Ոչ համավարակը կանգնեցրին, ոչ էլ տնտեսությունը պահպանեցին
08.05.2020 | 00:17
Վերջին օրերին ակնհայտորեն սկսեցին ուրվագծվել համավարակից առաջացած տնտեսական ճգնաժամի հետևանքները հայաստանյան ներքաղաքական զարգացումների վրա։ Որոշ ժամանակ այդ գործընթացները երկրորդ պլան էին մղվել, քանի որ հասարակությունն ու իշխանությունը, տարված լինելով համավարակի հետ կապված խնդիրներով, կարծես թե դրանք առաջնային չէին համարում։ Իսկ ընդդիմադիր շրջանակները շատ դեպքերում բավականին մեծահոգաբար մոռացության էին մատնում ներքաղաքական օրակարգը՝ հաշվի առնելով պանդեմիայի հետ կապված հնարավոր վտանգները‚ նույնիսկ իրենց լռությամբ, երբեմն նաև աջակցությամբ հնարավորինս օգնում էին իշխանությանը։
Իհարկե‚ այս իրավիճակը չէր կարող երկար տևել, առավել ևս, որ արդեն մոտ 20 օր առաջ սկսեց զգացվել, որ իշխանությունների կողմից համավարակը կանխարգելելու համար իրականացվող գործողությունները բացարձակ արդյունավետ չեն։ Շատ կարճ ժամանակ անց հասկանալի դարձավ, որ Հայաստանը, հիմնականում կրկնելով դրսի հովանավորների ու միջազգային կառույցների, այդ թվում նաև տխրահռչակ ու կոռումպացված Համաշխարհային առողջապահության կազմակերպության առաջարկությունները, որդեգրեց այսպես ասած կարանտինային մեթոդոլոգիան, սակայն ակներև է, որ սահմանափակումների արդյունավետ ռեժիմ սահմանելը Հայաստանի իշխանությունների ուժերից վեր է։ Կյանքը ցույց տվեց, որ սահմանափակումները ձևական բնույթ էին կրում, և ամեն ինչ ավելի շուտ թողնված է բնակչության հայեցողության վրա, մինչդեռ պետական ամբողջ ապարատը՝ սկսած առողջապահական համակարգից, վերջացրած ուժային կառույցներով, գրեթե անգործության է մատնված։ Իսկ առողջապահական համակարգի ղեկավարների պարագայում ակնհայտ է նաև, որ վերջիններս ոչ համարժեք են արձագանքում պանդեմիայի հետ կապված զարգացուներին։
Կարանտինային ռեժիմի հայտարարման նպատակը թերևս տնտեսության հաշվին կորոնավիրուսով վարակվածների թվի նվազեցման խնդիրը լուծելն էր‚ որպեսզի հարվածի տակ չդրվի առողջապահական համակարգը, և այն կարողանա հիվանդներին սպասարկել ամբողջ ծավալով։ Այսինքն՝ երկու չարիքից ընտրվել էր փոքրագույնը, տվյալ դեպքում՝ ԱՀԿ առաջարկով և երկրների մեծ թվի օրինակով Հայաստանն ամբողջությամբ անջատեց տնտեսությունը՝ գերադասելով տնտեսությունը զոհաբերելու հաշվին լուծել համավարակի հարցը։ Այս քայլը գուցե արդարանար, ինչպես աշխարհի շատ երկրներում, եթե իրոք խիստ վերահսկողության տակ վերցվեր առողջապահական համակարգը։ Այդ պարագայում կարելի էր հասկանալ, թե ինչու են զոհաբերվել երկրի տնտեսական իրավիճակն ու ժողովրդի սոցիալական հարցերը։ Բայց քանի որ ինքնամեկուսացման ռեժիմը զուտ ձևական բնույթ էր կրում, պարզվեց, որ համավարակային իրավիճակի վերահսկողության առումով որևէ արդյունք չկա, ընդհակառակը, վարակվածների թվի կորն ավելի ու ավելի էր բարձրանում։ Անգամ ՀՀ առողջապահության տխրահռչակ նախարարը ստիպված է ահազանգողի դեր խաղալ՝ մի կողմից վախեցնելով, մյուս կողմից իրեն երաշխավորելով հետագա զարգացումներից և ամեն օր ինչ-որ մեծ թվերի մասին է խոսում։
ՀՀ իշխանությունների մեկուկես-երկու ամսվա գործողությունների արդյունքում չհաջողվեց համավարակը կանխարգելել, միաժամանակ կաթվածահար արվեց երկրի տնտեսությունը։ Սա փաստ է, որն իշխանությունները փորձում են շրջանցել և էժանագին մանիպուլյացիաների արդյունքում աշխատում են հանրությանը համոզել, թե վարակի դեմ պայքարի հաջորդ փուլ ենք թևակոխել, որի ընթացքում մարդիկ պետք է սովորեն համակերպվեն կորոնավիրուսի գոյության հետ։ Սակայն դա ճարահատյալ քայլ է, որն արձանագրում է կառավարության գործունեության տապալումը։ Իշխանամերձ պողոսներին գուցե հնարավոր է նման հնարքներով կերակրել, սակայն երկրում կան զանգվածներ, որոնք շատ լավ հասկանում են, որ գործ ունենք ապիկար իշխանությունների հետ, որոնց օրոք էլ հայաստանցիները ստիպված են լինելու անցկացնել ճգնաժամային առաջիկա ամիսները, ամենայն հավանականությամբ նաև՝ տարիները։
Իշխանության անհաջողություններն ու խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամն ու առաջացող լարումները լավ հիմք են տալիս իշխանության քաղաքական ընդդիմախոսներին ու ընդդիմադիր ուժերին ակտիվացնելու իրենց գործողությունները։ Ակնհայտ դարձավ, որ ՀՀ վարչապետի վարկանիշը վերջին մեկ-երկու ամիսներին իշխանափոխությունից հետո թերևս ամենամեծ անկումն արձանագրեց։ Դա տեսանելի է նաև հանրային ընկալման մեջ։ Վարչապետի խոսքերը լրջությամբ չեն ընկալվում հանրության ամենատարբեր շերտերի կողմից։ Հիասթափություններ են առաջացել ոչ միայն հանրային շրջանակներում, այլև հենց իշխանական թիմում։ Փաշինյանի մոտ էլ ակնհայտ անհաջողությունները մի այլ երևույթի հանգեցրին. նրա մոտ սկսեցին դրսևորվել կասկածամտություն և վախ, թե նախապատրաստվում են հեղաշրջումներ, յուրայինների կողմից դավադրություններ և այլն։ Այս մտավախությունը ըստ էության բավականին լուրջ արմատներ է գցել վարչապետի մեջ։ ՈՒ պատահական չեն խոսակցությունները, թե Փաշինյանի և նրա թիմակից, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարաբերությունները բավականին լարվել են։ Ավելին‚ Նիկոլ Փաշինյանը կասկածներ ունի, որ Ավինյանը գործարքների մեջ է մտնում ինչ-ինչ ուժերի, այդ թվում՝ ընդդիմադիրների հետ՝ վարչապետին գահընկեց անելու համար։ Փաշինյանին տարբեր սցենարներ են ներկայացվում, և նա որևէ սցենար չի բացառում։ Այս համատեքստում ավելի հաճախակի են դարձել խոսակցությունները, թե արդեն մոտ օրերս Փաշինյանը պաշտոնանկ է անելու Ավինյանին, ավելին‚ հենց վարչապետի մոտ շրջապատում չեն բացառում, որ մայիսի 14-ից հետո, երբ կավարտվի արտակարգ դրության ռեժիմի ժամկետը, կհայտարարվի պարետի հեռացման մասին։
Կասկածամտության մեկ այլ դրսևորում էր Փաշինյանի՝ բավականին էքստրեմալ ռեժիմով ԱԱԾ-ում իր մարդուն տեղավորելու մոլուցքը, ինչն իհարկե դարձավ ծաղրի առարկա։ Պետական վերահսկողության ծառայության 29-ամյա, կենսագրություն չունեցող ղեկավարին խնդիր էր դրվել շատ արագ տեղավորել ԱԱԾ-ում, ինչի համար նրան նախ նշանակեցին մի պաշտոնի, ապա մի քանի ժամ անց՝ ԱԱԾ-ի փոխտնօրեն։ Ընդ որում‚ վարչապետի մամուլի խոսնակը պարզաբանեց, որ դա քաղաքական նշանակում էր, իսկ Փաշինյանն ինքն էլ չթաքցրեց, որ այսուհետև կլինեն նաև այլ քաղաքական նշանակումներ։ Նա հասկացրեց, որ այսպես կոչված պրոֆեսիոնալների նկատմամբ վստահության պաշարն իր մոտ սպառվել է։ Փաշինյանը փաստացի արձանագրում է, որ իրավապահ համակարգն իրեն չի ենթարկվում, և ժամանակն է, որպեսզի համակարգ գործուղվեն կուսակցական կոմիսարներ, որտեղ կլինեն կառավարության ղեկավարի աչքերն ու ականջները։
Թերևս կարող ենք փաստել, որ երբ Նիկոլ Փաշինյանը մի փոքր ազատվի կորոնավիրուսային գլխացավանքից, պետական կառավարման համակարգ է բերելու քայլիստների երկրորդ-երրորդ շերտերին։ Եվ եթե ներկա պաշտոնյաները համարվում են Փաշինյանի լավագույն կադրերը, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ որակ կունենա պետական համակարգը երկրորդ էշելոնի ներկայացուցիչներով համալրվելուց հետո։ Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու տեղ ունի։ Նրա դիրքերը բավականին թուլացել են։ Եվ խնդիրը ոչ միայն այն է, որ Փաշինյանն այդպես էլ չկարողացավ իր համար ստեղծել իրական սոցիալական, ուժային, տնտեսական, արտաքին քաղաքական հենարաններ, այլև սկսեց կորցնել իր հենարանները հանրության, նաև պողոսների շրջանում։
Այս իրավիճակն ու ճգնաժամի դեմ պայքարելու անկարողությունը լավ հնարավորություն են ստեղծում քաղաքական ընդդիմության համար։ Տեսնում ենք, որ սուր մարտեր են ընթանում մի կողմից Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի միջև, մյուս կողմից դրանում ներքաշվում է նաև Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որը պարբերաբար իր տեսաուղերձներում սկսել է բացահայտումներ անել որոշ ստվերային գործարքների շուրջ։ Սա բավականին հուժկու հարված է Նիկոլ Փաշինյանին, որը ներկայանում է որպես մի մարդ, որը գործարքի չի գնում ոչ մեկի և ոչ մի հարցի շուրջ, կոռուպցիոներների հետ ոչ մի բանակցության չի նստում։ Բայց արի ու տես, որ Միքայել Մինասյանը բացահայտում է, որ անձամբ իրեն է առաջարկել Նիկոլ Փաշինյանը համագործակցության ինչ-ինչ սխեմաներ։ Եվ սա այնքան ցավալի հարված է, որ մինչ օրս էլ վարչապետը չի հերքում այն, ինչ ասել է նախ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, հետո նաև՝ Միքայել Մինասյանը։ Հավանաբար հասկանում է, որ հերքումը շատ ավելի վատ հետևանքներ կարող է ունենալ‚ քանի որ չի բացառվում, որ և Վանեցյանը, և Մինասյանն ունեն իրենց խոսքերի ապացույցները։ ՈՒստի Նիկոլ Փաշինյանը գերադասում է խոսել ամեն ինչի մասին, ընդհուպ մինչև գերցավոտ կոմունալ վճարների, Լավրովի հայտարարությունների մասին, բայց ոչ երբեք իրեն առաջադրված մեղադրանքի։
Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիր ուժերի պայքարն այժմ մտել է կոմպրոմատային փուլ, որտեղ ակնհայտորեն վարչապետի դիրքերը թույլ են։ Նման կոմպրոմատներից ու արգելված թեմաներից է ծխախոտի մաքսանենգության հարցը, որը ռուսական աղբյուրները կապեցին Փաշինյանի ընտանիքի հետ՝ որպես գլխավոր գործող անձ այս սխեմայում նշելով երկրի թիվ մեկ աներձագ Հրաչյա Հակոբյանին։ Սա էլ բավականին զգայուն հարց է, որով ռուսական կողմը մեծ ճնշում է բանեցնում, միաժամանակ կոտրում է անկաշառ Նիկոլ Փաշինյանի մասին առասպելը։ ՈՒ պատահական չէ, որ այս թեմայի վրա տաբու է դրված։ Սակայն կան հզոր ուժեր, որոնք խաղարկելու են այս թեման։ Ընդ որում, ակնհայտ է, որ դրանք ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական ուժեր են։ Որքան էլ Փաշինյանը փորձի իր կուսակիցների միջոցով փողոցային ծեծեր կազմակերպել, այլ թեմաներ շրջանառության մեջ գցել՝ շեղելու համար, իրականում բավական է մի փոքր ցանկություն, որպեսզի ծխախոտային այս պատմությունը միշտ թեժ պահվի։ Ի վերջո, Փաշինյանը չգիտի, թե ռուսները մինչև ուր կտանեն այս գործը ու մինչև ուր կխորանան։ Եթե ներքին քաղաքական հարթակում նա կարող է պայմանավորվել տարբեր բևեռների հետ, արտաքին խաղացողի, այն էլ ռուսների հետ պարզ չէ, թե զարգացումներն ինչ հանգրվան կունենան։
Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ առաջիկա գործընթացները բավականին հետաքրքիր հունով են ընթանալու։ ՈՒ ամենակարևորը՝ այդ ամենը տեղի է ունենալու բավականին ծանր սոցիալ-տնտեսական ֆոնի վրա, ինչն էլ ավելի է բարդացնելու իշխանության վիճակը։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ