղաքականության կենսունակությանը, որի կնտրոնում մարդն է: Ցանկանում եմ վերագտնել հայրենակիցներիս հետ անմիջական շփումների կարողությունը: Լսել նրանց զայրույթը, հաշվի առնել նրանց սպասումներն ու ապավինել նրանց մտավոր ներուժին: Սա է իմ ընտրությունը: Հավակնում եմ ուղիղ դիմել իմ հայրենակիցներին ու առաջարկել վերցնել պատասխանատվության իրենց բաժին բեռը: Չեմ կարծում, որ այսօր մեր երկիրը պետք է հանդուրժի քաղաքական դասի հարմարվողականությունը, կարծրատիպը, թե բարձրագույն պաշտոնների հասնելու համար պետք է թրծված լինել քաղաքականության մեջ: Նախ և առաջ ուժ է պետք, որ մոտիկից ծանոթ լինելով օրենքների հաստատմանը, պետական որոշումների կայացմանը, կարողանաս անկախ լինել համակարգից: Ամեն դեպքում այդ ուժն է օգնում իմ սկսած պայքարում»` Էմանուել Մակրոն, «Հեղափոխություն» գրքից: Գրեթե անդիմադրելի է գայթակղությունը հոդված գրելու փոխարեն մեջբերումներ անել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի առիթով թարգմանված գրքից ու նույնիսկ հետգրություն չհավելել, որովհետև Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում գրվածը մեր մասին ու մեզ համար է: Բայց ընթերցողին եմ թողնում Արտակ Հերիքյանի թարգմանությամբ` հայախոս Մակրոնին ծանոթանալու ու հասկանալու հնարավորությունը` հիշեցնելով, որ պատմության ու ժամանակի խորքային իմացությունն ու վերլուծության ունակությունն է Մակրոնին դարձրել` ինչ կա: Նրա հովանին Նորին Մեծություն Ինտելեկտն է, հավելած` բազմադարյա քաղաքակրթությունը, որ նա պատիվ ունի պաշտպանել ու զարգացնել: Ոչ միայն Ֆրանսիայում կամ Եվրամիությունում: Աշխարհում` ֆրանսախոս ու ոչ այնքան:
Չգիտեմ` ում ինչ, հայկական Ֆրանկոֆոնիան ինձ նվիրեց Էմանուել Մակրոնին ու հայ իրականությունը հասկանալու հենքը` «Միասին ապրելու» համաեվրոպական համատեքստում: Երկու օրով Հայաստանը կապվեց համաշխարհային քաղաքականությանը` առաջին դեմքերից լսելով ժամանակակից աշխարհի խնդիրների ու լուծումների տարբերակները: Հայաստանը մտավ Ֆրանկոֆոնիայի պատմության մեջ իբրև իրավահավասար անդամ` չլինելով ֆրանսախոս: Սա պարադոքս է: Չարժի բացատրություն գտնել, երբեմն պետք է իրողություններն արձանագրել ու առաջ գնալ: Երկու տարի Հայաստանը նախագահելու է Ֆրանկոֆոնիան ու այդ 730 օրերը շատ ավելի կարևոր են ծրագրերի իրականացման համար, քան անցած ճանապարհը: Գուցե գա ինչ-որ ժամանակ, որ Հայաստանը ֆրանսախոս դառնա բնակչության մեկ տոկոսից ավելիի մասշտաբով, դա կլինի ճանապարհ դեպի ապագայի քաղաքակրթություն ու քաղաքական մշակույթ:


Առայժմ մենք դոփում ենք զուտ հայկական հարթակում, որտեղ իշխում են հին արժեքները` նորի հաստատման ձգտումների մեջ: Սա էլ հայկական պարադոքս է, որի բացատրությունը մակերեսային վերլուծությունների մեջ չէ, որտեղ գլխավոր դերում կուսակցություններն ու կուսակցապետերն են: Այս պարադոքսը խորքային է, երբ փոփոխությունների մեր հաստատուն ձգտումների մեջ մենք պատրաստ չենք ինքներս փոխվել ու փոխել մեր սովորություններն ու ընկալումները:
Կուսակցություններն ու կուսակցապետերը շարժվում են սովոր հետագծով, ակնհայտ է նոր գաղափարների, ոչ թե պարուրաձև, այլ թռիչքային զարգացումների անհրաժեշտությունը: Ամպի չափ մեծ ցանկության դեպքում էլ չես կարող համարել, որ քաղաքական ասպարեզի ավանդական կուսակցությունները չեն սպառել իրենց առաքելությունը: Խնդիրը միայն հին համակարգի հենասյուն լինելը չէ, խնդիրը անհամապատասխանությունն է նոր իրավիճակին: Նոր իրավիճակում անելիքի բացակայությունը, քանի դեռ այդ կուսակցություններում չեն հայտնվում նոր մարդիկ ու չկան նոր պահանջներին համարժեք ընկալումներ ու լուծումներ: Դա նրանց մեղքը չէ, ճակատագիրն է:

Տասնամյակներով կուսակցությունները ստիպված են եղել համակերպվել ու գործել ստատիկ պայմաններում` պայմանների փոփոխության խնդիր չդնելով: Քաղաքականության մեջ ի սկզբանե հաղթել է հաղթածին ենթարկվելու կանոնը` «Հաղթողներին չեն դատում, պարտությունը որբ է» սկզբունքով: Ավտորիտար համակարգից ժողովրդավար համակարգին անցումը քաղաքական չէ միայն` ժամանակ է պետք ու մտածողության փոփոխություն: Բառերը ժամանակի մեջ մաշվում են` առանձնանալով իմաստից ու սկսում են ձանձրացնել, մինչև այն պահը, երբ վերաիմաստավորվում են ու նոր բովանդակություն արտահայտում` իմաստը վերագտնելով: Այս իրողությունը միայն բառերին չի վերաբերում, այլև մարդկանց ու նրանց դավանած գաղափարներին: Թավշե հեղափոխության իմաստը մենք ինքներս էլ դեռ ամբողջությամբ չենք գիտակցել ու տրվել ենք երևացող փոփոխությունների հորձանքին` խորքը տանուլ տալով: Այսօրվա գլխավոր խնդիրը խորքի հետ կապը չկորցնելն է, որ հեղափոխության արժեքները չվերածվեն հեղափոխականների արժանիքների ընդունման կամ հերքման: Գործընթաց, որին անմնացորդ տրվել ենք ապրիլից հոկտեմբեր: Մեզ խանգարում է պրագմատիզմը, բոլորս դարձել ենք հաշվապահ ու սկսել ենք հաշվարկել` ո՞ր դեպքում ի՞նչ կլինի, ու՞մ հետ համագործակցությունը ի՞նչ կտա` կոնկրետ, չոր հաշվարկում: Մենք կորցրել ենք արարումի խելահեղությունը, երբ գնում ես առաջ` ինքդ էլ չիմանալով հաջորդ քայլը ո՞րն է լինելու ու ի՞նչ է տալու: Գնում ես, որովհետև գիտես` ուր և ինչու, ինչպես-ը դառնում է ձև, որով արտահայտվում է բովանդակությունը: Ռեալ պոլիտիկում սա հավասարազոր է տկարամտության և հավասարապես մերժվում է թե արժեքները հաստատելիս, թե արժեքները հերքելիս: Սա է խնդիրը` ռեալ պոլիտիկի վերաիմաստավորումը: Բազմաչափ մտածողությանը պատրաստ պիտի լինես ու չպիտի վախենաս կորուստներից: Մենք շատ ենք խոսում ինքնության պահպանությունից ու նույնականացման անհրաժեշտությունից: Բայց խուսափում ենք հարցից` նույնականացում ինչի՞ հետ: Մեզ հետ` երեկվա՞ մեջ, թե՞ վաղվա: Մեր ճանաչելիությունը համեմատության մեջ է` իսկ համեմատության եզրերը որտե՞ղ ենք տեսնում: Մենք հասկանու՞մ ենք, թե՞ դատում ենք: Գերազանցապես դատում ենք, որ ավելի հեշտ է ու արագ վերածվում է դատապարտելու, որովհետև ի սկզբանե չենք հասկանում, հավարտ պարտվում ենք: Մենք մեզ զրկել ենք սխալվելու հաճույքից, որովհետև չգիտենք սխալներն ուղղել:


ՈՒ ստացվում է, որ հիմա` հեղափոխություն անելուց հետո էլ, մենք նորից ու նորից քննարկում ենք` ի՞նչ ասաց ՀՀԿ-ն, ի՞նչ արեց ԲՀԿ-ն, ի՞նչ չարեց ՀՅԴ-ն, առավելագույնը` ինչու՞ ասաց ու արեց կամ չարեց: Ո՞վ պիտի ձևակերպի հեղափոխություն արած ժողովրդի պահանջը: Լուսանցքային մտածողություն է, որ կուսակցությունները պետք է լինեն ժողովրդի կողքին: Կուսակցությունների առաքելությունը խնդիրները բանաձևելն ու ապագան ծրագրելն է, հաջողության պատմություն ստեղծել ու առաջարկելը` ընտրեք, որի՞ն եք համաձայն: Որպեսզի այդ խնդիրը ռեալ դառնա, ժողովուրդը պետք է պատրաստ լինի գնահատել, հետո ընտրել: Մենք մեր մեծամասնության մեջ պատրաստ չենք ինքնուրույն որոշումներ կայացնել: Մենք մեր մեծամասնության մեջ չունենք անկախ մտածողություն ու շարունակում ենք կառչել սպառողական հոգեբանությանը` մեր երազանքն է այս կամ այն պետության կցորդը դառնալ ու նրա պաշտպանության տակ ապրել` օտարի բանակի, օտարության մեջ աշխատած տրանսֆերտների, նրանց գծած սահմանների ու կայացրած որոշումների մեջ: Առավելագույն դիմադրությունը մեկ-մեկ փնթփնթալն է ու ճակատագրից բողոքելը` փոքր երկիր ենք, վատ շրջապատ ենք ընկել, ծով չունենք, ճանապարհներ չկան, 15 թվին ցեղասպանություն էր, 88-ին` երկրաշարժ, դրանից էլ առաջ մի քանի հարյուրամյակ պետականություն չունեինք: Մենթալ ու սակրալ այս անոմալ բարդույթավորվածությունը աշխարհի հետ տարօրինակ հարաբերություններ է ստեղծում: Մենք անվերջ սպասում ենք, որ մեզ գնահատեն, չհասկանալով, որ առաջինը մենք պիտի գնահատենք: Մենք չպիտի սպասենք, պիտի գործենք: Գլոբալ աշխարհում մեր մշակութային գոյության հիմքով այլոց հետ հարաբերություններ հաստատելը հետամնաց մտայնություն է, աշխարհին պետք են այսօրն ու վաղը` ի՞նչ հավակնություններ ունես դու ու ի՞նչ կարող ես ինքդ տալ: Մեծ աշխարհում մեր երկրորդային դերն ու անտեսվածությունը բխում են մեզնից` մեր նույնականացումից անցյալի, ոչ թե ապագայի հետ: Մենք մնում ենք գավառացի` մեր մեծամասնության մեջ, որ չտեսի հայացքով ենք նայում աշխարհի հրաշքներին, չհասկանալով, որ ինքներս ունենք հրաշքներ, կարող ենք աշխարհին մեր տուն բերել, ոչ թե աշխարհի պոչից կախվել: Պետք չէ պրագմատիզմի զսպաշապիկ հագած ապրել: Պետք չէ տառապանքից քամել կենսական էներգիան, երբ կա ստեղծագործության անսպառ աղբյուրը: Մենք բոլորս ուզում ենք տեր լինել, և արդեն հայ նշանակում է տեր, բայց տերությունը պահել չենք ուզում: Թշնամի ունենալը մեր կենսական անհրաժեշտությունն է` բոլոր ձախողումները նրա վրա բարդելու ու դժբախտ նստելու համար մեր իղձերի ավերակներում: Մենք վիրավորված ենք ի սկզբանե` կյանքից, աշխարհից, Աստծուց: Ազատություն ենք ուզում, բայց չգիտենք ազատության հետ ինչ անել ու գնորդ ենք փնտրում` թանկ վաճառվելու:


Արժի՞ այսքանից հետո արձանագրել, որ Աժ արտահերթ ընտրությունները լինելու են դեկտեմբերի սկզբին: Որ ՀՀԿ-ն որևէ փաստաթուղթ ստորագրելու ցանկություն չուներ ու չունի, վարչապետի թեկնածու չի առաջադրելու, ուզում է «արտահերթը» ու «ափալ-թափալը» տարբերել։ Սա «ափալ-թափալ» ընտրություն է, բայց նույնիսկ «մեկ ավտոբուս ժողովուրդ» մնալու դեպքում պետք է մասնակցի ընտրություններին, «որովհետև այս քաղաքական համակարգին անհրաժեշտ է իրական ընդդիմություն»: Որ ԲՀԿ-ն հուշագիր ստորագրեց վարչապետի հետ, որը հակառակ էր իր հրապարակային պահվածքին` նրանք դեմ էին դեկտեմբերին արտահերթ ընտրություններին՝ համարելով, որ կառավարության ծրագրի դրույթները, օրինակ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, չի կատարվել: Որ ՀՅԴ-ն հավատարիմ է անկախ Հայաստանի պատմության մեջ իր հաստատած ավանդույթին` ցանկացած որոշման համար առևտուր անել մինչև վերջին խազը, իսկ Նիկոլ Փաշինյանը գերադասում է հարաբերվել Հայաստանից դուրս գործող ու առավել ադեկվատ ՀՅԴ-ի հետ: ՈՒ իզուր է հայաստանյան ՀՅԴ-ն հայտարարում. «Փոխվստահությունը քաղաքական ուժերի միջև շատ ավելի կարևոր է, քան ցանկացած փաստաթղթի ստորագրումը կամ հայտարարությունը», չկա փոխվստահություն, կա, մեղմ ասած` քաղաքական աքացի ԲՀԿ-ին: Որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադարձավ մեկ ձևաչափով` հարցազրույցի, ու դա նրա վերջական հեռացումն է: Որ «Սասնա Ծռերը» «հանուն հեղափոխության» կուսակցություն են դարձել, մասնաճյուղ են բացել Արցախում ու պարտավորվում են Աժ-ում մաուզերի ժանրը զարգացնել և չեն խորշում անգամ ազատամարտիկ հանգուցյալ «սեփականաշնորհելուց»` ինքնագովազդի համար: Որ հին ու հնամաշ բոլոր կուսակցությունները ուզում են նոր Աժ մտնել ու …ժողովրդին ծառայել: Որ ՔՊ-ն պատրաստ է 70 տոկոս ունենալ նոր ԱԺ-ում ու կունենա` 30 տոկոս թողնելով մնացյալին: ՈՒ նրանք ներկայացնու՞մ են Հայաստանն ու մեզ: Եվ միայն «Լույսն» է հակված քաղաքականության մեջ հեռանկար ընդլայնել ու տեսադաշտ մեծացնել: Եվ ուրեմն` ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս, ու՞ր ենք գնում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ֆրանս 24-ին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հոկտեմբերի 16-ին հրաժարական կտա: Օրավարտին կիմանանք` տվե՞ց, չտվե՞ց: Օրն առանց նրա էլ պատմական է` 224 տարի առաջ` 1794-ի հոկտեմբերի 16-ին տպագրվել է առաջին հայ պարբերականը` «Ազդարարը»: Հայկական պարադոքսը շարունակվում է: Ընտրեք` որտե՞ղ եք, անցյալու՞մ, թե՞ ապագայում, այդ ընտրությունից է կախված ներկան:

Դիտվել է՝ 4351

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ