ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ադրբեջանն ավելի շատ զենք է ուզում Իսրայելից

Ադրբեջանն ավելի շատ զենք է ուզում Իսրայելից
15.09.2018 | 11:18

Իսրայելի ՊՆ նախարար Ավիգդոր Լիբերմանը մեկնել է Բաքու` նախագահի ու ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպելու: Ադրբեջանը մուսուլմանական եզակի պետություններից է, որ լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ և վաղուց է իսրայելական զենք գնում: Փորձագետները գտնում են, որ այս այցն էլ այդ համագործակցության հերթական փուլն է: Իսրայելի ՊՆ նախարար Ավիգդոր Լիբերմանը սեպտեմբերի 12-13-ին Վրաստանում էր, հետո Ադրբեջանում` հանդիպելու նախագահների, Պն նախարարների ու հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ: Պաշտոնական պետական AzerTag գործակալությունը ու Ադրբեջանի ՊՆ-ն չեն հրապարակում մանրամասներ հանդիպումներից, լռում են և նախագահի աշխատակազմում: Ադրբեջանը զենք է գնում ոչ միայն Ռուսաստանից, այլև այլ երկրներից: Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովն ասում է, որ Ադրբեջանը երկար տարիներ է հետաքրքրված իսրայելական զինտեխնիկայով:

«Ադրբեջանը չի թաքցնում, որ իսրայելական արտադրանքը ճանաչված է ու արդարացրել է իրեն և նախկինում,-ասել է նա:- 2016-ին Ադրբեջանը ի պատասխան սադրանքի օգտագործեց ժամանակակից իսրայելական անօդաչուները, որ ոչ քիչ հոգս պատճառեցին հայկական կողմին»: Նրա խոսքով` իրենց լավ դրսևորեցին հակատանկային Spike հրթիռները: Փորձագետը գտնում է, որ Լիբերմանի այցի ժամանակ զենքի հարցով նոր որոշումներ կընդունվեն, որոնց մասին տարեվերջին հայտնի կդառնա, երբ երկրները ՄԱԿ-ին հաշվետվություն են ներկայացնում գնված կամ վաճառված զինտեխնիկայի վերաբերյալ: Ջաֆարովի կարծիքով` իսրայելական զենքն ավելի տեխնոլոգիական ու որակյալ է քան Ռուսաստանից գնածը: Նա չի բացառում, որ Իսրայելի հետ շարունակվող սերտ համագործակցությունը կարող է հարուցել որոշ հարևանների անհանգստությունը, սակայն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու լծակներ չկան: «Իսրայելն Իրանի հետ բարդ հարաբերություններ ունի, դժվար պահեր են եղել և Թուրքիայի հետ»` ասում է փորձագետը:

Թուրքիան իրոք Ադրբեջանի դաշնակիցն ու սերտ գործընկերն է ԽՍՀՄ-ի փլուզումի առաջին օրերից: Իսկ Իրանի հետ երկիրը երկար սահման ունի: «Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ ունի Իսրայելի հետ, որ ունեն ոչ բոլոր մուսուլմանական երկրները,-նշում է քաղաքագետ ու ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Հիքմեթ Հաջիզադեն:-Իրանը և արաբական որոշ երկրներ կարող են շատ խանդով վերաբերվել նման համագործակցությանը, բայց ոչինչ անել չեն կարող: Ադրբեջանը զենք գնելու փող ունի ու պատրաստ է վճարել»: Նրա խոսքով` ոչ Ռուսաստանի հետ խոսքերի մակարդակով բարելավվող հարաբերությունները, ոչ վաղեմի ջերմ հարաբերությունները Թուրքիայի հետ չեն կարող այդ որոշման վրա ազդել: Ադրբեջանը բոլոր դեպքերում կշարունակի զենք գնել Ռուսաստանից, բայց ավելի շատ քաղաքական նկատառումներով, քան որակից ելնելով, իսրայելական զենքը չի կարող համարվել ռուսականին մրցակից` գտնում է փորձագետը:


Ադրբեջանը կտրուկ մեծացրեց ռազմական բյուջեն 2006-ին, երբ երկիր մտան առաջին մեծ նավթադոլարները Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարից, որ այսօր 1,76 միլիարդ դոլար է տալիս: 2005-ին Ադրբեջանում ստեղծվեց պաշտպանական արդյունաբերության նախարարություն, որ արտադրում է հրանոթներ, ինքնաձիգեր, պաշտպանական տեխնիկա և այլ զենքեր: Իր գոյության օրից երկիրը ռազմական կոնֆլիկտի մեջ է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կոնֆլիկտի ու նրա շրջակա տարածքների պատճառով, որ 1994-ից հայկական վերահսկողության տակ են:
ВВС


Հ.Գ. Փոքրիկ նյութ ու ինչքան փաստական խեղաթյուրումներ` սկսած 2016-ի «սադրանքից» մինչև Ադրբեջանի` Հայաստանի հետ ռազմական կոնֆլիկտի մեջ լինելը: Բայց կարևորը Իսրայելից գնվող զենքերի հարցն է: Իսկ ի՞նչ է անում Իսրայելում ՀՀ դեսպանը: Որևէ հարց ուղղե՞լ է Իսրայելի ԱԳՆ` ներկայացնելով «հարցի պատմությունը» և բացատրություն ակնկալելով, թե՞ Արմեն Սմբատյանը զբաղվում է Իսրայելում հայկական մշակույթի տարածումով: Լուրջ հարցերի հետ գործ չունի: Առավելևս, որ ժամանակին Իսրայելը նաև առաջարկել է զենք վաճառել Հայաստանին, բայց մենք գերադասում ենք միայն ռուսականը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ