Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին... «Դանթեական առասպելի» այս տողերով կարելի է ասել, մենք` Արարատի մարզի Այգեստանի գյուղապետարանի աշխատակազմի աշխատողներս, Ղարաբաղում ծառայող զինվորների հարազատները` մայրերը, պապերը, 2015 թվականի մարտի 13-ին, առավոտյան ժամը 7-ին Այգեստանի գյուղապետարանի մոտից, նվերներով բարձված «Ֆորդով», ավտոբուսով լցված մարդկանցով և իմ «Շկոդա»-ով շարժվեցինք դեպի Ղարաբաղ:
Դեռևս փետրվարի 23-ին նամակ էի ուղարկել ԼՂ-ի պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանին և խնդրել ընդառաջել մեր խնդրանքին և Ղարաբաղի տարբեր զորամասերում ծառայող մեր զինվորներին մարտի 14-ին բերել նշված զորամաս` ծնողների հետ հանդիպման:
Նույն օրը ժամը 16-ին մենք արդեն Ստեփանակերտի Դուդինի փողոցի 4 հասցեում գտնվող տան հյուրանոցում զգում էինք ինչպես սեփական տանը: Այդպիսի վստահություն մեզ ներշնչեց առաջին իսկ վայրկյանին տանտիրուհի Նունեն, որը սիրով մեզ տրամադրեց հյուրանոցի սպասարկման հետ կապ չունեցող առանձնատան ընդարձակ ճաշասենյակն իր բոլոր հարմարություններով: Նունեի վերաբերմունքից ես հասկացա, թե որքան ջերմ են ղարաբաղցի-հայաստանցի սովորական մարդկանց հարաբերությունները, իսկ պաշտպանության բանակի ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կապերի վարչության սպա, մայոր Դավիթ Օհանջանյանի վերաբերմունքը, որին հանձնարարված էր լուծել նախարարին հասցեագրված մեր նամակում բարձրացված հարցերը, վեր էր ամեն գնահատականից: Բոլորն էլ հասկանում էին, որ մենք Ղարաբաղ ենք գնացել ո՛չ տեղին և ո՛չ էլ անհեթեթ կարգախոսով, այլ սահման պահող զինվորի ոգին բարձրացնելու համար: Ճիշտ է, Օհանջանյանը կատարում էր նախարարի հանձնարարությունը, բայց այդ հանձնարարության կատարման մեջ երևում էր Օհանջանյանի, պատերազմ տեսած զինվորի, հետո սպա դարձած, բայց զինվորի տրամադրությունը, մոր զգացմունքները հասկացող մարդու ողջ հոգատարությունը: Պահակակետում թշնամու նշանառուից մահացու վիրավորված, յոթ օր կլինիկական մահ տարած, բայց ապաքինվելուց հետո շարք վերադարձած զինվորին տեսնելով, հասկանում և հավատում ես, որ այդ հողը ոչ մի թշնամի չի կարող նվաճել:
Երբ ճանապարհից հոգնած, բայց արդեն փոքր-ինչ հանգստացած պատրաստվում էինք քաղաք դուրս գալու, անսպասելի հյուրանոցի բակ մտան մեր գյուղի ծառայող զինվորները: Դժվար է նկարագրել այդ հաճելի անակնկալը բառերով, որ ծնողներին պարգևեց Դավիթ Օհանջանյանը: Ծնողների հետ հանդիպումը մեր խնդրանքով նախատեսված էր մարտի 14-ին պայմանավորված զորամասում, բայց Դավիթ Օհանջանյանը, իմանալով, որ մենք մարտի 13-ին լինելու ենք Ղարաբաղում, բոլորին հավաքել էր պայմանավորված զորամասում և երեկոյան ժամը 17.00-ին բերեց հյուրանոց անակնկալ հանդիպման: Նույն օրը երեկոյան մենք զինվորների հետ շրջեցինք Շուշիում, եղանք Ղազանչեցոց եկեղեցում: Շուշին կարծես հառնել էր լեթարգյան քնից և ապրում էր առօրյա կյանքով: Փողոցներում մարդիկ, երիտասարդ զույգեր էին շրջում, իսկ շենքերի մեծ մասում վառվում էին լույսերը: Ասում եմ քնից և ոչ թե հառնել էր պատերազմի մոխիրներից: 1992 թվականին Շուշիի ազատագրումից հետո անմիջապես տեսել եմ քաղաքը, կարծես այնտեղ պատերազմ էլ չէր եղել, ընդամենը մի քանի շենք էր այրվել և էական ավերածություններ չկային, որովհետև Շուշիի գրավումը ռազմական արվեստի այնպիսի օրինակով էր իրականացվել, որ այն դասական կարելի է համարել: Անառիկ ամրոցը, զենքի հսկայական քանակը, ազերիների մեծաքանակ զորքը և շատ գործոնների առկայությունը, պահանջվող հսկայական զոհերը, որ պիտի տրվեին քաղաքը գրոհով վերցնելու համար, մինչդեռ ընդամենը 31 զոհ և... Եվ Արկադի Թադևոսյանը կարող է հպարտորեն ասել` ես համարյա առանց կրակոցի վերցրի անառիկ Շուշին: 1918 թվականին երեսունհազարանոց հայաշատ քաղաքը կոտորվել էր թուրքերի կողմից, իսկ մնացած երկու հազար բնակիչն էլ 1988-ի դեպքերից հետո բռնագաղթել էր: Քաղաքում համարյա մարդ չկար, քաղաքը կարծես անշնչացել էր: Իսկ հիմա, 2015 թվականի մարտի 13-ին, ես տեսնում էի արդեն քնից արթնացած Շուշիի փողոցներում ուրախ ժպիտով քայլող մարդկանց:
Ողջ գիշեր զինվորներն անցկացրին իրենց ծնողների հետ: Իսկ առավոտյան ժամը 10-ին մենք ծաղիկներ դրեցինք անկախացած Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի գերեզմանին: Այդ քաղաքական գործչին Ղարաբաղում (և ինչո՞ւ միայն Ղարաբաղում) բոլորն են հիշում և հարգում: Ասեմ, որ ոչ ոք չի հավատում նրա ինքնասպան լինելու վարկածին: Այդ հարցի բացահայտման ճշմարիտ պատմությունն առջևում է:
Այնուհետև եղանք Ասկերանում տեղավորված ամենամեծ զորամասում, որտեղ էլ բաժանեցինք մեր նվերները: Էականը նվերների քանակը չէր, թող որ դրանք արժենային ընդամենը 1,3 միլիոն դրամ: Վեց տարի առաջ, երբ ընտրվեցի գյուղապետ, բյուջեում կար ընդամենը 23 հազար դրամ, իսկ այսօր 1,3 միլիոն դրամի նվերներ ենք տալիս հայ զինվորին, մեկնում ենք Ղարաբաղ, որ...
Ասկերանում տողան կանգնած զինվորներին դիմելով` ասացի.
«Մենք եկել ենք այստեղ, որպեսզի ձեզ ասենք, որ հայ ժողովրդի համար թանկ է Ղարաբաղի յուրաքանչյուր թիզ հողը: Մենք հիացած ենք ձեր քաջարիությամբ: Դուք ամեն րոպե դաժան դաս եք տալիս ազերիներին, և մենք հիանում ենք դրանով: Յոթանասուն տարի ալիևյան խարդավանքները չկարողացան դատարկել Ղարաբաղը, իսկ այսօր, երբ կան ձեզ պես քաջարի զինվորներ, այդ հողը` Հայաստանի միջնաբերդը, միշտ կմնա հայկական: Իմացեք, որ կռվի դաշտում միշտ հաղթում է ոգին, ռուսի ասած` дух-ը»:
Օհանջանյանը պատմում էր, որ երբ փորձված ֆիդայիները անցած տարվա ամառային դեպքերից հետո եկել են առաջին գիծ` տղաների ոգին բարձրացնելու, հանդիպումներից հետո հպարտ ասել են.
-Նրանք մեր դասերի կարիքը բնավ չունեն, նրանք մեզ ոգու դասեր էին տալիս:
Մենք բոլորս հավատացած ենք, որ ձեր ոգու էստաֆետը շարունակական կլինի:
Նվերները բաժանելուց հետո զինվորների հետ եղանք Գանձասարում: Եվ շա՜տ ուշ ժամի զինվորներին հանձնեցինք Դավիթ Օհանջանյանին ու վերադարձանք տուն` հայրենի Այգեստան:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Այգեստանի գյուղապետ
Հ. Գ.- Ղարաբաղում ուսանելի շատ բան կար մեզ համար, հայաստանաբնակ իմ հայրենակիցների համար: Նրա մաքուր փողոցները, մայթերի խնամված ծառերը, մարդկային ժպիտները: Երբ գյուղում պատմեցի Ստեփանակերտի մաքրության մասին և փորձեցի համեմատել Արտաշատի փողոցների հետ, համագյուղացիս ավելացրեց.
-Չմոռանաս ասել, որ Ստեփանակերտում 125 հավաքարար կա, իսկ Արտաշատում ընդամենը 10:
-Թող քո ասածը լինի,- ասացի ու հավելեցի,- իսկ Ղարաբաղի դաշտերում քանի՞ հավաքարար կա, որովհետև չտեսանք թեկուզ և մեկ «պամպերս» կամ կանացի ներդիր, պլաստմասսայե շշեր, ցելոֆոնի տոպրակներ և նման որևէ աղբ:- Զրուցակիցս լռեց:
Մեկ անգամ ևս Ղարաբաղում լինելով, հասկացա, որ ղարաբաղցին շատ է սիրում իր հողը, իր քաղաքը, անշուշտ նաև մեզ, որովհետև իմ հարցին, թե ինչպես են զորամասերում ղարաբաղցի հրամանատարները վերաբերվում հայաստանցիներին, Օհանջանյանը անկեղծորեն ասաց, թե մինչև 1997 թվականը կար այդ տարբերությունը, իսկ այսօր չկա ղարաբաղցի, հայաստանցի, կա մեկ հասկացություն` հայ զինվոր: Երբ նույն հարցը ուղղեցի իմ համագյուղացի զինվորներին, ստացա նույն պատասխանը:
Խոսքս ուզում եմ ավարտել բառերով, որոնք ասացի Ասկերանում տողանի կանգնած զինվորներին.
-Երբեք չկասկածեք` վերջնական հաղթանակը նույնպես մերն է լինելու: