«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Զարմանալի Պուտինը

Զարմանալի Պուտինը
17.04.2015 | 13:41

Երեկվա ուղիղ գծում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված տասնյակ հարցերի թվում կային զենքի վաճառքին վերաբերող հարցեր: Զենիթային «С-300» համալիրներ Իրանին տրամադրելու պայմանագիր էր ստորագրվել, որը հետո կասեցվեց: Քաղաքագետների ու լրագրողների մեկնաբանություններում անհանգստություն կա, որ «С-300»-ը կարող է խոչընդոտել Իրանի և վեցյակի բանակցություններին, ավելին՝ բարդացնել Մերձավոր ու Միջին Արևելքում իրավիճակը: Անգելա Մերկելն արդեն հայտարարել է, որ ճիշտ կլիներ պատժամիջոցները վերացնել միասին, ոչ թե առանձին, իսկ Իսրայելը հայտարարել է, որ եթե զենիթային հրթիռները Իրան մտնեն, միջոցներ ձեռք կառնի, ընդհուպ զենքի վաճառք ՈՒկրաինային: Ի՞նչ է կատարվում իրականում՝ հարցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է. «Մենք իրոք 2007-ին պայմանագիր ենք ստորագրել, 2010-ին նախագահի հրամանագրով գործարքը կասեցվել է՝ Իրանի միջուկային ծրագրի պրոբլեմների պատճառով: Բայց այսօր իրանցի գործընկերները մեծ ճկունություն և միջուկային ծրագրի վերաբերյալ փոխզիջման գնալու բացահայտ ցանկություն են ցուցաբերում: Փաստորեն՝ գործընթացի բոլոր մասնակիցները հայտարարել են, որ համաձայնություն արդեն կա, մնացել են տեխնիկական մանրամասները, որ պիտի պարզվեն մինչև հունիս: Այդ պատճառով էլ մենք որոշում ընդունեցինք: Գերմանիայի կանցլերի հայտարարությունը չեմ տեսել, բայց եթե ոմանք զգուշանում են, որ մենք սկսել ենք պատժամիջոցները հանել, հավանաբար չգիտեն, որ ՄԱԿ-ի պատժամիջոցների ցանկում այդ զինատեսակը չկա: Մենք գործարքը կասեցրել էինք միակողմանի, հիմա, երբ Իրանի միջուկային ծրագրում առաջընթաց կա, մենք կասեցումը շարունակելու հիմքեր չենք տեսնում: ՄԱԿ-ի բանաձևում ընդգրկված պատժամիջոցների դեպքում մենք, իհարկե, կգործենք մեր գործընկերների հետ միասին, մենք միշտ էլ այդպես ենք արել և մեծ ավանդ ունենք Իրանի միջուկային ծրագրի խնդիրը կարգավորելու գործընթացում: Բացի այդ՝ մեր ձեռնարկությունները արտադրել են այդ զենքը, որը բավականին թանկ է (900 միլիոն դոլար): Ոչ ոք մեր ձեռնարկություններին չի վճարել: Մեզ ակնարկել էին, որ կգնեն, բայց չեն գնել: Հարց՝ ինչո՞ւ պիտի մենք վնասներ կրենք: Իրավիճակը շտկվում է, ՄԱԿ-ի պատժամիջոցների ցանկում այդ զինատեսակը չկա: Ընդհակառակը՝ մեր իրանցի գործընկերներին պետք է խրախուսել, որ շարունակեն նույն ոգով գործել: Դուք հիշատակեցիք Իսրայելը: Ասեմ, որ մենք միշտ արտաքին շուկա զենքի արտահանման ժամանակ հաշվի ենք առնում իրավիճակը տարածաշրջանում, նախ և առաջ, իհարկե, Մերձավոր Արևելքում: Մենք չենք Մերձավոր Արևելք ամենամեծ զենք մատակարարողը: ԱՄՆ-ը շատ ավելի մեծ գումարների զենք է մատակարարում այդ տարածք: Վերջերս իսրայելցիները անհանգստություն հայտնեցին «С-300» համալիրի վաճառքի վերաբերյալ տարածաշրջանի մեկ այլ երկիր, ուշադրություն էին դարձում այն փաստին, որ զենքի մատակարարումը արմատական փոփոխությունների պատճառ կդառնա, նույնիսկ աշխարհաքաղաքական, քանի որ այդ երկրի տարածքից «С-300»-ը կարող է հասնել Իսրայելի տարածք: Թեպետ դա հարձակողական զենք չէ, բայց ինչպես իմ գործընկերն ասաց՝ «մեր ոչ մի ինքաթիռ օդ չի բարձրանա»: Դա լուրջ փաստարկ է: Մենք խորհրդակցեցինք մեր գնորդի հետ ու մեր արաբ գնորդները մեզ հասկացան: Մենք չեղյալ հայտարարեցինք գործարքը և վերադարձրինք 400 միլիոն դոլար կանխավճարը: Մենք շատ ուշադիր ենք գործում: Իրանի դեպքում բոլորովին այլ պատմություն է, այդ զենքը Իսրայելին բացարձակապես չի սպառնում, միայն պաշտպանության համար է: Մենք կարծում ենք, որ Եմենի իրադարձությունների պատճառով տարածաշրջանում ստեղծված իրավիճակում նման զինատեսակի մատակարարումը զսպիչ գործոն է»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Գեղեցիկ և համոզիչ պատմություն է, բայց եթե Ռուսաստանը, ինչպես ՌԴ նախագահն է հրապարակավ հաստատում, որ արտաքին շուկա զենքի արտահանման ժամանակ միշտ հաշվի է առնում իրավիճակը տարածաշրջանում, ինչո՞ւ է շարունակում զենք վաճառել Ադրբեջանին՝ հակառակ Հայաստանի շահերի, որ բարձրաձայնվել են նախագահի մակարդակով, ինչու չենք արժանացել նման «ուշադիր» վերաբերմունքի: Զարմանալի մարդ է ՌԴ նախագահը:

Դիտվել է՝ 1265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ