ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Արտասահմանցի մասնագետները հաստատում են Հայաստանում նման թվագրությամբ հնավայրի գոյությունը» (ֆոտոշարք)

«Արտասահմանցի մասնագետները  հաստատում են Հայաստանում նման  թվագրությամբ հնավայրի գոյությունը» (ֆոտոշարք)
31.05.2012 | 13:45

ԱՆԺԵԼԱ ՖՐԱՆԳՅԱՆԸ և ՄԱՐԻԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ հրավիրված են մասնակցելու Իտալիայի Վալկամոնիկա քաղաքի հնագիտական գիտաժողովին։ Կներկայացվեն «Հայրերի երկիր», «Գրագետ քարեր», ինչպես նաև «Թաղման ծեսի արարողակարգը Հայաստանում» տեսաֆիլմերը:
Հեղինակների նպատակն է այս ֆիլմերի միջոցով ներկայացնել Հայաստանի դեռևս լավ չուսումնասիրված անկյունները, ինչպես նաև փաստեր, որոնք վկայում են հնագույն հայկական քաղաքակրթության մասին:
Ստորև ներկայացնում ենք Անժելա Ֆրանգյանի և Մարիաննա Աբրահամյանի ստեղծագործական որոնումների պատմությունը, որը սկսվում է Տաթևում հայտնաբերված առեղծվածային քաղաքից:
«2009-ին ստեղծեցինք հեռուստատեսությունից անկախ մեր առանձին ստեղծագործական խումբը` անվանելով այն «Մ.Ե.Խ. Փրոդաքշըն», որի հաղորդաշարերից մեկը դարձավ «Լապտերիկ» հետաքննական ծրագիրը,- պատմում են հեղինակները:- Պատրաստել ենք տարբեր տեսանյութեր: Դրանցից մեկը Տաթևի մասին էր: Ֆիլմը կոչվեց «Տո՛ւր ինձ թև»: Այն Տաթևում կառուցվող ճոպանուղու հարցն էլ էր քննում, քանի որ կառուցվելիք ճոպանուղու կայանը պետք է տեղակայվեր հին տապանաքարերի վրա և մի տարածքում, որը հնագիտական պեղումների կարիք ուներ: Մի քանի ամիս շարունակ մեկնում էինք Տաթև` նկարահանումների: Ահա այդ ճամփորդություններից մեկի ընթացքում էլ ծանոթացանք Տաթևի այլ «երկրպագուների» հետ: Պարզվում է` վերջիններս Հալիձորից Տաթև տանող ճանապարհի մի հատվածում հայտնաբերել են հնամյա քաղաք, որի մասին գրեթե ոչ ոք տեղյակ չէ: Մենք մեր նոր ծանոթների հետ մի քանի օր բնակվեցինք վրաններում ու, լսելով նրանց պատմությունները, նկարահանեցինք շրջակա տարածքը: Նկարահանումներից հետո, հավաքելով բոլոր հավանական և անհավանական պատմությունները, վերադարձանք Երևան: Տեսանյութերը ներկայացրել ենք տարբեր մասնագետների և ստացել տարբեր կարծիքներ: Նրանցից մեկն էլ Գրիգոր Վահանյանն էր, ով արդեն տեղյակ է այս ամենին և Իտալիայի Վալկամոնիկա քաղաքում կայացած 23-րդ հնագիտական համաժողովին այս պատմությունն արդեն իր գիտական աշխատությունում ներկայացրել էր: Այդ տարածքից գտած կճուճների կտորները, քարերը, ճարտարապետական տեսք ունեցող շինությունների լուսանկարները, իտալացի գիտնականների կատարած ուսումնասիրությունների արդյունքում, թվագրվել են մ.թ.ա. 4 000 տարեկան և ավելի:
Կարևոր է նշել, որ այդ գիտաժողովները և հետազոտությունները կատարվում են UNESCO-ի անդամ մասնագետների ղեկավարությամբ ու ներկայությամբ»:
Անցյալ տարի Անժելա Ֆրանգյանը և Մարիաննա Աբրահամյանը Տաթևի մասին նկարահանած ֆիլմը ներկայացրել են Վալկամոնիկայի գիտաժողովի նախագահ պրոֆեսոր Էմանուել Անատիին և ստացել Վալկամոնիկայի 24-րդ գիտաժողովին մասնակցելու հրավեր, սակայն, հովանավոր չունենալու պատճառով, չեն մեկնել:
«Իտալիա մեկնելու ամենակարևոր պատճառը գիտաժողովի շրջանակներում նկարահանումներ կատարելն է և դրանց հիմքի վրա նոր ֆիլմ ստեղծելը,- ասում է Մարիաննա Աբրահամյանը:- Ֆիլմը, որպես վավերագրություն, կդառնա փաստացի ապացույց, որ արտասահմանցի մասնագետները, իրենց իսկ թվագրած հնավայրի մասին հարցազրույցներով ու կարծիքներով, հաստատում են Հայաստանում նման թվագրությամբ հնավայրի գոյությունը»:
Այս տարի նույնպես ֆիլմերի հեղինակներին Վալկամոնիկա քաղաքի հնագիտական գիտաժողովին մասնակցելու համար աջակցություն է հարկավոր:
Նշենք նաև, որ մայիսի 10-ին ԱՄՆ-ի «Հնագիտական ալիքի» կազմակերպած միջազգային «Հնագիտական ֆիլմերի փառատոնում» նշված ֆիլմերը ցուցադրվել են առանց հեղինակների մասնակցության: Փառատոնից հրավերներ կան նաև հաջորդ տարվա համար:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Տաթև1
  • Տաթև2
  • Տաթև3
  • Տաթև4
  • Տաթև5
  • Տաթև6
  • Տաթև7
  • Տաթև8
  • Տաթև9
  • Տաթև10
  • Տաթև11
Դիտվել է՝ 5127

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ