«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Աբելի ու Կայենի ժամանակները հավե՞րժ են

Աբելի ու Կայենի  ժամանակները հավե՞րժ են
14.04.2015 | 00:42

Ապրիլի 12-ին Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում մատուցված սուրբ պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց եկեղեցու սուրբ վարդապետ՝ մեկը 36-ից, 2000 տարվա պատմության մեջ, երկրորդը Արևելքից՝ Եփրեմ Ասորու ընկերակցությամբ: Վատիկանի սրբադասման հանձնաժողովի նախագահ, կարդինալ Անջելո Ամատոն հանուն եպիսկոպոսների քահանայապետին խնդրեց Տիեզերական եկեղեցու վարդապետների շարքին դասել սուրբ Գրիգոր Նարեկացուն: «Նա իր կյանքով և վարդապետությամբ քարոզել է գեղեցկության աստվածաբանությունը, նրա խոսքի գեղեցկությունն ու աստվածաբանական միտքը միշտ գնահատել են պարզ ժողովուրդը և խորիմաց աստվածաբանները: Նրա տևական ժողովրդականությունը կապված է իր գլխավոր գլուխգործոցի՝ «Մատյան ողբերգության»-ի հետ, որը ժողովուրդը պարզապես անվանում է Նարեկ, և Աստվածաշնչից հետո հայ հավատացյալների ամենատարածված գիրքն է»,- ասաց կարդինալը, որից հետո Հռոմի պապը Գրիգոր Նարեկացուն հայտարարեց եկեղեցու տիեզերական վարդապետ: ՈՒ դա սքանչելի պահ էր համայն հայության համար:
«Մեր օրերը ես կանվանեի պատերազմի ժամանակ, երրորդ համաշխարհային պատերազմի, որի առանձին բեկորներն ամեն օր մեզ են ներկայացնում արգահատելի ոճրագործությունների, սպանությունների, արյունահեղ հիմարությունների ու ավերածությունների պատկերներ: Ցավոք, անգամ այսօր մենք լսում ենք մեր անպաշտպան եղբայրների ու քույրերի շնչահեղձ ճիչը, որ Քրիստոսին դավանելու ու իրենց էթնիկ ծագումի պատճառով հրապարակային ու տանջալից գլխատվում են, քառատվում, ողջակիզվում կամ հարկադրվում լքել իրենց տունն ու հայրենիքը: Այսօր նույնպես մենք ցեղասպանություն ենք ապրում՝ խմբային ու անհատական անտարբերության, լուռ մասնակցի, այսօր էլ Կայենը հարցնում է՝ ես ի՞նչ է՝ պահա՞կն եմ իմ եղբոր»՝ այսպես բնորոշեց մեր ժամանակները Ֆրանցիսկոս պապն ու ասաց՝ ինչ նրանից սպասում էր ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ քրիստոնյա աշխարհը՝ «Անցյալ դարում մարդկությունն ապրել է երեք մեծագույն ողբերգություններ. առաջինը հայերի ցեղասպանությունն է՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»: Հովհաննես Պողոս պապից հետո Ֆրանցիսկոսը դարձավ Հռոմի երկրորդ պապը, որ արտաբերեց «ցեղասպանություն» բառը՝ բնորոշելով Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները՝ առաջին ժողովրդի, որ քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն: Պատարագը չէր ավարտվել, Անկարան արդեն նոտա էր տվել Վատիկանի դեսպանին՝ պահանջելով պապի քարոզում հնչած բնորոշումների բացատրություն: Անկարան այնքան վստահ էր, որ պապը չի արտաբերի «ցեղասպանություն» բառը, որ պատարագի ավարտին թուրքական լրատվամիջոցները սուրբ Պետրոսում կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների առաջին համատեղ պատարագն անվանում էին շոկ: Փաստորեն աշխարհում ոչ ամեն ինչ է գնվում ու վաճառվում: Վատիկանն ապացուցեց, որ քրիստոնեական արժեքները վաճառքի չեն հանվում որևէ գնով, չեն սակարկվում ու քննարկման ենթակա չեն: Հռոմին նոտա չտված Անկարան Վատիկանին կողմնակալության մեջ է մեղադրում: Եթե Անկարան հերթով հետ կանչի իր դեսպաններին ցեղասպանությունը ճանաչած երկրներից, գործազուրկ դիվանագետների ակումբ կարող է բացել ապրիլի վերջին: Իր քարոզում պապը հիշեց կաթոլիկների ու ուղղափառների՝ ասորիների, հույների, խալդերի սպանդը, երբ անխնա սրածվում էին հոգևորականներ ու եպիսկոպոսներ, կանայք ու տղամարդիկ, ծերեր ու անգամ երեխաներ: Ֆրանցիսկոս պապը երկրորդ ցեղասպանության հեղինակ անվանեց նացիզմը, երրորդ՝ ստալինիզմը, հետո հիշատակեց զանգվածային սպանությունները Կամբոջայում, Ռուանդայում, Բուրունդիում, Բոսնիայում: Սիրեցյալ հայ հավատացյալներին պապը վստահեցրեց, որ թեև ցավը ճեղքում է սիրտը, Տիրոջ Հարությունը հույս ու հավատ է ներշնչում: Նա Հայոց ցեղասպանության զոհերին ընդմիշտ հիշելու կոչ արեց, որն անհրաժեշտ է ապրողներին, որովհետև «եթե չկա հիշողություն, նշանակում է՝ չարը մինչև այժմ բաց է պահում վերքերը: Թաքցնել կամ հերքել չարը նշանակում է վերքը բաց թողնել, որ արնահոսի առանց դարմանումի»:

Նա սիրով ու հարգանքով Սուրբ Պետրոսի կամարների տակ ողջունեց ՀՀ նախագահի ներկայությունը, իր եղբայրներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ու Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին, Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես-Պետրոս 19-րդին, հայ հոգևորականներին:
Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ իր խոսքն ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նա հիշեցրեց, որ «մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում մեր ժողովրդի հանդեպ իրականացվեց ցեղասպանության ահռելի ոճիրը, կազմակերպվեց և աննկարագրելի դաժանությամբ սպանվեց 1,5 մլն հայ, հինավուրց մեր ժողովուրդը արմատախիլ արվեց նվիրական բնօրրանից, պատմական հայրենիքից և տարագիր սփռվեց տարբեր երկրներում։ Ավերվեց, ոչնչացվեց ու բռնազավթվեց քրիստոնեական մեր դարավոր ժառանգությունը»: Վեհափառը հիշեցրեց հայերի վերածնունդն ու 5-րդ դարից որդեգրած բանաձևը. «Քրիստոնեությունն ունենք ոչ իբրև հանդերձ, այլ իբրև մաշկի գույն»։ Նա ասաց. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հրավեր է աշխարհին, անտարբեր չգտնվելու մարդկային տառապանքի ու նորօրյա տառապանքների հանդեպ, դադարեցնելու և կանխելու համար մարդկության դեմ տարվող ոճիրները», և հավելեց, որ սրբազան պատարագի համար նահատակների հիշատակի առջև երախտագետ են Բենեդիկտոս 16-րդ պապին, բողոքի ձայն բարձրացնելու համար՝ ընդդեմ Հայոց ցեղասպանության, Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդին, որ համատեղ հայտարարությամբ 2001-ին ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, և կարևորեց Վատիկանի արխիվներում պահվող վկայությունների հրապարակումը։
Խոսքերն ու աղոթքները, հոգեսլաց երգեցողությունն ու հայոց ծիրանափողը՝ պատարագին ուղեկից՝ դրվագներ են Սուրբ Պետրոս տաճարի պատարագից, որ հեռարձակվում էր աշխարհի բոլոր կաթոլիկադավան երկրներում: Սուրբ Պետրոսի կամարների տակ 500 տարի այնքան իրադարձություններ են եղել, որ անհնար է զարմանալ ու զարմացնել: Մարտի 12-ի պատարագը, սակայն, ուներ աննախադեպ խորհուրդ՝ քրիստոնեական աշխարհի միասնության խորհուրդը և քրիստոնյա աշխարհի միասնական պայքարի խորհուրդը մարդկության դեմ գործված ու գործվող ոճիրների դեմ: Հայերի ու հայության խնդիրներին համամարդկային որակ էր հաղորդվում կաթոլիկ աշխարհի կենտրոն Վատիկանում ու քաղաքակրթության հայրենիք Հավերժական քաղաքում, իսկ դա ավելին է, քան Երևանում գումարված բոլոր խորհրդաժողովներն ու հնչած հայտարարությունները: Օբյեկտիվորեն: Ոչ այն պատճառով, որ մեր ձայնը տեղ չի հասնում կամ մենք պակաս սրտացավ ենք մեր ցավին: Բնավ: Քաղաքակրթությունն ունի իր օրենքները, իր կանոնակարգը, ազդեցության իր հիերարխիան, որ դարերի միջով է բյուրեղացել: Քրիստոնեության վարդապետների կյանքն ապացույց: Միջնադարյան հայ հանճարի այսօրյա ճանաչումը դա է վկայում: Կարևորագույն իրադարձություն էր տաճարում կատարվողը, և պակաս կարևոր չէր տաճարից դուրս կատարվողը: Համաշխարհային մամուլը վայրկենական արձագանքեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքերին, նա դեռ քարոզը չէր ավարտել, արդեն աշխարհով մեկ պտտվեց՝ կաթոլիկ եկեղեցու հովվապետը 1915-ի հայերի ջարդն անվանեց «Ցեղասպանություն»: Վատիկանը հավատարիմ է իր արժեքներին, դա նաև Վատիկանի գնահատականն էր Հայաստանին ու քաղաքակրթության պատմության մեջ Հայաստանի արժեքին: Վատիկանը բավականին հզորություն ու ազդեցություն ունի աշխարհում՝ դիմակայելու Թուրքիայի ճնշմանը: Չմոռանանք, որ այս օրերին Իտալիայի խորհրդարանը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: ՈՒ դա ևս դիրքորոշում է՝ հակառակ թուրքական ժխտողականության ու հակահայկական քարոզչության: Դիրքորոշում, որ Եվրամիությունում ոչ բոլորն են կիսում: Գերմանիայի Բունդեսթագում, օրինակ, բանաձև է շրջանառվում, որ քվեարկվելու է ապրիլի 21-ին, բայց առանց «ցեղասպանություն» բառի: Մեծ Բրիտանիան ավանդաբար թուրք-ադրբեջանական գործընկերությունը, էներգակիրների ու British Petroleum-ի գործոնով պայմանավորած, գերադասում է գործնական շահը ինչ-որ ընդհանրական ու վերացական համամարդկային արժեքներից ու ապրիլի 24-ին պատրաստ է Էրդողանի հետ տոնել Դարդանելի նեղուցների պատերազմում թուրք-գերմանական հաղթանակն ու անգլոֆրանսռուսական պարտությունը: Ֆրանսիան առաջինը նախագահ Ֆրանսուա Օլանդի մակարդակով հայտարարեց, որ ապրիլի 24-ին Երևանում է լինելու: Ռուսաստանը մինչև այսօր ձգում է վերջնական տեղեկատվության հրապարակումը՝ մեկ հերքելով, մեկ հաստատելով Պուտինի Երևան գալը: Եթե գա, վստահ եղեք, որ զուգահեռ չվերթով Անկարա է մեկնելու Պետդումայի նախագահը: Իր ողբերգական պատմության դեմ հանդիման մարդկությունը հաճախ է հարցնում՝ ինչո՞ւ: Ողբերգությունները վիթխարի վակուում են թողնում իրենցից հետո, վակուում, որտեղ չկա սեր, չկա հավատ, չկա հույս: Հռոմի պապը վկայում է, որ այդ վիթխարի անդունդները մարդիկ չեն կարող լցնել, լցնել կարող է միայն Աստված, որ մեղքի անդունդը գոցեց գթասրտությամբ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի իրադարձությունների բարձրակետերից մեկը Վատիկանն էր՝ Սուրբ Պետրոս տաճարում սուրբ պատարագով: Հաջորդը լինելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ցեղասպանության զոհերի սրբադասմամբ՝ ապրիլի 23-ին: Մի քանի դար Հայ առաքելական եկեղեցում սրբադասման արարողություն չի եղել, այն էլ՝ հազարախորհուրդ: Գուցե ոմանց թվա, որ երրորդ բարձրակետը ապրիլի 24-ն է լինելու՝ Ծիծեռնակաբերդում՝ անմար կրակի առաջ: Գուցե: Բայց ես համոզված եմ, որ երրորդը ոչ օր ունի, ոչ անուն, ոչ կանոնակարգ: Երրորդը մեզնից յուրաքանչյուրի մեջ է՝ մեր անձնական ապրումի, անձնական ընկալումի ու անձնական խոնարհումի, որը ավելի խորհրդավոր ծիսակարգ ունի, քան աշխարհի ամենահանդիսավոր արարողությունը, որը մեր հոգու ու մեր սրտի, մեր բանականության հետ մենակ պիտի ապրենք: Աշխարհը գուցե կարելի է փոխել, երբ կարողանանք փոխել մեզ ու մեր ճակատագիրը, որ ցեղասպանության փորձությունն է ընտրել դեպի անկախ պետություն մեր անցած դարում սկսած ճանապարհին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ապրիլի 12-ին Սուրբ Պետրոս տաճարում մատուցված սուրբ պատարագը Հայ առաքելական եկեղեցու և կաթոլիկ եկեղեցու միասնության վկայություն էր: Միաժամանակ՝ Հայ առաքելական եկեղեցու ու հայ ժողովրդի ճակատագրական տրոհումի: Նվիրապետական երեք աթոռներից, որ կազմում են Հայ առաքելական եկեղեցու միասնականությունը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գերակայությամբ, ներկա էր միայն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը: Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը չէր կարող ներկա լինել, պարզ է, չէր կարող ներկա լինել և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, երբ Հռոմի պապը ի լուր համայն աշխարհի հայտարարում է, որ հայերի նկատմամբ Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն է իրագործել, Կ. Պոլսի պատրիարքական փոխանորդը ներկա լիներ, հետո պիտի իր ներկայությունը բացատրեր Անկարային: Ներկա չէր նվիրապետական մյուս աթոռի ներկայացուցիչը՝ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Նույն օրը Երուսաղեմում նշվում էր սուրբ Զատիկը, և պատրիարքը պիտի առաջնորդեր հայ հավատացյալներին Սուրբ Հարության տաճար, որտեղ Հիսուսի գերեզմանից սուրբ Լույսն էր ճառագելու: Նուրհան արքեպիսկոպոսը, սակայն, ուներ բացակայության ավելի հիմնավոր պատճառ՝ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Փակվում է, չէ՞, շրջանը՝ վակուումի ու հավատի հերթագայության: ՈՒ՝ ճակատագրի: Ո՞վ ու ինչպե՞ս է հատելու: Մենք այսօր դեռ արձանագրումի սանդղակին ենք ու երախտագիտությամբ ընդունում ենք այլոց ճանաչումը, երկրորդ սանդղակի համար քանի՞ սերունդ է պետք: Քանի՞ սերունդ է պետք ՏՈՒՆԴԱՐՁԻ համար:

Դիտվել է՝ 1504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ