«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մեր հանապազօր հացն ու «գյուլլախորով» ՀԷՑ-ը

Մեր հանապազօր հացն ու «գյուլլախորով» ՀԷՑ-ը
22.05.2015 | 04:58

...Սկզբում՝ չափազանց զայրացած, անորոշ ցնցումների մեջ խոսում է Ցուցամատը.
-Ո՞վ էր մինչ հիմա տեսել, որ ես՝ Ցուցամատս, որ ծնվել եմ միայն հրահանգելու, ուղղորդելու, սրան-նրան սաստելու համար, հիմա խեղճուկրակ, ճլորած մի հարցականի պես, գլուխս կուչ գամ Բութի մոտ...
«Հնգամարտ», Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ

(նավահանգստում Երվանդի և Հրանտի շքերթն է)

Մինչ բուն ասելիքս, այսինքն՝ մինչ ՀՀ գերագույն պատիժ ՀԷՑ-ի «բերման ենթարկումը», ճշտենք ՀՀ աշխարհաքաղաքական ներկա ծառուղին։ Սա է մեր երկրի գլխին թափվող ձախորդությունների հիմնական պատճառը, մենք կորցրել ենք մեր հյուսիսն ու հարավը։

Դուք պատկերացնո՞ւմ եք երաժշտագետ-տեսաբանի և արհեստավարժ գրպանահատի բարեհաջող խնամիությունը։ Ես՝ ոչ, զի ինչի նման կլինի նրանց զավակներից ծնված համատեղ թոռը։ Այսպես է նաև պետությունների պարագայում։ Տեսեք, Բելառուսը խնամիանում է Չինաստանի հետ՝ ուսն ընդ ուսին։ Տիար Լուկաշենկոն ահա թե ինչ է առաջարկում Չինաստանին. «Մենք չենք թաքցնում այն, որ Բելառուսը Չինաստանի համար այստեղ՝ Եվրոպայի կենտրոնում բարեբախտություն է։ Չինաստանն էլ մեզ համար է բարեբախտություն, որի վրա մենք կարող ենք հենվել միջազգային ասպարեզում»։ Եվս մի քանի տնտեսական փոխշահավետ սահմանումներ մեջբերելով Բատկան գլխավոր հարվածն է հասցնում. «Մենք միատեսակ վերաբերմունք ունենք խարդախների, գողերի և խաբեբաների նկատմամբ, մենք պայքարում ենք կոռուպցիաների դեմ ճիշտ այնպես, ինչպես ամենադաժան եղանակներով պայքարում են Չինաստանում»։ Թե ինչ ցուցանե առակն այս, պարզաբանում եմ անմիջապես. Չինաստան-Բելառուս խնամիությունից, անշուշտ, կծնվեն առողջ մանուկներ, կայուն հոգեպես, ամրակուռ ֆիզիկապես։ ՀՀ-ն էլ պիտի խնամիանա իր ներկա նկարագրին հարիր երկրների հետ. զորօրինակ, Սոմալիի Հանրապետության, ուր սովյալ է բնակչության 95 տոկոսը, կուշտ-հղփացած է մնացած 5 տոկոսը։ Կամ էլ թեկուզ Իսլամական պետության հետ, վայրագությամբ մի՞թե մենք (այսինքն, մեր դիվոտած որոշ իշխանիկներն ու նրանց բարոյապես ներքինացած համհարզները) զիջում ենք նրանց, հարկավ ոչ։ Այս տեսանկյունից չափազանց շահավետ եմ համարում երկարատև խնամիությունը դրկից Ազերբայջանի հետ։ Չէ՞ որ և՛ ՀՀ-ի, և՛ ԱՀ-ի որոշ ատյաններում նույնական են վերաբերվում խարդախներին, գողերին, գանձագողերին և խաչագողերին։ Այսինքն, մեր և Ազերբայջանի լիսկաներն ու շմայսները, գեղամյաններն ու խոսրովիկները բարոյական միևնույն հարթության մեջ են գտնվում։ Այսինքն, թե՛ ազերիների, թե՛ նորահայոց գանձա-խաչագողերն ու մնացած կորզիչները մանդատակիր են և շքանշաններով են զուգված։ Թե չէ տարօրինակ չէ, որ Երևանը քույրանում է Փարիզի, Գյումրին էլ եղբայրանում է Լյուքսեմբուրգի հետ։ Մենք պիտի քույրանանք և եղբայրանանք Բաքվի և Բուրկինա Ֆասոյի հետ։

ԻՆՉՊԵՍ ՓՐԿԵԼ ՀԷՑ-Ը

(նավաբեկություն Զախարյանի առանձնասենյակում)

Երբ Երվանդ Զախարյանը նշանակվեց ՀՀ էներգետիկայի նախարար, անմիջապես լեզուս կծեցի։ Նրա փառավոր անունը կապված է տխրահռչակ «Մազութի գործի» հետ։ Այստեղից էլ նրա պատվավոր մականունը՝ «Մազութի Երվանդ»։ Լեզուս կծեցի, քանի որ տիար Երվանդը էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը կհամարի իր կյանքի գործը, և 3-րդ հանրապետության բարեփոխչական մեծագույն հաղթանակը։ Համարում է և առանց աչք-ունքը դույզն-ինչ շարժելու վստահեցնում է, որ օրինաչափ և բարոյական է ոչ միայն գալիք թանկացումը, այլև յուրաքանչյուր տարի էլեկտրաէներգիայի սակագնի վերանայումը պիտի դառնա պարտադիր գործընթաց։ Ինչպիսի՜ մարդասիրություն, մեղմաշունչ արտաբերվում է ոչ թե «կթանկանա» չար ու գրգռիչ բառը, այլ «կվերանայվի» քաղցրիկ խաբկանքը։ Իսկ ինձ վաղուց է հայտնի, ինքս էլ սիրով գաղտնիքը կիսում եմ ձեզ հետ, հայրենի իշխանությունները երազում են մինչև 2017-ի խորհրդարանական ընտրարշավի մեկնարկը էլեկտրաէներգիայի սակագինը 1 կՎտ էներգիայի դիմաց սահմանել 100 ՀՀ դրամ։ Հաշվարկը հեռանկարային է և կատարված է մեծ խնամքով, սակագնի 100-դրամանոց բարձունքի նվաճման պարագայում կարձանագրվի գլխավոր հաղթանակը՝ հանրապետությունում կապրի ճիշտ 1 մլն մարդ։ Մի՞թե վատ է, չէ՞ որ ինքնաբերաբար կվերանան երթուղային ավտոբուսները և ծառայողական շարժակազմերը։ Բնակչությունը ժպտադեմ կօգտվի տրոլեյբուսներից և մետրոպոլիտենից, այս ամենից ոգեշնչված իշխանությունները մի քիչ կկարմրեն, բայց և այնպես մի նոր վարկ ձեռք կգցեն, որով կհայթայթեն ծառայողական հեծանիվներ։ Եռակի կշահենք։ Նախ նրանց նախարարական աշխատունակությունը կկրկնապատկվի, այնուհետև բենզին և այլ քսուքներ կխնայենք, և վերջապես, բնությունը կպահպանենք, ազատելով ծխամրային գարշահոտից։ Անշուշտ, կռահեցիք, թե առաջին զույգ հեծանիվը ում կտրամադրվի Օվալաձևում. մեկը իշխանական Սեյրան Սարոյանին, մյուսն իշխանադիմադիր Զարուհուն՝ Փոստանջյան։ Փառահեղ է տեսարանը. Սարոյանը արագընթաց սուրում է Բաղրամյանով ցած, Փոստանջյանը սրընթաց հասնում է նրան և ձախ ականջի ուղղությամբ գոռում-գոչյուն բարձրացնելով պահանջում է պատասխանել, թե ինչու է խախտվել խեցգետինների և գորտերի հաշվեկշիռը Սևանում, այն էլ հօգուտ գորտերի։

ՀԱՆԳԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵ՛ՐՋ

Մի խոսքով՝ վերոնշյալ մղձավանջից փրկվելու նպատակով եկեք փրկենք Հայոց ՀԷՑ-ը և տեր կանգնենք մեր հանապազօրյա հացին։ Ինչպե՞ս, շատ պարզ, յուրաքանչյուր ընտանիք թող որ յուր ամսական եկամտի տասանորդը փոխանցի «Ազատագրենք հայոց ՀԷՑ»-ը հատուկ հաշվեհամարին։ Ըստ իս, երկու-երեք ամսում կարելի է վճարել չարաբաստիկ 24 մլրդ դրամը և ՀԷՑ-ը պետականաշնորհել։ Տեսեք, ՀՀ-ում այսօր ծաղկում-փթթում են 1000-ից ավելի միլիոնատերեր։ Եթե նրանցից յուրաքանչյուրը 10 հազար դոլար տասանորդ վճարի, ապա խնդիրը կիսով չափ կլուծվի։ Մնացած գումարն ի մի կբերեն գործազուրկներն ու «Նաիրիտի» զոհերը, մանկավարժներն ու մանկատների մանուկները, թափառաշրջիկներն ու պատգամավորները, գյուղապետերն ու մանրավաճառները, թանգարանների աշխատակիցներն ու լրագրողները, լֆիկյան անվճար լավաշի բաժանորդներն ու մարմնավաճառուհիները։ Մի խոսքով, ՀԷՑ-ը պիտի փրկել։ Եվ իսկապես, ինչու այսօր չնախաձեռնել այս պատվարժան դրամահավաքը, առանց սփյուռքահայության օգնության և երկրի օգտակար հանածոների մսխման։ Սա, ի դեպ, կոչ է և՛ իշխող ՀՀԿ-ին, և՛ նրա արբանյակ հայտնի-անհայտ ուժերին։ Սա կլինի առաջին հեռանկարային քայլը։ Հետո համահայաստանյան հանգանակությամբ հետ կբերենք «Արմենիա» հյուրանոցը, «Հրազդան» մարզադաշտը, անխտիր բոլոր հանքերը, լճերը, հանքային աղբյուրները, սարերն ու անտառները։ Նաև, թերևս, աղանդավորներին և ՄԻՊ Կարեն Անդրեասյանին՝ ինչու չէ, գուցե թե մայրաքաղաքի ավագանուն, Հանրային խորհրդին, մեր անարատ դատավորներին, անապակ դատախազներին և Կարապի լճից անհետացած կարապներին։ Արժե՞։ Վստահաբար։ Իսկ մի՞թե չարժե պետականաշնորհել հենց մեր ազգային ցավ և հանրային դավ մենաշնորհատերերին։ Մի խոսքով, ելքը համահայկական հանգանակությունն է։

ՆԱՎԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

(մազութը ճերմակ է)

Մեր ցուցամատները, Արթո՛ւր Անդրանիկյան, հարգելի՛ս, այո, վաղուց են ցուցափայտի վերածվել, այսինքն՝ խաղալիք են դարձել ոմանց ձեռքերում։ Իսկ մեր համառ այլընտրանքի և այլախոհական առաքինության խորհրդանշան բութ մատները մի բանի են այսօր ծառայում` մասնակցում են եռամատ կոմբինացիայի ձևավորմանը։ Սակայն գուցե մի լավ ու գեղեցիկ բան կա այս ամենում։ Տե՛ս, տիար Բագրատյանը բթամատը խոթում է մատնեմատի և ցուցամատի արանքը և մերկացնում է ՀՀԿ-ին և Քոչարյանին դժոխային մեղքերում, թե ինչպես նրանք վաճառեցին, այնուհետև վերավաճառեցին ՀԷՑ-ը։ Հրաշալի հնարավորություն է ի հայտ գալիս։ Քոչարյանն ու նրա ժամանակվա ՀՀԿ-ն ոչ պակաս վարպետությամբ են կազմակերպում իրենց բթամատային-արմատական կոմբինացիան և ուղղում են ճիշտ և ճիշտ դեպի տիար Հրանտի հոնքամեջը, թե արի և խոստովանիր, ինչպես վաճառեցիր այսինչն ու այնինչը։ Զորօրինակ, Երևանի կոնյակի գործարանը։ Հնարավոր կլինի՞ այս ճանապարհով հետ գնել ՀԷՑ-ը։ Գուցե այո։ Իսկ միգուցե ոչ։ Ամեն բան կախված է մեր համբերության բաժակից. եթե այն լցվել է, ուրեմն վերջ, ՀԷՑ-ը, նրա հետ էլ մեր հանապազօր հացը մերն են, ուրիշ ոչինչ։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Ի դեպ, երբ պետական հանձնաժողովը «քրքրեց» «մազութի գործի» 10 %-ը, ուրախությամբ հայտնաբերեց 100 մլն դոլարի կողոպուտ։ Գուցե, ենթադրում եմ, զարկ տանք դրա վերջնական բացահայտմանը։

Դիտվել է՝ 2443

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ