Մարտի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժը առաջնային գծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 80 մմ ականանետերից, «Իստիգլալ», ՀԱՆ-17, ԴՇԿ, ՌՊԿ և այլ զինատեսակներից արձակելով շուրջ 4500 կրակոց: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական կողմը հյուսիսային (Շահումյանի) ուղղությամբ կիրառել է նաև «ԶԻԿ -23-2» զինատեսակ: «Նշված կրակակետը վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության, որի արդյունքում շարքից հանվել են հակառակորդի առնվազն 3 զինվոր և «ԶԻԿ -23-2» զինատեսակը»,- ասված է հաղորդագրության մեջ: Պաշտպանության բանակից նաև հաղորդում են, որ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը և միաժամանակ հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ փորձել է իրականացնել դիվերսիոն հետախուզական գործողություններ:
«Նույն ժամանակահատվածում ԼՂՀ զինված ուժերի մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում: Ըստ հաստատված տվյալների` ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման 4 զինծառայող»,- փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:
Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հավաստմամբ՝ հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, հաղորդում է «հայկական հետախուզադիվերսիոն խմբի» վնասազերծման մասին, որի հետևանքով հայկական կողմը իբր կորուստներ է կրել, իսկ ադրբեջանական կողմից վիրավորվել է սերժանտ Դայանաթ Զահիդովը:
Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ադրբեջանական կողմի պնդումները: «Չկա նման բան, իսկ իրենց զոհերին ու վիրավորներին դեռ երկար են «դուրս տալու»: Իրենց յուրաքանչյուր զոհին ու վիրավորին բացահայտելու ժամանակ մի նոր` չեղած հայկական դիվերսիա պետք է հորինեն»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ՊՆ-ի խոսնակը: