«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Անկարայի աքիլլեսյան գարշապարը՝ անցյալով և ներկայով

Անկարայի աքիլլեսյան գարշապարը՝ անցյալով և ներկայով
17.04.2015 | 00:33

Արժեքնե՞ր, թե՞ շահեր՝ ո՞րն է քաղաքականության առանցքը: Մի շտապեք պատասխանել: Հարցը բարդ է, դժվար է գտնել երկիր, որ միանշանակ ու անթաքույց առաջնորդվում է շահերով կամ գերակայությունը տալիս է միշտ ու միայն արժեքներին՝ անտեսելով շահերը: Ի վերջո՝ ստացվում է, որ արժեքներին գերակայություն են տալիս, երբ բխում է իրենց շահերից, երբ հակասում է շահերին, հնարում են նոր արժեքներ: Ո՞ր ճանապարհն ենք մենք ընտրել:
Այս օրերին տարբեր մայր ցամաքներից տեղեկություններ են ստացվում, որ միջազգային կառույցներ են վերահաստատել իրենց դիրքորոշումը՝ Եվրանեսթից Եվրախորհրդարան, նոր երկրներ են ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը՝ Չեխիայից Չիլի: Իհարկե, գագաթնակետը ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունն է, որ և հոգևոր, և քաղաքական արժեք ունի: Ինքնին հասկանալի էր, որ հաջորդելու էր Անկարայի դեմարշը, թեև Վատիկանը Հայոց ցեղասպանությունն ընդունել էր 2002-ին, արդեն սրբացած պապ Հովհաննես Պողոս Երկրորդի գահակալության օրոք: Բայց այն ժամանակ դա ընկալվեց որպես հարգանքի տուրք 1701 տարի առաջ քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած Հայաստանին և արժևորվեց համաքրիստոնեական հարթության մեջ: 1915-ի հայոց ցեղասպանությունից 100 տարի անց՝ 2015-ին, կաթոլիկ աշխարհի սրտում, թիկունքում միլիարդից ավելի կաթոլիկներ ունեցող Հռոմի պապի հայտարարությունը հնչեց իբրև ահազանգ՝ ցեղասպանության ժխտողականության դեմ: Պապը դատապարտեց բոլոր ցեղասպանությունները՝ անցյալի ու ներկայի: Եվ այն, որ Անկարան այդքան բուռն արձագանքեց, հիմքում ունի ոչ միայն հայոց 1915-ը, այլև ներկա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բուռն գործունեությունը, որ նույն ցեղասպանությունն է՝ սպանություններով, պատմամշակութային հուշարձանների ոչնչացումով ու բնիկ ժողովուրդների հայրենազրկումով: Անկարայի աքիլլեսյան գարշապարը հարվածի տակ դրվեց անցյալով ու ներկայով: Որ հակապապական քարոզչական հորձանուտ նետվեց Էրդողանն անձամբ, վկայում է թուրքական զինանոցում փաստարկների բացակայությունը՝ բոլոր փամփուշտները քանիցս կրակված են, նոր ոչինչ իր ժխտողականության մեջ Անկարան որևէ մակարդակով չհավելեց, գուցե միայն այն, որ մի ականջից մտնում, մյուսից դուրս են գալիս ցեղասպանության դատապարտման հայտարարությունները՝ ինչպես ասաց Թուրքիայի նախագահը, բայց հազիվ թե նա ու բոլոր թուրքերը նույն գործողությունը համաժամանակյա անող ականջներ ունեն: Կենցաղային մակարդակում Ֆրանցիսկոս պապին անվանարկումի փորձերից մինչև քաղաքական ուլտիմատումները հաստատեցին՝ Հռոմի պապը ճիշտ է: Անկարան ճշմարտությանը հակադրում է պատմության խեղաթյուրման 100-ամյա խրտվիլակը միայն: Օգնության եկան ռուսները՝ ասպարեզ նետվեց միջկրոնական թշնամանքի հարուցման մեղադրանքը: Հարցը քրիստոնյաներ-մուսուլմաններ հարթության մեջ խցկելով՝ պապին հայ-թուրքական հարաբերությունները վտանգելու մեղադրանք ներկայացվեց: Իսկ ի՞նչն է պապը վտանգում: Սահմանը բացվել էր, փակվո՞ւմ է: Անկարան հրաժարվե՞լ էր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը երրորդ երկրով պայմանավորելուց, վերադառնում է նախկին դիրքե՞ր, թե՞ անցյալ տարի «ընդհանուր ցավից» խոսելուց հետո Էրդողանն այս տարի գալու էր Երևան, Ծիծեռնակաբերդում գլուխ էր խոնարհելու ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ու ձեռքը սրտին դրած, հայացքն Արարատին՝ ասելու էր՝ ներեք իմ պապերին, նրանք ձեզ սպանել ու հայրենիքից զրկել են, ընդունում եմ նրանց սխալը: Գալիպոլին էլ անհաջող հնարք էր, բոլորն են սխալվում, ես էլ: Ի՞նչ միջնորդական առաքելություն է փորձում իրեն վերապահել Մոսկվան՝ հայտարարելով, որ պապը հաշտեցումի դեմ քայլ արեց: Չկա այդ դաշտը, որտեղ, առանց քաղաքական դիրքորոշման փոփոխության, Անկարան պատրաստ է հաշտեցումի:

Այն էլ՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ պետք է ընտրողներին սեփական հզորությունն ու անսխալականությունն ապացուցել, այն էլ՝ համաշխարհային մակարդակով հոլովվող ցեղասպանի իմիջով: Անկարայի համար Գալիպոլին փրկօղակ է: Դարդանելի նեղուցների պատերազմը տասներորդական խնդիր է՝ Առաջին համաշխարհային պատերազմի մեկ դրվագն է նեղուցների պատերազմը, որտեղ հաղթելն էլ, պարտվելն էլ այսօր նույնպես տասներորդական նշանակություն ունեն: Այլապես տրամաբանական բացատրություն չունեն ոչ այդ պատերազմում պարտված կողմի՝ Մեծ Բրիտանիայի ու իր դարասկզբի գաղութների ներկայացուցչական պատվիրակությունների պատրաստակամությունը այդ օրը Էրդողանի հետ անցկացնել, ոչ էլ Ռուսաստանի՝ նույնպես պարտված ու բազում զոհեր տված կողմի, Պետդումայի նախագահի մակարդակով մասնակցությունը մի տոնի, որտեղ հաղթանակի թուրք-գերմանական դրոշներն են ծածանվելու: Գալիպոլիում հաղթել-պարտվելը կողմերը վաղուց մոռացել են և լուծում են այսօրվա խնդիր՝ ո՞վ է կանգնած երեկվա ցեղասպան ու այսօր ցեղասպանությունը մերժող երկրի պաշտպանության դիրքերում: Սա է Գալիպոլիի բուն իմաստը՝ Թուրքիան աշխարհին ի ցույց է դնելու դաշնակիցների «Մատյան գունդը»: Քաղաքականության մեջ արժեքի ու շահի համադրման օրինակ են տալու այն երկրները, որ լինելու են և Երևանում, և Ստամբուլում: Դա է իրականությունը: Մենք այլ խնդիր ունենք՝ աշխարհի տարբեր կողմերից հնչող հայտարարությունները բարոյական և քաղաքական տեսանկյունից կապիտալ են, որը պիտի օգտագործվի: Ո՞րն է լինելու մեր հաջորդ քայլը: Խնդիրը, ինչպես եղել է 100 տարի առաջ, 100 տարի հետո էլ աշխարհաքաղաքական է: Յուրաքանչյուր պետություն իր շահերն ունի և իր նկատառումները՝ այսօրվա քաղաքականության մեջ: Տրամագծորեն տարբեր շահեր ունեցող պետությունները այս կետում կարող են շահերի համընկնում ունենալ, ու դա պետք է օգտագործվի: Սա այլևս այն կետն է, որտեղ Հայաստանը պետք է ինքնորոշվի, այլապես հերթական հրճվանքն ապրելով ու երախտագետ խոնարհվելով տարբեր ճամբարներից հնչող հայտարարությունների առաջ, մնալու ենք զրո կետում: Մենք պետք է հաղթահարենք միայն հիշատակի 100-րդ տարելիցի շրջանակը և մտածենք, թե ինչպես մթնոլորտն օգտագործել մեր օրակարգի համար: Ովքե՞ր կգան Հայաստան, ովքե՞ր չեն գա հարցից ավելի կարևոր հարց կա՝ իսկ եկողները ի՞նչ են ասելու: Պարզապես հավաստելու են իրենց ներկայությունն ու հեռանա՞ն, թե՞ լինելու են հայտարարություններ, և՝ ի՞նչ բովանդակության: Հայաստանը կարողանալո՞ւ է իրեն դրսևորել իբրև անկախ պետություն: Այս շրջագծում նոր իմաստ են ստանում հայ-ռուսական հարաբերությունները: Արևմուտքը հստակեցրեց, որ Հայաստանը եղել և մնում է գործընկեր՝ քաղաքական ու տնտեսական, Հայաստանից է կախված փոխհարաբերությունների մակարդակը: Ռուսաստանը կամ լռեց, կամ հանդես եկավ սեփականատիրոջ դիրքերից՝ ՌԴ Պետդումայի նախագահի մակարդակով զգուշացնելով եվրոպական խաղեր չտալ: Այլընտրանք չառաջադրվեց ԵԱՏՄ-ի կասկածելի հեռանկարներից բացի: Որ ԵԱՏՄ-ն խոստացված դրախտը չէ, ռուսները գուցե իրենք էլ մեղավոր չեն: Գլոբալ հարաբերություններում հավակնությունների ու հնարավորությունների սխալ հաշվարկը, իրավիճակի փոփոխությունը ՈՒկրաինայի պատճառով՝ խնդիրներ հարուցեցին, որ Մոսկվան ի վիճակի չէ լուծել ոչ իր համար, ոչ ԵԱՏՄ-ի շրջանակում: Հայաստանը, ինչպես ԵԱՏՄ մյուս երկրները, բոլոր իրավունքներն ու հնարավորություններն ունի հարաբերվել աշխարհի հետ սեփական շահերից ելնելով: Այս գիտակցությունը, սակայն, Հայաստանում մնում է գաղափար, որ սավառնում է օդում՝ առանց իշխանական հասցեներում վայրէջքի: Խնդիրը ՌԴ-ի հետ հարաբերությունները հավասարակշռելն է՝ օգտագործելով գլոբալ փոփոխություններով բացվող հնարավորությունները՝ առանց ռուսական դիկտատի: Մոսկվային պետք չէ ոչ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը, ոչ հայ-թուրքական հաշտեցումը, դա ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների վերարժևորման հնարավորություն է, այլև թուլացնում է տարածաշրջանում Ռուսաստանի ներգործությունը: Հայաստանը չի կարող հաշվի չառնել, որ Ռուսաստանն այսօր ունի ազդեցություն, և առանց Ռուսաստանի չեն լուծվելու ոչ Ղարաբաղի հարցը, ոչ հայ-թուրքական, ոչ էլ հայ-իրանական հարաբերությունների: Մինչև այժմ մենք շարժվել ենք աշխարհահռչակ միմոս Վյաչեսլավ Պոլունինի հանրահայտ կերպարի առաջին կարգախոսով՝ «Նելզյա», պահն է նույն կերպարի վերջնախաղի կարգախոսին հետևելու՝ «Զյա, զյա, զյա»: Մեր «Զյա»-ն պետք է համադրի սեփական շահերի պաշտպանությունն ու «ոչ» ասելու կարողությունը: Ինչո՞ւ միայն Ռուսաստանը, բոլոր երկրներն իրենց շահերն ունեն, Հայաստանը պիտի դադարի իր մայրաքաղաքը Մոսկվան ընդունել, իր սահմանը՝ ռուսական սահման համարելը, և կարողանա ինքնորոշման մեջ ապահովել պաշտպանվածություն՝ համադրելով Արևմուտքի ու Ռուսաստանի ներգործության հավասարակշռությունը: Սա այլ մակարդակ է, քան մինչև հիմա եղել է մեր պատմական և/և-ը: Այդ և/և-ը սահմանել է՝ Ռուսաստան և այն ամենը, ինչ Ռուսաստանը թույլ կտա: Հենց այդ պատճառով էլ մեր և/և-ը դարձել է կամ/կամ: Մոսկվայի հետ շահեկան աշխատելու համար նախ պետք է հաղթահարել սեփական կախվածության զգացումը: Անպարագիծ հավատարմությունը ռուսական շահին, անպարագիծ ենթակայությունը ոչ միայն չի գնահատվում, այլև պատժվում է՝ Ադրբեջանին վաճառված զենքի, Իրանի հետ տնտեսական հարաբերությունների կանխման, ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման արգելակի տեսքով: Բայց կա ռեալ իրականություն, որտեղ արգելակները դադարում են գործել: Հայաստանի տնտեսական վիճակը այն ռեալությունն է, որի հետ նույնիսկ աչքերը փակ Կրեմլը չի կարող հաշվի չնստել: Այսօրվա խնդիրը ոչմենակության ապահովումն է: Ոչ հակադրման, ոչ առճակատման, ռուսական կոշտ ուժին խելոք ուժով պատասխանելով: Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծողն ու տարածողը եղել ու մնում են ռուսներն իրենք, տարամակարդակ գաղափարախոսների ու պետական պաշտոնյաների սադրիչ հայտարարություններից մինչև տնտեսական անբարենպաստ պայմաններ ու սնանկ խոստումներ: Գուցե դա է պատճառը, որ ՌԴ նախագահը տատանվում է՝ գա՞լ, թե՞ չգալ Հայաստան: Գալ ու լռելը իրեն վայել չէ, չլռելը խոսքի բովանդակություն է պահանջում: Ի՞նչ ասի՝ ցավո՞ւմ եմ, Էրդողանն էլ է ասել, դատապարտո՞ւմ եմ, իրենից առաջ էլ են ասել, հետո՝ ի՞նչ: Ձեր կողքի՞ն եմ: Որպես՝ ո՞վ: Եթե մեր կողքին է, Անկարայի հետ չէ՞, Բաքվի կողքին չէ՞: ՈՒ՝ հարցերի մի երկար շղթա: Շղթա, որի օղակները պիտի հանգուցենք մեր շահին ու մեր արժեքներին: ՈՒ հետո՝ ինչո՞ւ ենք կենտրոնացել Մոսկվայի վրա, ԵԱՏՄ մյուս երկրները դիրքորոշում չունե՞ն: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարկ չի՞ համարում միանալ համաեվրոպական ալիքին՝ Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող երրորդ բանաձևն ընդունեց և 28 երկրի խորհրդարանների հորդորեց նույնը անել, իսկ Թուրքիային՝ հաշտվել իր անցյալի հետ, Բատկան Եվրոպայի առաջ չի՞ ուզում հերթական ռևերանսն անել: Էրդողանը Աստանա գնաց, որ Նուրսուլթան Նազարբաևի հավատարմությունը ստուգի՞: Փաստորեն եվրասիական տարածքում Հայաստանը մենակ է նաև ա՞յս հարցում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ապրիլի 12-ին ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ մտադիր է առաջադրել թեկնածությունը նախագահական ընտրություններում: Կդառնա՞ նա ԱՄՆ առաջին կին նախագահը, կորոշի ԱՄՆ-ի ժողովուրդը: Այսօր նրան, ըստ հարցումների, կընտրեր ԱՄՆ-ի քաղաքացիների 40 %-ը, դա մեկնարկային բարձր ցուցանիշ է: Ապրիլի 24-ին Երևանում նրա հավանական ներկայությունը ևս խոսուն փաստ է: Հայաստանը պետք է ինքնորոշվի: Երբ դու ոչինչ չես անում, քեզ հետ անում են իրենց ցանկացածը: Ով չի ալարում: Ժամանակի մեջ նույնիսկ դադարում են քաղցրաբլիթ տալ ու ավելի հաճախ են հիշում մտրակը:

Դիտվել է՝ 1401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ