Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Նրանք չեն հավատում սառցալեռան գոյությանը

Նրանք չեն հավատում սառցալեռան գոյությանը
16.04.2013 | 02:16

101 տարի առաջ ապրիլի 14-ին ժամը 23.40-ին Ատլանտյան օվկիանոսում հանգամանքների անբարեպատեհ դասավորությամբ սառցալեռան հետ բախվեց իր առաջին նավարկությանը դուրս եկած` այդ պահին ամենահզոր ու անխորտակելի համարվող, ամենամեծ ու ամենագեղեցիկ նավը` «Տիտանիկը»: Հետո արված հաշվարկները վկայում են, որ ընդամենը 15 վայրկյան առաջ սառցալեռը տեսնելը, տեսնելու պահին շարժիչները կանգնեցնելու ու հետո միայն սառցալեռը շրջանցելու փորձ չձեռնարկելը կարող էին փրկել նավը: Բախումից ընդամենը մի քանի ժամ առաջ սառցալեռը շրջվել էր, և հայելային մակերեսն արտացոլում էր աստղազարդ երկինքը` սառցալեռն անհնար էր տեսնել առանց հեռադիտակի, որը մնացել էր նավապետի սենյակի չհրկիզվող պահարանում, որովհետև նավապետը նավարկությունից առաջ փոխել էր անձնակազմը ու հին առաջ նայողը մոռացել էր նոր առաջ նայողին փոխանցել բանալին: Օվկիանոսում այդ գիշեր բացարձակ խաղաղություն էր, գոնե մի թեթև քամին թույլ կտար սառցալեռան շուրջ գոյացած ալիքներից նկատել արգելքը նավի ճանապարհին: Այդպես` ևս մեկ տասնյակ պատճառներ, որոնք մահվան դատապարտեցին Լոնդոնից նավարկության դուրս եկած մարդկանց: Եվ, այնուամենայնիվ, «Տիտանիկի» կործանումը հավերժական խորհրդանիշ է` մարդիկ երբեք չեն կարող ամեն ինչ հաշվարկել ու չեն կարողանում ամենապարզ իրավիճակներում ընդունել ամենաճիշտ որոշումները, եթե խնդիրը վերաբերում է կյանքին ու մահվանը` իրենց ու ուրիշների: Եվ` ոչ միայն:
101 տարի առաջ ապրիլի 14-ին խորտակված «Տիտանիկը» շարունակեց իր նավարկությունը առասպելների ու ասքերի օվկիանոսում, իսկ այս տարի ուրախ լոնդոնցիները կառուցեցին բացարձակապես նույն նավը ու դուրս են գալու նույն երթուղով նավարկության` ի հիշատակ 101 տարի առաջ ջրասույզ եղած մարդկանց ու պատրանքների: Նրանք չեն հավատում սառցալեռան կրկնությանը:
Խորհրդավոր այցով Մոսկվա ¥գուցե ոչ միայն Մոսկվա¤ գնաց ու վերադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հաղթանակ չբերեց, բայց այցը նշանավորվեց մի քանի ձեռքբերումներով: Նոր Հայաստանի նոր Րաֆֆի Հովհաննիսյանը դարձել է ինքնաքննադատ, գաղտնապահ, խստաբարո: Նախ` նա ընդունեց, որ ինքը ևս կարող է սխալներ գործել. «Ես կարող է փետրվարի 18-ից մինչև ապրիլի 9-ը լիքը սխալներ գործած լինեմ», երկրորդ` ոչ մի խոսք չասաց ռուսական ուղևորության մասին, փոխարենն ընդլայնեց աշխարհագրությունը. «Եվ այն երդմնակալությունը, որ մեր ժողովուրդը կատարեց ապրիլի 9-ին, մենք ի կատար ենք ածելու մինչև Մոսկվա, Վաշինգտոն, Բրյուսել և Երևան», երրորդ` վրդովվեց. «Ամեն մեկը քննադատելու իրավունք ունի, բայց ովքեր ապրիլի 9-ին ներկա չէին և կուսակցական գրասենյակներում էին, ովքեր ուզում էին օգտվել իմ մի ժամվա բացակայությունից և ուզում էին ժողովրդի ղեկավար համարվել, ամոթ նրանց»: Մնացած հարցերում հին ու նոր Հայաստանի հին ու նոր Րաֆֆի Հովհաննիսյանը մնաց անփոփոխ: Եվ, այնուամենայնիվ, Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մի դարակազմիկ հայտարարություն արեց. հիմա նա վստահ է, որ հրաժարական է տալու ոչ միայն իշխանությունը, այլև «կեղծ ընդդիմությունները հրաժարական են տալու»: Իսկ հետո հրաժարական կտա ժողովո՞ւրդը: Պատմությունը կշարունակվի ևս մի քանի էջ ու համարյա տրամաբանական ¥թերևս` ան-տրամաբանական¤ ավարտին կհասնի Երևանի ավագանու ընտրություններում: Ընդդիմությունը մինչև մայիս ինքն իրեն կհամոզի, որ ճիշտը համախմբվելն է, ճիշտը իշխանության դեմ միասնական ուժերով պայքարելն է, կհամոզի, կհամոզի ու չի համոզվի, ընտրությունների կգնա սեփական դրոշներով ու թեկնածուներով, հետո կմեղադրի բոլորին ու ամեն ինչ` արդյունքների մեջ չտեսնելով իր մեղքը: Երևանի ավագանու ընտրությունների քաղաքականացումը արտացոլումն է քաղաքական իրավիճակի. երբ քաղաքական ուժերը համաձայն չեն իրենց և այլոց ունեցածին, նրանք ամեն ինչ դարձնում են քաղաքականություն և քաղաքականության մեջ են որոնում պատճառները:

Որքանո՞վ է ճիշտ այս ընտրությունների քաղաքականացումը, Երևանը վերցնելը, Երևանից սկսելը, Հայաստանի նախագահ դառնալու համար Երևանի քաղաքապետ դառնալու պահանջը, երևանցիների զուտ քաղաքային կառավարմանն առնչվող խնդիրների հաշվին քաղաքական խնդիրներ լուծելը: Ի՞նչ է փոխվելու: Առանձին-առանձին ընտրությունների գնացող ընդդիմադիր կուսակցությունները կարողանալո՞ւ են ստանալ բավարար քվեներ, որ հետո իրենց հայտարարած ծրագրերն իրականացնեն, թե՞ մայիսյան ընտրությունները դառնալու են քաղաքական դաշտում դասավորվածության կարգավորիչ: Արդյո՞ք մայիսյան ընտրություններն արտահայտելու են քաղաքական դաշտի իրական պատկերը: Ո՞րն է այդ պատկերը:
Ի՞նչ է կատարվում ընդդիմադիր դաշտում: Փոխվե՞լ է իրավիճակը, թե՞ ընդդիմադիր դաշտը միշտ էլ եղել է հեղհեղուկ, դիֆուզ վիճակում և միայն ընտրություններից ընտրություններ ¥որքան էլ անտրամաբանական է` հիմնականում նախագահական և ոչ խորհրդարանական¤ արթնացել է, հիշել ու հիշեցրել իր գոյությունը: Ի՞ր մեղքն է այդկերպ գոյությունը, թե՞ շատ ավելի հիմնավոր պատճառներ կան քաղաքական դաշտի չկայացածության: Կայացա՞ծ է իշխանությունը Հայաստանում, կայացա՞ծ են պետական կառավարման համակարգերը, որ մենք անընդհատ կայացածության, ներկայացվածության ու արդյունքների պահանջ ենք դնում ընդդիմության առաջ` երկար շղթայում թույլ օղակ գտնելով: Այս խնդիրը հատկապես կարևոր է հիմա, երբ Հայաստանի կառավարությունը հրաժարական է տվել և նոր կառավարություն է կազմավորվում: Եթե պետական կառավարման համակարգերը շարունակելու են գործառնել նույն ձևով, սկզբունքներով, հրապարակում մնալու է նույն և ավելի ընդդիմադիր տրամադրություններով ու քանակով ժողովուրդ, որ ընդամենը նորմալ կյանք է որոնում ու չի գտնում ոչ մի առաջնորդի պարագայում` ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր: Համագումարները, պետական ծիսակարգի միջոցառումները կարևոր, հիմնարար ու ծրագրային իրադարձություններ են, բայց Հայաստանում այդ իրադարձությունները կորցրել են նախնական նշանակությունն ու իմաստը, որովհետև ասված գեղեցիկ, ճիշտ, նշանակալից խոսքերին չեն հաջորդում գործերը կամ հաջորդում են բոլորովին այլ գործեր: Որովհետև կյանքը պահանջում է իր ընթացքը, որովհետև այդ խոսքերը կամ չեն արտահայտում իրավիճակը, կամ կոչված են սքողել: Իսկ պատճառը մեկն է: Լուծվում, բայց ներկայացվում են բոլորովին այլ խնդիրներ: Եվ սա համատարած է` բարձրաձայնվո՞ւմ է, թե՞ ոչ: Գիտակցվո՞ւմ է, թե ո՞չ: Դատապարտվո՞ւմ է, թե՞ խրախուսվում: Այս կամ այն կառույցի ղեկավարը հարկադրված է աշխատել որոշված ու որոշակի «ավանդույթներով» ¥տարօրինակ էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանին թվում էր, թե պետական կառավարման համակարգում մի քանի նախարարների փոփոխությունն ու մի քանի համակարգերի «Ժառանգության» ղեկավարությունը իրավիճակ է փոխելու¤, անձերը սկզբունքային փոփոխություններ չեն կարող բերել, նրանք առավել կամ նվազ բարոյական ղեկավարում են ապահովելու, համակարգի կտրվածությունը բուն կյանքից նրանց մեղքը չէ, կառավարման որակների ու նպատակի փոփոխությունը նրանց իրավասությունը չէ: Այս պայմաններում ունեցած մարդկային, նյութական, գաղափարական ռեսուրսներով, ինքնաբերաբար, ընդդիմությունը պիտի ակտիվանա ընտրական փուլերում` ստեղծելով կտրտվածության, հատվածականության, անհետևողական ու իշխանատենչ ուժի տպավորություն, նույն կտրտվածության, հատվածականության, անհետևողականության ու իշխանատենչության տպավորությունը տարածելով հասարակության վրա, որ, հենց այդ պատճառներով ամեն օր ապրում է նույն կյանքով, բայց միայն նախագահական ընտրությունների դեպքում է որոշում իրավունքների համար պայքարել, որ չորս-հինգ տարի լռում է, մի քանի շաբաթ արթնանում` նորից լռելու ու իր պահանջները առաջադրելու, հիասթափվելու, ինքնամփոփվելու համար: Իհարկե, այս իրավիճակը շատ է ձեռնտու իշխանությանը, բայց այս իրավիճակը պատճառ է դառնում իշխանության ու պետության աստիճանական թուլացման ու վերասերման: Հետևանքը մեր կյանքն է: «Տիտանիկը», թվում է, լողում է` ծայրից ծայր հիացմունքի պատճառ, բայց մինչև առաջին սառցալեռը:
Անցած շաբաթ ընդդիմադիր հարթության մեջ իր տեղն ու դերը վերականգնելու փետրվարի 7-ից հայտարարված քայլն արեց Հայ ազգային կոնգրեսը` այլևս իբրև կուսակցություն: Ապրիլի 13-ին կայացավ կուսակցության համագումարը, որը նախագահ միաձայն ընտրեց Լևոն Տեր-Պետրոսյանին: Առաջին նախագահը մնում է ՀԱԿ կուսակցության համախմբող առանցքը: Դատելով համագումարից` նոր կուսակցությունը հավակնում է նաև համախմբող առանցք դառնալ ընդդիմադիր դաշտում` ընդդիմադիր ուժերի դարակազմիկ հիվանդությունը, որ չի ախտորոշվում ու չի բժշկվում: Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատեց ՀԱԿ-ի անցած ճանապարհը, քաղաքական իրավիճակը, թվարկեց ՀԱԿԿ-ի անելիքները: Ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր դաշտի համար Լևոն Տեր-Պետրոսյանը չասաց ոչ ախտորոշող, ոչ համախմբող, ոչ ուղղորդող ոչինչ: Նրա ելույթի թե պատմությանը, թե ներկային, թե հետագային առնչվող հատվածները կանխատեսելի էին: Գիտնական Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի անցյալի համար շնորհակալություն հայտնեց ներկաներին ու բացականերին, ապագան տեսավ բուրժուա-դեմոկրատական հեղափոխության մեջ: «Հեղափոխություն» բառը քաղաքական բառապաշարից ջնջած առաջին նախագահը այժմ ելքը տեսնում է հեղափոխության մեջ և առաջնահերթ է համարում արտադրողական ուժերը կապանքներից ազատելը. ժամանակին դրանք ֆեոդալական կապանքներ էին, այսօր` ավազակապետական, ոչ մի տարբերություն չկա. «Մինչև խոշոր բուրժուազիան չազատվի այդ կապանքներից, մեզ մոտ միջին և մանր բիզնեսը չի զարգանալու, անգամ բողբոջելու հնարավորություն չի լինելու: ՈՒրիշ գաղտնիք չկա: Այստեղ հարցն այն չէ, թե ովքեր են այդ օլիգարխները, խոշոր բուրժուազիան: Մի կարծեք, թե Ֆրանսիայում խոշոր բուրժուազիան, որ հեղափոխություն էր անում, ավելի լավն էր, մաքուր ու բարոյական, քան այսօրվանը, այդպես չէ, ուղղակի մարդիկ էին և հասկացան, որ պետք է ազատվել այդ ֆեոդալական կապանքներից և գործել օրենքի դաշտում, միաժամանակ ծաղկեցնելով պետությունը»: Առաջին նախագահը շարունակեց ու հիմնավորեց ԲՀԿ-ի ընդդիմադիրացման իր կանխատեսում-ծրագիրը` հիմա շատ ավելի ծանրակշիռ պահանջներ դնելով այդ ծրագրի կենսագործման: ՀԱԿԿ համագումարում ներկա ԲՀԿ-ի ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանն ընդունեց, որ քաղաքական բոլոր ուժերը ենթարկվում են ռեֆորմացիայի, և նորաստեղծ կուսակցությունը նոր խոսք ունի ասելու և իր ուրույն տեղն է ունենալու: Եվ` ԲՀԿ-ն պատրաստ է քաղաքական ուժերի, այդ թվում` ՀԱԿԿ-ի հետ կառուցողական համագործակցության: Ներկա էր ՀՅԴ-ն` ի դեմս Արմեն Ռուստամյանի, ով ուշադրությունը հրավիրեց Երևանի ավագանու ընտրությունների վրա, իսկ բոլորին բացահայտ մոլորեցրեց Լյուդմիլա Սարգսյանը` «Ժողովրդի պայքարն ուղղված է մեզ` պայքարի անխոնջ մարտիկներիս»,- ասաց նա: Նրանց համար ևս «Տիտանիկը» լողում է, նրանց առաջ նայողը ևս չի տեսնում սառցալեռը: Ամեն ինչ տնօրինում է ժամանակը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ.- Անցած շաբաթ խորհրդարանում քննարկվեց մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման նոր հանձնաժողով ստեղծելու հարցը, որի քաղաքական համաձայնությունը ձեռք էր բերվել ընտրություններից առաջ: Հարցի քննարկումը մնաց կիսատ, բայց տպավորությունը, որ նոր հանձնաժողով չի ստեղծվի, ձևավորվեց: «ԱրմենՏելի», «լափված մազութի», հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման նպատակով ստեղծված ժամանակավոր հանձնաժողովների պատմությունը հաստատում է, որ խորհրդարանն ընդամենը բարոյական ¥այն էլ ոչ միշտ¤ հարթությունում է գործում, չի կարող քննչական գործառնություններ ստանձնել ու իրականացնել: Մարտի 1-ի չփակված էջը խորհրդարանը չի փակելու, իրավապահ մարմինների խնդիրն է սպանությունների պատճառները, հանգամանքներն ու մեղավորներին պարզելն ու պատժելը: Խորհրդարանը առավելագույնը կարող է հարցը բարձրացնել, բայց ոչ լուծել: Իսկ լուծումը բոլորովին այլ հարթության մեջ է: Եվ դա գիտեն բոլորը, գուցե հենց այդ պատճառով փորձում են նոր պատրանքներ ստեղծել:

Դիտվել է՝ 2481

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ