Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովն ու Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պպոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) միջնորդությամբ ու ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ հանդիպելու են Նյու Յորքում: Մամեդյարովի ու Մնացականյանի առաջին հանդիպումը հուլիսի 11-ին էր, Բրյուսելում` դարձյալ Մինսկի համանախագահների միջնորդությամբ: Փաստը, որ նախագահները հանդիպում ու ինչ-որ հարցեր են քննարկում, վկայում է բանակցությունների առարկայի գոյության մասին: Դա` առաջինը: Երկրորդը` բանակցային օրակարգը պետք է համաձայանեցված լինի գլխավոր բանակցողների հետ: Դա կա:
Բայց, ավաղ, ինչպես և առաջ, օրակարգի մասին ոչինչ հայտնի չէ և միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ԶԼՄ-ներ սպրդող առանձին ակնարկներ վկայում են, որ ուշադրության կենտրոնում Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումն է, որ ձեռք է բերվել ապրիլյան պատերազմից հետո: Բաքուն, ճիշտ է, չի ստորագրել և կարելի է ենթադրել, որ Մինսկի խումբը փորձում է Բաքվին ուղղել այդ փաստաթղթերի ամբողջական իրավաբանակա ձևակերպմանը: Հետևաբար, կարելի է խոսել միայն բանակցությունների մասին, իսկ ճեղքում պետք է համարել այդ համաձայնագրի տակ Ադրբեջանի ստորագրությունը: Դրան է մղում հակամարտող կողմերի շփման գծում լարվածության աճը, որ խարխլում է առանց այդ էլ թույլ վստահությունը միմյանց նկատմամբ: «Դիվանագիտական ճակատում» ստեղծված իրավիճակը ակնհայտորեն կախվում է օդում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթում վճռեց կրկնել «Ստեփանակերտի բանաձևը»` Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Լեռնային Ղարաբաղի հետ, հակառակ դեպքում Բաքվին պետք են միայն Ղարաբաղի տարածքները, ոչ թե մարդիկ: Այսինքն` Երևանը մտադիր է բանակցել կամ շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ միայն երկկողմ հարաբերությունների կառուցման իր իրավասությունների սահմաններում, իսկ Ղարաբաղի խնդիրը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ կամ Բաքու-Երևան-Ստեփանակերտ ձևաչափով: Բայց հիմա գործում է Բաքու-Երևան ձևաչափը:
Փաշինյանի տրամաբանությամբ` միակ փաստաթուղթը, որ կարող է ստորագրվել, Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմական վիճակի դադարեցումն է: Եվ միայն դրանից հետո, նշում է բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը, հնարավոր կլինի նոր պայմաններում անցնել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորմանը: Ճիշտ է` հնարավոր է և այլ կոմբինացիա: Բայց ինչպես էլ պտտես, չի երևում կոնֆլիկտի կարգավորման ինչ-որ նոր հայեցակարգ, այլ երևում են ընդամենը մարտավարական մանևրներ: Առավելևս, որ ոչ մի փոփոխություն չկա Բաքվի դիրքորոշման մեջ: Բաքուն դեմ է բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության «անջատողական վարչակարգի» ներկայացուցիչների ներգրավմանը, որովհետև դա կնշանակի դե ֆակտո ճանաչում, և պնդում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերի կատարումը: Որը, իդեպ, չկա Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների բանակցային օրակարգում: Ավելին` եթե Երևանը հաճախ է խոսում ինչ-որ փոխզիջումների որոնումների հնարավորության մասին, Ադրբեջանի դիվանագիտական այդ բառն ընդհանրապես չի օգտագործվում: Հենց այդ պատճառով կոնֆլիկտի բացառապես խաղաղ կարգավորման խոսքերի հետևում, որ օգտագործում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, երբեմն և Բաքուն ու Երևանը, ոչինչ չկա:
Այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` հաճախ արտաքին ոչ մի պատրվակ չունեցող հայտարարությունները, որ «Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս» հանգեցնում են մտքի, որ որոշակի քաղաքական ու դիվանագիտական շրջանակներում կա նման քննարկում և Ալիևը հրապարակավ հենց նրանց է դիմում: Դրանից հետևում է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման առարկայական բանակցություններ չեն վարվում: Ոչ ոք չգիտի` ե՞րբ կլինի և կլինի՞ ընդհանրապես Ալիև-Փաշինյան հանդիպումը: Փաշինյանը դեռ ինչ-որ ժամանակ զբաղվելու է իր իշխանության համախմբումով, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը վարչապետի ուշադրության հետին պլան է մղում: Որովհետև փաստացի` նրա ձևակերպած ցանկացած կոնկրետ փոխզիջում, որ, իդեպ ակնարկում է Բաքուն, ենթարկվելու է հակառակորդների հարձակմանը ու որակվելու է «կապիտուլյացիա», «դավաճանություն ազգային շահերին»: Հենց այդ պատճառով Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների բանակցություններում խոսք կարող է լինել միայն հեռավոր հեռանկարի մասին: Թեպետ ինչ-որ մեկը, իհարկե, շահում է այդ իրավիճակից:
Ստանիսլավ Տարասով, REGNUM
Հ.Գ. Ո՞վ է շահում այդ իրավիճակից: Գործականում` բոլորը` հնարավորություն ստանալով վարել իրենց արդեն փորձարկված քաղաքականությունը, բայց դա չի հանգեցնում հարցի լուծման: Սա է խնդիրը: Կողմերը պատրաստ չեն լուծումների, լուծման պատրաստ չեն և համանախագահ երկրները` իրենց հարափոփոխ շահերի շրջապտույտում: Իսկ Նյու Յորքում ԱԳ նախարարների հանդիպումը կայացավ և համենայն դեպս մեկ կոնկրետ արդյունք տվեց` նրանք պատրաստ են հոկտեմբերին նորից հանդիպել: ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ հանդիպումը սկսվել է նախ ընդլայնված ձևաչափով, ապա արտգործնախարարներն առանձնազրույց են ունեցել։ ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները։ Տեղի է ունեցել մտքերի օգտակար փոխանակում հիմնահարցի կարգավորման շուրջ` ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, ներառյալ` առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում։ Հայաստանի «առաջիկայում» -ը առավել կոնկրետացրել է Մամեդյարովը: Նա հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները հաջորդ ամիս: «Ընդհանուր առմամբ, բանակցությունները տևել են ավելի քան երեք ժամ: Տեղի է ունեցել կարծիքների հետաքրքիր և կարևոր փոխանակում հակամարտության կարգավորման շարունակվող զարգացման վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, թե ինչ է անհրաժեշտ անել տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար: Մենք պայմանավորվել ենք շարունակել այդ բանակցությունները հաջորդ ամիս, ներառյալ՝ տարածաշրջան համանախագահների այցի շրջանակում»,- ասել է Մամեդյարովը: Մնում է սպասել Ալիևի ու Մամեդյարովի նոր հայտարարություններին` Ալիև-Պուտին հանդիպումից ու Մամեդյարովի Բաքու վերադարձից հտո:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ