ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Համագումար, որ զերծ չմնաց ակնկալվող շոուի տարրերից

Համագումար, որ զերծ չմնաց ակնկալվող շոուի տարրերից
07.07.2009 | 00:00

ՀԳՄ 15-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
Հուլիսի 4-ին կայացավ Հայաստանի գրողների միության հերթական՝ 15-րդ համագումարը:
Մինչ համագումարի մեկնարկն արդեն նկատելի էին սրված հարաբերությունների ու պայթյունավտանգ իրավիճակի դրսևորումները ՀԳՄ դահլիճում հավաքված պատվիրակների շրջանում: Ոմանք, օրինակ, փոխադարձ վիրավորանքների առիթ դարձրին առաջին կարգերում «ընդդիմադիրների» կողմից նստատեղերն զբաղեցնելու խնդիրը, ոմանք էլ, նախընտրելով համագումարի աշխատանքին հետևել վերին օթյակից, գրողական հումորով հայտարարեցին. «Եկել ենք, որ վերևից ղեկավարության թիկունքը պահենք»: Մեղավոր-անմեղ խոսքուզրույցն ամփոփվեց, երբ ներկայացվեց համագումարի՝ ՀԳՄ վարչության առաջարկով ընտրված նախագահական կազմը՝ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյան, ՀԳՄ երիտասարդական բաժանմունքի ղեկավար Արքմենիկ Նիկողոսյան:
Համագումարի աշխատանքը մեկնարկեց 2005-09 թթ. ՀԳՄ հանգուցյալ անդամների անունների ընթերցմամբ, որ դահլիճում հավաքվածները լսեցին հոտնկայս: Ապա ներկայացվեց համագումարի օրակարգը՝ ՀԳՄ նախագահի, ֆինանսատնտեսական հարցերով պատասխանատուների, մարզային մասնաճյուղերի և ստեղծագործական ստորաբաժանումների ղեկավարների հաշվետվություններ, ՀԳՄ նախագահի և վարչության կազմի ընտրություններ: Մինչ բուն օրակարգին անցնելը հնչեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Հայերի համաշխարհային կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ուղերձները, Լիբանանահայ գրական համախմբման նախագահ Սարգիս Կիրակոսյանի, ՀՀ-ում ՈՒկրաինայի լիազոր դեսպան, թարգմանիչ Օլեքսանդր Բոժկոյի, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանի ողջույնի խոսքերը:
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում կարևորվում էր գրողի և գրականության դերը մեր հասարակության կյանքում, ՀԳՄ-ի՝ որպես հիրավի արժեքավոր գրքի, գրականության ու ընթերցողի միջև կապ ապահովող կառույցի դերակատարությունը: «Ողջունելի են Հայաստանի գրողների միության վերջին տարիների եռանդուն գործունեությունը, ինչպես նաև համահայկական գրական միջավայրի ստեղծմանն ուղղված քայլերը: Այսօր կարևորվում է ստեղծագործական միությունների նշանակությունը մեր հանրային կյանքում: Վստահ եղեք, որ այսուհետ ևս մեր մշակույթն ստանալու է պետության աջակցությունը»,- մասնավորապես ասված էր ուղերձում:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր ուղերձում բեղմնավոր աշխատանք էր մաղթել հայ գրականության մշակներին, հավաստիացրել, որ այսուհետ ևս շարունակվելու է ՀԳՄ-ի և մշակույթի նախարարության սերտ համագործակցությունը: «Մեր ժողովրդի սպասելիքները,- նշված էր ուղերձում,- միշտ էլ մեծ են եղել հայ գրականությունից, գրողների խոսքից և այս ստեղծագործական կազմակերպության համագումարներից: Ժամանակները փոխվել են, սակայն չեն փոխվել մեր ակնկալիքները՝ հենց թեկուզ այն պատճառով, որ այդպես են մեզ սովորեցրել տարբեր տարիներին միությունը ղեկավարած և միությանն անդամակցած մեր գրականության դասականներն ու երախտավորները: Նրանց վաստակը ոչ միայն հպարտությամբ է լցնում մեր հոգիները, այլև մեծապես պարտավորեցնում է լինել այդ վաստակի արժանավոր ժառանգորդը»:
Լիբանանահայ գրողների համախմբման նախագահ Սարգիս Կիրակոսյանը, նախ, ՀԳՄ համագումարի պատվիրակներին հղեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հայրապետական օրհնության խոսքը, որում շեշտադրված էր ոգեղեն արժեքների և հավիտենական ճշմարտությունների անհրաժեշտության գիտակցումը ազգերի պատմության մեջ և գրողին վերապահվող առաքելությունը՝ իբրև «ճշմարտության վկայի, հուշարարի, զինվորի, պատարագիչի, զոհի ու զոհաբերի»: Ս. Կիրակոսյանը նշեց, որ աշխարհի չորս ծագերում ստեղծագործող հայ գրողների հայացքներն ուղղված են Հայաստանի գրողների միության համագումարին, և որ սփյուռքում ապրող գրողների համար մեծ իրադարձություն էր 2002 թվականին ձևավորված համահայկական գրական փոխշփումը:
Օ. Բոժկոն ողջունեց համագումարի պատվիրակներին հայ բառն ու բանը գնահատող ուկրաինացիների կողմից, նշեց, որ իրենց ծանոթ են մեր տագնապները, հայտնի են մեր հոգսերը, քանզի իրենք ևս ջանում ու մաքառում են լուծելու համար այն խնդիրները, որոնք առաջադրում է այսօրյա իրականությունը:
Աստղիկ Գևորգյանը նկատեց, որ Հայաստանի գրողների միությունը մշտապես եղել է մեր ամբողջ հասարակության, մտավորականության, ինչպես և պետության ուշադրության «ամենակենտրոնը», քանի որ բոլոր ժամանակներում գրողների այս ընտանիքում են ծնվել համարձակ մտքերը, անհանդուրժողականությունը սխալների, թերությունների նկատմամբ: «ՀԳՄ-ն յուրովի դարբնոց է եղել մտավորականության կոփման, ձևավորման համար,- ասաց տիկին Գևորգյանը,- և այս է պատճառը, որ մեծ են սպասելիքները գրողների միության համագումարից, և այդքան լայն հասարակական ընդգրկում ստացան համագումարի նախօրյակին ծավալված խոսակցությունները»:
Արա Աբրահամյանի ուղերձում շեշտադրվում էր ՀԳՄ-ի դերը Հայաստան-սփյուռք կապի ամրապնդման գործում և հավաստիացվում էր, որ Հայերի համաշխարհային կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության ու ՀԳՄ-ի համագործակցությունը հետագա շարունակություն կունենա:
Կարմիր թելի նման բոլոր ելույթներում անցնում էր գրողներին համերաշխության և փոխհամաձայնության մղելու հորդորը: Պիտի նկատենք, որ համընդհանուր մտահոգությունը, ակնկալվող սկանդալի տագնապը, որ նախապես առկա էին ՀԳՄ դահլիճում և նրանից դուրս, բարեբախտաբար, չարդարացվեցին: Եթե անգամ եղան առաջարկություններ և կոչեր, որոնց ընդունման դեպքում իրավիճակը կարող էր կտրուկ փոխվել՝ հօգուտ խառնաշփոթի, ապա դրանք ժամանակին կանխվեցին և մերժվեցին, քանի որ համագումարի պատվիրակների մեծամասնությունը դեմ քվեարկեց դրանց: Առհասարակ պիտի փաստենք, որ գրողների միջև առկա տարակարծությունները, որ այդքան բուռն քննարկումների առարկա էին դարձել մինչ համագումարը, կարծես թե մնացել էին համագումարի շրջանակներից դուրս: Գրեթե բոլոր առաջարկություններն ու վճիռները կայացվում էին ճնշող մեծամասնության` կողմ և չորս-հինգ պատվիրակի՝ դեմ քվեարկելու արդյունքում: Այսպես մերժվեցին Ռազմիկ Դավոյանի արած առաջարկությունները՝ «Հայ գրողների միավորումը» մայր կազմակերպության՝ ՀԳՄ-ի կազմում ներառելու, ինչպես և մինչև ընտրությունները նոր կանոնադրություն ընդունելու վերաբերյալ:
Լևոն Անանյանը ներկայացրեց 2005-2009 թթ. ժամանակահատվածում կատարված աշխատանքների համակողմանի հաշվետվությունը: ՀԳՄ նախագահը նկատեց, որ ինչպես երկրի, այնպես էլ գրողների միության կյանքում այդ ժամանակահատվածը եղել է իրադարձային՝ ընտրություններ, ցավալի մարտի 1, համաներում: «Գրողների միությունը, որը մի հատվածն է մեր հասարակության, յուրովի արտացոլում է այն բոլոր խմորումները, որոնք տեղի են ունենում Հայաստանում: Եվ, այդուհանդերձ, մեր խնդիրը գրականությունն է: Եվ պիտի ուրախությամբ արձանագրենք, որ մեր գրականությունը բոլոր ժանրերում մրցունակ գրականություն է: Ինչ որ ստեղծվում է ժամանակի մեջ, ընթերցողի համար, աչքի է ընկնում գեղարվեստական շատ պատշաճ մակարդակով»,- ասաց Լ. ԱՆԱՆՅԱՆԸ: Խոսվեց նաև պետական պատվերով տպագրվող գրքերի, գրականություն-ընթերցող կապի ամրապնդմանն ուղղված քայլերի, արդի գրականությանը վերաբերող անհիմն քննադատությունների և չպատճառաբանված անտեսումների, գրական մամուլի գործունեության, գրական արտադրանքին հատկացվող չնչին հոնորարների, ՀԳՄ բաժանմունքների տարաբնույթ աշխատանքների, ՀԳՄ-ուսանողություն-գրադարաններ փոխշփումների, մարզերում ՀԳՄ մասնաճյուղերի գործունեության, գրական երիտասարդության հետ տարվող աշխատանքների, մանկապատանեկան գրականությանը ցուցաբերվող աջակցության, սփյուռք-հայրենիք գրական կապերի, միջազգային պայմանավորվածությունների, այս տարվա նոյեմբեր ամսին Լոս Անջելեսում անցկացվելիք գրական համաժողովի, գրական մրցանակների, գրողների սոցիալական վիճակի, ՀԳՄ շենքի նորոգման աշխատանքների և դրանց շուրջ ծավալված ասեկոսեների, ՀԳՄ-ի և «Հայ գրողների միավորում» կազմակերպության (ի դեպ, որի անդամների թվում է քուրդ ժողովրդի ազատագրական պայքարի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը) վերամիավորման աննպատակահարմարության, ՀԳՄ 75-ամյա հոբելյանի նախապատրաստական աշխատանքների և այլ հարցերի մասին: ՀԳՄ նախագահն անդրադարձավ նաև իրենց կատարած ծավալուն աշխատանքը քննադատողների վարքագծին՝ մասնավորապես նշելով. «Այն ամենը, որ մեր կողմից արվում է, երբեմն ոմանք համարում են շոու, ցուցադրություն: Ըստ երևույթին, ոմանց շատ է դուր գալիս շոումենի կերպարը, դերը: Ես ուզում եմ դա լուրջ չհամարել և հավաստիացնել, որ մեր արած գործերը թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի կյանքում թողնում են իրենց խոր հետքերը»:
Որ իսկական գրողը նաև (նախ և առաջ) քաղաքացի է, իր երկրի, իր ժամանակի բաբախուն զարկերակը, համոզվեցինք՝ լսելով համագումարի պատվիրակներից շատերի ելույթները: «Հայաստանի գրողների միությունը, միության օրինավոր նախագահ Լևոն Անանյանի ղեկավարությամբ, աշխույժ, մեղվաջան աշխատանք է կատարել: Չտեսնելը չար չկամություն է: Բանսարկուների պակաս մեր ժողովուրդը երբեք չի ունեցել: Նաև հիմա: Ասում են, գրում են, վարձկան թերթերը, վարձկան հեռուստապաստառները ոչինչ չեն խնայում, ու ղոչփախ տղերքը հարայ-հրոցը գցում են՝ տարա՜վ, կերա՜վ, թալանե՜ց: Ասում են՝ չոր թրիքը մարդու փեշին չի կպչում: Հիմա ծամում, նոր են կպցնում: Ի՞նչ կարող է անել գրողը: Լինել ժողովրդի հետ, փրկել գոնե մի մարդու, մի ընտանիքի, որ նա էս ապիկար իշխանությունների բանեցրած հայաջինջ, հայատյաց քաղաքականության պատճառով չհեռանա իր ոստանից… Ամեն մի իսկական գրող պետք է լինի տնազուրկ, անգամ չոր հացի կարոտ մարդու կողքին, որովհետև էլի նա, նրա զարկված ու զրկված զավակն է վաղը փրկելու էս հայրենիքը»,- ասված էր ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ խոսքում:
ՀԳՄ Արցախի գրողների միության մասնաճյուղի նախագահ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ դժգոհեց, որ թեև ստեղծված է համահայկական գրական դաշտ, այնուամենայնիվ, հայաստանցի գրողները ոչ միշտ են Արցախում ապրող իրենց գրչակիցներին համարում հայ գրողներ: Նա խոսեց գրողի դերի մասին պետության, հասարակության կյանքում՝ նկատելով. «Գրողի մի բառից պետք է օդը փոխվի երկրում»:
Մանկապատենական բաժանմունքի ղեկավար ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ գոհ էր, որ ՀԳՄ-ի շուրջ ծավալված սկանդալն անուղղակիորեն օգնել է, որպեսզի մամուլն անդրադառնա մանկապատանեկան գրականության խնդիրներին և ձեռքբերումներին:
Չափազանց տարօրինակ էր, որ ՀԳՄ Լոռվա մասնաճյուղի նախագահ Մանվել Միկոյանի հաշվետվության մեջ ոչ մի անգամ չհնչեց վանաձորյան գրական ընտանիքի ամենահայտնի անդամի՝ Հրաչյա Սարուխանի անունը: Եվ սա խորհելու ու խոսելու առիթ դարձավ ոչ միայն ունկնդիրների, այլև իր՝ Հ. Սարուխանի համար:
Տպավորիչ էր և, ինչպես միշտ, արտառոց Արտեմ Հարությունյանի՝ ՀԳՄ թարգմանական բաժանմունքի ղեկավարի ելույթը: Նրա հայտարությունն այն մասին, թե «կարճ, համառոտ, ընդարձակ մի ճառ եմ կարդալու ձեզ համար», ընդունվեց համընդհանուր աշխուժությամբ: Նա իր ուրախությունը հայտնեց, որ նախօրեին մասնակցել է Արցախի գրողների միության համագումարին, որի ընթացքում որոշումներն ընդունվել են միաձայն, «որևէ ճիճվատիպ, մորուքատիպ անձնավորություններ» չեն խցկվել ու չեն խանգարել համագումարի աշխատանքներին: Նա նաև իր խոսուն «մեսիջներն» ուղարկեց ՀԳՄ շարքերից հեռացված և համագումարին չմասնակցող անդամներին, վարժապետական կեցվածքով սաստեց իր ելույթը խանգարել փորձող պատվիրակներին և «հրաշալի» մակդիրով որակեց Լևոն Անանյանի կատարած աշխատանքը՝ «ՀԳՄ մինչլևոնյան շրջանը» կոչելով կատարյալ անգործության մատնված մի հիմնարկ, որտեղ նստած էր «պոմպերով փչած մի քանի կլասիկ»: Նրան հատկապես գոհացրել էր մրցանակաբաշխության համակարգը, որը գործում է Լևոն Անանյանի նախագահության օրոք, ինչպես և երիտասարդության հետ տարվող աշխատանքները: Ա. Հարությունյանը հորդորեց գրողներին եթե ոչ մտնել, ապա գոնե նայել դեպի Եվրոպա բացված պատուհանից ներս և գրական բանավեճերը ծավալել ըստ էության, ոչ թե անվերջ խոսել գրողների միության վերաբերյալ այս կամ այն դատարանի կայացրած վճիռների մասին:
Իսկ ՀԳՄ երիտասարդական բաժանմունքի ղեկավար Արքմենիկ Նիկողոսյանը հայտարարեց. «Հայ երիտասարդ գրողն այսօր չունի տպագրվելու խնդիր, նրա առաջ բաց են դռները»:
Համագումարը ՀԳՄ 2005-09 թթ. ժամանակահատվածում կատարած աշխատանքները գնահատեց բավարար:
Հընթացս գրողների միության շենքի նախասրահում իր արտահամագումարյան աղմկոտ շոուն էր սարքել «դարի չգնահատված հանճար» Պավել Խաչատրյանը, որը փորձում էր բացատրել համագումարի մասնակից «հանճարի բանջարներին», թե իր պոետական գոհարները «գրում է Ջիվանու, Սայաթ-Նովայի վրա» (մտածելու բան է), ու թե ինքն իր դեմ «խոսողներին խեղդող ծով է»:
Իսկ առջևում ՀԳՄ նախագահի և վարչության կազմի ընտրություններն էին, որոնց մասին խնդրեցինք արտահայտվել ՀՀ մշակույթի փոխնախարար, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանին և բանաստեղծուհի Մետաքսեին:
Գաղտնիք չէ, որ ստեղծագործող, շեշտված անհատականություն ունեցող անձինք դժվարությամբ են գալիս փոխհամաձայնության և հրաժարվում սեփական «ես»-ի գերակայությունից: Այս հայեցակետից ելնելով՝ Դավիթ Մուրադյանին խնդրեցինք մեկնաբանել, թե ինչով են պայմանավորված հայ գրական ընտանիքի անդամների միջև ծայր առած անհամաձայնությունները: ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ տվեց բավական ծավալուն և հանգամանալից պատասխան. «Համագումարները մեզ սկսել են ավելի հետաքրքրել, քան գրականությունը: Եթե մի քիչ ուշադիր լինենք, կնկատենք, որ հայ գրականությունն այս վերջին տասը տարիներին ստեղծել է արժեքավոր գործեր, որոնք կարող էին լինել հասարակության ուշադրության կենտրոնում: Բայց մեզ հիմա երևի ավելի մտահոգում, հետաքրքրում են ընտրությունները, քվեարկությունները, անձնավորված շարժումները: Ափսոս, որ գրողների 15-րդ համագումարի նախաշեմին թե՛ իրենք՝ գրողները, թե՛ մամուլը քննարկում էին գրողների միության հարցը: Համարյա չեղան հոդվածներ, որոնցում վերլուծվեին արդի գրականության զարգացման արդյունքները, միտումները, ասպարեզ եկած նոր անունները, իրենց մեջ ժամանակի նշանը կրող գրքերը: Այսպիսի հիմնախնդիրները մնացին ուշադրությունից դուրս: Ինչ վերաբերում է ստեղծագործող անհատների միջև ենթադրվող անհամաձայնություններին, իհարկե, դրանք իսպառ բացառել չի կարելի: Բայց և հակառակ օրինակները կան: Հիշեք թումանյանական «Վերնատունը». հանճարների համատեղություն էր դա: Ես այն կարծիքին չեմ, թե գրողների միության անցած ճանապարհը բովանդակազուրկ է եղել, բայց և այն կարծիքին չեմ, թե նորոգելու, նորացնելու, թարմացնելու տեղ չկա: Անշուշտ, կա: Բայց ես կուզենայի, որպեսզի առանց մեկը մյուսին վարկաբեկելու՝ մարդիկ պարզապես խոսեին գրականության խնդիրների մասին, խոսեին անշահախնդիր, իսկ ընտրության իրավունքը թողնեին համագումարին: Ես շատ բարձր եմ գնահատում Ռազմիկ Դավոյանին՝ որպես բանաստեղծի: Իմ սիրելի բանաստեղծներից է: Ես աշխատել եմ նրա հետ, երբ նա ղեկավարում էր Հայաստանի գրողների միությունը: Դա չափազանց դժվար ժամանակաշրջան էր, պատերազմի տարիներն էին, երբ մեր ժողովուրդը գոյապայքար էր մղում: Եվ ես շատ լավ հիշում եմ, թե նա ինչպես կարողացավ պահպանել գրողների միության ունեցվածքը: Հիշում եմ այն ծանր տարիները, երբ դեմոնտաժի էին ենթարկվում շատ կառույցներ: Եվ, հավանաբար, դրանց թվում կհայտնվեր նաև Հայաստանի գրողների միությունը, որովհետև գրողներն ավանդաբար համարվում էին հասարակական հեղինակություն, իսկ հասարակական հեղինակություն կոչվածը սասանելու փորձերը կարող էին ձեռնտու լինել ոմանց համար: Ես ինձ լավ եմ զգում, որ այդ տարիներին աշխատել եմ գրողների միությունում, որովհետև այդ ընթացքում շատ ճիշտ էր միության կեցվածքը: Աշխատել եմ նաև Լևոն Անանյանի հետ, գիտեմ, թե որքան մեծ էներգiայի տեր է: Նա նախաձեռնող մարդ է, անդադրում մարդ է: Ես չեմ կարծում, որ այսօրվա համագումարը պիտի ընթանա անձերի բախման ճանապարհով: Մտքերը թող վիճեն, անձերը՝ ոչ: Թե չէ պատկերացնո՞ւմ եք մի այսպիսի զավեշտական տեսարան. Չարենցի ծննդյան օրը հայ ժողովրդի փրկարար հավաքական ուժի մասին նրա հայտնի կարգախոսը մեծ պաստառի վրա գրած` հայ գրողները գնում են հարգանքի տուրք մատուցելու Չարենցի հիշատակին, բայց դա անում են տարբեր ժամերի, որպեսզի իրար չտեսնեն: Սարսափելի կլինի, եթե այս բանը կատարվի մի օր»:
Բանաստեղծուհի Մետաքսեն մինչև քվեարկությունն էլ վստահ էր, որ ՀԳՄ նախագահի պաշտոնում կվերընտրվի Լևոն Անանյանը, որովհետև նրա հանդեպ համակրանքի և երախտագիտության զգացում են տածում ՀԳՄ նորընտիր երիտասարդ անդամները, որոնք բավական շատ են, և նրանց քվեները կունենան վճռորոշ նշանակություն քվեարկության արդյունքի վրա:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4176

Մեկնաբանություններ