ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ի՞ՆՉ ՕԳՈՒՏ ԿՈՒՆԵՆԱՅ ՄԱՐԴ, ԵԹԷ ԱՅՍ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ ՇԱՀԻ, ԲԱՅՑ ԻՐ ԱՆՁԸ ԿՈՐԾԱՆԻ»

«Ի՞ՆՉ ՕԳՈՒՏ ԿՈՒՆԵՆԱՅ ՄԱՐԴ, ԵԹԷ ԱՅՍ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ ՇԱՀԻ, ԲԱՅՑ ԻՐ ԱՆՁԸ ԿՈՐԾԱՆԻ»
10.02.2012 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)

ՇԱՌԼ ԲՈԴԼԵՐԻ ՆԱՄԱԿԸ` ՌԻԽԱՐԴ ՎԱԳՆԵՐԻՆ
ՈՒրբաթ, 17 փետրվար, 1860 թ.

Պարո՛ն,
Ես միշտ այն պատկերացումն եմ ունեցել, որ մի մեծ արվեստագետ, որքան էլ վարժված լինի փառքի ու մեծարանքի, չի կարող անտարբեր մնալ ու չզգացվել շնորհավորանքից, երբ այդ շնորհավորանքը նման է լինում երախտագիտական բացականչության, և այդ բացականչությունը կարող է ունենալ առանձնակի արժեք, երբ գալիս է մի ֆրանսիացուց, այսինքն` մի մարդուց, որը հեշտությամբ խանդավառվող չէ` ծնված լինելով մի երկրում, որտեղ մարդիկ այլևս շատ բան չեն հասկանում ինչպես բանաստեղծությունից և նկարչությունից, այնպես էլ երաժշտությունից: Ամենից առաջ ուզում եմ ասել, որ ես Ձեզ եմ պարտական երաժշտական այն մեծագույն վայելքի համար, որ զգացել եմ երբևէ: Ես այն տարիքին եմ, երբ հռչակավոր մարդկանց նամակ գրելն արդեն դադարում է զվարճանք լինելուց, և դեռ երկար ժամանակ ես կվարանեի նամակով իմ հիացմունքն արտահայտել ձեզ, եթե ամեն օր աչքերիս չընկնեին ծիծաղելի և անարժան այնպիսի հոդվածներ, ուր հնարավոր բոլոր ջանքերն ի գործ են դրվում անարգելու, անվանարկելու համար Ձեր հանճարը: Դուք առաջին մարդը չեք, պարո՛ն, ում համար ես ցավ եմ զգացել և ամաչել իմ երկրից: Վերջապես ցասումն ինձ մղեց հայտնելու Ձեզ իմ երախտագիտությունը: Ես ինձ ասացի. «ՈՒզում եմ տարբերվել այս բոլոր տխմարներից»:
Առաջին անգամ, երբ գնացի Իտալական թատրոն` ունկնդրելու Ձեր գործերը, այնքան էլ լավ չէի կանխատրամադրված և նույնիսկ, խոստովանեմ, լեցուն էի վատ նախապաշարումներով: Բայց ես մեղավոր չէի, որովհետև հաճախ եմ խաբվել։ Այնքա՛ն շատ եմ լսել մեծ հավակնություններ ունեցող շաղակրատների երաժշտությունը: Ձեզանով ես իսկույն պարտության մատնվեցի: Աննկարագրելի է այն, ինչ ես զգացի այդ երեկո, և եթե բարեհաճեք չծիծաղել, կփորձեմ բացատրել Ձեզ իմ այդ զգացումը: Նախ կարծեցի, թե ինձ ծանոթ է այդ երաժշտությունը, իսկ հետո, խորհրդածելով, հասկացա, թե որտեղից է գալիս այդ պատրանքը: Ինձ թվում էր, թե այդ երաժշտությունը ի՛մն է, և ես այն ճանաչում եմ, ինչպես ամեն մարդ ճանաչում է այն բաները, որ սիրում է: Ինչպես բոլոր մարդկանց, այնպես էլ մի մտավորականի այս խոսքը կարող է չափազանց ծիծաղելի թվալ, մանավանդ երբ այն գրում է մի մարդ (ինչպիսին ես եմ), ով չգիտե երաժշտություն, և ում երաժշտական ամբողջ կրթությունը սահմանափակվում է այն բանով, որ նա լսել է (ճիշտ է, մեծ հաճույքով) մի քանի գեղեցիկ կտորներ Վեբերից և Բեթհովենից:
Այնուհետև այն, ինչ հատկապես ինձ զարմացրեց, Ձեր երաժշտության մեջ զգացվող մեծությունն էր, վեհությունը: Դա ներկայացնում էր վեհը, ունկնդրին մղում դեպի վեհը: Ձեր գործերի մեջ ես ամենուրեք զգացել եմ մեծ ձայների, մեծ աղմուկների հանդիսավորությունը, բնության մեծ երևույթների շքեղությունը, մարդու մեծ կրքերի հանդիսավորությունը: Իսկույն դու քեզ զգում ես վերացած, նվաճված, տիրապետված: Իմ մեջ երաժշտական մի նոր զգայություն առաջացնող Ձեր ստեղծագործության ամենատարօրինակ կտորներից մեկն ինձ համակեց կրոնական հափշտակությամբ: Ինձ վրա չափազանց խոր ազդեցություն գործեցին հրավիրյալների մուտքը բեմ և հարսանեկան տոնախմբության տեսարանը: Ես զգացի մեր կյանքից ավելի ընդարձակ մի այլ կյանքի ամբողջ շքեղությունն ու մեծավայելչությունը: Մի ուրիշ բան ևս. ես հաճախ ունենում էի շատ տարօրինակ մի զգացում. դա հասկանալու, ներթափանցվելու, տիրապետվելու հպարտությունն ու հրճվանքն էր, իսկապես զգայական մի հեշտանք, որ նմանվում է օդ բարձրանալու կամ ծովի ալիքների վրա գլորվելու հեշտանքին: Եվ երաժշտությունը միաժամանակ արտահայտում էր երբեմն կյանքի հպարտությունը: Այս խորունկ ներդաշնակություններն ընդհանրապես, թվում էր, նման են այն գրգռիչ նյութերին, որոնք արագացնում են երևակայության զարկերակը: Վերջապես ես ունեցա նաև (և աղաչում եմ, որ չծիծաղեք) այնպիսի զգայություններ, որոնք հավանաբար առաջ են գալիս իմ մտքի յուրահատուկ կերտվածքից և իմ հաճախակի մտահոգություններից: Ձեր երաժշտության մեջ ամենուրեք կա ինչ-որ բան, որ վերանում է և վերացնում, ինչ-որ բան, որ մեզ մղում է բարձրանալու ավելի վեր, ինչ-որ բան, որ գտնվում է ծայրահեղ և գերադրական աստիճանի վրա: Որպես օրինակ` նկարչությունից փոխ եմ առնում հետևյալ համեմատությունը. ենթադրում եմ, որ իմ աչքերի առաջ, պաստառի վրա, կա մուգ կարմիր գույնի մի ընդարձակ տարածություն: Եթե այդ կարմիրը ներկայացնում է կիրքը, ապա ես տեսնում եմ, որ, աստիճանաբար, կարմիրի և վարդագույնի բոլոր անցումներով, այն գալիս հասնում է հնոցային շողարձակ սպիտակության: Թվում է, թե դժվար, նույնիսկ անհնարին կլիներ հասնել ավելի պայծառ, ավելի հրավառ ինչ-որ բանի. և սակայն մի վերջին շողարձակում գալիս գծում է առավել սպիտակ մի ակոս այն սպիտակի վրա, որը ֆոն է ծառայում դրան: Դա, եթե ուզում եք, կլինի իր ծայրագույն աստիճանին բարձրացած հոգու գերագույն ճիչը:
Ես սկսել էի գրի առնել մի քանի խորհրդածություններ Թանհոյզերի և Լոհենգրինի այն կտորների մասին, որ մենք ունկնդրեցինք, բայց շուտով անդրադարձա ամեն ինչ ասելու անհնարինությանը:
Ես կարող էի այսպես անվերջ շարունակել այս նամակը: Եթե Դուք կարողացաք ինձ կարդալ և հասկանալ այն, ինչ ցանկացա Ձեզ ասել, ապա հայտնում եմ Ձեզ իմ շնորհակալությունը: Ինձ մնում է միայն ավելացնել մի քանի բառ: Այն օրվանից, երբ ես լսեցի Ձեր երաժշտությունը, անընդհատ ասում եմ ինքս ինձ, մանավանդ իմ վատ ժամերին. «Եթե կարողանայի՛ գոնե այս երեկո մի քիչ Վագներ լսել»: Անկասկած, իմ կերտվածքով ուրիշ մարդիկ էլ կան: Մի խոսքով, կարծում եմ, որ պետք է գոհ մնացած լինեք ներկա գտնվող հասարակությունից, որոնց բնազդը շատ ավելի բարձր էր, քան լրագրողների վատ լռությունը: Ինչո՞ւ մի քանի համերգ ևս չեք տալիս` նոր կտորներ ավելացնելով դրանց վրա: Դուք մեզ տվեցիք նոր վայելքների մի նախաճաշակ. իրավունք ունե՛ք մեզ զրկելու մնացածից:
Պարո՛ն, մի անգամ ևս հայտնում եմ Ձեզ իմ շնորհակալությունը. Դուք իմ անձը հե՛տ բերեցիք դեպի ինձ և դեպի վեհը իմ կյանքի այս ծանր ժամերին:
Շառլ Բոդլեր
Հ. Գ.- Ես չեմ ավելացնում իմ հասցեն, որովհետև գուցե կմտածեք, թե ինչ-որ բան ունեմ Ձեզնից խնդրելու:

Ծանոթ.-
Շատ քիչ տեղեկություններ են պահպանված այս նամակի կապակցությամբ Ռիխարդ Վագների ցուցաբերած վերաբերմունքի մասին: 1860 թ. մարտի 4-ին տիկին Սաբատիեին ուղղված մի նամակում Բոդլերը նշում է, որ Վագներից հրավեր է ստացել, որին, սակայն, չի կարողացել պատասխանել իր առողջական վատ վիճակի պատճառով: Բացի այդ, Բոդլերի սույն նամակին Վագներն անդրադառնում է «Իմ կյանքը» վերնագրով ինքնակենսագրականում` գրելով հետևյալը.
«…Առավել հետաքրքրական եղավ նաև իմ ծանոթությունը բանաստեղծ Բոդլերի հետ: Նա ինձ ներկայացավ մի նամակով, ուր ասում էր, թե ինչ զգայություններ է ներշնչել իրեն իմ երաժշտությունը, և թե մինչ այդ կարծել է, թե ինքն օժտված է եղել միայն գույների զգացողությամբ և ոչ թե հնչյունների: Նրա արտահայտած մտքերի և անկեղծ խոստովանությունների անսովոր և համարձակ շեշտը ինձ գուշակել տվեց, որ, հանձին Բոդլերի, ես գործ ունեմ տարօրինակ մտքի տեր մի մարդու հետ, որը մոլեգին եռանդով և մինչև հետին մանրամասնությունները վերլուծում էր այն տպավորությունները, որ ստացել էր իմ երաժշտությունից: Իր ստորագրությունից հետո նա չավելացրեց իր հասցեն, որպեսզի, ասում էր, չմղվեմ կարծելու, թե ինչ-որ բան է ուզում ինձնից: Այնուհանդերձ, ես կարողացա գուշակել նրա ցանկությունը, և նա չուշացավ միանալ այն ծանոթների շրջանակին, որոնց ես հավաքում էի իմ տանը չորեքշաբթի երեկոներին»:
Եվ վերջապես,1860 թվականի դեկտեմբերին Բոդլերը մի նամակով հայտնում է իր բարեկամ Պուլե Մալասիին, որ ստացել է Վագների գրած մեկ գիրքը` ուղարկված անձնապես հեղինակի կողմից: Դա մի ուսումնասիրություն էր, որ Վագները հրատարակել էր տվել, և որի վերնագիրն էր. «Չորս օպերային պոեմներ» («ՈՒրվականների նավը», «Թանհոյզեր», «Լոհենգրին» և «Տրիստան և Իզոլդա»)` ֆրանսերեն արձակ թարգմանությամբ և երաժշտության մասին գրված մի նամակով: Այդ նամակը շատ արժեքավոր էր Բոդլերի համար Վագների մասին իր գրած քննական այն աշխատության համար, որը լույս տեսավ 1861 թվականին «Ռիխարդ Վագները և «Թանհոյզերը» Փարիզում» վերնագրով:
Բնագրից թարգմանեց Պարգև ՇԱՀԲԱԶՅԱՆԸ

«Ո՞Վ Է ԱՄԵՆԱԻՍԿԱԿԱՆ, ԱՄԵՆԱԱՆԿԵՂԾ ՎԱԳՆԵՐԱԿԱՆԸ»
«Ռիխարդ Վագները և «Թանհոյզերը» Փարիզում» հոդվածը, որը հիշատակում է Պ. Շահբազյանը, լույս է տեսել 1861 թ. ապրիլին, «La Revuie Europeene» ամսագրում։ Այդ հոդվածում Բոդլերը, մասնավորապես նշում է. «Վագների երաժշտությունն արտահայտում է այն ամենախորհրդավորը, որ թաքնված է մարդու սրտում։ Ցանկացած սյուժե Վագների գրչի տակ ձեռք է բերում բարձրագույն հանդիսավորություն... Ես այստեղ նկատում եմ գլխավոր հատկություններն այն երևույթի, որը մենք անվանում ենք հանճարեղություն»։ Բոդլերը նշում է նաև Վագներին բնորոշ ունակությունը. «Մտածել երկակի կերպով` բանաստեղծորեն և երաժշտականորեն, ցանկացած գաղափար տեսնել անմիջապես երկու ոլորտում, ընդ որում, երկու արվեստներից մեկը սկսում է գործել այնտեղ, ուր վերջանում են մյուսի սահմանները»...
Բոդլերի այս հոդվածին Վագներն արձագանքել է մի նամակով, որը Ֆրիդրիխ Նիցշեն հանդիպել է Բոդլերի հետմահու հրատարակված գործերի ժողովածուում։
Այս մասին տեղեկանում ենք Հայնրիխ Կեզելիցին գրած` Նիցշեի նամակում (26.02.1888 թ.)։ Նախքան Վագների հիշյալ ուղերձը մեջբերելը, Նիցշեն գրում է. «Ո՞վ է ամենաիսկական, ամենաանկեղծ վագներականը, ընդ որում, Վագների հետ ոչ մի առնչություն չունեցողը։ Այս հարցի պատասխանը ես ինձ վաղուց եմ տվել. դա Բոդլերն է` «Չարի ծաղիկների» հեղինակը։ Ես իրոք ափսոսացի, որ Վագներին խորապես հոգեհարազատ այդ մտածողը չի հասցրել ինքն իր համար բացահայտել կոմպոզիտորին։
Ես Բոդլերի բանաստեղծությունների գրքում ընդգծել եմ այն տեղերը, որոնցում առկա է վագներյան զգացականության մի տեսակը, որը պոեզիայում ուրիշ ոչ մի տեղ չի գտել իր մարմնավորումը»...
Ահա և «անվարժ ֆրանսերենով» գրված Վագների նամակը Բոդլերին։
«Իմ սիրելի պարոն Բոդլեր։ Ես բազմիցս եկել եմ Ձեր տուն, սակայն տանը չէիք։ Դուք շատ լավ գիտեք, թե ինչպիսի բավականություն եք պատճառել ինձ Ձեր հոդվածով, որտեղ Դուք ինձ գովաբանում եք, ինչն ինձ ավելի է ոգևորում, քան այն ամենը, ինչ երբևէ ասվել է իմ համեստ տաղանդի մասին։ Արդյոք ես հնարավորություն կունենա՞մ առաջիկայում Ձեզ անձամբ պատմելու այն արբեցումի մասին, որ ես ապրեցի` ընթերցելով այն էջերը, որտեղ Դուք կիսում էիք Ձեր տպավորությունները, որոնք ես գործեցի այդքան նրբակերտ էակի վրա, որպիսին Դուք եք։ Սրանով ես կարող եմ ինձ միայն շնորհավորել։ Հազար շնորհակալություն Ձեզ այն բարերարության համար, որ Դուք արեցիք ինձ, և հավատացեք, որ ես չափազանց հպարտ եմ, որ Ձեզ կարող եմ իմ բարեկամը անվանել։ Մինչ հանդիպում։ Այդպես չէ՞։
Ձեր Վագներ»։
Մեզ հայտնի չէ, թե Բոդլերի «Կեսգիշերային փորձություն» բանաստեղծությունը Նիցշեն համարում էր վագներաշունչ։ Սակայն այստեղ ևս վագներյան ուժով հակադրվում են սրբությունը և նյութապաշտությունը։
Ահա մի դրվագ հիշյալ քերթվածից, որով և ավարտում ենք մեր փոքրիկ վագներապատումը։

Պղծեցինք փառքը Հիսուսի`
Մեր իսկական Տիրոջը վես։
Իբրև անարգ պնակալեզ
Հրեշավոր մի Կրեսոսի,
Որ Դևերի սպասավորին`
Չար գազանին այդ խնդացնենք,
Ինչ ատում ենք, գովեցինք մենք,
Փնովեցինք լավն ու բարին։

Ծառայամիտ դահիճի պես
Ելանք թույլի դեմ անպաշտպան,
Ողջունեցինք անմիտ, անբան
Բթությանը` ապուշ մի եզ.
Ակնածությամբ մի անսահման
Անմիտ նյութը համբուրեցինք
Եվ սրբացրինք անթափանցիկ
Դժգունած լույսը փտության։

Որ խենթությունն այդ հոգեցունց
Ցնորանքի գիրկը սուզենք,
Մենք` Քնարի քուրմը վսեմ,
Որի փառքն է` հանել ի ցույց
Մահվան, շիրմի արբունքն անվերջ,
Խմեցինք ու կերանք անհագ։
-Դե՛, հանգցրե՛ք լամպը արա՛գ
ՈՒ թաքնվենք խավարի մեջ։


Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ