Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի վեհաժողովում տեղի ունեցավ սենսացիա, որին ադրբեջանահայկական հարաբերությունների ներկա վիճակը և ԵԱՀԿ Մինսի խմբի միջնորդությամբ` կոնֆլիկտի կողմերի բազմամյա փորձերը վերլուծող փորձագետները չէին ենթադրում: Դուշանբե Հայաստանի վարչապետը եկավ Նյու Յորքից: ԱՄՆ-ում նա ելույթ ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում:
«Ադրբեջանը պետք է բանակցի Լեռնային Ղարաբաղի հետ, հակառակ դեպքում Բաքվին պետք են միայն տարածքները, այլ ոչ թե Ղարաբաղի մարդիկ,-ասում էր Փաշինյանը:-Այդպիսով ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են մաքրել Ղարաբաղը հայերից: Հենց այդ պատճառով Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի մաս, եթե ոչ ոք չի ուզում հայ ժողովրդի նոր ցեղասպանություն»: Բաքվի արձագանքը սպասելի էր: Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի վարիչի տեղակալ Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ Փաշինյանը «պոպուլիզմի, քաղաքական դեմագոգիայի ու զանգվածների մանիպուլացնելու մեջ է»: Այդ համապատկերում քչերը կարևորեցին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ` Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, նույնիսկ այն դեպքում, որ տևել էր 3 ժամ: Երբ կողմերը հայտարարեցին, որ հոկտեմբերին ևս մեկ հանդիպման են պատրաստվում, դա ստիպեց մտածել, որ հակամարտության կողմերը ոչ միայն ավանդական դարձած բանակցություններ են վարում բանակցությունների մասին, այլ առարկայական քննարկում: Թեպետ հանդիպման արդյունքներով միջնորդները հայտարարության մեջ կոչեցին «երկու կողմերիմ չլարել իրավիճակը իրենց արտահայտություններով, այլ ձգտել դրական մթնոլորտ ստեղծել», որ ընկալվեց իբրև հերթապահ արձագանք, նման բառեր նախկինում էլ բազմիցս հնչել են:
Հետո Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբորն Յագլանդի հետ հանդիպման ժամանակ նորից նշեց հայկական կողմի դիրքորոշումն ու նախապատվությունները ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացում` խաղաղության մթնոլորտի ձևավորման կարևորությունը, հրադադարի պահպանումն ու հրաժարումը ագրեսիվ հռետորաբանությունից` բանակցային գործընթացն առաջ մղելու համար: Բայց դա էլ ընկալվեց իբրև հերթական հայտարարություն: Այդ ընթացքում Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Նրանք միջհամայնքային համաժողովի ձևաչափում առանձնազրույց ունեցան, որի ընթացքում, ինչպես հիմա է ակնհայտ դառնում, նորովի է արծարծվել և Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման խնդիրը: Եվ ահա անակնկալ արդյունքը: Դուշանբեում Ալիևի հետ կարճ, բայց չափազանց արդյունավետ բանակցությունների մասին Facebook-ում պատմեց Հայաստանի վարչապետը: Նրա ասածները արժանի են ամբողջական մեջբերման. «Հանդիպումը ոչ պաշտոնական էր, մենք առաջին անգամ խոսեցինք: Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները պետք է պայմանավորվեն, որ կանխեն միջադեպերը սահմանին: Հանդիպումից անմիջապես հետո ես դա հաղորդեցի Բակո Սահակյանին: Իմ վարչապետության չորս ամիսներին առաջին անգամ այս գիշեր սահմանին ոչ մի միջադեպ չի գնացվել: Սա առաջին խաղաղ գիշերն էր»: Երկրորդ կետով նշվել է կողմերի հակվածությունը երկխոսության ու բանակցությունների: Ալիևն ու Փաշինյանը ընդգծել են Ղարաբաղի հարցի խաղաղ լուծման կարևորությունը: Երրորդ կարևոր որոշումը օպերատիվ կապի հաստատումն է եղել: Վարչապետի խոսքով` «մենք դա կհանձնարարենք համապատասխան կառույցներին մեր երկրներում, շատ կարևոր է նման կապ ունենալ, պահպանելու համար հրադադարի ռեժիմի անխաթարությունը»: Եվ հետո` «Գլխավոր խնդիրը մեզ համար հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կանխումն էր:
Անկեղծ ասած` ես ուրախ եմ, որ մենք կարողացանք նրա հետ պայմանավորվել»: Հավելենք, որ դա, անկասկած, Ադրբեջանի ու Հայաստանի ճեղքում է: Այդ իրադարձությունը հետագա դինամիկ կայունության պահպանության դեպքում փոխում է աշխարհաքաղաքական իրավիճակը Անդրկովկասում: Բուն փաստը, որ Ալիևը ոչ միայն շփման մեջ մտավ Փաշինյանի հետ, այլև որոշակի լուծումների գնաց, վկայում է, որ Բաքուն սկսում է Երևանի նոր իշխանությունը դիտարկել իբրև քաղաքականապես կայուն ու պայմանավորվածությունների ունակ: Ըստ ամենայնի` ադրբեջանական կողմը պատրաստ է ոչ միայն երկկողմանի կապեր հաստատել հայկական կողմի հետ, այլև սկսել իրականացնել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2016-ի ապրիլյան պատերազմից հետո և նախատեսում են շփման գծում միջազգային վերահսկողության ու միջազգային դիտորդների տեղակայում: Այդ դեպքում խաղ է վերադառնում Ստեփանակերտը իբրև լիարժեք մասնակից: Այսպիսով` Ադրբեջանի նոր արտաքին քաղաքական կուրսը կարող է փոխել իրավիճակը Անդրկովկասում սկզբունքային մակարդակում, երբ Բաքուն որոշակի աշխարհաքաղաքական պայմաններում կարող է դաշնակից լինել Երևանի հետ: Իհարկե, առայժմ դա միայն ենթադրություն ու վարկած է: Կարևոր է, որ Ադրբեջանի ու Հայաստանի փոխհարաբերություններում սառույցը կոտրվեց, հայտնվում են նոր, սենսացիոն որոշումներ բարդ աշխարհաքաղաքական խաղում, որի բոլոր մասնակիցները պլյուսով դուրս գալու շանս են ստանում: Մինչև 2018-ի ավարտը Հայաստան Պուտինի այց չի լինի: Նա Փաշինյանի հետ կհանդիպի դեկտեմբերին Աստանայում ՀԱՊԿ-ի նիստում: Դեկտեմբերին Մոսկվայում ծրագրվում է և ԵԱՏՄ գագաթաժողով: Պուտին-Փաշինյան երկխոսությունը դեռ առջևում է և կարող է նոր սենսացիաներ բերել:
Ստանիսլավ Տարասով, REGNUM
Հ.Գ. Սենսացիա իսկապես կա` Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Դուշամբեում կայացած զրույցի վերաբերյալ և համարյա նույնն արձանագրեց` զրուցակիցները հայտնել են խնդրի բանակցային եղանակով լուծման և շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով միջադեպերի կանխման նպատակով հրադադարի ռեժիմի ամրապնդման իրենց հանձնառության մասին։ Կողմերը որոշել են մշակել համապատասխան կառույցների միջև օպերատիվ կապի հաստատման մեխանիզմներ։ Եվ ամեն ինչ կարելի էր փոխադրել լավատեսական լարի վրա, եթե համը չհաներ Էլմար Մամեդյարովը: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում` Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը կոչ է անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա, որ «նա անհապաղ ու անվերապահորեն սկսի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդունված ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձևերի իրագործումը»: Մամեդյարովի խոսքով՝ «Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է հասկանա, որ հայ ժողովրդին տրված՝ Հայաստանը տնտեսապես զարգացած ու բարգավաճ պետություն դարձնելու իր խոստումն անիրագործելի է առանց խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների և հարևանների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի»:
Նրա կարծիքով՝ «եթե հայկական նոր ղեկավարությունն իրեն ժողովրդավարական է անվանում, պետք է գործի՝ համաձայն օրենքի գերակայության ու ժողովրդավարական արժեքների»: «Ադրբեջանն անկեղծ ենթադրում է, որ խաղաղությունը, կայունությունն ու փոխշահավետ տարածաշրջանային համագործակցությունը չունեն համարժեքներ»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ հենց իրենք են հակամարտության շուտափույթ քաղաքական կարգավորման հարցում ամենաշահագրգռված կողմը: Ու ինչպե՞ս հասկանալ` Մամեդյարովին չե՞ն հասցրել տեղեկացնել, թե՞ երկակի քաղաքականությունը շարունակվում է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ