Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտարարություն են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանք հաստատել են, որ քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, տեղեկություն ստացել մտահոգություն առաջացնող վերջին միջադեպերի և հայտարարությունների վերաբերյալ:
«Համանախագահները ափսոսանք են հայտնել շարունակվող և անտեղի մահվան դեպքերի առնչությամբ: Նրանք զգուշացրել են նախարարներին իրավիճակի սրման վտանգների մասին, կողմերին կոչ են արել կառուցողական մասնակցել դրական միջավայրի ձևավորմանը և խուսափել սադրիչ հռետորաբանությունից: Համանախագահներն ընդգծել են, որ համապարփակ կարգավորումը զիջումներ է պահանջելու բոլոր կողմերից», - ասված է հայտարարության մեջ: Նախարարները հաստատել են բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և լարվածությունը նվազեցնելու համար հավելյալ քայլերի կարևորությունը և պայմանավորվել են կրկին հանդիպել մինչև տարեվերջ: Համանախագահները ծրագրում են տարածաշրջան գալ առաջիկայում: Նախարարների հետ հանդիպումից հետո տեղեկություններ տարածեցին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ-ները: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում էր, որ հանդիպումը սկսվել է նախ ընդլայնված ձևաչափով, ապա արտգործնախարարներն առանձնազրույց են ունեցել։ ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները։ Տեղի է ունեցել մտքերի օգտակար փոխանակում հիմնահարցի կարգավորման շուրջ` ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, ներառյալ` առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում։
Ադրբեջանի ԱԳ-ն ավելի «շռայլ էր» մանրամասների մեջ` «Ընդհանուր առմամբ, բանակցությունները տևել են ավելի քան երեք ժամ: Տեղի է ունեցել կարծիքների հետաքրքիր և կարևոր փոխանակում հակամարտության կարգավորման շարունակվող զարգացման վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, թե ինչ է անհրաժեշտ անել տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար: Մենք պայմանավորվել ենք շարունակել այդ բանակցությունները հաջորդ ամիս, ներառյալ՝ տարածաշրջան համանախագահների այցի շրջանակում»,- ասել է Մամեդյարովը:
Հանդիպման բովանդակության ընկալման ու գնահատման տարբերությունները ակնհայտ են, հատկապես նախարարների ապագա հանդիպման ժամկետի վերաբերյալ: Փաստացի` Բաքուն շտապում է: Մամեդյարովը չի խոսել սուբստանտիվի մասին` ակնհայտորեն Իլհամ Ալիևի թողնելով այդ «ծանր գործը»: Նյու Յորքի հանդիպումներին զուգահեռ իրադարձությունները ծավալվում էին մի քանի ուղղություններով` Բաքվում, որտեղ հանդիպել էին Ալիևն ու Պուտինը, և Դուշանբեում, որտեղ էին ԱՊՀ նախագահներն ու Հայաստանի վարչապետը: Պուտինը Բաքու գնաց հրապարակված ժամկետից երկու օր ուշացումով ու մնաց մի քանի ժամ, որի զգալի հատվածը նվիրված էր միջհամայնքային հանձնաժողովի նիստին, մի մասն էլ սպորտին: Բայց Բաքուն ուներ այլ անակնկալ` ճիշտ այն ժամանակ, երբ Դուշանբեում Էմոմալի Ռահմոնը ընդունել էր ԱՊՀ նախագահներին ու Հայաստանի վարչապետին, Լուկաշենկոն Ալիևին էր ուղարկել նոր «Պոլոնեզները»: Ամբողջ մի օր ով ասես գուշակում էր, թե ինչ են խոսել Դուշանբեում Պուտինն ու Փաշինյանը, Փաշինյանն ու Ալիևը, ոչ ոք չի հարցնում` իսկ Փաշինյանը Լուկաշենկոյի հետ չի՞ խոսել: Բոլորովի՞ն:
Միանգամայն ենթադրելի էր, որ Դուշանբեում Փաշինյանն ու Ալիևը խռով-խռով չեն խաղալու, պաշտոնապես չեն հանդիպի, բայց իրար տեսնելն ու մի քանի բառ փոխանակելը նոնսենս չէ: Արդեն այսօր մենք կարող ենք իմանալ` ի՞նչ են խոսել նրանք: Գոնե մասամբ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը դարձյալ պարիտետային էր` ուղղված երկու կողմերին ու անորոշ ձևակերպումներով: Գուցե առաջին անգամ նրանք … մի քիչ ճիշտ էին: Ադրբեջանի հետ համարենք, որ ամեն ինչ պարզ է, կամ հինն է ու նույնն է: Հայաստանի մասով` որևէ մեկը կասի՞, թե Հայաստանը Ղարաբաղի հարցի լուծումը ինչպե՞ս է տեսնում` ԼՂ մասնակցությամբ բանակցային գործընթացին՝ փոխզիջումների հասնելով, թե՞ Արցախը Հայաստանին միացնելով։ Համենայն դեպս` երկու հայտարարություններն էլ հնչեցրել է ՀՀ վարչապետը, ու այնպես չէ, որ խնդիրը ժամանակի մեջ է` նախ մի տարբերակը, հետո` մյուսը: Կամ` կամ: