Նոր կառավարության գործունեության 100 օրը լավ առիթ էր, որպեսզի գործադիր իշխանությունը ներկայացնի իր աշխատանքի արդյունքը։ 100 օրը նաև այն սահմանն է, որն անցնելուց հետո շատ վերլուծաբաններ և գործիչներ ազատ են զգում իրենց կարծիքը հայտնելու գործող կառավարության մասին։
100 օրվա գործունեության ամենավիճելի կողմերից մեկը տարվող արտաքին քաղաքականությունն է։ Հայաստանի նման երկրի համար դա ամենազգայուն, ամենակարևոր ասպեկտներից մեկն է, որով շատ դեպքերում պայմանավորված են լինում ներքաղաքական զարգացումները։ Եթե սովորաբար ասում են, թե արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության օրգանական շարունակությունն ու արտացոլումն է, ապա Հայաստանի պես երկրում թերևս հակառակն է. շատ ոլորտներում արտաքին քաղաքականությունն է թելադրում ներքին զարգացումները։ Հայաստանի պարագայում արտաքին քաղաքականությամբ են պայմանավորված երկրի անվտանգությունը, պաշտպանության մակարդակը, Արցախի հարցը, ինչու ոչ, տնտեսության վիճակը նույնպես պայմանավորված է արտաքին քաղաքական ազդեցություններով։ Եվ եթե հաշվի առնենք, որ բնակչության զգալի մասը ապրում է արտաքին աշխարհից, առաջին հերթին Ռուսաստանից, եկող փոխանցումների հաշվին, ապա հասկանալի է, որ Հայաստանում տնտեսական վիճակն այնքան կախված չէ երկրի ներսում վարվող տնտեսական քաղաքականությունից, որքան արտաքին շուկաներում և գործընկեր երկրներում եղած իրավիճակից։
Վերոնշյալից բխում է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորությունը։ Այս համատեքստում դիտարկենք, թե ինչ պատկեր կա կառավարության պաշտոնավարման 100 օրից հետո՝ իրավիճակը համեմատելով նախկին կառավարության գործունեության հետ։
Անցած 20 տարիներին Հայաստանը արտաքին քաղաքականության ոլորտում որդեգրել էր կոպլեմենտարության սկզբունքը։ Այսինքն՝ փորձում էր աշխարհաքաղաքական բևեռների և ազդեցիկ երկրների շահերը համադրելու եղանակով բոլորի հետ ունենալ քիչ թե շատ հավասարազոր, գործընկերային հարաբերություններ բոլոր ասպեկտներում, անկախ նրանից, թե տվյալ պահին Հայաստանը որ աշխարհաքաղաքական կամ ռազմաքաղաքական ձևաչափում էր գտնվում։ Այս համատեքստում Ռուսաստանի հետ ձևավորվել էին ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, որոնց գագաթնակետը Հայաստանի մասնակցությունն է ԵԱՏՄ-ին, Մաքսային միությանն ու ՀԱՊԿ-ին, որպես լիիրավ անդամ, դրանից բխող բոլոր հետևանքնեով, արտոնություններով և թերություններով։ Ռուսաստանի հետ հարաբերությունները որոշակիորեն ապահովում են Հայաստանի պաշտպանության, անվտանգության մակարդակը, ինչ-որ չափով նաև տնտեսական անվտանգությունը՝ հաշվի առնելով այն փաստը, որ հիմնական էներգակիրները, ռազմավարական ուղղությունները մեր տարածաշրջանում մեծ կախում ունեն Ռուսաստանից։
Միևնույն ժամանակ, տարբեր ձևաչափերով հարաբերություններ կային Եվրամիության հետ, և այդ հարաբերությունների գագաթնակետը, իհարկե, 2017 թ. ԵՄ-ի հետ ստորագրված համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիրն է, որը թեև ասոցացման համաձայնագիր չէ, սակայն քաղաքական, հետագա հեռանկարի և տնտեսության վրա ազդեցության տեսակետից կարևոր փաստաթուղթ է և որոշակի դիվիդենդների, համագործակցության հեռանկարների հնարավորություն է տալիս ԵՄ-ի անդամ երկրների հետ։ Այս փաստաթղթով Հայաստանին տրամադրվում էին բարենպաստ առևտրային ռեժիմներ։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանը թե՛ Ռուսաստանի հետ ուներ ազատ առևտրի ռեժին, թե՛ ԵՄ-ի հետ բազմաթիվ ոլորտներում և բազմաթիվ ապրանքների հետ կապված արտոնյալ ռեժիմներ։
ԱՄՆ-ի հետ նույնպես կար քաղաքական համագործակցություն։ Տնտեսական առումով շատ բան խոչընդոտվում էր, քանի որ ամերիկյան բիզնեսը վստահություն չուներ ՀՀ իշխանությունների վարած ներքին, տնտեսական քաղաքականությունների նկատմամբ։ Սակայն ԱՄՆ-ը միշտ փորձում էր իր ուրույն և կարևոր ներկայությունն ունենալ Հայաստանում՝ կա՛մ միջազգային ֆինանսական կառույցների ֆինանսավորման, կա՛մ ուղղակի ներդրումների եղանակով։ Ավելին, ԱՄՆ-ը մշտապես ըմբռնումով է վերաբերվել Հայաստանի՝ Ռուսաստանից քիչ թե շատ կախյալ կարգավիճակին։ Նույնիսկ այն դեպքերում, երբ պատժամիջոցներ էին կիրառվում այլ երկրների, կազմակերպությունների տնտեսական գործունեության նկատմամբ, պայմանավորված Ռուսաստանի և Իրանի նկատմամբ պատժամիջոցներով, Հայաստանի նկատմամբ այդ ռեժիմը կա՛մ չէր կիրառվում, կա՛մ էլ ընտրողաբար էր կիրառվում՝ հաշվի առնելով, որ Հայաստանը մանևրելու շատ մեծ հնարավորություններ չունի։ Ընդ որում, վերջին տարիներին, վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարման ընթացքում, ԱՄՆ-ի դեսպանը շատ ավելի հաճախ էր լինում ՀՀ վարչապետի մոտ, քան հանդիպում էր արևմտամետ ընդդիմության հետ։ Նույնիսկ մեկ տարի առաջ արձանագրվեց, որ Միացյալ Նահանգները, գնահատելով մեր երկրում տնտեսական քաղաքականության ոլորտում արվող բարեփոխումները, հետաքրքրված է Հայաստանում ներդրումներով, և մոտ 8 միլիարդ դոլարի ներդրումային հնարավորություններ է տեսնում, մանավանդ էներգետիկայի ոլորտում։ Եվ սա, այսպես կոչված, ռուսական ենթակառուցվածքների հետ կապված վարչապետի պարագայում։ ԱՄՆ-ը տարիներ շարունակ բավականին հավասարակշված մոտեցում է ցուցաբերել նաև Արցախի հարցում։
Թերևս մոտավորապես նույնը կարելի է ասել Իրանի մասին։ Իրանը իհարկե բարդ երկիր է համագործակցության առումով՝ ելնելով վերջինիս մենթալիտետից, ավանդույթներից, տարածաշրջանում ունեցած կարգավիճակից։ Դժվար է ասել, թե Իրանի հետ մեծ նախագծեր էին իրականացվում, նույնիսկ եթե որոշակի պայմանավորվածություններ էին ձեռք բերվում, չէին կարողանում կյանքի կոչել կա՛մ ֆինանսների բացակայության, կա՛մ կոռուպցիայի պատճառով, սակայն որոշակի պրագմատիկ հարաբերություններ Իրանի հետ կային։
Այս ամենի հանրագումարում կարող ենք ասել, որ Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականությունը, լավ թե վատ, որոշակի արդյունքներ տալիս էր և կայունություն ապահովում։
Ի՞նչ պատկեր ունենք նոր կառավարության օրոք։ Վարչապետ Փաշինյանն ի սկզբանե հայտարարեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում որևէ լուրջ շրջադարձ չի լինելու, բոլոր այն ստատուս քվոները, որ կային վերոնշյալ երկրների հետ հարաբերություններում, պահպանվելու են։
Հարցը դիտարկենք առանձին երկրների կտրվածքով։ Թեև Ռուսաստանի հետ ձևական առումով պահպանվում է ռազմավարական դաշնակցի կարգավիճակը, սակայն դժվար է չհամաձայնել շատ փորձագետների հետ, որ երբեք Հայաստանի հարաբերությունները ՌԴ-ի հետ այսքան ճգնաժամային չեն եղել։ Ռուսաստանյան առաջին դեմքերի մակարդակով Հայաստանը ենթարկվում է սուր քննադատության, և կասկածի տակ է դրվում ՀՀ իշխանությունների անկեղծությունը Ռուսաստանի հանդեպ։ Փաստ է, որ այսօր բավականին բարդ հարաբերություններ են, և նույնիսկ երկու երկրների ղեկավարների շփումը երբեմն խնդրահարույց է դառնում։ Հասկանալի է, որ հարաբերությունների որոշակի սառեցում և գործնական շփումների դանդաղում է նկատվում նաև տարբեր գերատեսչությունների հորիզոնական կապերի մակարդակում, այդ թվում՝ ՀՀ անվտանգության համար շատ կարևոր ասպարեզներում։ Եվ միտումն առայժմ դեպի խնդիրների խորացում է տանում։
Եվրամիության հետ կապված. առաջին իսկ եվրոպական այցն ավարտվեց սկանդալով, երբ վարչապետ Փաշինյանը Բրյուսելի օդանավակայանում նստած սուր քննադատության ենթարկեց ԵՄ-ին՝ կշտամբելով վերջինիս, որ որևէ տարբերություն չի տեսնում նոր և հին իշխանությունների միջև։ Խոսքը ֆինանսական օժանդակության մասին է, և այդ ամենն այնքան բացահայտ էր ասվում, որ ԵՄ-ի չինովնիկները բաց տեքստով զարմանք էին արտահայտում՝ ասելով, որ եթե ոչինչ չեք փոխում արտաքին քաղաքականության մեջ, ի՞նչ տարբերություն կարող է լինել գործող և նախկին իշխանությունների միջև։ Հավանաբար ակնարկվում էր, որ նախկին իշխանությունները, որ այսօր ներկաների կողմից անվանվում են ոչ ժողովրդավար, հենց իրենք են հաստատել բավականին բարձր նշաձող ունեցող հարաբերություններ ԵՄ-ի հետ։ Իրավիճակը չփրկեց նույնիսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան։ Այդ այցն ավելի շուտ ճանաչողական էր, որևէ ուղերձ մենք չլսեցինք հայ-գերմանական հարաբերությունների բարելավման առումով։ Այստեղ նույնպես, ինչպես հայաստանյան մյուս ոլորտներում, ամեն ինչ սահմանափակվեց սելֆիների մակարդակով։
ԱՄՆ-ի պարագայում իրավիճակն առավել հետաքրքրական է։ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռ. Միլզը հայտարարեց, որ բիզնես-միջավայրը կարծես պատրաստ էր ներդրումներ անելու նախորդ իշխանությունների օրոք։ Նոր կառավարության 100 օրը լրանալուն մոտ նույն դեսպանը հայտարարեց, որ դեռ շատ վաղ է խոսել ներդրումների մասին, քանի որ շատ բան կախված է կոնկրետ քաղաքականությունից։ Հասկացվեց, որ ուշադիր հետևելու են Ամուլսարի շուրջ ընթացող զարգացումներին և վարչապետի ու կառավարության դիրքորոշմանն այդ հարցին։
Իրանի պարագայում նույնպես որևէ փաստացի տեղաշարժ չի գրանցվել, և ամեն ինչ գտնվում է սառեցված վիճակում։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո կոմպլեմենտարիզմը փոխարինվեց բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները հավասար հեռավորության վրա պահելու քաղաքականությամբ։ Իսկ սա բավականին բարդ հեռանկարներ է խոստանում, եթե արտաքին քաղաքականությունում շատ կոնկրետ, պրոֆեսիոնալ քայլեր չարվեն։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ