Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Գալիք աշխարհում ռազմական հզորությունը վճռորոշ նշանակություն չի ունենա իբրև քաղաքականության գործիք

Գալիք աշխարհում ռազմական հզորությունը վճռորոշ նշանակություն չի ունենա իբրև քաղաքականության գործիք
01.02.2013 | 00:08

«Զենքի ուժը» միշտ եղել է միջազգային հարաբերությունների կարևորագույն բաղադրիչը, իսկ գերմանացի քաղգործիչ և զինվորական Կառլ ֆոն Կլաուզևիցի հայտնի բանաձևը` «Պատերազմը միշտ մնում է քաղաքական լուրջ նպատակի հասնելու լուրջ միջոց», թվում էր, դեռ երկար չի կորցնի իր օրախնդրությունը։ Սակայն վերջին ժամանակներս որոշ հետազոտողներ սկսել են ուժի գործադրման ազդեցության թուլացման և սահմանափակման կայուն միտում նկատել։

Հիրավի, լայնատարած ու բազմապիսի հաղորդակցամիջոցների դարում արդի աշխարհի գլխավոր խնդիրների մեծամասնությունն անհնար է լուծել ռազմական ուժի գործադրմամբ։ Ավելին, վերջին տարիների փորձը լիովին ապացուցում է այն թեզը, որ գալիք աշխարհում ռազմական հզորությունը, ամենայն հավանականությամբ, վճռորոշ նշանակություն չի ունենա իբրև քաղաքականության գործիք և պետությունների ուժի ու ազդեցության ցուցանիշ։ ՈՒ թեև այդ թեմայով Ռուսաստանում կանոնավորապես սեմինարներ ու խորհրդաժողովներ են անցկացվում, իսկ փորձագիտական մակարդակում հեղինակավոր կերպով նշվում է, որ արտաքին ռազմական սպառնալիքն անչափ քիչ է, բոլոր իրադարձությունները` բանակի վերակազմավորում, Հայաստանում ռազմական ներկայության ընդլայնում, վերջին տասնամյակներում խոշորագույն նավատորմային զորախաղեր Սև և Միջերկրական ծովերում, վկայում են այն մասին, որ Կրեմլը ռազմական հզորացման ուղի է բռնել։ Եվ այդ քաղաքականությունը, հավանաբար, կշարունակվի, քանի որ համապատասխանում է երկրի զարգացման ներքին տրամաբանությանը։
Բայց, միաժամանակ, ռազմական ներկայության ընդլայնումը Մոսկվայի համար միշտ չէ, որ հարթ է ընթանում։ Գաբալայի տեղորոշիչ կայանի կապակցությամբ վերջերս Ադրբեջանում տեղի ունեցած «բեկումից» հետո, միանգամայն անսպասելիորեն, բարդություններ առաջացան Տաջիկստանում` կապված 201-րդ բազայի հետ։ (Որպես տեղեկանք` բազան ստեղծվել էր 2004-ին, և դա Ռուսաստանի խոշորագույն ցամաքային զորամիավորումն է երկրի սահմաններից դուրս։ Այնտեղ ծառայում են մոտ 7000 զինվոր ու սպա։ Կազմը` մոտոհրաձգային ու տանկային գումարտակներ, հրետանային մեկ դիվիզիոն, զինահրթիռային մեկ դիվիզիոն, հրանետ վաշտ և Մի-24 և Մի-8 ուղղաթիռների մեկ ավիախումբ։ Սպառազինությունը` 450 մարտական և ավիամոբիլային տեխնիկա։ Տեղակայված է Դուշանբե, Կուրգան Տյուբե և Կուլյաբ քաղաքների ուղեկալներում)։
Բայց չէ՞ որ ընդամենը վերջերս` անցած տարվա հոկտեմբերին, Կրեմլում թեթևացած շունչ քաշեցին և սիրած «վեհապետական» ոգով հայտարարեցին` «Ռուսաստանը շահեց Միջին Ասիայի ճակատամարտը»։ Այն ժամանակ երկու երկրների նախագահները պայմանագիր ստորագրեցին Ռուսաստանի ռազմական ներկայությունը 30 տարով երկարացնելու մասին, թեև Մոսկվան ուզում էր, որ պայմանագիրը 49 տարով կնքվեր։ Ընդ որում, ի տարբերություն Ղրղզստանի, որտեղ Կրեմլն ստիպված էր թեթևացնել գրպանները` միանգամից նրան զիջելով 189 մլն դոլար պարտքը, իսկ հետագայում էլ «դուրս գրել» մնացած 300 մլն դոլար պարտքը, հաղորդվում էր, որ Դուշանբեն դա արել է, փաստորեն, անհատույց` Տաջիկստանի դեմ ագրեսիայի դեպքում ռուսական զինծառայողների կողմից օգնության դիմաց։ Իհարկե, հետո հայտնի դարձավ, որ այդ գործարքում հաճելի պարգև էր Մոսկվայի խոստումը` իր մոտ արտոնյալ կարգ սահմանելու տաջիկ ներգաղթյալների համար, չեղարկելու մեկ միլիոն տոննա նավթամթերքների մատակարարման արտահանական տուրքերը, 200 մլն դոլար հատկացնելու տաջիկական բանակի արդիականացման ու հանդերձավորման համար և քննարկելու այս երկրի գետերի վրա մանր ու միջին ջրաէլեկտրակայանների շինարարության մեջ ներդրումներ կատարելու հարցը։ ՈՒ հիմա հանկարծ սկսվել է անկանխատեսելի մի բան։ Տաջիկստանի իշխանությունները հայտարարել են, թե մտադիր են համաձայնագիրը վավերացնել միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը կկատարի իր խոստումները, և չեն ուզում ասել անգամ վավերացման մոտավոր օրը։ Իսկ Մոսկվան, իր հերթին, առարկում է. նախ Դուշանբեն ինքը պետք է կարգավորի ներգաղթյալների անկառավարելի հոսքը Ռուսաստան, և երկրորդ, ստացած վառելիքն այլ երկրների չվաճառի։ Ընդ որում, ինչն ամենատհաճն է Ռուսաստանի համար, միայն 201-րդ բազայի ճակատագրով տաջիկները որոշել են չբավարարվել և առանձնահատուկ մատնանշել են «Այնի» օդանավակայանը, որը համարվում է առանցքայինը ռազմական ուժերի դասավորության գործում։ Հարկ է նկատել, որ «Այնիի» նկատմամբ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել Հնդկաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ ՈՒ երևի հենց դրա համար են տաջիկ պատգամավորները «սիրտ արել» և, իհարկե, վերևների գիտությամբ ու օրհնությամբ հայտարարել, որ առանց աշնանային բոլոր հուշագրերի իրագործման բազայի վերաբերյալ համաձայնագիրն անգամ չի ներկայացվի խորհրդարանի քննարկմանը և իրավաբանական ուժ չունի, որ իրենք մտածում են երկրի շահերի մասին և գիտեն, որ եղել են դեպքեր, երբ Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները։ Այսպիսով, կարելի է ասել, որ քաղաքական սակարկության հողը լիովին հասունացած է։ Այնպես որ, պարոնայք, «առավոտյան` փողը, երեկոյան` աթոռները»։
Այդ անհնազանդությանը Ռուսաստանի արձագանքը սովորականի պես կոշտ էր ու ագրեսիվ. «բացահայտ շանտաժ», «վերջնագիր», դա տաջիկական ղեկավարության ապաշնորհ քաղաքականության դրսևորումն է` «փողերն ուզում ենք և վերջ», «պարզունակ պետությունների տիպիկ վարքագիծ» և այլն, և այսպես շարունակ։ Ինչպես միշտ, սպառնալիքներն էլ անպակաս էին, ճիշտ է, փորձագիտական գնահատականների մակարդակով. «Եթե ռուսական զորքերն այդ երկրում հանկարծ չլինեն, չլինի Ռուսաստանի քաղաքական և ռազմական աջակցությունը, կարելի է, փաստորեն, 100 տոկոս հավանականությամբ կանխատեսել, որ տաջիկական վարչակազմը կընկնի, իսկ նրա բարձրաստիճան պաշտոնյաներին ու ղեկավարներին այդ դեպքում շատ տխուր ճակատագիր է սպասում. մենք տեսնում ենք, թե իսլամականներն ինչպես են դատաստան տեսնում իրենց թշնամիների հետ», «հերթական քաղաքական սակարկությունն առաջին հերթին խփում է տաջիկների ազգային շահերին», «մենք կարող ենք մեզ թույլ տալ հեռանալ թե՛ Տաջիկստանից, թե՛ Ղրղզստանից»։ Իհարկե, վերջին տեսակետն ավելի շատ հուզական արձագանք է։ Կրեմլում հիանալի են հասկանում և՛ այն, որ Ռուսաստանը ծայրաստիճան շահագրգռված է ռազմական ներկայության պահպանմամբ, և՛ այն, որ Կենտրոնական Ասիայի բազաների համար կցանկանար պայքարել նաև ԱՄՆ-ը, և՛ այն, որ նա ևս կարող էր լինել Տաջիկստանի կայունության և անվտանգության երաշխավոր։ Մյուս կողմից էլ, Չինաստանն է հանկարծ որոշել տարածաշրջան տնտեսական թափանցմանն ավելացնել նաև ռազմական օգնությունը և արդեն մի շարք պայմանագրեր է կնքել։
Ինչ վերաբերում է «սահմանապահ ջոկատի» պատճառով հնչող սպառնալիքներին, ապա դրանք, անտարակույս, ոչ միայն կան, այլև ունեն մեծանալու իրական միտում, հատկապես Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման պարագայում։ Այսպես, վերջերս լրատվամիջոցները հաղորդեցին, որ Տաջիկստանի հյուսիսում երկրի հատուկ ծառայություններն ու միլիցիան վնասազերծել են ահաբեկիչների հերթական խումբը։ Ահաբեկիչների մի մասը ոչնչացվել է, ինը հոգի կալանվել, իսկ թե քանիսն է ճողոպրել, պարզ չէ։ Տեղեկություններ կան, որ նրանք թափանցել են հարևան Աֆղանստանից։ Հաղորդվում է, որ գրոհայինները պատկանում են ծայրահեղական «ՈՒզբեկստանի իսլամական շարժմանը», որն օրենքից դուրս է հայտարարված Կենտրոնական Ասիայի երկրներում, ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ռուսաստանում։ Մի նուրբ մանրամասն ևս։ Օրերս Փարիզում ավարտվեց մի դատավարություն, որտեղ բոլոր ամբաստանյալները «ՈՒզբեկստանի իսլամական շարժման» անդամներ էին։ Սակայն նրանց մեջ ազգությամբ ուզբեկ ոչ մի մարդ չկար։ Մեծ մասամբ թուրքեր էին` Նիդերլանդների, Ֆրանսիայի, Գերմանիայի անձնագրերով։ Նրանք Ֆրանսիայում գործող մզկիթներում միջոցներ էին հանգանակում «համաշխարհային խալիֆաթի հաստատման պայքարի» համար։ Հարկ է նկատել նաև, որ իսլամական ֆանատիկոսներն այսօր ուժեր են կուտակում հենց Տաջիկստանում։ Այս մասին շարունակ խոսում է նախագահ Ռահմոնը։ ՈՒ այդ դեպքում առավել ևս հասկանալի չէ, թե ինչու է ռազմաբազայի հարցում Դուշանբեի շահագրգռությունն ավելի պակաս, քան Ռուսաստանինը։ Չէ՞ որ եթե անգամ ռուսները չմտնեն էլ հնարավոր լայնածավալ պատերազմի մեջ, թալիբները, ամենայն հավանականությամբ, չեն համարձակվի Աֆղանստանից լցվել այդ երկիր, եթե այնտեղ լինի 201-րդ բազան։
Իրոք, Մոսկվայի ու Դուշանբեի շահերը, կարծես, լիովին զուգադիպում են, և ոչ մի քաշքշուկ չպետք է լինի։ Սակայն, ինչպես տեսնում ենք, տվյալ դեպքում ռազմական հարցերը ստորադասվում են ներքին կարգի խնդիրներին։ Ընդ որում, երկու կողմերին էլ։ Հարկ է ուշադրություն դարձնել, որ անցած տարվա վերջին Ռուսաստանի նախագահն առաջարկեց վերանայել ներգաղթի կանոնները և հայտարարեց, որ 2015-ից սկսած հնարավոր կլինի Ռուսաստան մուտք գործել միայն արտասահմանյան անձնագրերով։ Պուտինը դա բացատրեց նրանով, որ ԱՊՀ-ի անդամ հանրապետությունները, որոնց քաղաքացիները ՌԴ են մտնում համաքաղաքացիական անձնագրերով, վերջնականորեն ձևավորվել են որպես պետություններ։ Բացառություն է արվում միայն Մաքսային միության մեջ մտնող երկրների համար։ Այսինքն, նա և՛ բնակչության տրամադրությունները պաշտպանեց, և՛ ևս մեկ «մահակ ինտեգրման համար» ստեղծեց։ Իսկ Դուշանբեի համար, հատկապես աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների շեմին, գաղթականների հարցը թալիբներից ահավոր է։ Ռուսաստանում, տարբեր տվյալներով, աշխատում է Տաջիկստանի մեկից մինչև մեկուկես միլիոն քաղաքացի, իսկ երկրի տնտեսությունն ուժեղ կախման մեջ է ներգաղթյալների կատարած դրամական փոխանցումներից։ Տարեկան ավելի քան 3 մլրդ դոլար մուտքերը կազմում են Տաջիկստանի ՀՆԱ-ի մինչև 47 տոկոսը։
Տաջիկստանում մեծ հույսեր են կապում այն համաձայնագրի իրականացման հետ, որի համաձայն տաջիկ աշխատանքային ներգաղթյալներն ավելի շատ ժամանակ կունենան Ռուսաստանում հաշվառման կանգնելու համար, քան այսօր` մինչև 15 օր` առաջվա երեքի փոխարեն, իսկ աշխատանքի իրավունք կստանան միանգամից երեք տարվա համար։ Այս մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել անցած տարվա հոկտեմբերին նախագահ Պուտինի Դուշանբե կատարած այցի ընթացքում։ Պակաս սուր չէ նաև ռուսական վառելիքանյութերի արտահանական տուրքերի վերացման հարցը, ինչը, ռուսական կողմի հաշվարկներով, համարժեք է տաջիկական գանձարանի հարստացմանը 200 մլն դոլարով։ Այդ մասին համաձայնագիրն ստորագրվել է 2012-ի նոյեմբերի 1-ին, սակայն մինչև հիմա չի գործում։ Մոսկվան տաջիկական կողմին մեղադրում է, որ նավթամթերքները վերավաճառվում են Աֆղանստանին, իսկ Դուշանբեն պնդում է, թե «խնդիրը բնավ էլ վերաարտահանումը չէ, այլ Ռուսաստանի գազի մենաշնորհատեր «Գազպրոմը» նպատակ ունի զավթելու տարածաշրջանը», և Մոսկվան, իբր, ձգտում է հասնել այն բանին, որ «Գազպրոմ նավթը» մենաշնորհ ունենա Տաջիկստանի շուկայում։ Այսինքն, սկզբում կողմերի դիրքորոշումները խիստ տարբերվում են իրարից, բայց արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, տնտեսական բաղադրիչն ավելի կարևոր է դառնում, քան տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցության մեծացման հարցը։ Այնպես որ, ավելի ու ավելի է այն կարծիքն առաջանում, թե իր սահմաններից դուրս Ռուսաստանի լայնորեն տարփողված բազային ներկայությունն ամենևին էլ ռազմական կարգի խնդիր չէ, առավել ևս ագրեսիայից այլոց տարածքների պաշտպանության հարց։ Թե՛ բազաների առկայությունը, թե՛ մյուս բոլոր «բանակային խորամանկումներն» ավելի շատ հիշեցնում են ծանրակշիռ, բայց ոչ ամենագլխավոր ավանդը Կրեմլի այսօրվա դրությամբ ամենակարևոր գործում, այն է` բարձրացնել երկրի կշիռն ու կարգավիճակը համաշխարհային ասպարեզում, և որ գլխավորն է` նրա ղեկավարի վարկը համաշխարհային հանրության աչքում։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2530

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ