«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Երիտթուրքերի իշխանության գալուց հետո ամբողջ Օսմանյան կայսրությունում կա Գերմանիայի ներկայությունը

Երիտթուրքերի իշխանության գալուց հետո ամբողջ Օսմանյան կայսրությունում կա Գերմանիայի ներկայությունը
17.04.2015 | 00:05

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան

ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

-Ինչո՞ւ հայերը չկարողացան իրենց պետությունը ստեղծել:
-Իսրայելը ստեղծվեց ոչ թե այդ տարածքում, այլ այդ տարածքում իշխող բոլոր ուժերի համատեղ ցանկությամբ: Ռուսաստանը պիտի համաձայներ, Բրիտանիան պիտի համաձայներ, որ այդտեղ տեր էր, Օսմանյան կայսրությունը պիտի համաձայներ, ժողովուրդ պիտի լիներ, որ տարածքը բնակեցներ…
-Այո, բայց հայերը ինչո՞վ էին խանգարում, ինչո՞ւ իրենք չկարողացան պետություն ստեղծել:
-Սքանչելի մի գրքույկ կա, որ հարցազրույց է Մեծ Բրիտանիայի ռազմական հետախույզ Լոուրենս Արաբացու՝ Թոմաս Էդուարդ Լորենսի հետ (1)։

Ձեր հարցի պատասխանը նա տալիս է՝ ասում է. «Հայերը ոչ միայն մեզ, բոլորին էին խանգարում, իրենք այնքան էին կայացած, որ ցանկացած ուրիշին իրենց կենթարկեին, բայց իրենք ուրիշին չէին ենթարկվի: Մեզ պետք էր մեր բոլոր ծրագրերին «այո» ասող, կամակատար, հպատակ: Թուրքը շատ ձեռնտու էր, թուրքն ինքնուրույն խաղացող չէ, ոչինչ չի կարողանում ստեղծել՝ նույնիսկ բանակ, և բոլոր կռիվները ուրիշ ժողովուրդներից զորակոչվածների հաշվին է տալիս միայն: Այդ պատճառով էլ արաբական երկրներում ոտքի հանեցինք ազգայնականներին, որ ի շահ մեզ երկիրը մասնատեն: Արաբական երկրների սահմանները այդպես էլ քանոնով գծված են ու չեն համապատասխանում բնական սահմաններին, դա Մեծ Բրիտանիայի նախագիծն էր, որին զուգահեռ ծրագրվում էր Իսրայելի ստեղծումը: Պատկերացնո՞ւմ եք` հայերը մի փոքրիկ տեղ պետական միավոր ունենան, կտեսնեք ինչպես իրենց գտնված բոլոր տեղերում ինքնուրույն ազգային միավոր են կազմում, և դա շատ վտանգավոր է: Հայի միայն բնաջնջումն է հարցի լուծումը, այդ պատճառով էլ կայսրությունները եկան համոզման, որ հայերը մեզ պետք չեն տարածաշրջանում, և իմ պետությունն էլ դրան նպաստեց»: Սա ինքնախոստովանանք է՝ արված Փարիզում, 1919-ին, խորհրդաժողովի ժամանակ տրված հարցազրույցում: Երիտթուրքերի իշխանության գալուց հետո ամբողջ Օսմանյան կայսրությունում կա Գերմանիայի ներկայությունը՝ ամեն քաղաքում ներկայացուցչություն են բացում: 1908-1915 թթ. Գերմանիայի հետ ուղիղ կապ էր գործում դեսպանների ու ներկայացուցիչների միջոցով: «Թեշքիլաթը մահսուսեն» ամբողջ տարածաշրջանում ուսումնասիրում էր ուժերի հարաբերակցությունը, զեկույցներ ուղարկում Գերմանիա: Մինչ այդ Օսմանյան կայսրությունը երբևէ այդ աստիճանի ծրագրված, կարգապահ և նպատակուղղված չի գործել իր ամբողջ պատմության մեջ: ՈՒղղորդող աշխատանքին զուգահեռ վարվում էր պանթուրքական քարոզչություն, որ թուրքերն ամենաանտեսված տարրն են իրենց երկրում, ամեն ինչ հայերին ու հույներին է հասնում, նրանք մեծահարուստներ են, ամբողջ երկրի կապիտալն իրենք են գրպանում, խեղճուկրակ թուրք գյուղացին մնում է սոված, և այլն, և այլն: Այդ ժամանակվա շեյխ ուլ իսլամը մասոնա-սիոնիստական կազմակերպության անդամ էր և վճարվում էր գերմանացիների կողմից: Քրիստոնյա պետությունը ֆինանսավորում էր մուսուլմանների առաջնորդին՝ պատկերացնելո՞ւ է: Նրա ամբողջ ազգուտակը «Թեշքիլաթը մահսուսե»-ում պատասխանատու պաշտոններ ուներ և ուղղակի մասնակցել է հայաջինջ գործունեությանը: Պետությունը վերափոխող մեքենան թուրքական չէ, օսմանյան չէ և օրը 24 ժամ աշխատում է: Նրանք ասում էին, որպեսզի պետությունը դարձնեք թուրքական, ազգային, պետական միավոր՝ նախ դուք պետք է ազգ դառնաք, երկրորդ` պիտի ձերբազատվեք ամենամեծ խոչընդոտից, ինչպես կարելի է թույլ տալ, որ ամեն ինչ հայերի ու հույների ձեռքում լինի: Նրանք ապրում են կոմպակտ իրենց տարածքում և անկախության ձգտումներ ունեն՝ դա կա Գերմանիա ուղարկված բոլոր զեկուցագրերում: Փողը կա, զենքը կա, պատրաստությունը կա՝ մեքենան գործի է դրվում և աշխատում է իր ծրագրով, որը դառնում է հայաջինջ քաղաքականություն:
-Եթե ծրագիրը գերմանական էր, կատարողը ո՞վ պիտի լիներ:
-Նրանք, ովքեր նախ` վստահելի էին, երկրորդ` խելոք էին, որ կարողանային ամեն ինչ համակարգել ու իրականացնել: Նրանց պետք էր մի տարր, որ նաև շահագրգիռ էր: Այդ տարրը սաբետայիստական շրջանակներում էր, Սալոնիկի դոնմե հրեաները ստեղծել էին երիտթուրքական կազմակերպությունն ու այդ կազմակերպության մամուլը՝ հսկայական մի քարոզչամեքենա: Մասոնական ամբողջ համակարգը լծված էր այդ գործին: Ռազմական գրեթե բոլոր կադրերը դոնմեներից են, 1908-1909 թթ. շարժումները սկսած սպայակույտը, նրանց մեջ նաև Մուստաֆա Քեմալը, դոնմեներ են, պատասխանատու դիրքում որևէ թուրք չկա: Երիտթուրքական կազմակերպված ուժի գաղտնի սպասարկությունը՝ «Թեշքիլաթը մահսուսեն», վստահվում է դոկտոր Բեհաէդդին Շաքիրին, որը ևս դոնմեների շառավիղ էր: 1910-ին Սալոնիկի երիտթուրքական կոնգրեսում նա է առաջարկել հայերին բնաջնջելու ծրագիրը, որը լուրջ քննարկվել է ու անհասկանալի է թվացել թուրքական հատվածին: Նրանք հարցադրումներ են ներկայացրել Շաքիրին՝ ինչպե՞ս կարելի է մտածել ամբողջ ազգի բնաջնջումը, ինչպե՞ս իրագործել: Բեհաէդդին Շաքիրը պատասխանում է՝ շատ հեշտ է, երբ հայերին ճանաչում ես իրենց ազգային հատկանիշներով, քրիստոնյա լինելով, կազմակերպվածության աստիճանով, շատ հեշտ իրականացվող ծրագիր է, պարզապես պայմանները պետք է ներեն՝ ինչ-որ նպաստող հանգամանք պետք է լինի: Շաքիրն օրինակ է բերում Ադանայի ջարդերը՝ մեկ տարի առաջ ինչպես կարողացանք մի քանի օրվա մեջ 30000 գյավուրից ազատվել: Փորձը ցույց է տալիս, որ մենք դա կարող ենք անել: ՈՒղիղ հինգ տարի անց նրա ասածները մեկ առ մեկ իրագործվում են՝ ըստ ծրագրի: Նրա նշած պայմանները սկուտեղի վրա մատուցում է Առաջին համաշխարհային պատերազմը, երբ Օսմանյան կայսրությունը մտնում է պատերազմի մեջ: Երկրում հաստատվում է ռազմական դրություն, երբ ամեն մարդ զբաղված է իր գործերով, և դա սքանչելի առիթ է հայերի հարցը լուծելու համար: «Թեշքիլաթը մահսուսեն» ոչ պաշտոնապես ստեղծվել է իթթիհադականների Սալոնիկի կոնգրեսից հետո՝ 1911-ին, իսկ պաշտոնապես 1913-ին.: Դրանից հետո Բեհաէդդին Շաքիրը դառնում է «Իթթիհադ վե թերաքիի» երկրորդ քարտուղար: Բեհաէդդին Շաքիրի հետ է մշտապես դոկտոր Մեհմեդ Նազըմը՝ մեկ ուրիշ դոնմե սաբետայիստ ու բժիշկ: Երկու դոկտորները ամենամեծ դերն են ունեցել հայոց ցեղասպանության մեջ: Նրանք Թալեաթի հետ նույն մասոնական օթյակում էին և գերգաղտնի կազմակերպության ստեղծման մասին ուղղակի զեկույցներ են տվել Պրուսական կայսրությանը: Այսինքն՝ զեկուցագրերը ուղղում էին ոչ Օսմանյան կառավարությանը, այլ Բեռլին, այդ աստիճանի ենթարկվածության մեջ էին Պրուսիային: «Թեշքիլաթը մահսուսե»-ում յոթ-ութ շատ կարևոր մարդիկ ևս կան՝ Ջեմալ Ազմի (2), Միտհադ Շյուքրի Բլետա՝ նույնպես Սալոնիկից, նույնպես դոնմե հրեա, նա նաև երիտթուրքական կուսակցության ընդհանուր քարտուղարն էր։ Նուրի Ճոնկեր՝ էլի Սալոնիկից, էլի դոնմե հրեա և Մուստաֆա Քեմալի (Աթաթուրքի) ամենամտերիմ ընկերը, Ռաուֆ Օրբայ՝ կես աբխազ, կես քուրդ այս գործիչը Ջեմալ փաշայից մինչև Մուստաֆա Քեմալ և հաջորդող շրջանում քաղաքական դաշտի երկարակյացներից է եղել։ Հազարապետ Սուլեյման Ասկյարի և Օրհիցի Էյուպ Սաբրի, երկուսն էլ Մակեդոնիայից՝ ալբանացիներ։ Քուշչուբաշը Էշրեֆն ու եղբայրը՝ Սամին և Յակուբ Ջեմիլը՝ չերքեզ և լեզգի, Էնվերի ամենամոտիկ ու վստահելի անձերից են եղել։ Նրանցից բացի կարելի է նշել նաև Էնվեր փաշա, Խաբշիկ Մուսա, Ֆուադ Բալկան, Հիլմի Մուսալլիմի, Իսմայիլ Ճանբուլատ, Ռասուհի և Ֆիլիբեցի Հիլմի Բեյեր, Շերիֆ Բուրգիբա, Նուրի Քիլլիգիլ և Հալիլ Քութ փաշաներ, Ալի Ֆեթհի Օկյար, Հաջը Սելիմ Սամի, Քաչալ Ալի Չեթինքայա, Սադըկ բեյ, Չերքեզ Ռեշիտ բեյ, Ահմեդ Ֆուադ Բուլճա և այլք:
Կազմակերպությունը գործում էր ոչ միայն Օսմանյան կայսրությունում, այլ երկրներում ևս հակահետախուզական գործունեություն էր ծավալում՝ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Իրանում, Արաբական թերակղզու երկրներում՝ գերմանացիների հետ ձեռք ձեռքի տված, բոլոր զեկուցագրերն ուղարկվում էին գերմանական շտաբ, որպեսզի այնտեղ գնահատվեն, և հետագա գործողությունների ծրագիրը կազմվի: «Թեշքիլաթը մահսուսեի» վարագույրի հետևում գործունեության, գաղտնազերծված անձանց մասին վերջին տարիներին բազում գրքեր են տպագրվել թուրքերեն: Ըստ այդ տվյալների՝ 30 հազար անդամ ունեցող այս գաղտնի կառույցը գործել է Վրաստանում, Վանում, Իգդիրում, Հալեպում, Թեհրանում՝ աշխարհագրությունը շատ տարածուն է, աշխատել են հանգիստ պայմաններում, համակարգված, տեղի սիոնիստական ուժերի հետ համատեղ: Իբրև ակտիվ գործող կազմակերպություն՝ տեղեկություններ ունեին ամեն ինչի մասին: Երբ Գերմանիան պատերազմում արդեն պարտվում էր, կազմակերպության անդամները սկսում են վերացնել օսմանյան արխիվում իրենց համար վտանգավոր բոլոր փաստաթղթերը, հատկապես «Թեշքիլաթը մահսուսեին» վերաբերող զեկուցագրերը, գրավոր բոլոր փաստաթղթերը 1918-ից հանվել են Օսմանյան կայսրությունից, որ չանցնեն բրիտանացիների, ֆրանսիացիների կամ ռուսների ձեռքը: Բեհաէդդին Շաքիրը անձամբ այդ փաստաթղթերի գրեթե 80 %-ը ոչնչացրել է, 1919-1920 թթ. դատավարությունների ժամանակ «Թեշքիլաթը մահսուսեի» տարածքային կազմակերպությունների փոքր պաշտոնյաների վկայություններով այնքան փաստեր ու անուններ են բացահայտվել, որ լիովին փոխարինում են այրված վավերագրերին: Ցեղասպանագիտության մեջ իր կոթողային ներդրումով Վահագն Տատրյանը շատ հստակ ներկայացնում է՝ ինչպես են գործել կառույցի մասերը՝ ռազմական, տնտեսական, քարոզչական, պարզում է Օսմանյան կայսրության այդ ժամանակաշրջանում գործած սիոնիստական կազմակերպությունների, մասոնների կառույցների աշխատանքը, դրանք անհերքելի փաստարկներ են, որ հաստատում են՝ ցեղասպանությունը պատերազմի ժամանակ ընդունված որոշում չէր, այլ շատ ավելի վաղ և լուրջ նախապատրաստված՝ բոլոր հաշվարկներով ու հրահանգներով մշակված ծրագիր:
(շարունակելի)


Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

(1) Թոմաս Էդուարդ Լոուրենս (1888-1935 թթ.) (Այդ անտանելի հայերը
Հայրը՝ Թոմաս Չեպմենը, Իռլանդիայի մեծահարուստներից էր, որ լքելով կնոջը, ամուսնանում է Սառա Լոուրենսի՝ իր դուստրերի հրեա դայակի և Լոուրենսի մոր հետ։ Լոուրենսը նրանց հինգ որդիներից երկրորդն էր, սովորում է Օքսֆորդի տղաների Բարձրագույն դպրոցում, որի չորս շինություններից մեկը հետագայում անվանվում է նրա անունով։ 1909 թ. իբրև Մեծ Բրիտանիայի գաղտնի սպասարկության լրտես մեկնում է Լիբանան և Սիրիա, 1910 թ. հաստատվում է Լիբանանում, ամերիկացի միսիոներներից սովորում է արաբերեն։ Մեծ շրջագայություններ է անում Սիրիայում, ուսումնասիրում է արաբական մշակույթը, սովորությունները, կրում է նրանց հագուստները, սովորում է արաբերենի բարբառները, որոնք իրեն վստահված առաքելության համար շատ պետք են գալիս։
1914 թ. հնաբանական հետազոտության պատրվակով Լոուրենսը ուղարկվում է Սինայի թերակղզի` այնտեղից բրիտանական կայսրությանը տեղեկություններ տրամադրելու համար։ Այդ ընթացքում լինում է Ակաբայում և Պետրայում։ 1919 թ. Փարիզում ամերիկացի մի լրագրողին տալիս է իր հայտնի հարցազրույցը, որտեղ հայերի ցեղասպանության ենթարկվելու պատճառներն է թվարկում։ 1932 թ. ավարտվում է նրա պայմանագիրը բրիտանական ռազմական ուժերի հետ, և վերադառնում է Մեծ Բրիտանիա։ Մահանում է 1935-ին, մոտոցիկլետի վթարից, իր տան մերձակայքում։
(2) Ջեմալ Ազմի (1868-1922), պետական գործիչ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Արաբկիրի նահանգապետ։ Եղել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից, իրականացրել է Տրապիզոնի նահանգի հայերի տարհանումն ու բնաջնջումը, ստացել է «Տրապիզոնյան մսագործ» մականունը։ Տրապիզոնյան կոտորածների համար 1919-ի մայիսի 22-ին՝ Երիտթուրքերի դատավարության շրջանակներում, հեռակա դատապարտվել է մահվան, սպանվել «Նեմեսիսի» վրիժառուներ Արամ Երկանյանի և Արշավիր Շիրակյանի ձեռքով՝ 1922 թվականի ապրիլի 17-ին։

Դիտվել է՝ 5208

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ